Ռիմա Դեմիրճյան. Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին - Mediamax.am

Ռիմա Դեմիրճյան. Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին
6155 դիտում

Ռիմա Դեմիրճյան. Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին


…Բայց սկսեմ Կարեն Դեմիրճյանից: 1999-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես աշխատում է «ՀՀ»-ում ու լուսաբանում էի «Միասնության» ընտրարշավը: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպեցի նրան, ծանոթացրեց, բնականաբար, Վազգեն Սարգսյանը եւ ինձ ներկայացրեց իր պես ինքնատիպ.

-Կարեն Սերոբիչ, հեռու կմնաք էս աղջկանից, ցեց է, որ կպավ, պոկ չի գա՝ մինչեւ ուզածը չստանա:

-Վազգեն, քո ասածը ցեցը չի, տիզն է: Բայց ոնց որ տիզի նման չի:

-Հա էլի՝ տիզ, ի՞նչ ցեց, բայց տեսքը խաբուսիկ է:

Ընտրարշավի ժամանակ Կարեն Դեմիրճյանը ինձ մեծ հարցազրույց չտվեց, բայց միշտ սիրով պատասխանում էր օրվա հանդիպումներին վերաբերող իմ ընթացիկ հարցերին: Նա ընդհանրապես ուշադիր էր բոլոր լրագրողների նկատմամբ:



Հանդիպումների սկզբում համարյա բոլոր գյուղերում Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ոտքերի տակ գառներ ու ոչխարներ էին մորթվում, բայց նամակ-խնդրանքներ փոխանցվում էին միայն ու միայն Վազգեն Սարգսյանին: Դա գիտեմ, որովհետեւ ունեի Վազգենի պաշտոնական հրահանգը՝ նամակները կհավաքես ու վերջում կտաս ինձ կամ Մոսոյին:

Տավուշի մարզում ստացվեց այնպես, որ ճանապարհին վատ զգացի եւ մեր մեքենան պարբերաբար դուրս էր գալիս շարասյունից ու կանգնում էր, որ ես կարողանայի ազատ հետ տալ: Դա մղձավանջ էր, որովհետեւ հետո մեծ արագությամբ փորձում էինք հասնել շարասյանը ու… ես ավելի վատ էի զգում: Հերթական կանգառից հետո… կանգ առավ եւ շարասյունը: Նոր էի շունչս տեղը բերել, ջուր խմել, Գրիշան՝ վարորդը, ասաց՝ Վազգենը… Վազգեն Սարգսյանը արագ-արագ գալիս էր դեպի մեր մեքենան:

-Ի՞նչ է եղել, ճնշու՞մդ է բարձրացել:

-Չգիտեմ, կներեք, մենք հիմա կհասնենք: Դուք գնացեք:

-Թողնու՞մ ես, որ գնանք, պայուսակդ վերցրու, գնում ենք մեր մեքենան նստես:

-Չէ՛, ոչ մի դեպքում, չեմ գա:

-Բայց ո՞վ է քեզ հարցնում:

Եվ Վազգեն Սարգսյանը ինձ տարավ իր պատմական, կանաչ «Ջիպը», ճանապարհին էլ ասաց՝ ես չէի նկատել, Սերոբիչը ասեց՝ մի տես, ի՞նչ է կատարվում, ոնց որ տիզդ վատ է, երեկ ի՞նչ ես կերել: Եվ՝ հավելեց.

-Կնստես Կարեն Սերոբիչի կողքին, տեսնեմ՝ ռիսկ կանե՞ս՝ էլի հետ տաս:

Դա շատ ավելի մեծ մղձավանջ էր՝ մի մեքենայում Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հետ, սրտխառնոցով… Վազգենն անընդհատ ինչ-որ դեպքեր էր պատմում, որ ուշադրությունս ցրի, հինգ րոպեն մեկ հարցնում էր՝ չե՞ս ուզում կանգնենք: Իսկ Կարեն Դեմիրճյանը գրպանից հանեց մի …լիմոն ու ասաց՝ կծի, կանցկացնի:

-Կարեն Սերոբի՞չ, էդ լիմոնը որտեղից գտար,- հարցրեց Վազգենը:

-Իմ գրպանում ամեն ինչ էլ կա,- հնչեց պատասխանն ու անսպասելի ծիծաղը,-չէ, Ղարաբաղը գրպանումս չէ, չուզես…

Չգիտեմ՝ վախից, չգիտեմ ամոթից, հետ տալս անցավ ու մի կես ժամից Կարեն Դեմիրճյանն ասաց.

-Վազգեն, գույնը տեղը եկավ, կարող ես մի հինգ րոպե լռել:

-Դե, ով էլ Կարեն Դեմիրճյանից լիմոն ստանա, գույնն էլ, խելքն էլ տեղը կգա:   

Իրականում լիմոնն անխաթար էր…

***

Հանդիպումներից մեկի ավարտին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին փոքրիկ կողովով միրգ տվեցին՝ հենց մեքենայի բաց պատուհանից ներս հրամցնելով: Հաջորդ հանդիպման սկզբին Կարեն Դեմիրճյանը՝ տեսնելով ձայնագրիչը ձեռքիս, ասաց.

-Էսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու, Վազգենին տուր հարցերդ:

-Ինչու՞:

-Ով կերավ գիլասը, թող ինքն էլ խոսի:

-Դուք չե՞ք կերել:

-Թողե՞ց ուտեմ, մինչեւ ես մեկը կուտեի, ինքը տասն էր ուտում, հետն էլ անընդհատ խոսում էր:



Արձագանքը Վազգենի հոմերական քրքիջն էր.

-Կարեն Սերոբիչ, Երեւան հասնենք, երկու կողով գիլաս կուղարկեմ:

***

Ապարանում հանդիպումների արանքում կես ժամանոց հանգստի պահ էր, ներսում ճաշում էին, ես դուրս էի եկել այգի, անձրեւ սկսվեց, ուզեցի ներս գնալ, բայց շատ հաճելի անձրեւ էր ու մաքուր օդ: Մնացի ծառի տակ, թեեւ թրջվում էի: Մեկ էլ՝ ուսերիս հայտնվեց ինչ-որ պիջակ, զարմացած շրջվեցի: Կարեն Դեմիրճյանն էր:

-Օյ, շնորհակալ եմ, չեմ ուզում, կթրջվեք:

-Ուրեմն կամ երկուսով թրջվում ենք, մրսում, հիվանդանում, ընտրարշավը ձախողում, կամ երկուսով գնում ենք խորոված ուտելու:

Բնականաբար՝ ընտրություն չունեի:

***

Մի անգամ հարցրի.

-Ինչու՞ 1998-ին չպայքարեցիք: Ինչու՞ ընդունեցիք ընտրության արդյունքները:

-Չընդունեցի, հիմա էլ չեմ ընդունել, բայց հային հայի դեմ հանելը իմ խնդիրը չէր, իմ խնդիրը երկիրը փոսից հանելն էր: Ու հենց դրա համար էլ ընդունեցի Վազգենի առաջարկը: Փաստ չէ, որ մենք կհաղթենք, բայց փաստ է, որ մենք երկուսով ուզում ենք պետությունը կառուցել ու պաշտպանել:

-«Միասնության» կարգախո՞սը նկատի ունեք:

-Ոչ միայն, մեր նպատակը պետության ու ժողովրդի վիճակը փոխելն է: Անձնական կյանքում կայացած մարդիկ ենք, ի՞նչը պիտի ինձ ստիպեր իմ հանգիստ կյանքը թողնել ու քաղաքականություն վերադառնալ: Ժողովրդի ցավը, ժողովրդի հոգսը ու պետության վիճակը:

-Իսկ ես վստահ եմ, որ «Միասնությունը» կհաղթի ու ԱԺ-ում մեծամասնություն կունենա:

-Դժվարը հետո է լինելու: Գործը հետո է լինելու: Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ կլինի:

***

…Իսկ հետո հոկտեմբերի 27-ն էր:

1999-ի նոյեմբերի 27-ին «ՀՀ»-ում տպագրվեց իմ հարցազրույցը Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Կարապետյանի հետ: Դժվար հարցազրույց էր: Երկուստեք, մեկ նա էր թաշկինակ որոնում, մեկ՝ ես: Տանը մենակ էինք:
***

Ասեմ անկեղծորեն՝ կյանքում առաջին անգամ հարցազրույցի էի գնում ու չգիտեի՝ ի՞նչ հարցեր եմ տալու: Գիտեի նաեւ, որ դժվար խոսակցություն է լինելու, ծանր, որովհետեւ շատ քիչ ժամանակ է անցել՝ հասկանալու այն ոճիրը, որ կատարվեց այս երկրում, որ մտավ այս հարկից ներս: Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Կարապետյանը, ընդունեց զուսպ ու արժանապատիվ: Նրա ամեն բառից ու ամեն հայացքից ցավն սկսվում ու չէր վերջանում: Ես զգում էի, որ այս հարկի տակ Կարեն Դեմիրճյանը ներկա է ու միշտ ներկա է լինելու: Մեզ ժամանակակից պատմական գործիչների մասին թվում է՝ բոլորս ամեն ինչ գիտենք, պաշտոնական կենսագրությունից սկսած նեղ անձնական կյանքի մանրամասներով վերջացրած: Բայց մենք միշտ մոռանում ենք, որ նրանք միս ու արյունից մարդիկ են, որ նրանց կորուստը ոչ միայն քաղաքական, այլեւ մարդկային ողբերգություն է:

Դեռ շատ վաղ է Կարեն Դեմիրճյանի քաղաքական-ազգային-տնտեսական-մարդկային գործունեության իսկապես պատմական ու իսկապես անաչառ գնահատանի համար: Նրա կերպարն ամբողջացնելուն պատրաստ չենք, որովհետեւ մեր պատմության մեջ դեռ շատ հարցականներ կան, որոնց չենք պատասխանել: Աներկբա, հավաստի, ճշմարիտ…Բայց մենք գոնե հասցրինք նրան ասել, որ իր կարիքն զգում ենք, որ ինքը պետք է մեզ, որ ինքն իր մարդկային կերպարով, փորձով, տեսակով այս երկրի ու այս ժողովրդի անհրաժեշտությունն է: Գոնե հասցրինք խոստովանել մեր տան մեծին, որ անհասկացող մանուկների պես կարող ենք չարություն անել, անհեռատես ու կարճմիտ լինել, բայց կարող ենք ուժ ունենալ այդ խոստովանելու ու սխալներն ընդունելով՝ ներելու ու ներվելու համար: Ու նա վերադարձավ, որպեսզի շարունակի այս երկրի կառուցման իր ընդհատված գործը: Վերադարձրինք, որ մեզ իրենով խելացի ու իրենով փորձառու զգանք:

Հոկտեմբերի 27-ը մեր ազգային ողբերգությունն է, ազգային կապիտուլյացիան մեր մեջ նստած ու մեզնով զորացած թշնամու առաջ, որի անունը դեռ պիտի ինքներս տանք, որին պիտի մեր ձեռքով արմատախիլ անենք մեր միջից: Այլապես բոլորս ու յուրաքանչյուրս անտեսանելի զենքով դարձյալ ու դարձյալ կրակելու ենք այն մարդկանց վրա, որ մեզ ուժ ու կայունություն, հավատ ու հաղթանակ էին բերում, բայց այս անգամ հերթով զոհվելու ենք մենք ու զոհելու ենք մեր զավակներին, որովհետեւ մենք այլեւս մեզ չենք պաշտպանելու…

Խոսակցությունն սկսվեց… ինքնաբերաբար:

-…Կարեն Սերոբիչին բարի քրիստոնյա են պատկերացնում: Միայն: Դա ճիշտ չէ: Նա, իհարկե, բարի մարդ էր, բայց պահանջկոտ ու խիստ՝ նրա ասածն ասած էր, վիճարկել չկար:

-Տա՞նն էլ էր խիստ:

-Տանը մեղմ էր: Տանը տարբեր էր՝ երեխաների հետ երեխա էր, թոռնիկս լաց է լինում՝ թե ում հետ պիտի խաղա: Տանը բոլորիս հետ հավասար էր, խիստ չէր, եթե մեկ-մեկ պոռթկում էր, արագ զղջում էր: Նա այնքան մաքուր մարդ էր, ինչ աներ, ներելի էր: Նրա նման մարդ ես ոչ տեսել եմ, ոչ կարդացել:

-Երբ վերադարձավ մեծ քաղաքականություն, իր անձի նկատմամբ վտանգ զգու՞մ էիք:

-Զգում էի, բայց ոչ այսքան սուր: Նրան միշտ հարգել ու սիրել են: Նրա առավելությունը բոլորն էին ընդունում: Բայց ոչ բոլորն էին հաշտվում: Չէին ներում, որ իրենց կողքին իրենցից բարձր մեկը կա եւ իրենք նսեմանում են: Մի անգամ իր անմիջական ենթականերից մեկն ինձ ասաց. «Գիտե՞ք՝ ո՞րն է Կարեն Սերոբիչի ողբերգությունը»: Իր ամենահզոր ժամանակներն էին: Հարցրի՝ ո՞րն է: «Նա մենակ մարդ է, նա 10 քայլ բոլորից առաջ է: Նրա կողքին մարդ չկա, բոլորը միայն հետեւում են նրան, իսկ նա եւ առաջ է, եւ շատ առաջ էլ տեսնում է»: Դա ճիշտ էր: Նա շատ ուժեղ մարդ էր: Այդքան բարի լինելով, շատ ներողամիտ էր մարդկանց թուլությունների նկատմամբ: Ես ավելի զայրացկոտ էի, նա միշտ ասում էր, որ այդպես չի կարելի: 1988-ին ես զայրանում էի, նա ինձ հանգստացնում էր, ասում էր՝ կյանք է, կմաղվի, ով մնում է՝ կմնա, ով գնում է՝ կգնա: Ես ռոմանտիկ էի, իսկ նա իրատես էր ու ասում էր. «Կյանքի ստերեոտիպն է փոխվում, դրանց փոխվելն էլ է ինչ-որ չափով արդարացվում: Նոր ստերեոտիպ է ստեղծվում: Դա պետք է հասկանալ»: Զարմանալի մարդ էր՝ եւ ռոմանտիկ, եւ իրատես, եւ պրագմատիկ, եւ լիրիկ: Շատ երիտասարդ տարիներին, երբ պարզապես ծանոթ էինք, ընկերուհիներիցս մեկի մասին ասաց. «Շատ ռոմանտիկ է՝ կարողանում է շատ ուժեղ տխրել եւ շատ ուժեղ ուրախանալ»: Գուցե հասարակ է հնչում բայց ճիշտ բնորոշում է:

-Ինչպե՞ս եք ծանոթացել:

-Ինստիտուտում: Թեեւ առաջ էլ իրար տեսել էինք, իմ դպրոցական մտերիմ ընկերուհին՝ Լիան (հետո Ջոն Կիրակոսյանի հետ ամուսնացավ) եւ Դեմիրճյանները մի բակում էին ապրում, Լիայենք առաջին հարկում, իրենք՝ վերեւում: Երբ մենք 10-րդ դասարանում պարապում էինք, մեկ-մեկ դուրս էինք գալիս, բակում վոլեյբոլ էինք խաղում, ինքը վերեւից նայում էր: Լիան ասում էր՝ Էդիկը եկավ, Էդիկը նայում է (նրան տանն Էդիկ էին ասում): Նա երբեմն պատմում էր այդ տղայի ու եղբոր՝ Կամոյի մասին: Այդ ժամանակից նրան հիշում եմ պատշգամբում կանգնած սուլելիս՝ միշտ դասական երաժշտություն: Ինքն էլ, եղբայրն էլ հիանալի գիտեին դասական երաժշտություն եւ պատշգամբում՝ երկու ձեռքով պարաններին հենված, սուլում էին: Մեկը սկսում էր, մյուսը շարունակում կամ ձայնակցում: Սկզբում ինձ Լիան էր այդ մասին պատմել, հետո ինքս ականատես դարձա, երբ ամուսնացանք: Նրանք փառահեղ գիտեին դասական երաժշտություն, հիանալի իմպրովիզացիաներ էին անում, ավելի հաճախ՝ Բեթհովենից: Հարեւանները լսում էին ու ասում. «Մեր սոխակները դուրս եկան»: Ինստիտուտում նա ինձ առաջին անգամ տեսավ վոլեյբոլի դաշտում (խաղում էի ինստիտուտի հավաքականում)  եւ հետո պատմում էր, որ որոշել է. «Այս աղջիկն իմ կինն է լինելու»: Երբ ես ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտ, նա արդեն երրորդ կուրսում էր: Ինքն ուսանողական գիտական ընկերության նախագահն էր: Իրենից առաջ կամ դասախոսները, կամ ասպիրանտներն էին զբաղվել այդ գործով, առաջինն ինքն էր, որ չորրորդ կուրսի ուսանող՝ դարձավ նախագահ: Ինձ ինքնաբերաբար ներգրավեցին այդ գործում՝ սկզբում դիմադրում էի, չէի ուզում: Հին ծանոթ ընկերներիցս մեկը սկսեց համոզել. «Գիտե՞ս, մի այնպիսի փառահեղ տղա է նախագահը, որ չի կարելի նրան մերժել»: «Իմ ինչ գործն է ձեր փառահեղ տղան, ես չեմ ուզում ուսգիտխորհրդում աշխատել»: Վերջապես համոզեցին՝ մի անգամ գնալ, հետո, եթե չցանկանամ, չեմ գնա: Գնացի, տեսա, որ այդ փառահեղ տղան Լիայենց Էդիկն է, ծանոթացանք: Եվ մեկ տարի ինձ աշխատացրեց որպես ուսգիտխորհրդի քարտուղար: Նա հիանալի կազմակերպիչ էր: Մենք մինչեւ նա չգիտեինք, թե ուսանողական գիտական ընկերությունն ի՞նչ է: Իսկ նա Անդրկովկասյան կոնֆերանս կազմակերպեց՝ ամենաբարձր մակարդակով: Իրենց ամբողջ կուրսը շատ ուժեղ էր: Բոլորն էլ անհատականություններ էին: Տարիքով մեծ էին, ռազմաճակատից եկած-կռված տղաներ, երաժիշտներ, ինստիտուտի փողային նվագախումբն ամբողջ իրենց կուրսն էր, բոլորն էլ երեւացող մարդիկ էին: Ինքը բոլորից երիտասարդ էր, բայց բոլորից տարբերվում էր, եւ իրենից տարիքով մեծերն իրեն սիրում ու լսում էին: Զարմանալի վերաբերմունք էր:

-Ինչպե՞ս որոշեցիք ամուսնանալ:

-Ինքը դիպլոմ էր գրում, իր ծննդյան օրը՝ ապրիլի 17-ին, առաջարկություն արեց: «Այժմ ես դիպլոմանտ եմ, դա բարձր է հնչում, ապագա է խոստանում, երկու ամիս հետո կդառնամ շարքային ինժեներ, այնպես որ հիմա որոշիր»: Ես համաձայնեցի: Շատ ուշ, ամուսնանալուց հետո ասաց, որ սիրում է: Նա զարմանալի ամոթխած էր, մանկան պես անմիջական ու անպաշտպան: Ամենից շատ ինձ հիմա դա է խոցում՝ նրա անպաշտպանվածությունը: Ես չգիտեմ՝ ի՞նչ ձեռք պիտի բարձրանար նրա դեմ ու նրա վրա… Նա միշտ ծառայել է ժողովրդին, մինչեւ վերջ՝ կյանքի գնով: Եվ թվում է, թե 1988-ին Կարեն Դեմիրճյանը հեռացավ քաղաքականությունից: Երեք տարի նստեց տանը: Հետո գործարանում աշխատանքի անցավ: Ի՞նչ էր անում 1992-1993-ի ծանր տարիներին: Քանի-քանի ընտանիքներ ու շենքեր է փրկել ցրտից՝ արագ կազմակերպելով նավթավառների ու կիրոգազերի արտադրությունը՝ տրանսֆորմատորներ ու գեներատորներ մատակարարելով: Նա միշտ զգում էր ժամանակի պահանջը եւ բոլոր հանգամանքներում աշխատում էր ժողովրդի համար:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ Ձեր որդին գնում է հոր ճանապարհով:

-Որդին անցել է հոր դպրոցը, ինչպես յուրաքանչյուրը, որ շփվում էր նրա հետ: Որդին բացի մաքրության ու անձնազոհության գեներից կյանքի ճանապարհ է անցել հոր կողքին՝ տեսել է նրա աշխատանքը, խորհրդակցել, սովորել: «Մարս» միավորումը երկու Դեմիրճյանների նվերն է ազգին՝ վերջին մեծ գործարանը, որ Կարեն Սերոբիչը 14 հանրապետությունների մրցակցությամբ կարողացավ ժամանակին համոզել ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Տիխոնովին եւ Հայաստանում կառուցել, որովհետեւ մեր հնարավորություններն առավել էին՝ մտավոր-տեխնիկական մեծ ներուժը, զարգացած գիտությունը, աշխատատար եւ նվազ մետաղատար արտադրության արդյունավետությունը… Ստեփանը շարունակեց կառուցել գործարանը: Միայն երկրաշարժի ժամանակ երեք ամսով գործարանի շինարարությունը դադարեցվեց, որովհետեւ ամբողջ տեխնիկան տեղափոխվել էր աղետի գոտի: Ժամանակին կառուցեցին, երիտասարդ եւ կարող կոլեկտիվ հավաքվեց ու աշխատեց: Կարեն Սերոբիչն ասում էր, որ նրանց հուշարձան կանգնեցնել է պետք, որ կարողացան կառուցել, թեկուզ ոչ լրիվ բեռնվածությամբ, գործարան աշխատեցնել: Ես ուրախ եմ, որ տղաներս իսկական մարդ են, հոր գեները ժառանգած ու հոր դպրոցն անցած, մտածող ու զգայուն մարդիկ:

-Իսկ եթե Ստեփան Դեմիրճյանը շարունակի Կարեն Դեմիրճյանի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքակա՞ն գործունեությունը:

-Մտածել է պետք: Շատ խոր ու շատ դաժան էր հարվածը: Շատ սարսափելի է վերքը: Ցավը: Մտածել է պետք: Հուղարկավորության ժամանակ ասացի, որ ուզում եմ՝ Կարեն Սերոբիչի գործը շարունակվի, ՀԺԿ-ն ուժեղանա, իսկական ժողովրդական կուսակցություն լինի: Չի կարելի հույսը դնել մի հոգու վրա: Խորքից պիտի ծնվի, աճի, զարգանա մի ամբողջ փաղանգ, մի հոգով չի լինի: Կարեն Սերոբիչ, իհարկե, չի լինի: Հազար տարի էլ անցնի, չի լինի այլեւս Կարեն Սերոբիչ: Հույսը պետք է նոր սերունդը լինի: Թե չէ ազգը կկորչի: Պետք է Կարեն Սերոբիչի դասերը սրտել: Անձնազոհ պետք է լինել, գործի մասին մտածել: Եթե ամեն մեկն իր մասին մտածի, ոչինչ չի ստացվի: Կարեն Սերոբիչն իր գրառումներում Իվան Տուրգենեւից արտագրել էր.«Երբ մարդը մեծ գաղափար ունի, չպետք է մտածի իր մասին» եւ ինչպես միշտ ավելացրել էր իր կարծիքը. «Եթե մարդը չունի մեծ գաղափար, մտածում է միայն իր մասին»: Ուղիները երկուսն են, կարեւորը ընտրությունն է:

-Կարեն Դեմիրճյանը տանը Ձեզ հետ խորհրդակցու՞մ էր:

-Առաջներում գլխավոր քարտուղարը չէր կարող շատերի հետ կիսվել, իր տեղակալների հետ էլ չէր կարող խորհրդակցել: Եթե կիսվում էր ամենածանր պահերին, ապա ինձ ու եղբոր հետ միայն: Ես հասկանում էի եւ ավելին չէի պահանջում: Ժամանակից շուտ ինչ-որ քայլ հայտնի դառնար, նացիոնալիզմի մեջ պիտի մեղադրեին: Դա ամենածանր մեղադրանքն էր: Կարող էիր հարբեցող լինել, անբարո եւ կաշառակեր, բայց ոչ՝ նացիոնալիստ: Հաճախ էր նա հարկադրված լռել: Օրինակ, եղեռնի 60-րդ տարելիցի նշումը: Կարեն Սերոբիչն ամբողջ մի ամիս գնում էր Մոսկվա, գալիս էր: Շաբաթը մեկ անգամ, երկու անգամ: Մտածում էի՝ կարեւոր գործեր են: Միայն վերջում ասաց՝ տարելիցը պետականորեն է նշվելու, սգո օր է հայտարարվելու, ղեկավարությունն է գալու Ծիծեռնակաբերդ: Պարզվում է՝ ամեն այցը Մոսկվա նվիրված էր քաղբյուրոյի մեկ անդամի համոզելու, բացատրելու, հասկացնելու՝ ի՞նչ է կատարվել, ինչու՞ չի կարելի արգելել, միեւնույն է, կնշվի եւ շատ ավելի վատ, եթե պետությունը խանգարի, որ ոչ ոք բարոյական իրավունք չունի ժողովրդի կամքին բռնանալու: Որ սերունդների հիշողությունը չես արգելի: Դա մեծ հաղթանակ էր այն օրերին:



Հիմա ոչ ոք չի խոստովանում, թե ի՞նչ էր նշանակում օրթոդոքս Սուսլովի ժամանակ օրինականացնել պետականորեն սգո օր նշելը: Դա այն ժամանակ Ղարաբաղ վերցնել էր: Կենտկոմում կտրուկ հրաժարվում էին, մարդիկ էին ձերբակալվում ու բանտարկվում: Հաճախ կիսվում էր ինձ հետ՝ փորձարկելու իր տեսակետը: «Դու իմ առաջին ընդդիմախոսն ես»՝ ասում էր ինձ միշտ: Մի անգամ էլ ասաց. «Բոլորը գովում են, լավն են ասում, դու անընդհատ մի բան գտնում ես»: «Եթե ես չասեմ, ո՞վ կասի»՝ պատճառաբանում էի ես: Նա շատ զգոն էր, ոչ քծնանքը, ոչ շողոքորթությունը չէր ընդունում, նրան վախենում էին քծնել, որովհետեւ գիտեին արձագանքը: Ինքն իրենից միշտ դժգոհ էր, ինչ էլ աներ, ներքին դժգոհությունը կար, որ կարելի էր ավելի լավ անել… Դա բնավորություն էր: Մեծ գործերի ավարտին երջանիկ պահեր էր ապրում: Սրտանց: Բայց արագ առաջ էր գնում՝ էլ ի՞նչ կարելի է անել, ուրիշ ի՞նչ պետք է անել: Ես միշտ ծիծաղելով ասում էի, որ միջանկյալ օղակ եմ ժողովրդի ու ղեկավարության միջեւ: Ես ամբողջ կյանքում աշխատել եմ՝ ուսանողության մեջ, կոլեկտիվի հետ: Իմ միջոցով նա փորձում էր իմանալ մարդկանց կարծիքը: Նաեւ գաղտնապահ էր, եթե հարցը շատ կարեւոր էր:

-Այսօրվա չափանիշներով 14 տարի եղել եք հանրապետության Առաջին տիկինը: Այն ժամանակ դա ի՞նչ էր նշանակում: Ի՞նչ կարող էիք ու ի՞նչ չէիք կարող անել:

-Այն ժամանակ բոլորովին այլ էր դրվածքը: Երկրի ղեկավարի տիկինը պիտի չերեւար: Կոմունիստները պաշտոնական դիրքի չարաշահում էին համարում, եթե կանգնում էիր ամուսնուդ կողքին: Ես արդեն իսկ տարբերվում էի Միության առաջին տիկիններից, որովհետեւ աշխատում էի, մինչդեռ ղեկավարների կանայք հիմնականում չէին աշխատում: Ես թիկնապահներ չունեի, ոտքով կարող էի շրջել: Ես ազատ էի: Կարեն Սերոբիչն էլ շատ զգույշ էր, որ որեւէ սխալ քայլ չանենք: Նա ինքնուրույն էր ղեկավարության հետ, ուր մնաց տանը… Բայց խորհուրդներ լսում էր եւ եթե իր մտածածի հետ համընկնում էր, ընդունում էր: Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին: Մարդիկ զարմանում էին՝ ինչպե՞ս է դա ինձ հաջողվում: Իսկ ես իսկզբանե ինձ համար ընդունել էի, որ Կարեն Սերոբիչը շատ բարձր է, որ կյանքում ու ընտանիքում առաջնորդը նա է: Եվ ես ինչ էլ անեմ, հասարակությանը չեմ կարող տալ նրա արածի մեկ բաժինն իսկ: Ես միշտ էլ իմ տեղն ունեցել եմ: Փայլուն սովորում էի, եւ մեծ ապագա էին խոստանում, բայց ամուսնանալուց հետո գիտակցաբար ինձ նվիրեցի ընտանիքին ու երեխաներին՝ ազատելով նրան ընտանեկան հոգսերից: Ես փորձում էի անել այն, ինչ կարող էի՝ առանց բարձրաձայնելու: Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Ջոտտոյի թանգարաններն իմ օժանդակությամբ են բացվել: Ուրոլոգ Աբրահամյանի հավաքածուն Մոսկվայում Կոսիգինն էր ուզում վերցնել, Կարեն Սերոբիչի եւ Ֆադեյ Տաճատիչի հետ հարցը կարգավորեցինք… Երբեք չեմ ջանացել երեւալ, երբեք վատ չեմ զգացել, որ ստվերում եմ: Ինձ համար գործն էր կարեւոր: Ես գովեստի կարիք չունեի: Եվ ոչնչի համար չեմ զղջացել: Երբեք: Չեմ զղջացել, որ կարող էի գիտության մեջ առաջ գնալ, թեկնածուական թեզ պաշտպանել: Ես միշտ էլ արել եմ այն, ինչ անհրաժեշտ էր մարդկանց: Եվ ինձ ոչինչ ավելին պետք չէր, որովհետեւ իմ կողքին հոյակապ ամուսին ունեի, հրաշալի տղաներ, հրաշալի ընտանիք: Նա իսկապես հոյակապ հայր էր, նվիրյալ ամուսին: Մենք միահամուռ էինք ամեն ինչում:

-1988-ը ծանր փորձություն էր Ձեր ընտանիքի համար: Ինչպե՞ս տարաք:

-1988-ը շատ ծանր տարի էր: Ահավոր ծանր տարա ես անարդարությունը, որովհետեւ Կարեն Սերոբիչը եղել էր, մնում էր նույն մարդը, նրա արժանիքները չէին փոխվել: Պարզապես ազգը խելագարվել էր Ղարաբաղով եւ ասում էր՝ «Մեզ ղեկավարի»: Իսկ նա ասում էր. «Ձեր ուզածը սխալ ուղի է, ես այդ ճանապարհով չեմ գնալու»: Մենք փակուղու մեջ ենք մինչեւ հիմա: Ո՞վ կարող է ժխտել, որ Կարեն Սերոբիչը 1988-ին ճիշտ էր: Անբարյացկամ տրամադրվածներն էլ այն ժամանակ ասում էին, որ Կարեն Սերոբիչը պիտի ժողովրդի հետ լինի: Իսկ ի՞նչ է նշանակում ժողովրդի հետ լինել: Ինչ ամբոխը թելադրի, այն անե՞ս… Ղեկավարը պարտավոր է ամբոխից առաջ լինել եւ առաջ նայել: Նա միշտ էլ ժողովրդի հետ է եղել: Գուցե շատ ավելի շատ, քան նրանք, որ ժողովրդին այդքան փորձությունների մատնեցին: Այն ժամանակ դժվար էր այդ բոլորը մարդկանց հասկացնել: Մենք հարկադրված էինք լռել: Այդուհանդերձ, երբ եղան հաղթանակներ, զոհեր, Կարեն Սերոբիչը միշտ ասում էր. «Իսկ հիմա պետք է Ղարաբաղը պահել, այդքան զոհերից ու հաղթանակներից հետո Ղարաբաղը զիջել չի կարելի»: Նույնիսկ սովետական տարիներին նա շատ բան է արել Ղարաբաղի համար, որ այն ժամանակ հրապարակման ենթակա չէր: 1992-1993-ին էլ էր շատ օգնում: Սա առանձին եւ մեծ խոսակցության թեմա է: Հետո: Մեծ հավատ ունեինք արդարության հաղթանակի նկատմամբ: Մենք բոլորս գտնում էինք, որ Կարեն Սերոբիչը ճիշտ է վարվել, համոզված էինք, որ կգա ժամանակ եւ նրան կհասկանան: Եվ դա ուժ էր տալիս: Ես որոշեցի այնպես պահել տունը, ասես ոչինչ չի փոխվել: Մաքրությունից սկսած, ճաշատեսակներով ու հյուրընկալություններով ամեն ինչ մնաց նույնը: Մեր նեղ շրջապատը մեզ չդավաճանեց: Ամենադժվարը Կարեն Սերոբիչի չհասկացվածությունն էր: Հարցի բարոյական կողմը: Երեք տարի Կարեն Սերոբիչը տանը նստած էր: Հետո ես ծիծաղելով ասում էի, որ մեզ պետք է ժողովրդական դերասանների կոչում շնորհեն՝ երկուստեք դերասանություն էինք անում, թե ամեն ինչ լավ է: Վատ տրամադրություն երեւույթը մեր տանը չի եղել: Խնայում էինք իրար, խնայում էինք մեր զավակներին, բայց գիշերները չէինք քնում՝ առանձին-առանձին, դա էլ էինք իրարից թաքցնում:

-Ինչպե՞ս համաձայնեցիք, որ Կարեն Սերոբիչը վերադառնա քաղաքականություն:

-Մինչեւ վերջ ասում էի՝ միայն իմ դիակի վրայով: Մինչեւ վերջ: Բարոյականությունը եւ քաղաքականությունը, ցավոք, անհամատեղելի են: Թեեւ միշտ գտնվում են անհատականություններ, որ ուզում են համատեղել բարոյականությունը եւ քաղաքականությունը, բայց նրանք խորապես ողբերգական անհատներ են: Նախ չկա բարոյականության ու քաղաքականության չափանիշ: Չափանիշը մեկը պիտի լինի՝ քո սկզբունքը եւ քո ժողովրդի շահերը: Մեծ գաղափարները միայն կարող են չափանիշ լինել քաղաքականության մեջ: Մարդիկ թույլ արարածներ են եւ պատրաստ փոխզիջումների, իրար հետ, իրենց խղճի հետ: Միշտ մարդիկ կգտնվեն, որ կցանկանան համատեղել քաղաքականությունը եւ բարոյականությունը: Սկզբունքորեն: 1988-ին Կարեն Սերոբիչը ճզմված էր վերեւների եւ ներքեւների միջեւ: Վերեւում այլ բան էր ասում, պայքարում էր, որի մասին իրավունք չուներ ժողովրդին ասել եւ գրգռել: Ոչ մի կողմի հետ չէր կարող բացվել: Մենք ինքներս կոմունիստական հասարակարգի առաջին ընդդիմախոսներն էինք: Հիշում եք, չէ՞, առաջ ինչպես էր, եթե գենսեկը մի բառ ասեց, նույնը պիտի հիերարխիայի բոլոր աստիճաններով ներքեւ իջնի, պիտի բոլորը կրկնեն, բազմացնեն թերթերով ու հեռուստատեսությամբ: Գովեց՝ գովում են, քննադատեց՝ հոշոտում են: Կարգ էր: Կարեն Սերոբիչի ու Միխայիլ Գորբաչովի հարաբերությունները երկար պատմություն են: Նրա քննադատությունից հետո բոլոր թերթերը կուսակցական կարգապահությամբ բոլոր մակարդակներով կրկնեցին գենսեկին: Եվ ձնագունդը գլորվեց… Գորբաչովը սեփական խոր հակասությունները ուներ, նա ուզում էր Հայաստանում Ուզբեկստան սարքել. «բամբակի» հայկական գործեր էր փնտրում: Երկրաշարժի ժամանակ նա Երեւան եկավ եւ նրան վատ ընդունեցին, գնալիս օդանավակայանում ասաց. «Փնտրեք, քանդեք, այստեղ Ուզբեկստանից վատ է, փնտրեք, կգտնեք»: Հազար հանձնաժողով ու քննություն կազմակերպվեց, ոչինչ չգտան: Ոչինչ չկար, որ կարողանային գտնել կամ սարքել: Մենք դիմացանք ու դիմանում էինք, որովհետեւ գիտեինք, որ մաքուր ենք, ճիշտ ենք: Ես միշտ փոքրուց հավատում էի արդարության հաղթանակին: Միայն հոկտեմբերին խախտվեց այդ հավատը: Ես բոլոր տարիներին համոզված էի, որ կգա ժամանակ, եւ Կարեն Սերոբիչին կհասկանան, կմեծարեն, կվերադարձնեն: Բայց ես միշտ դեմ էի: Ասում էի՝ հազիվ մարդ ենք զգում մեզ, ազատ ենք մեր հարաբերությունների մեջ, ապրում ենք մեր ուզածի պես: Հիշու՞մ եք առաջին ընտրարշավը: Ինչե՛ր էին գրում: Բոլորը սուտ էր: Ամեն ինչ վճռվել է վերջին երեկոյին: Ճնշումը շատ մեծ էր: Մարդիկ գործարան էին գնում, տուն էին գալիս: Դժվար էր անընդհատ բացատրել՝ ինչու՞ չի համաձայնում ու չի համոզվում: Ասում էին՝ ժողովրդից նեղանալ չի կարելի: 1988-ից մինչեւ հիմա նեղացած ես: Նա երբեք էլ նեղացած չէր ու նեղացած չի եղել: Վերջին երեկոյին ես ասացի. «Որ չգնաս, ոչ ժողովուրդը քեզ կների, ոչ պատմությունը քեզ կների, ոչ ինքդ քեզ կներես, ոչ ինձ կներես, ոչ ես ինձ կներեմ»: Մենք ուղղակի չէինք պատկերացնում, թե այդ ծանր պահին ինչպե՞ս պիտի Կարեն Սերոբիչը ձեռքերը ծալած նստի տանը եւ քաղքենու պես հեռու մնա քաղաքականությունից: Նրա կերպարի հետ դա անհարիր էր: Հիմա շատ եմ զղջում, շատ եմ տանջվում ասածիս համար: Հասկանում եմ, որ ուրիշ կերպ չէր կարելի: Հնարավոր չէր: Չասեի էլ՝ ժողովուրդը գալու էր տանից տաներ, եւ լինելու էր նրա վերադարձը… Հետո նա գրանցվեց իբրեւ նախագահի թեկնածու: Հետո նա դարձավ Ազգային ժողովի նախագահ:

Վազգեն Սարգսյանը միայն մեկ անգամ է եղել մեր տանը: Ես նրան ասացի. «Ինձ համար դու նախարար չես, դու իմ որդին ես, ու ես իրավունք ունեմ մոր պես քեզնից պահանջել, որ այս մարդուն ինձնից հետո ամենահավատարիմը դու լինես»: Ու ձեռք ձեռքի տվեցինք: Հետո հոկտեմբերի 27-ն էր: Հավատարիմ մնացին իրար: Հիմա ամենակարեւորը դիմանալն է:

-Կարծու՞մ եք, որ կատարվածը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն:

-Պիտի բացահայտվի: Պարտավոր է բացահայտվել, այլապես ոչ միայն հարցուպատասխանի օրը, ոչ մի օր ոչ ոք ապահով չի լինի այս երկրում: Ես 1988-ին շատ նեղացած էի մարդկանցից: Այս ընտրություններն ինձ հաշտեցրին: Ես հասկացա, որ մեր ժողովուրդը լավն է: Կարեն Սերոբիչը ասում էր. «Մեր ժողովուրդը երեխայի նման է, միամիտ է, դյուրահավատ, հուզական պոռթկումներով, երբեմն անդաստիարակ: Իսկ երեխային դաստիարակում են դրական օրինակներով»: Չի կարելի անընդհատ վատ-վատ-վատ, լաց-լաց-լաց… Մեր անցյալը կոտորած, մեր ներկան՝ թշվառություն… Չի կարելի: Ազգին ազգային արժանապատվության գիտակցություն է պետք, վստահություն ապագայի, ու ինքն իր ուժերի նկատմամբ: Ընտրարշավների ժամանակ ես հասկացա, թե ինչ մեծ հոգի ու ճիշտ ինտուիցիա ունի ժողովուրդը, որ երբեմն շատ բան չի էլ իմանում, ուղղակի բնազդաբար ճիշտ որոշումներ է ընդունում: Հասկանում է ու գնահատում է ճշմարտությունը, նվիրումը, ցավը… Հոկտեմբերի 27-ից հետո մարդկանց վերաբերմունքից ես հասկացա, որ իրավունք չունեմ այդ վիշտը միայն իմը համարել ու մենակ տառապել: Ես ինձ ժողովրդի մաս զգացի՝ ցավը լուռ տանող ու վիշտը արժանապատիվ սգացող ժողովրդի մաս: Ես հասկացա, որ ողբերգության ցավը բոլորինս է, իմը մի քիչ շատ, իհարկե, բայց միայն իմը չէ: Ինձ թվում էր՝ Կարեն Սերոբիչից հետո մի վայրկյան չեմ ապրի: Ամբողջ կյանքում այդպես էի կարծում: Մարդկանց անկեղծ վերաբերմունքը ու երեխաներիս, թոռներիս կողքին լինելու անհրաժեշտությունը ինձ պահեց: Ես պիտի ապրեմ, որ մեղավորները գտնվեն ու պատժվեն: Պիտի ապրեմ հանուն տղաներիս ու հանուն թոռներիս: Պիտի ապրեմ Կարեն Սերոբիչի հիշատակը հավերժացնելու համար: Պիտի ապրեմ, որ ինձնով մի քիչ երկարացնեմ Կարեն Սերոբիչի կյանքը…

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին