Արմեն Խաչատրյան. Խորհրդարանը հրաշալի տեղ է, բայց՝ առանց պատգամավորների - Mediamax.am

Արմեն Խաչատրյան. Խորհրդարանը հրաշալի տեղ է, բայց՝ առանց պատգամավորների
1706 դիտում

Արմեն Խաչատրյան. Խորհրդարանը հրաշալի տեղ է, բայց՝ առանց պատգամավորների


Կարդացեք նաեւ. Արմեն Խաչատրյան. Իմ պաշտոնից հետո մի պաշտոն կա, որով կարելի է գայթակղվել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հրավերով մեկնում ենք Լոնդոն՝ 2002-ի հունվարին: Հասել ենք, ու՝ պտտվում ենք մայրաքաղաքի վրա: Պարզվում է՝ շատ ուժեղ քամիներ են, ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել: Պտտվում ենք ցածր բարձրության վրա ու արդեն մանրամասն ուսումնասիրել ենք «Ուեմբլի» մարզադաշտի գունավոր տրիբունաները, նստարանները, Թեմզան, «Մեծ աչք» կարուսելը, Վեստիմինստերյան աբբայությունը, Համայնքների պալատը, թագուհու նստավայրը, Բիգ Բենը, երկհարկանի ավտոբուսները… Պտտվում ենք արդեն մեկ ժամ, ուղեւորների կեսը հակվել է թղթե տոպրակների վրա, մյուսները գունատված կառչել են նստատեղերի բազրիքներին, իսկ մենք պտտվում ենք… Ոչ ոք ոչինչ չի ասում, բայց հասկանալի է, որ այլ քաղաք թռչելու վառելիք ինքնաթիռը չունի, եւ պտույտները կավարտվեն՝ հենց վառելիքը հատնի, որպեսզի կոշտ վայրէջքի դեպքում հրդեհ չբռնկվի: Երկու ժամ Լոնդոնի վրա պտտվելուց հետո վերջապես գնում ենք վայրէջքի: Ես, որ նստած եմ պատուհանի մոտ, տեսնում եմ՝ ինչպես է ինքնաթիռի թեւը քերում ասֆալտը՝ կայծեր ցայտելով: Ինքնաթիռից իջնում ենք գունատ, ճոճվելով, հենարան փնտրելով… Արմեն Խաչատրյանը ժպտում է. «Կյանքում այսքան երկար միանվագ չէի աղոթել»: Մենք էլ… Բայց քամին խլում է մեր բառերը ու համարյա իրար չենք լսում: Նաեւ այն պատճառով, որ բոլորս մի քիչ խլացել ենք վթարային վայրէջքից:

***

Հանդիպումները Համայնքների պալատում ու Լորդերի պալատում շատ ջերմ են: Անգլիացիները ՀՀ ԱԺ պատվիրակությանը այնպես են ընդունում՝ ասես գտել են կորցրած քույրերին ու եղբայրներին, խոսում են, խոսում, խոստումներ են տալիս, կարեւորում են Հայաստանի դերը տարածաշրջանում, անդամակցությունը ԵՄ-ին, տրտնջում են, որ առեւտրատնտեսական կապերը բավարար զարգացած չեն: Երեկոյան գնում ենք պաշտոնական ընթրիքի Համայնքների պալատի նախագահի հրավերով: Անսպասելի դխկոցից բոլորս վեր ենք թռչում, բացվում են պալատի դռները ու շքազգեստով սպասավորը ազդարարում է. «Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Համայնքների պալատի նախագահ սըր Մայքլ Մարտինը»: Նույն պատմությունը կրկնվում է անընդհատ, ամեն անգամ արարողակարգային մուրճի զարկից դռանը՝ նույն արձագանքն ենք ունենում բոլորս: Արմեն Խաչատրյանը՝ եւս: Ի վերջո նա լսելի ձայնով ասում է. «Մի անգամ էլ խփեցին, ասելու եմ՝ մուրճը նվիրեք Հայաստանի Հանրապետությանը, մեր խորհրդարանի թանգարանում կպահենք իբրեւ մասունք Մեծ Բրիտանիայից»:

***

Համայնքների պալատում չորեքշաբթի օրը հնարավորություն ունենք տեսնել կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանը: Ավանդապաշտ Անգլիայում Համայնքների պալատի անդամների թիվն ավելի շատ է, քան՝ նստատեղերը, ուշացածները մնում են կանգնած: Սովորաբար իշխանությունն ու ընդդիմությունը նստում են դեմ դիմաց: Հարցից հետո վարչապետ Թոնի Բլեերը ցատկում է տեղից ու պատասխանում: Ընդդիմադիրները ձեռքով խփում են դիմացի նստարանի թիկնակներին՝ ի նշան անհամաձայնության: Վարչապետը անխռով շարունակում է: Ժխորը ավելացնում են պատշգամբներից նիստին հետեւող լոնդոնցիները՝ մուտքը ազատ է:



Ու հանկարծ ամբողջ դահլիճը լռում է, Համայնքների պալատի նախագահ Մայքլ Մարտինը հայտարարում է, որ իրենց հյուրն է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Աժ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Մենք ոտքի ենք կանգնում, ամբողջ դահլիճը ծափահարում է: Մեկ րոպե հետո ժխորը շարունակվում է՝ ընդդիմությունը թմբկահարում է կանաչ նստարանների թիկնակները, վարչապետը բղավում է, որ լսվի: «Իսկ մեր պատգամավորները չեն գնահատում մեր Սահմանադրությունը՝ էս պայմանները Հայաստանում լինեին, մի տարում բոլորս խլանալու էինք,- եզրակացնում է Արմեն Խաչատրյանը ու հավելում,- խորհրդարանը հրաշալի տեղ է, բայց առանց պատգամավորների»:

***

Լորդերի պալատում հանդիպման ենք Մեծ Բրիտանիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի մի անդամի հետ, ում տիտղոսները, առանց չափազանցության, յոթ տող են եւ հասնում են ինչ-որ արքայի տոհմածառի: Չգիտեմ՝ ով ոնց, ես սպասում եմ նվազագույնը Ջեյմս Բոնդի արտաքինով, հագուկապով մի դենդիի: Գալիս է շիկահեր, անխնամ գանգուրներով, հնամաշ ջինսով, կարմիր պիջակով, թեզանիքները ու արմունկները ճարպոտ, նիհար, երկար մեկը ու ներկայանում՝ ես...



Մինչ թարգմանիչը նրան կներկայացնի՝ Արմեն Խաչատրյանը ցածրաձայն ասում է. «Այ հիմա պատմելու է, որ մի հինգ տարի առաջ դոկտորական գլխարկն ու վեղարը մոռացել էր այստեղ, հինգ տարի հետո եկավ՝ տեղում կախված էր»: Լորդը պատմում է, որ հայերին շատ է սիրում, երազում է տեսնել բիբլիական Արարատը, ծրագրում է Հայաստան գալ, հետո սկսում է անկապ ծիծաղել ու ասում է, որ…  մի հինգ տարի առաջ դոկտորական գլխարկն ու վեղարը մոռացել էր այստեղ, հինգ տարի հետո եկավ՝ տեղում կախված էր, ու եզրակացնում է՝ Մեծ Բրիտանիան պահպանողական երկիր է, իր խոսքի տերը, ոչինչ ոչ մի տեղ չի կորցնում... «Ի՞նչ իմացաք» հարցնում եմ Արմեն Խաչատրյանին հենց հանդիպման ժամանակ: Պատասխանում է՝ «Տեխնիկայի հարց է, խորհրդարանական տեխնիկայի»:

***

Դարասկզբին գործում էր Ֆրանսիայի եւ Հարավային Կովկասի խորհրդարանների նախագահների ձեւաչափը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Քրիստիան Պոնսլեի հովանու ներքո: 2001-ին հերթական հանդիպումն էր Թբիլիսիում` Քրիստիան Պոնսլեի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիայի, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի մասնակցությամբ: Ժվանիան բացում է հանդիպումը, շնորհակալություն հայտնում, որ ընդունել են հրավերը, ձեւաչափը արդյունավետ գործում է, թվարկում է, թե ինչ խնդիրներ են լուծվել նախորդ հանդիպումից հետո, ինչ հարցեր կան օրակարգում: Խոսք է վերցնում Ալեսքերովը, ու սկսում է տարածքի 20 տոկոսի օկուպացիա, մեկ միլիոն փախստականներ… Նրան ընդհատում է Պոնսլեն՝ շեղվում եք հարցից, անցեք օրակարգին: Ալեսքերովը, որ մատը թղթին կարդում է՝ անխռով շարունակում է: Փորձում է ընդհատել Ժվանիան՝ մենք օրակարգ ունենք, մենք կարեւոր հարցեր ունենք: Ալեսքերովը շարունակում է՝ ավելի ոգեւորված: Երբ Պոնսլեն միացնում է իր խոսափողը՝ արդեն վերջնական համբերությունից դուրս եկած՝ հնչում է Արմեն Խաչատրյանի ձայնը. «Պարոն Պոնսլե, պարոն Ժվանիա, թույլ տանք շարունակի, մենք գիտենք, որ այդ ամենը ճիշտ չէ, բայց եթե պարոն Ալեսքերովը հիմա իր գրավոր ելույթը մինչեւ վերջ չկարդա, նրան Բաքվում պաշտոնանկություն է սպասվում»: Ալեսքերովը լռում է… Քառյակն անցնում է օրակարգի հարցերին:

***

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հրավերով պաշտոնական այց Թբիլիսի: Ծրագիրը խայտառակ հագեցած է՝ հանդիպում խորհրդարանի նախագահի հետ, պետնախարարի, հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ, օրվա կեսին հանդիպում Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ,
հայ համայնք, հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի, Խոջիվանք... Ժամը 5-ին նշանակված է Վրաստանի պետական նախարար Գեորգի Արսենիշվիլիի հետ հանդիպում, 4.30-ին Աժ նախագահ Արմեն Խաչատրյանն ու աշխատակազմը հյուրանոցի ֆոյեում սպասում են պատգամավորներին, նրանք չկան: Հաջողվում է ճշտել, որ գնացել են... խինկալի ուտելու ու այնտեղից կգան հանդիպման:

Հանդիպումը սկսվում է, վրացական կողմը տեղը տեղին, մենք՝ Աժ նախագահն ու աշխատակազմը... Վրաստանի պետական նախարարը հանգամանալից խոսում է վրաց-հայկական դարավոր բարեկամությունից, ցավ է հայտնում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի միջազգային տնտեսական ծրագրերից, օրինակ՝ ՏՐԱՍԵԿԱ-ից՝  չինական «Մետաքսի մեծ ճանապարհից», պատրաստակամություն է հայտնում նպաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, թեպետ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց հարեւաններն ավելի լավ իրար հետ լեզու կգտնեն, Թբիլիսին պատրաստ է... Շրխկ՝ բացվում է դուռը ու ներս է մտնում Պիկասոյի պես բերետը շեղ դրած, շիկնած ու գինեբույր Հայկ Բաբուխանյանը եւ ասում. «Ներեցեք, խցանման մեջ էի»: Արսենիշվիլին զարմանում է՝ մի՞թե պատվիրակության համար ապահովված չէ ավտոշարասյուն, որ անխափան անցնում է խցանումները: Հայկ Բաբուխանյանը նստում է մեր շարքում՝ աշխատակազմի մի աշխատակից հեռանում է: Հանդիպումը շարունակվում է: Արդեն Արմեն Խաչատրյանն է ներկայացնում հայ-վրացական հարաբերությունների վիճակի եւ ցանկալի զարգացումների հայկական տեսակետը: Շրխկ՝ բացվում է դուռը ու ներս է մտնում շիկնած, ճոճվող ու գինեբույր Աշոտ Գալոյանը՝ «Ներեցեք, ես մի քիչ ուշացա»: Արմեն Խաչատրյանի ունքերը կեռվում են, Գեորգի Արսենիշվիլին լռում է, Աշոտ Գալոյանը նստում է մեր շարքում՝ աշխատակազմի եւս մի աշխատակից հեռանում է: «Մենք վստահ ենք, որ Վրաստանը տարածաշրջանում մեզ բարեկամ ու գործընկեր երկիր է՝ քաղաքական կապերը ամենաբարձր մակարդակի վրա են: Այսօր հանդիպելով խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին, նրան հրավիրեցի Երեւան….» շարունակում է Արմեն Խաչատրյանը: Շրխկ՝ բացվում է դուռը ու ներս է մտնում ժպտուն, գինեբույր, բարի, անմեղ հայացքով Արսեն Դարբինյանը՝ «Բարեւ ձեզ, ես եկա»… Ոչ ոք արդեն ուշադրություն չի դարձնում, եւ նա նստում է մեր շարքում, աշխատակազմի եւս մի աշխատակից հեռանում է: Բանակցությունները շարունակվում են, հասել ենք Լարսի անցակետով բեռների տեղափոխմանը... Շրխկ՝ բացվում է դուռը ու ներխուժում է Մուշեղ Մովսիսյանը, ոչինչ չի ասում, գնում է ու նստում վրացական կողմում, ձեռքը տանում է «Բորժոմի» շշին, ֆշշալով բացում, լցնում է պետնախարարի ու մյուսների բաժակները, իրենը չխկացնում, խմում ու բացականչում. «Վախ, Մաշտոց, ես քո...»: Արսենիշվիլին զարմանքով նայում է Արմեն Խաչատրյանին, նա անխռով պատասխանում է. «Գեորգի Լոնգինոզովիչ, մեղավորը վրացական անզուգական խոհանոցն է»:



...Հյուրանոցում, մեղմ ասած, հարցուպատասխանի թեժ երեկոյից հետո, որի ընթացքում պարզվում է, որ խինկալիանոցից պետնախարարի հետ հանդիպման եկած պատվիրակությունը ոչ թե միասին, այլ՝ մեկ-մեկ էր հանդիպման մտնում, որովհետեւ անվտանգությունը հերթով ստուգում, հետո էր թողնում, Արմեն Խաչատրյանը կրկնում է՝ «Խորհրդարանը հրաշալի տեղ է, բայց՝ առանց պատգամավորների»:    

***

Այցի երկրորդ օրն է՝ իրարահաջորդ հանդիպումներից, մեղմ ասած՝ հոգնած ենք: Ժամը 20.00-ին պաշտոնական ընթրիք Նինո Բուրջանաձեի անունից: Բացի հոգնածը՝ սոված ենք: Գնում ենք ռեստորան՝ սեղանները լիքն են վրացական խոհանոցի լավագույն խորտիկներով: Բայց կա արարողակարգ՝ մինչեւ խորհրդարանների նախագահները բաժակաճառերով չեն փոխանակվում, ուտելիքը տաբու է: Սպասում ենք: Տեղեկացնում են, որ խորհրդարանում նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հաշվետվությունն է, ընդդիմությունը նիստը բոյկոտել է, Նինո Բուրջանաձեն ուշանում է: Սպասում ենք: Արդեն դադարել ենք քաղց զգալ, անհարմար իրավիճակից դուրս գալու համար Թբիլիսիի քաղաքապետ Վանո Զոդելավան առաջարկում է անեկդոտների մրցույթ՝ հաղթում է վերջին պատմողը: Արմեն Խաչատրյանը ընդունում է մարտահրավերը: Հիսունից հետո Զոդելավան, որ անընդհատ ժամացույցին է նայում, հանձնվում է, Արմեն Խաչատրյանը անխռով դեմքով շարունակում է՝ արդեն նրա փոխարեն էլ: Վերջապես 11-ի կողմերը սրահ է մտնում Բուրջանաձեն, նստում է ու սկսում …ուտել: Եվ միայն լռությունից է հասկանում, որ խախտել է արարողակարգը:

-Կներեք, շատ քաղցած եմ, ուտենք՝ հետո բաժակաճառերը կասենք, հուսով եմ, որ մեր բարեկամությունը այդ հարվածին կդիմանա:

Վանո Զոդելավան Նինո Բուրջանաձեին ասում է, որ ինքը պարտվեց անեկդոտների մրցույթում, Բուրջանաձեն բացականչում է.

-Չեմ հավատում, դու Վրաստանի չեմպիոնն ես:
Երբ դուրս ենք գալիս փողոց, Նինո Բուրջանաձեի կրունկը խրվում է սալահատակի ճեղքի մեջ, նա հազիվ է պահում հավասարակշռությունը ու կատակի է տալիս «Օ, Աստված իմ, մահ բարձրակրունկների վրա՝ Թբիլիսիի կենտրոնում: Վատ վերնագիր չէ»: Արմեն Խաչատրյանը պատասխանում է. «Ինձ հետ Դուք անմահ եք»:  

…Հետո Արմեն Խաչատրյանի հրավերով Նինո Բուրջանաձեն պաշտոնական այցով եկավ Երեւան: Գնացքով: Այդ տարիների համար՝ համարյա սխրանք:

***

Պաշտոնական այցով Մոսկվայում ենք՝ խորհրդարանի երկու պալատների նախագահների, փոխվարչապետի, Զագորսկի նստավայրում Մոսկվայի ու Համայն Ռուսիայի պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ հանդիպումներից հետո երեկոյան Մեծ թատրոնում «Կարապի լիճ» բալետ: Ներկայացումից առաջ հանդիսավոր հայտարարվում է, որ ներկա է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Աժ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Մենք, որ կառավարական օթյակում ենք, ոտքի ենք կանգնում, հնչում են ծափեր:



Ներկայացումը սկսվում է: Երաժշտության լավագույն գիտակ Գագիկ Թադեւոսյանը ոտքով պահում է Չայկովսկու «պատիվը» ու երանավետ հայացքով՝ աչքը չի կտրում բեմից: Հրանտ Ոսկանյանը պատմում է, որ իր աղջիկը երաժշտագետ է, լավ գիտի Պյոտր Չայկովսկու ողջ կյանքը ու լսելի ձայնով պատմում է… բալետի լիբրետոն: Արմեն Խաչատրյանը երկուսին էլ խնդրում է հետաձգել իրենց հույզերի բուռն դրսեւորումները: Կարծես՝ ստացվում է, մեկ էլ՝ երաժշտության մեղմ ընթացքի պահին ողջ օթյակով զրնգում է երրորդ շարքում նստած Աժ նախագահի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանի…խռմփոցը: Նրան արագ արթնացնում են: Եվս 10 րոպե իշխում է «Կարապի լիճը»: Ու նորից երաժշտությանը զուգահեռ ու շատ համահունչ տարածվում է խռմփոցը: Նորից են արթնացնում՝ քնած չեմ, քնած չեմ, մրսել եմ, կոկորդս է… Օդիլիայի ֆուետեից հետո դահլիճը թնդում է ծափերից, որ արթնացնում են Աժ նախագահի խորհրդականին քաղցր քնից, նա վեր է ցատկում ու բացականչում. «Հրաշք»: «Ռաֆիկ, հրաշքը հիմա է լինելու, վեր ես կենում ու մենակ վերադառնում ես հյուրանոց»՝ պատասխանում է Արմեն Խաչատրյանը:

***

Մոսկվայի «Ոսկե օղակ» հյուրանոցի ֆոյեում ճամպրուկներով սպասում ենք պատվիրակության բոլոր անդամները հավաքվեն՝ վերադառնում ենք Երեւան: Արմեն Խաչատրյանը դիմում է թիկնապահին.

-Խալաթն ու հողաթափերը վերցրի՞ր:

Նա զարմացած պատասխանում է.

-Ոչ, Արմեն Ավագովիչ, պիտի վերցնեի՞:

-Մեկ է՝ գրելու են, որ վերցրել ես:

-Բայց՝ չեմ վերցրել:

-Ես էլ չէի վերցրել, բայց՝ գրեցին, որ վերցրել եմ: Հիմա ի՞նչ անենք:

***

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱԺ Ոսկեզօծ դահլիճում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը խոսում է դարավոր բարեկամությունից, ապրանքաշրջանառության աճից, Հայաստանում ռուսական ներդրումներից աճից, ու հավելում է, որ իրեն կարող է համարել նաեւ ՀՀ նախագահ, որովհետեւ Ռուսաստանում մեկուկես միլիոն հայ է ապրում ու աշխատում… Ու հենց այդ պահին դահլիճի կենտրոնում՝ դեմ դիմաց երկու երկար սեղանների արանքում դրված ծաղկաթումբը դղրդոցով ընկնում է: Պուտինի թիկնապահները ներս են վազում, դրսում երեւի կրակոցի տպավորություն է ստեղծվել: Վլադիմիր Պուտինը աչքն էլ չի թարթում, ու շարունակում է խոսքը՝ «Вы, что, не согласны?»: Արմեն Խաչատրյանը, որ նույնպես անխռով նստած է, պատասխանում է. «Природа возражает, Владимир Владимирович, природа!»:     

***

ԱԺ Կարմիր դահլիճում է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությունը՝ փոխնախագահ Թոմյուր Տավամատի գլխավորությամբ: Կարմիր դահլիճը համեմատաբար փոքր է, երբ քսանից ավելի միանման հագնված, նույն հասակի, նույն սանրվածքով, դեմքի նույն անարտահայտիչ արտահայտությամբ չինացիներ մտնում են դահլիճ, ու թարգմանչուհին՝ տարօրինակ ծղրտան ձայնով սկսում է խոսել, կամքի լարում է պետք չծիծաղելու համար:

«Չինական պատը եկավ, փախեք» հանդիպումից առաջ մեզ՝ արարողակարգի, արտաքին հարաբերությունների վարչությունների պետերին ու ինձ նայելով՝ նետում է Արմեն Խաչատրյանն ու ընդառաջ գնում մռայլադեմ Թոմյուր Տավամատին, որ ազգությամբ ույղուր է: Նա անժպիտ դեմքով սեղմում է Արմեն Խաչատրյանի աջն ու վեհապանծ նստում՝ պատվիրակությունը տեղավորվում է շուրջբոլորը՝ նույն գերագույն լրջությամբ: Փոխադարձ ողջույններ, խորհրդարանական դիվանագիտության, Արցախի հարցում Չինաստանի հավասարակշիռ դիրքորոշման կարեւորում, անդրադարձ Մետաքսի մեծ ճանապարհին… Սեղանը սկսում է ցնցվել: ԱԺ-ի տակով անցնում է մետրոյի Հանրապետության հրապարակ-Բաղրամյան գիծը, ես մտածում եմ, որ մետրոյի վագոններն են, բայց չեն կարող մետրոյի վագոններն անընդհատ ցնցել … սեղանը: Չինացիները մտածում են, որ երկրաշարժ է…

Իրականում Արմեն Խաչատրյանը փորձում է զսպել ծիծաղը… Անհանգստացած Տավամատը հարցնում է. «Ձեզ մոտ մի՞շտ է այսպես ցնցվում», թարգմանչուհին այնպես է ծղրտում, որ արդեն ծիծաղում ենք բոլորս: Մանավանդ՝ չինացիները հերթով բացում են «Ջերմուկի» շշերն ու անծանոթ «Ջերմուկի» շշի բացման տեխնոլոգիային՝ իրար հետեւից թրջում են իրենց նոթատետրերը՝ շշից ֆշշալով դուրս ցայտող հանքային ջրով: Դրությունը փրկում է Արմեն Խաչատրյանը. «Թարգմանեք, խնդրեմ, որ մենք, իհարկե, Ճապոնիայում չենք ու մեզ մոտ անընդհատ չի ցնցվում: Ես մտածեցի, որ մենք մեկ տարի ապահով կապրեինք, եթե բոլոր չինացիներն իրենց նախաճաշի մեկ օրվա հասույթը փոխանցեին Հայաստան»: Հիմա արդեն մենք ենք նստած լուրջ դեմքով, քրքջում են չինացիները: Հավարտ հանդիպման՝ Թոմյուր Տավամատը խոստանում է՝ «Ձեր առաջարկը կփոխանցեմ մեր նախագահին, իսկ Դուք եկեք Չինաստան՝ տեղում քննարկենք նախաճաշի հարցը»:    

***

Մերձբալթյան հանրապետություններում ենք: Պատվիրակության կազմում է նաեւ Ռոբերտ Ամիրխանյանը: Ռիգայում Սեյմի հանդիպումներին մասնակցում է նաեւ Ժողովրդական կուսակցության պատգամավոր Ռայմոնդ Պաուլսը: Իմ բախտը գերագույնս բերում է՝ Սեյմից կառավարություն հանդիպման գնում ենք նույն մեքենայով՝ Ռայմոնդ Պաուլսի ու Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նրանք դրվատում են միմյանց երաժշտությունը, դնդնում միմյանց երգերը, տարբեր մրցույթներում ու համերգներում հանդիպումները: Ես, կարծես, հայտնվել եմ կուլիսներում, որտեղ ծնվել է երաժշտությունը: Լրագրողը մեջս գլուխ է բարձրացնում ու Ռայմոնդ Պաուլսին հարցնում եմ՝ ինչու՞ հանեց թեկնածությունը նախագահական ընտրապայքարից: Նա դժկամ նայում է ինձ ու իր յուրահատուկ հնչերանգով պատասխանում.

-На вид не вредная, а такие вопросы задаете.
-И все таки.
-Я был министром культуры, хватит. Надо музыку писать.
-А Сейм не мешает?
-Мешает.
-И что?
-Надо родину любить, и все тут!

Ռոբերտ Ամիրխանյանը միջամտում է.

-Ի՞նչ ես ուզում, ես էլ եմ կոմպոզիտոր, ես էլ եմ խորհրդարանում:

Հասնում ենք կառավարություն, մեքենայից իջնում ենք, Արմեն Խաչատրյանը դիմում է Ռայմոնդ Պաուլսին.

-Ну и как интервью?
-Я и не подозревал, что это ловушка.  

Երեկոյան պաշտոնական ընթրիքին հայտնվում ենք ռեստորանում, որտեղ անկյունում իր դարն ապրած մի սինթեզատոր կա: Սեյմի նախագահից բացի հյուրընկալողների հետ է եւ Ռայմոնդ Պաուլսը: Արմեն Խաչատրյանի խնդրանքով Պաուլսը համաձայնում է նվագել: Սկզբում՝ մի գործ, հետո՝ եւս մեկը, նորից մեկը, ու այդպես՝ ժամուկես… Դա իմ կյանքում լավագույն համերգն էր՝ շատ արագ հեռանում եմ սեղանից ու կանգնում սինթեզատորի կողքին, ինձ թվում է՝ Ռայմոնդ Պաուլսը նվագում է միայն ինձ համար՝ ամառ, ծով, քամի… Պաուլս…
***

2003-ին երրորդ գումարման ԱԺ նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: Արմեն Խաչատրյանը Ուկրաինայում ՀՀ դեսպանն էր: Պաշտոնական այցով Կիեւում ենք: Մայդանում շարունակվում են հանրահավաքները: Նախագահ Վիկտոր Յուշչենկոն հանդիպման ժամանակ ԱԺ նախագահին առաջարկեց Մայդանում ելույթ ունենալ: Արթուր Բաղդասարյանը համաձայնեց: Դեսպանատանը քննարկվում էր, թե ինչ պիտի ասի ԱԺ նախագահը: Արմեն Խաչատրյանը դեմ էր ելույթին, Արթուր Բաղդասարյանը պնդում էր, որ Յուշչենկոյին խոսք է տվել: Ելույթն արդեն գրվել էր, Արմեն Խաչատրյանը կանչեց ինձ մի կողմ.

-Դուք ելույթ եք ունենալու, գնալու եք, համայնքը մնալու է, ես մնալու եմ, հետո՞:
-Ես ի՞նչ անեմ:
-Աշխարհում միայն Հայաստանը ու Ուկրաինան չեն:
-Գիտեմ:
-Մտածելուց հետ եք սովորել:
-Դուք ի՞նչ կանեիք:
-Կխոսեի, բայց չեզոք:
-Տեսնենք:

…Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ Մայդանում, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

***

Գուցե օրինաչափ է, որ Արմեն Խաչատրյանը լրջորեն չընկալվեց քաղաքական դաշտում, ու՝ չգնահատվեց: Նա բարի, ազնիվ ու ուրախ մարդ էր՝ արվեստի, գրականության, գիտության ու կրթության ոլորտն էր նրանը, բայց կյանքը տարավ քաղաքականություն, հասցրեց ԱԺ նախագահի պաշտոնին, երկու տասնամյակ պտտեց դիվանագիտական դաշտում՝ գրեթե աննկատ: Նրան հիշելիս ուրախությունը զուգակցվում է ցավին, որովհետեւ բազում են կանչվածները, սակավ են ընտրյալները, իսկ երբ կանչվում ես ու ընտրյալ չես դառնում, կյանքդ ապրում ես մոռացության ստվերում: Նա հիանալի դասախոս կլիներ՝ իր շտեմարանային գիտելիքներով ու հռետորական-թատերական ձիրքով, հոր՝ Ավագ Խաչատրյանի հիմնադրած «Հրաճյա Աճառյան» համալսարանում կարող էր դասախոսել ու ռեկտոր լինել, բայց քաղաքականությունը վերցրեց իրենը, կյանքը՝ իրենը…

…Արմեն Խաչատրյանը վախճանվեց 2020-ի հունիսի 3-ին՝ ընդամենը 63 տարեկանում: Ինձ թվում է՝ չհասկացված ու չգնահատված:

Կարդացեք նաեւ. Արմեն Խաչատրյան. Իմ պաշտոնից հետո մի պաշտոն կա, որով կարելի է գայթակղվել

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին