Անդրանիկ Մարգարյան. «Համարս գիտես, զանգերիդ պատասխանում եմ, Աստծուց կրա՞կ ես ուզում» - Mediamax.am

Անդրանիկ Մարգարյան. «Համարս գիտես, զանգերիդ պատասխանում եմ, Աստծուց կրա՞կ ես ուզում»
3004 դիտում

Անդրանիկ Մարգարյան. «Համարս գիտես, զանգերիդ պատասխանում եմ, Աստծուց կրա՞կ ես ուզում»


Երբ դու լրագրող ես ու լուսաբանում ես քաղաքականությունը, ինքնաբերաբար ծանոթանում ես քաղաքական գործիչներին: Մեզ ոչ ոք չի ծանոթացրել, Անդրանիկ Մարգարյանը պատգամավոր էր, ու դա բավարար էր նրա հետ ծանոթ լինելու համար: Նրա մահից անցել է 15 տարի, հետահայացով զարմանում ես՝ ինչքան «ճիշտ» պահի վարչապետ ու ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը հեռացավ, որ Հայաստանը ու հատկապես ՀՀԿ-ն փոխեն իրենց քաղաքականությունը՝ խրվելով այնպիսի գործընթացներում, որ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման դեպքում ոչ միայն անպատկերացնելի, այլև անհավանական էին:



Գուցե անակնկալ մահը «փրկեց» նրան պաշտոնանկությունից, գուցե ոչ, բայց նրա հեռանալուց հետո սկսված զարգացումները (2008-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին պարտադրված հրաժարականը, Հովիկ Աբրահամյանի, որ նույնիսկ պատգամավոր չէր, ԱԺ նախագահ նշանակվելը, ՀՀԿ-ում արագընթաց ու անհասկանալի փոփոխությունները, հների-նորերի բաժանումը, տարակարծության ու տեսակետ ունենալու իրավունքի վերացումը, ավելի ստույգ՝ վտանգավոր դառնալը) Անդրանիկ Մարգարյանի ժամանակ հնարավոր չէին: Համենայն դեպս՝ պաշտոնավարման տարիներին անհնար էին եղել: 2008-ն էր մոտենում՝ նախագահական ընտրությունների ժամանակը, Սերժ Սարգսյանը այլընտրանք չպետք է ունենար, ՀՀԿ-ն այլընտրանք չպետք է ունենար: Կարևոր չէր՝ Անդրանիկ Մարգարյանը ունե՞ր, թե՞ չուներ հավակնություններ, ցանկանու՞մ էր, թե՞ չէր ցանկանում վարչապետ մնալ: 15 տարի հետո այս ամենը հեշտ է տեսնելը, 2007-ին՝ ոչ: Բնավ իմ խնդիրը չէ գնահատել անձանց կամ կուսակցությունների գործողությունները, ես հիշում եմ նրանց ու հիշեցնում, թե ինչ իրավիճակում են գործել ու ապրել:

***

Բոլոր լրագրողներն էլ աշխատանքի բերումով տեղեկատվության հայթայթման խնդիր ունեն և այդ խնդրի լուծման հիմնական տարբերակը քաղաքական դեմքերի հետ շփումներն են: Տարբեր տեղեկությունների ճշտումով ու համադրումով միայն կարող ես եզրակացությունների գալ, համենայն դեպս ճիշտը դա է: Բայց լինում են ժամանակներ, երբ տրամաբանությունը նահանջում է, քաղաքական ելակետերն ու վերջնանպատակները անորոշ են: Լրագրողին մնում է ոչ թե վերլուծել, այլ՝ տեղեկություն ստանալ: 2000-ի մայիսի 3-ին վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո (մանավանդ մարտի 3-ին Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Անդրանիկ Մարգարյանի հայտնի ասուլիսից ու «Միասնություն» դաշինքի հայտարարությունից հետո) ապագա վարչապետերի թեկնածուների շրջանառվող անուններից մեջ Անդրանիկ Մարգարյանը ֆավորիտ չէր: Նրա նշանակումից մեկ օր առաջ՝ մայիսի 11-ին, ես զանգահարել էի՝ վարչապետի թեկնածուի մասին իր տեսակետն իմանալու, ասաց, որ չի ուզում հրապարակային պատասխանել, ինձ համար կասի՝ «Քեզ լավ ծանոթ ու հույս ունեմ՝ սիրելի մեկը»: Իմ «Ես ոչ մեկին չեմ սիրում, եթե կարելի է՝ անունն ասեք» պնդումի պատասխանը ծիծաղն էր, մեկ էլ՝ «Վաղը կիմանաս, բայց գրել պետք չի»: «Վաղը» իմացա, որ խոսել եմ ՀՀ 10-րդ վարչապետի հետ ու նրան ասել եմ, որ իրեն …չեմ սիրում:  

***

2000-ի մայիսի 22-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոր կառավարության աշխատանքային առաջին օրը լրագրողներին հրավիրեց ասուլիսի: Նա մանրամասն ներկայացրեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների պատճառները ու նպատակները, շեշտեց, որ կառավարության կազմը ձևավորվել է նախագահի ու ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում: Խոսեց նախագահի, կառավարության ու ԱԺ-ի սերտ համագործակցության անհրաժեշտությունից ու ասաց. «Համոզված եմ, որ միայն նման աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն երկիրը դուրս բերել ծանր վիճակից, այլև անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել մեր ժողովրդի ուշադրության կենտրոնում գտնվող հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների անաչառ քննության և մեղավորների բացահայտման համար»:

***

1990-ականների վերջերին չկային ժամանակակից տեխնոլոգիաները, կառավարության նիստերից արվում էին արարողակարգային հինգ րոպեանոց տեսանկարահանումներ և հատուկ դեպքերում էին տեսաձայնահեռարձակվում: Վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ կառավարության գործունեությունը հանգամանալից լուսաբանելու և առավել տեղեկացված լինելու համար անվանական արտոնել էր «ՀՀ»-ի խմբագրին ու փոխխմբագրին՝ ինձ, ներկա լինելու նիստերին, բնականաբար, բացառելով փակ քննարկումները: Որոշումն անփոփոխ մնաց վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, և ես 1999-ի օգոստոսից 2001-ի մայիս ներկա եմ եղել կառավարության նիստերին: Ինքնին հասկանալի է, որ գործում էր նաև տեսար-լսեցիր՝ մոռացի, չգրված պայմանը որոշակի հարցերում, որ երբեք չի խախտվել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության երկրորդ նիստից այդ արտոնությունը վերացվեց՝ պատճառաբանվեց, որ խախտվում են մամուլի համար հավասար պայմանները: Կառավարության նիստերը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբեմն նաև պատասխանում էր լրագրողների հարցերին: Իմ անձնական ընդվզմանը Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Հեռախոսիս համարը գիտես, զանգերիդ պատասխանում եմ, Աստծուց կրա՞կ ես ուզում»:      

***

2000-ի հունիսի 9-ին «ՀՀ»-ում տպագրվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարցազրույցը: 20 հարց էի տվել: «Մայիսի 12-ին Դուք նշանակվեցիք վարչապետ, ինչպե՞ս կբնորոշեք երկրի քաղաքական իրավիճակն այն ժամանակ և հիմա՝ համարյա մեկ ամիս անց» հարցին նա պատասխանել էր.

-Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ չեն եղել, և բնականաբար, չէին կարող լինել մեկ ամսում: Առավելևս՝ առանց գործունեության ծրագրի հաստատման: Քաղաքական կտրվածքով ամենամեծ ձեռքբերումը կառավարություն-նախագահ-խորհրդարան համատեղ աշխատանքն է, փորձում ենք վերահաստատել այն մթնոլորտը, որ կար նախքան հոկտեմբերի 27-ը՝ երկրի, բարձրագույն իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը: Առանց այդ վստահության չեն լինի ոչ արտաքին, ոչ ներքին ներդրումներ: Ըստ իս՝ առաջին քայլն արված է և մեկ թիմ լինելու գաղափարի հիմքը դրված է:

-Ձեր կարծիքով վարչապետը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ տնտեսական:

-Իմ պարագայում՝ ավելի շատ քաղաքական:

-Իսկ ճի՞շտ է, որ վարչապետը քաղաքական գործիչ լինի:

-Ամբողջ կառավարությունը պիտի քաղաքական գործիչներից բաղկացած լինի, վարչապետը և նախարարները կոչված են լինել կազմակերպիչներ և քաղաքականություն մշակողներ, կատարողները, մասնագիտական կտրվածքով, կարող են ու պիտի լինեն տեղակալները, վարչությունների պետերը, ապարատը: Կառավարման առումով սա շահեկան դիրքորոշում է:

-Մեկ տարի առաջ՝ այս օրերին «Միասնությունը» ձևավորվում էր իբրև իշխանություն, ի՞նչ վիճակում է հիմա դաշինքը, ի՞նչ հեռանկար ունի:



-Եթե համեմատեք կառավարության գործունեության ծրագիրը «Միասնություն» դաշինքի ծրագրի հետ, տարբերություններ չեք գտնի: Իրավիճակի որոշակի փոփոխություն է եղել, մանավանդ՝ Աժ-ում ուժերի վերաբաշխման հետևանքով: Եթե ՀԺԿ-ն որպես «Միասնության» բաղկացուցիչ մաս, չհայտարարեց, որ պաշտպանում է կառավարությանը, հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել «Միասնություն» դաշինքի ծրագրերը: Խմբակցությունը ԱԺ-ում պահպանվելու է, և առաջիկայում կհստակեցվի, թե ինչպե՞ս է գործելու, ո՞վ է լինելու խմբակցության ղեկավարը, ինչպիսի՞ն են լինելու ԱԺ-կառավարություն փոխհարաբերությունները: Հույս ունեմ, որ ՀՀԿ-ի և ՀԺԿ-ի կառուցողական տեսակետները կպահպանվեն և համագործակցությունը կշարունակվի:

…Այս հարցերն ու պատասխանները այսօր գուցե դարասկիզբը մոռացածներին, կամ իրավիճակին ու իրադարձություններին անտեղյակներին թվան քաղաքագիտորեն ոչ կոռեկտ, կամ՝ հակասություններով լի, բայց դա էր իրականությունը…

***

Նույն հարցազրույցում Անդրանիկ Մարգարյանին հարցրել էի.

-Հոկտեմբերի 27-ի ոճրագործության նախաքննությունը զարմանալի շրջադարձ ունեցավ: Ստացվում է այն տպավորությունը, որ մինչև վերջին մեկ ամիսը հետաքննությունը սխալ էր վարվում կամ հիմա է սխալ վարվում: Ձեր կարծիքով՝ ո՞վ կամ ի՞նչը կարող է անաչառության երաշխիք լինել:

-Մինչև մարտի վերջը և հիմա էլ ես հավատում եմ նախաքննության մարմիններին: Այդ շրջադարձի պատճառը կարող է և պետք է բացատրի նախաքննությունը վարող կառույցի ղեկավարը: Եթե քաղաքական ճնշում է եղել առաջ, ու՞մ կողմից: Եթե այդ ճնշումը հիմա կա, ու՞մ կողմից է: Եթե երկու դեպքում էլ քաղաքական ճնշում չի եղել, ինչու՞ է նախաքննությունը սխալ ճանապարհով գնացել: Ինչու՞ չեն քննարկվել հանցագործության կազմակերպման բոլոր տարբերակները: Որպես հանցագործության ընթացքում տուժող կողմ՝ ես որոշակի նյութերի ծանոթացել եմ, բայց բոլոր հարցերի պատասխանը կարող ենք ստանալ միայն հետաքննության ավարտին: Հետաքննության անաչառության միակ երաշխիքը օրենքն է: Բոլորն են պատասխանատու օրենքի առաջ:

***

-Խորհրդարանը բոլորեց գործունեության մեկ տարին, իբրև ոչ վաղ անցյալում պատգամավոր և այսօր էլ ՀՀ վարչապետ, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ աշխատանքը:

-Խորհրդարանը նորմալ աշխատում է: Հատկապես հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ն կարողացավ ուժ գտնել՝ նման ցնցումը հաղթահարելու և աշխատանքները շարունակելու համար: Ընդ որում՝ բավականաչափ արդյունավետ: Քաղաքական ուժերի վերադասավորումը ևս բնական է, խորհրդարանից դժգոհելու պատճառներ չկան:

-Այնուամենայնիվ, շատ է քննարկվում խորհրդարանի լուծարման հարցը: Ընդհանրապես՝ խորհրդարանի լուծարման հնարավորությունը դարձել է քաղաքական շահարկման գործոն՝ մի կողմից նախագահին է վերագրվում կուսակցությունների գործունեությունը վերահսկելու և «գրպանի խորհրդարան» ունենալու ցանկություն, մյուս կողմից սրվում են նախագահ-խորհրդարան հարաբերությունները: Իրական համարու՞մ եք ԱԺ լուծարումը:

-Կյանքը ցույց տվեց, որ խորհրդարանը երբեք էլ չի դառնա Ձեր ասած «գրպանի խորհրդարան»: Քաղաքական իրադրությունից ելնելով և երկրի առաջ պատասխանատվության գիտակցությամբ խորհրդարանում տեղի է ունենում ուժերի վերադասավորում: Աժ-ն լուծարելու ոչ մի պատճառ այսօր չկա: Խորհրդարանը իրականացնում է իր օրինաստեղծ գործունեությունը՝ սահմանադրական պահանջներին համապատասխան: Նույնիսկ այն դեպքում, երբ խորհրդարանը դեմ լինի նախագահին, դա խորհրդարանը լուծարելու հիմք չէ: Ոչ մի լուրջ պետություն չի ընդունի այն նախագահին, ով անհիմն ցրում է իր երկրի խորհրդարանը: ԱԺ-ի լուծարման շահարկմամբ այսօր շահագրգիռ են իշխանափոխություն ցանկացող  ուժերը, ովքեր ուզում են շարունակել քաղաքական առճակատումները: ԱԺ-ն իր լուրջ ավանդն ունի իրավիճակը լիցքաթափելու մեջ: Եթե ուշադիր լինեիք, շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել՝ վարչապետը նշանակված էր, դեռ նախարարներ նշանակված չէին, սակայն կառավարության նկատմամբ անվստահություն էր հայտնվում, նշանակվեց կառավարությունը, ծրագիրը դեռ ներկայացված չէր, անվստահություն էր հայտնվում կառավարության նկատմամբ: Համոզված եմ՝ կառավարության ծրագիրը կհաստատվի և առանց կառավարությանը գործունեության ժամանակ տալու, մեկ-երկու ամսվա կյանք կտան: Բարոյական ինչ-ինչ չափանիշներ կային, որ կառավարության գործունեությունը գնահատելու համար 100 օր էր տրվում, այս կառավարությանը մեկ օր էլ չտրվեց, իսկույն հայտնվեց քննադատության կրակահերթի տակ: Այս ամենը վկայում է երկրի ապագայի նկատմամբ վերաբերմունք՝ ով ինչ է ցանկանում, երկիրը այս վիճակից հանե՞լ, թե՞ այս վիճակից օգտվելով՝ իրենց շահերը պաշտպանել և ինքնահաստատվել:

***

2000-ի հունիսի 25-ին նշվում էր Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի մահվան տարելիցը: Մայր Աթոռում արարողություններին ներկա էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրան խնդրեցի հակիրճ բանաձևել, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում Վեհափառի գործունեությանը.

-Հանգուցյալ կաթողիկոսի մահվան տարեդարձի արարողությունը, իհարկե, հարգանքի տուրք է իր պայծառ հիշատակին, որ, ըստ էության, նվազ կարևոր չէ մեզ՝ ապրողներիս համար: Աստվածաբանական և հայագիտական կենտրոնը, որ բացվեց այսօր, կարծում եմ՝ գիտության զարգացման կենտրոն կդառնա՝ իբրև արժանի շարունակությունը հանգուցյալ Հայրապետի կիսատ մնացած հետազոտությունների: Համոզված եմ՝ Գարեգին Երկրորդը արժանավորագույնս կշարունակի հայոց հայրապետական ավանդույթները՝ ծաղկումի հասցնելով հոգևոր կյանքը:

-Հոգևոր և աշխարհիկ իշխանությունների համագործակցությունը ի՞նչ ընթացքում է:

-Օրինաչափ: Օրերս կառավարության նիստում կհաստատվի 15 եկեղեցիների անհատույց հանձնումը եկեղեցուն: Եվ դա միայն քայլերից մեկն է:

-Հայտնի՞ եկեղեցիներ են:

-Նախևառաջ՝ պետական սեփականություն էր Էջմիածնի Մայր տաճարի տարածքը, որ հետայսու հանձնվելու է եկեղեցուն: Նաև՝ Էջմիածնի 5 եկեղեցիները, Գեղարդը, Խոր Վիրապը, Օշականի եկեղեցին… Աստիճանաբար եկեղեցապատկան կալվածքների խնդիրներն էլ քննության կառնվեն:

-Եկեղեցու և պետության միջև համաձայնագրի հուշագրումի ստորագրումից հետո ի՞նչ է արվել:

-Հուշագրի ստորագրումից հետո ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքի արդյունքներից մեկն էլ 15 եկեղեցիների հանձնումն է Մայր Աթոռին, 7 կետերից յուրաքանչյուրի համար առանձին հանձնախմբեր են գործում, և տարեվերջին, ինչպես նախատեսվում էր, համաձայնագիրը պատրաստ կլինի:

***

2000-ի հուլիսի 19-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մինսկ: Դա Անդրանիկ Մարգարյանի առաջին պաշտոնական այցն էր և գուցե տարօրինակ հնչի՝ առաջին բարձր մակարդակով այցը՝ երկու երկրների անկախացումից հետո: Զվարթնոցում լրագրողների համար ճեպազրույցում Անդրանիկ Մարգարյանը այդ փաստը շեշտեց.

-Սա առաջին պաշտոնական այցն է Բելառուս-Հայաստան հարաբերություններում, մինչ այդ եղել են միջկառավարական, միջգերատեսչական համաձայնագրեր ու հարաբերություններ: Տասնյակի չափ պայմանագրեր են ստորագրվելու այս այցի ընթացքում՝ ժամանակավոր աշխատանքների ժամանակ սոցիալական պաշտպանվածության, գիտական ու գիտամանկավարժական կադրերի վերապատրաստման, հարկային քաղաքականության, ֆինանսների և գյուղատնտեսության, ստանդարտացման մեթոդոլոգիայի և այլ ոլորտներում:

Այցի ծրագիրը գերխիտ էր՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Վլադիմիր Երմոշինի, ԱԳ նախարար Ուրալ Լատիպովի, հայկական համայնքի հետ հանդիպումներից բացի՝ այցեր գործարաններ ու գործարար համաժողով:  

***

Այցի առաջին օրը ժամը 22-ի կողմերը լրագրողներին, որ բելառուսները բնակեցրել էին քաղաքամերձ, խոր անտառում գտնվող պանսիոնատում, Անդրանիկ Մարգարյանը հրավիրեց իր մոտ՝ երկար գնում էինք ավտոբուսով, տեղ հասանք երևի 23-ի կողմերը, իսկ վերադարձանք 3-ի կողմերը: Զրույցը վարչապետի հետ քաղաքական էր ու ապաքաղաքական, սրտաբաց ու առանց փակագծերի: Մանրամասները, ցավոք, չեմ հիշում, բոլորիս էլ հետաքրքրում էր՝ ի՞նչ է լինելու երկրի հետ, ի՞նչ է անելու ինքը՝ իբրև վարչապետ:



Հիշում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը մտադիր էր շարունակել Վազգեն Սարգսյանի ու Արամ Սարգսյանի սկսած արդյունաբերության վերագործարկման քաղաքականությունը, որի մասին ասել էր նաև ԱԺ ամբիոնից՝ կառավարության ծրագրի հաստատման ժամանակ: Նոր աշխատատեղերի ստեղծումը ևս համարում էր կառավարության առաջնահերթություն ու իսկապես հավատում էր, որ 1-2 տարում բյուջեի դեֆիցիտը կարող ենք փակել ու արդյունաբերության վերագործարկումով հասնել տնտեսական բարձր աճի: Թվեր չէր ասում, ասում էր՝ կարևորը կենսամակարդակում փոփոխություններն են:

…Նա դեռ չգիտեր, մենք էլ չգիտեինք, որ այդ ամենը մնալու է բելառուսական անտառի շքեղ հյուրատանը: Իրականում Հայաստանը վերածվելու է մանր չարչիության ու սպասարկման ոլորտի ու տնտեսական աճի հասնելու ենք ոչ թե արդյունաբերության ու արտադրանքի արտահանման, այլ՝ անկապ շինարարության ու աշխատուժի արտահանման միջոցով: Ինչու՞ տեղի տվեց Անդրանիկ Մարգարյանը: Չգիտեմ: Կարող եմ ենթադրել, որ նրա համար գլխավորը ներքաղաքական կայունությունն էր, ու նա իսկապես ավելի շատ քաղաքական գործիչ էր, քան՝ տնտեսության պատասխանատու: Ի վերջո՝ նա զարգացումից գերադասեց համաձայնությունը և դարձավ ՀՀ ամենաերկար պաշտոնավարած վարչապետը ու ամենակոմպրոմիսայինը՝ իր պաշտոնավարման տարիներին, որ ավարտվեցին սրտի կաթվածով: Գուցե պատմությունը այլ լիներ, եթե նա հետևեր առողջությանը ու տիրապետեր հակադրվելու արվեստին: Նա և ՀՀԿ-ն: Չհակադրվելու պատճառները շատ էին՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բայց պարադոքս է, որ ՀՀ անկախության թուլացումը մնում էր աննկատ:

…Հիշում եմ նաև, որ նույն այդ բելառուսական գիշերը Անդրանիկ Մարգարյանը մեղադրեց ինձ՝ հոռետեսության մեջ ու…ակադեմիզմի, ասելով, որ բարդ եմ գրում ու անընդհատ անցյալ եմ գնում, ներկան չեմ տեսնում, ապագային էլ չեմ հավատում: Վազգենից դուրս ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում: Բնականաբար առարկեցի, որ ես ներել ու դավաճանել չգիտեմ, բայց իմ առարկությունները կորան կենացի մեջ, որ ամփոփվեցին. «Մեկ է, դու լավն ես, մաքուր ես ու քեզնից ստորություն չեմ սպասում» բառերով:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին