Կարդացեք նաեւ. Ռիմա Դեմիրճյան. Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին
Ես նրան նորից հանդիպեցի 2002-ի ապրիլին, առիթը Կարեն Դեմիրճյանին նվիրված գիրքն էր: Փոխադարձ համաձայնությամբ՝ հարցազրույցից հանեցի հարցերը ու թողեցի մենախոսություն «Իմ Կարենը» վերնագրով, որ հրապարակվեց «Հայացք Երեւանից» ամսագրի 4-րդ համարում (խմբագիրը Այդին Մորիկյանն էր):
***
Ինչու՞ եմ խուսափում հարցազրույցներից: Որովհետեւ վախենում եմ Կարենի կերպարը չկարողանամ ամբողջությամբ ներկայացնել: Չափազանց շատ լավն ասեմ՝ սուբյեկտիվ կարող է թվալ: Չասեմ՝ կերպարն ամբողջական չի լինի: Կարեն Դեմիրճյանի մասին ինչքան լավ ասես՝ քիչ է:
Իրար հեռակա ճանաչել ենք շատ ավելի վաղ, քան ծանոթացել ենք: 10-րդ դասարանում ընկերուհուս հետ պարապում էի քննությունների համար: Դիմացի շենքի 3-րդ հարկի պատշգամբում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր բարալիկ, բարձրահասակ մի երիտասարդ: Հենվում էր բազրիքին, հանգստանում, նորից ներս անցնում: Զգացվում էր, որ նա էլ է պարապում: Ընկերուհիս պատմեց, որ այդ տղան Էդիկն է (տանը եւ բակում Կարենին այդպես էին անվանում): Բոլորի կողմից շատ սիրված են ինքն ու եղբայրը, շնորհալի տղաներ են, հիանալի երաժշտություն գիտեն, հաճախ երկուսով սուլում են, եւ հարեւանները նրանց անվանում են բակի սոխակներ: Ժամանակ անցավ: Ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտ: Մի օր, դասամիջոցին, զրույցի ժամանակ լսեցի բարձրաձայն, շատ վարակիչ ծիծաղ, զարմացած շրջվեցի՝ ո՞վ է այդպես գեղեցիկ ծիծաղում: Կարենն էր: Եվ մեր հայացքները խաչաձեւվեցին: Դրանից հետո Կարենը միտումնավոր (դա հետո հասկացա) ինձ ընդգրկեց հասարակական աշխատանքում: Երկար ժամանակ՝ մոտ տարիուկես, պարզապես ընկերներ էինք: Աշխատում էինք ուսանողական գիտական ընկերությունում: Ես՝ մեր ֆակուլտետի, ինքը՝ ինստիտուտի: Իդեպ, առաջին դեպքն էր, երբ նման մակարդակի աշխատանքը ուսանողի էր վստահված: Միշտ դասերից հետո միասին էինք լինում: Եվ հենց առաջին օրերից ամբողջ ինստիտուտը մեզ անմիջապես ՙպսակեց՚: Այն ժամանակ էլ զգացվում էր, որ նա սովորական մարդ չէ: Ինձ առաջարկություն արեց իր ծննդյան օրը՝ 1954-ի ապրիլի 17-ին: Չասաց՝ սիրում եմ: Ասաց. «Գիտես, երկու ամիս հետո կստանամ ինժեների դիպլոմ: Սովորական ինժեների դիպլոմ: Ինքդ որոշիր՝ կարո՞ղ ես ինձ հետ կյանքդ կապել»: Ես հումորով պատասխանեցի. «Գոնե գլխավոր ինժեներ կդառնա՞ս»: Երկուսս էլ քահ-քահ ծիծաղեցինք: «Սիրում եմ», իհարկե, ասաց, բայց ավելի ուշ: Կարենի ծնողները, թվում էր, թե սովորական մարդիկ էին, մտավորականներ: Բայց սովորական մարդիկ չէին: Մայրն ուսուցչուհի էր, հայրը՝ նախկինում զինվորական, հետագայում՝ հասարակական-կուսակցական աշխատող: Հարուստ անցյալով եւ ավելի հարուստ ներքինով: Երկուսն էլ շատ յուրահատուկ մարդիկ էին: Մայրն ուժեղ բնավորության տեր էր եւ մեծ ազդեցություն է թողել տղաների վրա: Հատկապես Կարենի: Հոր ազդեցությունն ավելի բնական էր, ժառանգականորեն մեջը նստած: Հորն անվանում էին սուրբ Սերոբ: Պապը Էրզրումից էր, մայրը՝ վանեցի: Կարենը սիրում էր կատակել իր «վանեցի» լինելու կապակցությամբ, անեկդոտներ էր պատմում վանեցիների մասին: Իմ համոզմամբ՝ վանեցիները ոչ թե ժլատ են, այլ՝ տնտեսվար եւ կազմակերպված: Հենց այդպիսի վանեցի էր Կարենը, երբ գործը հասնում էր պետական միջոցներին:
Չէի ասի, որ նա միամգամից համաձայնեց ու գնաց բարձրագույն կուսակցական դպրոց: Երկար մտածեց, ի վերջո որոշեց: Պաշտոնի հավակնություն չուներ: Դրա վկայությունն է, որ երբ վերադարձավ՝ կուսակցական աշխատանքի չանցավ: Գնաց նորից գործարան: Շատ լավ հիշում եմ՝ մեր տանը խոսակցություն եղավ իր եւ հոր միջեւ: Հայրն ասաց. ՙՔո իրավունքն է, դու պետք է որոշես, բայց իմացիր՝ անշնորհակալ գործ է, կքամեն, կգցեն՚: Սակայն կուսակցական աշխատանքի նրան հանգամանքները բերեցին: Գործարանի տնօրենին քաղկոմի երրորդ քարտուղար միանգամից հազվադեպ էին նշանակում, այն էլ այդպիսի երիտասարդ տարիքում: Ու նա գնաց:
Տղաների ծնու՞նդը… Ինչպես ամեն հայ տղամարդ, ուզում էր առաջնեկը տղա լինի: Եվ տղա եղավ: Անչափ ուրախ էր, հպարտ: Իսկ երբ երկրորդին էինք սպասում, ես աղջիկ էի ուզում, նա՝ նորից տղա: Եվ մենք վիճում էինք, կարծես մեր ցանկությունից էր կախված, թե ով կծնվի: Ես ասում էի՝ լավ էլի, ինչ վատն ես: Մի անգամ քո ասելով եղավ, հիմա էլ ցանկացիր, որ աղջիկ ծնվի: «Չէ, տղա պիտի լինի,-պնդում էր նա:-Գիտե՞ս ինչու: Որ նրանք իսկական ընկերներ լինեն, ինչպես ես ու եղբայրս»: Իսկ ուրիշների հարցին, թե ի՞նչ ես ուզում, հումորով պատասխանում էր. «Մեր ուզելով չի: Ֆիրման երաշխավորում է միայն տղաներ»: Այդպես էլ եղավ: Երկու որդիներս էլ նման են հորը՝ ամեն մեկը յուրովի: Երկուսն էլ ժառանգել են նրանից ամենահիմնականը՝ բարոյականությունը:
Կարենը ինչքան հոգնած գար, միեւնույն է, հետը լույս էր բերում, աշխուժություն: Բոլորս անհամբեր սպասում էինք այդ ժամերին: Վազում էինք զանգին, թե ով նրա առջեւ դուռը կբացի: Բոլորի մասին հարցնում էր, նկատում, թե ով տանը չի: Ինչքան հոգնած լիներ՝ կժպտար: Արդեն ավանդույթ էր՝ ճաշում էր, հետո գնում հեռուստացույցի մոտ: Մենք շրջապատում էինք նրան: Գիտեինք, որ պետք է թեյը բերել: Նա հետաքրքիր խառնվածք ուներ: Շատ պահանջկոտ էր, շատ սկզբունքային, բայց տանը զարմանալի ազատության ոգի կար: Եվ դա Կարենի շնորհիվ: Նրա կարեւորագույն հատկանիշն եմ համարում ներքին անկախությունը: Նա ստրուկ չէր: Ոչ պաշտոնի, ոչ նյութականի, ոչ իշխանության: Նրա միտքն անկաշկանդ էր, դոգմաներից, շաբլոններից ազատ: Եվ դա օգնում էր նրան ճիշտ ընկալել մարդկանց ու երեւույթները: Օբյեկտիվ դատել անցյալի մասին: Հասկանալ ներկան, չվախենալ նորությունից, կանխատեսել ապագան: Սխալ պատկերացում է, թե նա ՙայն՚ ժամանակների մարդ էր: Նա բոլոր ժամանակների մարդ էր, որովհետեւ հոգով եւ մտքով ազատ էր: Ոչ միայն ինքն էր այդպիսին, այլեւ ուրիշի մեջ էր հարգում ազատությունը: Տանել չէր կարող ստրկամտությունը: Մի կողմից մենք իսկական հայկական, ավանդապաշտ ընտանիք էինք: Բոլորը գիտեին իրենց տեղը: Մյուս կողմից՝ մենք քաղաքակիրթ եւ ժամանակակից ընտանիք էինք: Ժամանակակից էինք ոչ միայն այն պատճառով, որ կյանքի ընթացքից ետ չէինք մնում, այլեւ մեր մեջ այդ ազատ ոգին կար: Մենք մոռանում էինք, որ նա առաջին քարտուղար էր, ղեկավար: Նա բոլորիս ընկերն ու բարեկամն էր: Երբ փոքր թոռնիկս հարցնում էր. «Պապիկ, դու տան մեծն ես, չէ՞, մենք բոլորս պետք է լսենք քեզ», ասում էր. «Չէ, տան մեծերը ես ու դու ենք: Փոքրին էլ պետք է լսել»: Երբ մենք երեխաներին նկատողություն էինք անում, նա ասում էր. «Թող ազատ մեծանան: Թող ստրուկ չմեծանան»: Մեր տղաները մեծացել են այդպիսի մթնոլորտում: Երբեք չեմ տեսել, որ նա երեխաներին պատժի, նրանց վրա ձեռք բարձրացնի:
Սիրած ճաշատեսա՞կը… Շատ էր սիրում թփով տոլմա: Երիտասարդ ժամանակ, երբ գործարանում էր աշխատում, գործուղումից վերադառնալուց առաջ նամակ էր գրում, վերնագիրը դնում էր՝ թփով տոլմա: Հասկանում էինք, որ գալիս է, եւ թփով տոլմա պետք է պատրաստենք:
Կատակը մեր ապրելակերպն էր: Եթե ինչ-որ բանից դժգոհ էր, երբեք սովորական դիտողություն չէր անում: Ինձ էլ էր ասում. «Շատ դիտողություն մի արա, արժեզրկվում է»: Նա դիտողությունն էլ հումորով էր անում: Եվ նրա հումորը միշտ իմաստավորված էր: Երբեք ինքնանպատակ չէր: Եթե խնդրում էր վարագույրն ուղղել, որ լույսն աչքներին չընկնի եւ ես մի քիչ անհաջող էի անում, կատակում էր. «Փիս բանվորների պես ես, միայն պլանի համար ես աշխատում»: Եթե թեյ կամ ջուր էր խնդրում եւ ուշացնում էինք, չէր հարցնում՝ ինչու՞ ուշացրիք: Միայն բացականչում էր. «Ես հայր Գորիոն եմ, հայր Գորիոն»: Մենք իսկույն հասկանում էինք, որ թերացել ենք:
Նա ժամանակներից դուրս անհատ էր: Կուսակցություններից վեր: Էությամբ կոմունիստ էր եւ ասում էր, որ այդ գաղափարախոսությունից ավելի բարձր արդյունքների մարդկային միտքը չի հասել: Բայց ուրիշ բան է, որ քարացած ձեւով չէր ընդունում այդ գաղափարախոսությունը եւ տարբերում էր հասարակարգից: Նա համակարգի հիմնական թերությունը համարում էր այն, որ գործնականում մեկ մարդու համակարգ էր, որովհետեւ ինքն էությամբ իսկական դեմոկրատ էր, ժողովրդավար: Ովքեր հետն աշխատել են, զգացել են դա:
Ես համոզված եմ, որ անհատներն են կերտում պատմությունը: Ուղղակի այդ անհատը պետք է հասկանա ժամանակի շունչն ու պահանջը: Իսկական անհատի համար քաղաքական սահմաններ չկան: Նա՝ անհատը, գործում է բոլոր «իզմերի» շրջանակներում՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին: Դեմիրճյանը սկսեց գործել այս նոր պայմաններում եւս, եւ համոզված եմ, որ ճանապարհներ կգտներ անպայման: Ինքն այնպիսին էր, որ բոլոր դեպքերում գտնում էր ճանապարհը:
Գիրք է լույս տեսնում իր հոբելյանի կապակցությամբ՝ «Դեմիրճյանը երախտապարտ ժամանակակիցների հուշերում»: Շատ հետաքրքիր գիրք է եւ շատ բաներ կփաստի նրա գործերի մասին: Կարենի գերխնդիրն ազգի շահերն էին: Նրա արածն այնքան շատ էր ազգի համար, որ վերջիվերջո կուտակվեց այդ բոլորը եւ պիտակավորվեց՝ «ազգայնամոլ»:
… Ղարաբաղը նաեւ նրա ցավն էր ու շատ ավելի վաղ, քան սկսվեց ղարաբաղյան շարժումը: Սակայն ինքը, ինչպես իր ողջ գործունեության մեջ, այս խնդրին զգույշ էր մոտենում: Որովհետեւ մեկ անզգույշ քայլը կարող էր անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել: Օրինակ, նա երբեք չէր կարող գնալ Ղարաբաղ, ինչքան էլ ցանկանար: Բայց ամեն կերպ օգնում էր Ղարաբաղին: Լուռ, առանց ցուցադրելու: Վերահաղորդման հեռուստատեսային գիծը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ իր օրոք է արվել եւ հեշտ չի եղել դա անելը: Պարզապես շատ հետեւողական էր: Շուշիի եկեղեցու վերականգնման ժամանակ բոլոր նյութերն այստեղից են տարվել:
Նա կենտրոնի ղեկավարների հետ շատ է խոսել Ղարաբաղի մասին՝ իր սովորության համաձայն առանց այդ ամենը ցուցադրելու, առանց հասարակությունն ալեկոծելու: Զգուշացրել է, պահանջել Ղարաբաղի հարցը լուծել, դրա համար իրեն մինչեւ վերջ մեղադրել չկարողացան: Նա ասել է Լիգաչովին. «Եթե ինձ լսեիք, այս բաները չէին լինի»: Ղարաբաղի հարցը նրա համար անսպասելի չէր: Շատ ավելի շուտ, ամեն անգամ նա ինձ ասում էր՝ այ, հիմա Ղարաբաղի հարցը բարձրանալու է. պայթելու է, չեն ուզում հասկանալ, չեն լսում: Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, նա ամենածանր վիճակում էր: Բոլորը հայրենասեր էին երեւում, կարգախոսներ էին գոռում, պահանջում: Իսկ ինքը պատասխանատու էր ամեն ինչի համար: Նա լավ գիտեր, թե ինչ կարող էր կատարվել: Նա դուրս եկավ հրապարակ եւ ասաց. ՞Եթե ես այստեղ եմ հասել եւ ասում եմ ձեզ՝ գնացեք ձեր տները, ես հասկանում եմ՝ ինչ եմ ասում»: Որովհետեւ արդեն զորք էր եկել: Այդ զորքը հատուկ հրամանով էր եկել: Որպեսզի այստեղից սկսվեր այն, ինչ հետագայում կատարվեց Մոլդավիայում, Վրաստանում, եւ միայն Դեմիրճյանի շնորհիվ էր, որ դա տեղի չունեցավ Հայաստանում: Նա կանգնած էր ժողովրդի եւ զորքի միջեւ, ժողովրդի եւ կենտրոնի միջեւ: Նրա մեկ անզգույշ քայլը կարող էր այնպիսի իրադարձությունների հանգեցնել, որոնք ուղղել հնարավոր չէր լինի: Նա արյունահեղությունից էր փրկում ժողովրդին: Հոկտեմբերյան ողբերգական իրադարձությունից ոչ շատ առաջ Կարենը մի անգամ ասաց, որ ինքը երեք անգամ փրկել է ժողովրդին արյունահեղությունից եւ իր խիղճը մաքուր է: Առաջինը, իհարկե, վերաբերում էր փետրվարյան օրերին:
88 թիվը ծանր տարանք: Սակայն ծանր տարանք ոչ նրա համար, որ նա ազատվեց աշխատանքից: Անկախ հանգամանքներից, մենք արդեն որոշել էինք, որ նա պետք է դուրս գա աշխատանքից, եւ մի քիչ մարդավարի ապրենք: Հերիք է զոհ լինել, անընդհատ ապակու տակ ապրել, անընդհատ պաշտոնի ճնշումը զգալ եւ այլն: Եվ մենք որոշել էինք, որ նա թողնի պաշտոնը: Այնպես որ՝ պաշտոնազուրկ լինելը մեզ վրա գրեթե չազդեց: Մեզ վրա ազդեց ձեւը, որով դա կատարվեց եւ անարդարությունը Կարենի հանդեպ: Որպեսզի Դուք զգաք նրա վիրավորվածության աստիճանը, ասեմ, որ այն պլենումից հետո, որի ժամանակ իրեն ազատեցին պաշտոնից, նա տուն չեկավ: Ասաց. «Ես այդ նստավայր կոչեցյալը այլեւս ոտք չեմ դնի»: Երկու օր առաջ արխիվները նայել էր, ինչ-որ նյութեր դասավորել, եւ պլենումից հետո ուղիղ օդանավակայան գնաց ու մեկնեց Մոսկվա: Երկու ամիս հետո ես էլ գնացի, հետո միասին վերադարձանք: Վերադարձանք երկրաշարժի օրը: Երկրաշարժի պահին մենք օդում էինք: Մեծ ապրումներ ունեցավ: Իսկույն, չնայած իր վիրավորանքին, նամակ գրեց Ռիժկովին, որով խնդրում էր իրեն ցանկացած հանձնարարություն տալ: Պատրաստ էր ցանկացած աշխատանքի, որպեսզի օգներ աղետի վնասները վերացնելուն: Բայց, իհարկե, այն ժամանակվա ղեկավարությունը (Ռիժկովը չէր լուծում այդ հարցը)՝ եւ տեղի, եւ վերեւի ղեկավարները, նրան մոտ չթողեցին՝ վախենալով նրա հեղինակությունից:
Դրանից հետո սկսվեց մեր սովորական կյանքը: Երբ տանը մի փոքր բան ես կոտրում կամ կորցնում, ցավ ես զգում, տհաճություն: Իսկ ի՞նչ կզգա մարդը, որ 14, ոչ՝ 22 տարի ստեղծել է, արարել… Եվ ինչ ինքնազոհությամբ զրկելով իրեն, ամեն ինչ նվիրելով միայն հասարակությանը, ազգին: Ուրախացել է ստեղծածով, հաղթանակով: Եվ տեսնում է, որ այդ ամենը աչքի առաջ քանդվում է, եւ ինքը չի կարող կանխել: Տեսնում է՝ սխալներ են անում, տեսնում է, որ կարելի է այլ կերպ անել… Լուռ էր տանում այդ ամենը: Նրա ապրումները գիշերը միայն ես էի տեսնում: Անքուն գիշերներ էին: Նա էլ էր անքուն, ես էլ: Բայց իրար խնայում էինք: Երեւի թե այդ օրերի համար երկուսիս էլ պետք է ժողովրդական դերասանների կոչում շնորհեին: Որովհետեւ ես դերասանություն էի անում, նա դերասանություն էր անում՝ իբր ամեն ինչ լավ է, մենք երջանիկ ենք: Ինձ համար ամենացավալին այն էր, որ նա իր ընտանիքի առջեւ եւ իմ առջեւ կարծես մեղավոր էր զգում, որ ամբողջ կյանքում մենք նվիրված ենք եղել իրեն, ենթարկել մեր անձնական կյանքը հասարակական պահանջներին, նրա աշխատանքին, եւ հիմա էլ այս վիճակը: Իսկ մենք անհանգիստ էինք իր համար, իր ապրումների համար: Ես աշխատում էի տունն այնպես պահել, որ տարբերություն չզգացվի՝ ամեն ինչ տեղը-տեղին, ինչպես նախկինում: Իսկ նա լուռ էր, կատակում էր նույնիսկ: Միայն երկու անգամ արտահայտվեց: Առաջին անգամ, երբ հերթական վերջին լուրերն էր լսում, ասաց. «Ամենամեծ պարադոքսն այն է, որ հիմա, այս պատմական պահին, երբ ես առավել պետք եմ իմ ժողովրդին, առավել շատ կարող եմ անել, զուրկ եմ այդ հնարավորությունից: Չէ՞ որ սա իմ ժամանակն է»: Այդ տարիներին նրան, նաեւ բոլորիս, օգնեց այն համոզումը, որ նա սխալներ թույլ չի տվել, եւ արդարությունն ի վերջո կհաղթի:
Նա ազդվում էր մարդկանց վերաբերմունքից: Շատ դավաճանություններ տեսանք: Չնայած ավելի քիչ, քան՝ հիմա: Այն ժամանակ, այնուամենայնիվ, բարոյականությունը մի քիչ ավելի շատ էր: Բայց ամենաազդեցիկը ժողովրդի վերաբերմունքն էր: Նա ամաչում էր փողոց դուրս գալ: Իսկույն նրան շրջապատում էին. «Կարեն Սերոբիչ, ինչու՞ թողեցիր մեզ անտեր, գնացիր»: Հարցնում էին՝«Ե՞րբ ես վերադառնալու»: Նա դրանից շատ վատ էր զգում: Չէր իմանում՝ ինչպես իրեն պահի: Հանկարծ կողքից չդիտվեր այդ ամենը որպես սարքովի, ցուցադրական: Նա շատ համեստ մարդ էր եւ իր սկզբունքն էր՝ «Ղեկավարությանը չպետք է խանգարել: Նոր են, անփորձ են, գուցե ինչ-որ ուղիներ փնտրեն, ինչ-որ ելքեր գտնեն»: Երբեք չէր խոսում, բամբասում: Բայց ինքը գիտեր, տեսնում էր՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Պատահում էր՝ մարդիկ տուն էին գալիս, անծանոթ մարդիկ: Ասում էին. «Մենք ոչինչ չենք ուզում, միայն ուզում ենք տեսնել իրեն: Տեսնել, որ առողջ է»: Այ, դրանից շատ էր ազդվում: Մի անգամ այդ առիթով ասաց. «Եթե ես հիմա ինչ-որ հնարավորություններ ունենայի, երբեք չէի օգտագործի դավաճաններին, անշնորհակալներին պատժելու համար: Աստված իրենց հետ: Ես անպայման կաշխատեի ինչ-որ ձեւով երախտապարտ լինել այն մարդկանց, որ մարդկային էին իմ հանդեպ, հասկանում էին իմ ողբերգությունը»:
1998-ի վերադարձը դարձյալ թելադրված էր հասարակական պահանջով: Պահանջը կար 88-ից, բայց գնալով ավելացավ: Այս մասին քիչ է խոսվում, բայց չէ՞ որ այն մութ տարիներին նա շատ գործ արեց մարդկանց համար: Նա չգնաց, չլքեց Հայաստանը: Ասում էր. «Ես չեմ կարող ոչ գաղափարապես, ոչ ֆիզիկապես դիսիդենտ լինել»: Նա կիսեց ազգի հետ բոլոր դժվարությունները: Գալիս էր ուշ երեկոյան: Իր ձեռքով պտտեցնում, միացնում էր շարժիչը, որպեսզի աշխատի մի լամպ եւ մի հեռուստացույց: Առանց լուրերի չէր կարող: Դրանից էլ էր անհարմար զգում: Ասում էր. «Հարեւանները դա էլ չունեն, մոմի լույսի տակ են ապրում»:
Ինչքա՛ն է օգնել Ղարաբաղին: Գեներատորներ էր ուղարկում. Օգնել է ծանոթ ու անծանոթ մարդկանց, մշակույթի օջախներին: Բայց մեծ ապրումների մեջ էր, որովհետեւ այդ ժամանակ արդեն տեսնում էր, թե կատարվող սխալները հետագայում ինչի կհանգեցնեն: 98-ից առաջ էլ շատ պատվիրակություններ էին գալիս գործարան. «Կարեն Սերոբիչ, ինչու՞ ես նստել: Ինչու՞ չես վերադառնում»: Տան մոտ էլ էին հավաքվում… Նրան ամենաշատը համոզեց, երբ ասացին՝ «Մի՞թե մինչեւ հիմա նեղացած ես մեզնից»: Նա երբեք նեղացկոտ չէր, առավելեւս՝ ազգից: Ուղղակի չէր ուզում խառնվել, միջամտել: Այդ 10 տարիներին ես նրան միշտ ասել եմ, որ կրկին քաղաքականություն կմտնի միայն իմ դիակի վրայով: Բայց պահանջն այնքան շատ էր, մոտեցման ձեւերն այնպիսին, որ նա հասկացավ, զգաց, որ պետք է ժողովրդին՝ նա իր հետ հույսեր է կապում: Եվ նա վերադարձավ: Ժամանակի եւ ժողովրդի պահանջով:
ՀԺԿ-ից դուրս եկածների մասին ի՞նչ ասեմ: Սովորական մարդկային թուլություն է: Ես Կարենից եմ սովորել այդ վերաբերմունքը: Երբ խոսում էի, դժգոհում այսինչ կամ այնինչ դավաճանից, նա ինձ ասում էր՝ «Մի նյարդայնացի: Մարդն այնքան վատը չէ, որքան թույլ է: Թույլ են մարդիկ, չեն դիմանում փորձությանը»:
1999-ին Վազգենի հետ միանալը հետաքրքիր հարց է: Միասնության գաղափարը Դեմիրճյանի համար նոր չէր, կարմիր թելի նման անցել է նրա ողջ կյանքով: Որովհետեւ նա արարիչ էր, իսկ արարել կարելի է միայն միասնական ուժերով: Նա աշխատում էր մարդկանց մեջ սերմանել միայն լավը: Սա, իհարկե, երկարատեւ պրոցես էր, դանդաղ, բայց մեր հասարակությունն արդեն փոխվում էր: Միասնության գաղափարը նորություն չէր, բայց այս անգամ միանում էր իր համար օտար ուժերի հետ: Եվ տարիքի առումով տարբերություն կար, եւ ժամանակի, եւ մտածելակերպի: Բայց նա միշտ աշխատում էր գտնել կապող առանցքները: Եվ քանի որ նույն հողի մարդիկ էին Կարենն ու Վազգենը, չէին կարող չունենալ այդ առանցքները: Չէ՞ որ Վազգենն էլ այս հողի տղա էր… Նրա սիրտը ցավում էր այս երկրի համար, նա բանակ էր ստեղծել, գործ էր արել: Սրա վրա էր հիմնված «Միասնությունը»: Ես համոզված եմ, որ «Միասնությունը» կհասներ հաջողությունների, անպայման կհասներ: Կար միտք, կար կամք, կար ուժ, կար ժողովրդի աջակցությունը: Այսինքն՝ այնպիսի համաձուլվածք, որ որոշելու էր Հայաստանի ինքնուրույն, իր շահերին համապատասխան զարգացման ուղին: Այ հենց դա դուր չեկավ: Հենց դա չներվեց: Դրա համար էլ սպանեցին: Սպանեցին, որովհետեւ «Միասնությունն» անհաղթահարելի ուժ էր այլեւս՝ եւ քաղաքական, եւ բոլոր մյուս տեսակետներից: Այն որ ասում են, թե դավադրություն էր, հեղափոխություն էր՝ սարքած բաներ են: Ես դա ասել եմ նախագահին, ասել եմ զինդատախազին: Խորին համոզմունք ունեմ, որ սա քաղաքական սպանություն էր, բայց կատարվեց քողարկված ձեւով, որպեսզի հետո կարողանան մոլորեցնել: Տեսնու՞մ եք՝ քանի՞ վարկած են խաղացնում: Այդ բոլորն արվում է իրականությունը խեղաթյուրելու համար: Հիմա ոչ ոք չի ասում, թե կազմակերպիչներ չկան: Նրանք, որ սկզբում ասում էին, թե կազմակերպիչներ չկան, հիմա ասում են, թե չպետք է մահապատիժ կիրառել, որպեսզի բացահայտվեն կազմակերպիչները: Սկզբունքորեն դեմ եմ մահապատժի վերացմանը: Ուրիշ հարց է՝ ինչպե՞ս կիրառել: Ինչու՞ ուրիշ հարցերում ասում են՝ սեւ ու սպիտակ չկա, իսկ այսպիսի կարեւորագույն հարցում միանշանակ սեւ ու սպիտակ են որոշում՝ առանց կոնկրետ դեպքը հաշվի առնելու: Մահապատժի վերացման փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում: Իսկ բոլոր կոչերը՝ ուղղված մարդասիրությանը եւ քրիստոնեական արժեքներին, բացարձակ երեսպաշտություն են: Իհարկե, խոսքս վերաբերում է այն դեպքերին, երբ հանցագործությունը որեւէ կասկած չի հարուցում: Կասկածի դեպքում, թեկուզ՝ չնչին, մահապատիժ, իհարկե, չպիտի կիրառվի:
Մինչեւ վերջին շունչս չեմ համակերպվի Կարենի կորստի հետ: Ոչ միայն այն պատճառով, որ նա իմ հարազատն էր, իմ մտերիմն էր, իմ ընկերն էր, այլեւ պարզապես մեծագույն պատմական անարդարություն է այդպիսի մարդուն կորցնելը: Նրա զոհվելուց հետո հատկապես շատ եմ կարդացել մեծերի մասին: Ցանկացել եմ զուգահեռներ գտնել: Մեծերի մեջ կան շատ ընդհանրություններ, բայց Կարենը բոլորից տարբերվում է: Տարբերվում է, որովհետեւ իր բոլոր արժանիքների, ունակությունների եւ տաղանդի հետ մեկտեղ նա ուներ նաեւ անսասան բարոյականություն: Ոչ մեկն այդպիսին չէր: Ես իրավունք ունեմ այդպես ասելու: Ինչ ուզում են, թող մտածեն: Պատմական անհատներից մեկը լավ գործիչ է եղել, բայց վատ մարդ: Մյուսն ամեն ինչում լավ է եղել, կանանց նկատմամբ թուլություն է ունեցել: Նապոլեոնը, օրինակ, անկրկնելի էր, բայց իր փառքի համար Եվրոպայի կեսը արյան մեջ ողողեց: Որեւէ մեկը չի կարող Կարենի մասին ասել, որ նա մի բան քանդել է, մի ընտանիք դժբախտացրել, թեկուզեւ մի կենսագրություն խաթարել: Սա պարադոքս է, բայց այնդպես է:
Կարեն Դեմիրճյանը պարգեւ էր՝ տրված հայերին եւ հայերի ձեռքով էլ գնաց: Ժամանակակիցներից ոմանք նրան անվանել են մարդ-համակարգիչ: Ես այդպես չէի անվանի: Ես նրան կանվանեի գաղափարների գեներատոր: Բոլոր բնագավառներում էլ գաղափարներն ինքնաբուխ ծնվում էին նրա մեջ եւ ինքը ձգտում էր մարդկային կյանքի կարճ ժամանակահատվածում հնարավորինս իրականացնել այդ գաղափարները: Պատահական չէ, որ մի առիթով նա ասաց. «Մի 10 տարի ինձ չխանգարեին, մենք կանցնեինք Շվեյցարիայից: Կդառնայինք բոլորի համար ոչ միայն պիտանի, այլեւ անհրաժեշտ: Այ դա կլիներ իրական անկախություն»:
Բոլոր իր ունակությունների հետ մեկտեղ՝ նա պարզապես մարգարե էր: Աստված մի անգամ քմահաճ է եղել եւ ստեղծել է այդպիսի անհատ: Հիմա հետադարձ հայացքով հասկանում եմ՝ նա շատ լավ գիտեր՝ իրեն ինչ է սպասվում: Վերջին մի քանի ամսվա ընթացքում նա 3-4 անգամ, իբր կատակով ինձ հարցրել է. «Ես որ չլինեմ, ի՞նչ կանես»: Ես ասում էի, որ առանց իրեն չեմ կարող ապրել: Մի անգամ երկար նայեց ինձ ու ասաց. «Կապրե՛ս, կապրե՛ս»: Իսկ Մոսկվայում (հետո ինձ պատմեցին), երբ խոսք էր գնացել թիկնապահների մասին, ասել էր. «Այ տղա, ի՞նչ ես խոսում, որ ուզենան սպանել, այսպես դեմս կանգնեք, շրջապատեք, միեւնույն է, կխփեն»: Իր հետ զբոսնող մարդկանց էլ էր ասել. «Ես կարծում եմ, որ դուք ինձ հետ պետք է քիչ զբոսնեք»: Այդ բոլորը հետո իմացա:
Ծանր եմ տանում: Ամեն առավոտ դժվարությամբ եմ վեր կենում: Երեխաներն են ինձ պարտադրում: Չեմ ուզում որեւէ մեկի վզին փաթաթել իմ վիշտը: Տանը երեք թոռնիկ է մեծանում: Չեմ ուզում ծանր հոգեբանական մթնոլորտ ստեղծել: Փոքրիկ թոռնիկս՝ Վիկտորիան, ծնվել է պապիկի մահից հետո: Նա ինձ փրկում է: Երբ ծնվեց, չգիտեմ ինչու, ինքս ինձ ներշնչեցի, որ նրա մեջ պապիկի հոգին է: Նա ինձ շեղեց իմ վշտից, իմ ողբերգությունից:
Կարեն Դեմիրճյանի մասին կարելի է անվերջ խոսել, պատմել, վերհիշել, նկարագրել: Բայց նրա մասին պատկերացումը երբեք լիարժեք չի լինի, որովհետեւ Կարեն Դեմիրճյան անհատի կերպարը բառերի սահմանից դուրս է: Եվ ես ափսոսում եմ, որ նրա կենդանի կերպարը չի հասնի սերունդներին: Ինչքան էլ պատմենք՝ այն չի լինի: Բառերն ընդհանրապես անզոր են, իսկ այս դեպքում՝ հատկապես…
***
1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում նրանցից մեկը հասցրեց հարցնել՝ «Սրանք ովքե՞ր են», մյուսը հորդորել՝ «Այսպես չի կարելի»: Եվ այդ հարցերը դարձան սակրալ պատասխաններ սկսվող 21-րդ դարի համար:
…Այս հարցազրույցից հետո Ռիմա Կարապետյան-Դեմիրճյանը ապրեց եւս 19 տարի՝ հավատարիմ մնալով Կարեն Դեմիրճյանի հիշատակին ու ժառանգության պահպանմանը: Նա վախճանվեց 2021-ի դեկտեմբերի 21-ին:
Կարդացեք նաեւ. Ռիմա Դեմիրճյան. Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: