Անդրանիկ Մարգարյան. Վարչապետի գործը անիծված գործ է - Mediamax.am

Անդրանիկ Մարգարյան. Վարչապետի գործը անիծված գործ է
2290 դիտում

Անդրանիկ Մարգարյան. Վարչապետի գործը անիծված գործ է


Կարդացեք նաեւ. Անդրանիկ Մարգարյան. «Համարս գիտես, զանգերիդ պատասխանում եմ, Աստծուց կրա՞կ ես ուզում»

2000-ի օգոստոսի 23-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասուլիսով ամփոփեց կառավարության 100 օրը: Իր նախախոսքում նա շնորհավորեց բոլորիս անկախության Հռչակագրի 10-ամյակի առիթով. «Երբ մեր ժողովուրդը ցույց տվեց ազատ ապրելու իր կամքը ու վճռականությունը՝ անկախությունը վերանվաճել»: «Անցած երեք ամիսներին կառավարությունը գործել է միանգամայն հրապարակային ու թափանցիկ, չնայած առաջին իսկ օրվանից՝ մայիսի 12-ին արդեն «հուղարկավորեցին» նորանշանակ վարչապետին ու մինչև մայիսի 20-ը՝ կառավարության կազմավորումը, նախարարներին էլ «հուղարկավորեցին»` կանխատեսելով, որ կառավարությունը չի աշխատելու: Երբ կառավարությունն իր ծրագիրն էր ներկայացնում խորհրդարան, կանխատեսում էին, որ ԱԺ-ն հավանություն չի տալու: Հիմա էլ ժամկետ են տալիս մինչև սեպտեմբեր: Կարծում եմ՝ այս կանխատեսումն էլ նախորդների ճակատագրին է արժանանալու: Թեպետ կա և «պահեստային տարբերակը»՝ կառավարությունը հրաժարական է տալու բյուջեի քննարկումների ժամանակ: Կա նաև «պահեստային» վարչապետի տարբերակը: Ես ցանկանում եմ քաղաքական այդ ուժերին և նրանց պաշտպանող լրատվամիջոցներին հայտնել, որ իրենց հույսերը սին են, նման խնդիր չկա, և թեժ աշնան կանխատեսումները քաղաքական փոփոխություններին չեն վերաբերում»` հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը: Այդ օրը նա պատասխանեց 30 հարցի, որոնցից երկուսը իմն էին:

-Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման քվեարկությունից ու մամուլի վերջին հրապարակումներից հետո «Միասնություն» դաշինքի տրոհումն ակնհայտ է: Ձեր կարծիքով՝ քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա դաշինքի տրոհումը: Կփորձի՞ ՀՀԿ-ն նոր դաշինք ձևավորել և քաղաքական ի՞նչ ուժերի հետ: ԱԺ-ում ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր և ո՞ր ուժը կլինի կառավարության հենարանը:

-«Միասնություն» դաշինքը ձևականորեն տրոհված չէ: Մայիսի 2-ից հետո որոշակի տարաձայնություններ առաջացան դաշինքի կուսակցությունների միջև՝ ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի, կառավարության կազմավորման, վարչապետի նշանակման շուրջ: ՀԺԿ-ն չպաշտպանեց վարչապետի թեկնածությունը, այլ առաջարկեց լայն համագործակցություն: Խորհրդարանից իմ հեռանալուց հետո խմբակցության ղեկավար չընտրվեց՝ հաշվի առնելով, որ հարկավոր է երկու կուսակցությունների հարաբերությունները ճշտել: ՀՀԿ-ն ամեն քայլի դիմեց, կառավարությունում մնացին ՀԺԿ 2 նախարարները, որպեսզի կամուրջները չայրվեն: Չեմ ժխտում, որ որոշակի հարցերի շուրջ լայն համագործակցություն կա, բայց դա չի տարբերվում այլ կուսակցությունների հետ համագործակցությունից: Նկատի ունեմ «Կայունություն» խումբը, ՀՅԴ-ն, «Հայաստանը», ՕԵԿ-ը, անկախ պատգամավորների մի մասին: Բայց հետագա դեպքերը վկայեցին, որ համագործակցությունն ավելի շատ հակադրության է փոխվում, ապացույցը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման նկատմամբ նրանց վերաբերմունքն էր: Մենք երբեք չէինք որոշի բաշխիչ ցանցերի քվեարկությունը հետագա համագործակցության հիմք դարձնել, բայց դեմ քվեարկողները հայտարարեցին, որ այդ քվեարկությունը ճամփաբաժան էր, և սկսեցին քաղաքական քննարկումներ: Ինձ համար անակնկալ էր, երբ ՀԺԿ-ն, լինելով «Միասնության» կուսակցություններից մեկը, առանց ՀՀԿ-ի հետ խորհրդակցելու, սկսեց բանակցել «Իրավունք և միաբանության» հետ: Մինչ այդ նման դեպք չէր եղել՝ սեպարատ բանակցությունները դաշինքին անհարիր են: ԱԺ-ում կառավարության նախաձեռնությունը պաշտպանեցին այլ ուժեր, որ մինչ այդ էլ պաշտպանում էին կառավարության քաղաքականությունը: Նկատի ունեմ և ՀՅԴ-ին, և ԱԺՄ-ին, և «Կայունությունը», և «Հայաստանը»: Երբ մամուլում գրվեց, թե ՀՀԿ-ն բանակցում է այդ կուսակցությունների հետ՝ նոր դաշինք ստեղծելու համար, մենք նոր ոչինչ չէինք արել: Մենք դաշինք չենք ստեղծում, կան որոշակի համաձայնություններ և կառավարության կազմավորման, և ԱԺ-ում հետագա հարցերը քննելիս, որոնք գործում են և գործելու են հետագայում: Նոր դաշինքներ կազմելու խնդիր չկա, ՀՀԿ-ն և քաղաքական մյուս ուժերը ստեղծված իրավիճակում ստիպված են վերանայել իրենց քաղաքականությունը և որոշում կայացնել ստատուս-քվոների հարցում:



-Դուք մտավախություն չունե՞ք, որ խիստ կուսակցական մոտեցումը կարող է հարվածել պաշտոնյաների մասնագիտական որակներին:

-Արդեն ԱԺ է ներկայացված քաղաքացիական ծառայության մասին օրինագիծը, որտեղ սահմանված է, որ նախարարը և փոխնախարարը քաղաքական պաշտոններ են: Ոչ մեկը չի կարող ասել, որ պետական ապարատի այլ պաշտոնյա քաղաքական պատճառներով աշխատանքից հեռացվել է, այդպիսի փաստ չկա: Մեր նախկին պայմանավորվածությունների շնորհիվ՝ մինչև անգամ ՀԺԿ-ի որոշակի անդամների պետական ապարատում աշխատանք եմ առաջարկել ինքս: Հարցը վերաբերում է քաղաքական պաշտոններին: Կառավարության որոշման իրականացման պատասխանատուներին: Քաղաքական հալածանք չկա: Քաղաքացիական ծառայության մասին օրենքով, որը հույս ունեմ մինչև դեկտեմբեր ԱԺ-ն կընդունի, բոլոր շահարկումները կկասեցվեն:  

***

Նույն ասուլիսում հարց հնչեց հոկտեմբերի 27-ի նախաքննության մասին.

-Հոկտեմբերի 27-ի նախաքննությունն ավարտվել է, բայց հանրությանն այդպես էլ պարզ չէ, թե ովքեր էին հանցագործության պատվիրատուները: Ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:

-Հոկտեմբերի 27-ի ոճրագործության նկատմամբ ՀՀԿ-ն նոյեմբերի սկզբին է տվել իր գնահատականը: Այս ընթացքում եղան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին մեր դիրքորոշումներում: Նկատի ունեմ մի քանի մարդու ձերբակալությունը և հետո ազատ արձակումը: Մենք վճռել ենք չխառնվել նախաքննությանը, բայց մարտին «Միասնություն» դաշինքը պահի թելադրանքով հայտարարությամբ հանդես եկավ: Երբ որոշ մարդկանց ազատ արձակեցին, հարց առաջացավ՝ ինչու՞ էին ձերբակալվել: Քաղաքական ո՞ր ուժը, ո՞վ էր ճնշում գործադրում զինդատախազության վրա նոյեմբերին, ապրիլին կամ մայիսին: Այս հարցը չպատասխանվեց: Հույս ունեմ, որ դատավարությունը այս և այլ հարցերի սպառիչ պատասխանը կտա: Ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀԺԿ-ն, ոչ «Հայաստանը» որևէ ճնշում, համենայն դեպս, չի գործադրել նախաքննության վրա:

***

2000-ի սեպտեմբերի 30-ին պիտի կայանար Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը՝ 2002-ի առաջնության ընտրական խաղն էր: Օգոստոսի 30-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Ֆուտբոլի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիպեցին հավաքականի հետ: Ուրախ հանդիպում էր, Անդրանիկ Մարգարյանը ֆուտբոլիստներին մաղթեց գեղեցիկ խաղ, որ միշտ հատուկ է եղել հայ ֆուտբոլիստներին, նաև՝ մարզական բախտ ու եռանդ: Հավաքականի ավագ Երվանդ Սուքիասյանը վարչապետին մարզահագուստ ու մակագրված գնդակ նվիրեց և խնդրեց ֆուտբոլին ավելի շատ ուշադրություն դարձնել: Իմ հարցին, թե ի՞նչ հաշիվ կգրանցվի, վարչապետը գուշակեց՝ 1:1.

-Ոչ ոքին էլ մեր թիմի համար հաղթանակ կլինի: Վազգեն Սարգսյանի անվան Երևանի Հանրապետական մարզադաշտում հաջորդ խաղում անպայման պիտի հաղթենք Ուկրաինայի հավաքականին: Ուրախ եմ տեսնել, որ մարզադաշտում հիմնական աշխատանքներն ավարտված են և քիչ գործ է մնում մինչև հոկտեմբերի 7-ի խաղը: Կարծում եմ նաև, որ մարզադաշտի շրջակայքը կբարեկարգվի: Այս մարզադաշտը բոլոր երևանցիների կենսագրության մեջ իր ամուր տեղն ունի՝ 50-ականների պատանիների համար այստեղ ֆուտբոլի մեծագույն տոներն էին նշվում՝ «Սպարտակը», հետո «Արարատը» հայկական ֆուտբոլի դրոշը բարձր էին պահում ոչ միայն միությունում, այլև աշխարհում:

…2000-ի սեպտեմբերի 2-ին Օսլոյում, «Ուլեւոլ» մարզադաշտում գրանցվեց 0-0:

***

2000-ի նոյեմբերի 9-ին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրին.

-Եվրախորհրդին անդամակցող Հայաստանը որոշակի պարտավորություններ պիտի կատարի, ի՞նչ կարծիքի եք:

-Եվրախորհրդին անդամակցող Հայաստանը իր պարտավորությունները կկատարի, չկարծեք, թե դրանք մեզ պետք չեն, Եվրախորհրդին են պետք: Պետք է կատարվեն և օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: Կառավարությունը պիտի ավելի օպերատիվ աշխատի:

-Վարչապետի աշխատանքի բավականին փորձ ունեք արդեն, դժվա՞ր է լինել ՀՀ վարչապետ:

-Անիծված գործ է:

***

2001-ի տարեմուտին «ՀՀ»-ի հարցաթերթիկին՝ «1.Եթե Ձեզ տրվեր Նոյյան տապանով մարդկությանը փրկելու հնարավորություն, ու՞մ կվերցնեիք Ձեզ հետ երրորդ հազարամյակ: 2.Անցնող հազարամյակից ի՞նչ կվերցնեիք», Անդրանիկ Մարգարյանը պատասխանել էր. «1.Երրորդ հազարամյակն ինքն իր կանոնները կթելադրի և իր մարդկանց կանվանի: 2.Երազանքս՝ առանց բյուջեի դեֆիցիտի, ուժեղ արդյունաբերությամբ երկիր: Գաղափարը՝ «Ընկերոջդ թիկունքից մի խփիր»:

***

Երբ աշխատանքի անցա ԱԺ-ում, Անդրանիկ Մարգարյանին հանդիպում էի «ժամանակացույցով»՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրերին: Նա գալիս էր ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքով, ես իմ աշխատասենյակից դահլիճ ճանապարհն անցնում էի բակով, ու մենք համարյա միշտ բակից նիստերի դահլիճ բարձրանում էինք միասին: Նրա առաջին հարցը միշտ նույնն էր. «Քեզ այստեղ չե՞ն ուտում», պատասխաններս տարբեր էին լինում՝ դեռ չէ, ես թունավոր եմ՝ հազիվ թե, ինձ ուտելը մահացու է, ու Անդրանիկ Մարգարյանն ամեն անգամ ասում էր՝ «Որ ուզեն՝ կուտեն, չես էլ նկատի, զգույշ եղիր, պետք եղավ՝ ասա»: Մի անգամ էլ, երբ ամբողջ մամուլը գրում էր վարչապետի պաշտոնանկության մասին ու շրջանառվում էին թեկնածուների անունները, հարցրի.

-Սրա վերջը ի՞նչ պիտի լինի:

-Ի՞նչը նկատի ունես:

-Ձեր պաշտոնանկությունը, փոխվարչապետի վարչապետ նշանակումը…

-Ես էլ քեզ լուրջ մարդ գիտեի:

-Ինչու՞ չեք կանխում:

-Ես իմ գործն եմ անում, իրենք՝ իրենց:

-Իրենց գործը երկիրը խառնե՞լն է:

-Իշխանության գալու ուրիշ ճանապարհ չունեն, մուտիլովկա են անում՝ արդեն քանի տարի է, ջուր է՝ պղտորում են, որ ձուկ բռնեն, բայց չգիտեն, որ մեծ ձկները մաքուր ջրերում են ապրում, ոչ թե իրենց կարծած ջրափոսերում: Չմտածես:  

Մեր ակամա հանդիպումները ԱԺ կուլիսներում խոսակցության թեմա էին դարձել այնքան, որ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը մի հինգշաբթի հարցրեց.

-Երեկ ի՞նչ էիր խոսում Անդրանիկ Մարգարյանի հետ:

-Ոչինչ, հենց այնպես՝ բարև-բարլուս, ոնց ես:
-Ասում են՝ ինձնից բողոքել ես վարչապետին:

-Ո՞վ է ասում:

-Տեսնող է եղել:

-Տեսնողը թող հիմա գա ու ասի՝ ի՞նչ եմ բողոքել, եթե բողոքել եմ, ու վարչապետն էլ ի՞նչ է ասել:

-Չգիտեմ-չգիտեմ, բայց վարչապետը ինչու՞ է թևը քո ուսին գցում:

-Որովհետև 1000 տարի իրար ճանաչում ենք՝ իմ այստեղ գալուց ու իր վարչապետ դառնալուց առաջ, ու եթե իրար հետ խոսում ենք, բնավ պարտադիր չէ, որ թեման Դուք լինեք:   

…Խոսակցությունը տհաճ էր, բայց, միևնույն է, հաջորդ չորեքշաբթի մենք էլի բակում հանդիպեցինք ու միասին բարձրացանք նիստերի դահլիճ:

***

Անդրանիկ Մարգարյանը վախճանվեց 2007-ի մարտի 25-ին: Չգիտեմ ինչու՞՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը որոշել էր, որ վարչապետի հուղարկավորության արարողակարգը պետք է ԱԺ-ն ներկայացնի, թեպետ կար պետական արարողակարգի ծառայություն, ու հինգ րոպեն մեկ նյարդային զանգահարում ու պահանջում էր բարձրաստիճան անձանց՝ նախագահների ու վարչապետերի, տարբեր երկրների հուղարկավորման արարողակարգեր, վերջում էլ հանձնարարեց հատուկ արարողակարգ գրել: Գրեցի: Դա, իհարկե, աբսուրդ էր, բայց միակ աբսուրդը չէր իմ Աժ-ում աշխատելու տարիներին:



…Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգստին ես հանկարծ հասկացա, որ նրան արդեն մոռացել են ու նրա նեղ շրջապատից մինչև պատահական մարդիկ ոչ թե ցավում են սրտի կաթվածից 56 տարեկանում հեռացած մարդու համար, այլ՝ քննարկում են ո՞վ է լինելու վարչապետը, ո՞վ է լինելու ՀՀԿ նախագահը: Տխուր էր: Հիմա էլ:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակը ՀՀԿ-ն հավերժացրեց նրա անվամբ քաղաքական դպրոցի հիմնադրումով ու մի սարսափազդու կիսանդրիով՝ Մելիք-Ադամյանի վրա: Թող ինձ ներեն բոլոր ՀՀԿ-ականները, բայց գործնականում ՀՀԿ-ն նրան դավաճանեց, ինչպես դավաճանել է Աշոտ Նավասարդյանին ու Վազգեն Սարգսյանին: Գուցե կուսակցության հիմնադիր անդամներից ոմանք դա զգում են, բայց չեն խոստովանում, որովհետև Հայաստանում գրանցված առաջին կուսակցություն ՀՀԿ-ում այլևս ընդունված կարգ է՝ ղեկավարին չեն առարկում:  

Իսկ Անդրանիկ Մարգարյանը ասում էր. «Եթե որևէ նպատակ ես դնում, դրան պետք է հասնես բարոյական կանոնների համաձայն»:

Հ.Գ. Հունիսի 12-ին Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էր՝ նա կդառնար 72 տարեկան, եթե 15 տարի առաջ հասցներ մեկնել Փարիզ՝ ճիշտ այն օրը, որի լուսաբացը չտեսավ, սրտի աշխատանքը կարգավորելու համար:  

Կարդացեք նաեւ. Անդրանիկ Մարգարյան. «Համարս գիտես, զանգերիդ պատասխանում եմ, Աստծուց կրա՞կ ես ուզում»

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին