Արմեն Խաչատրյան. Իմ պաշտոնից հետո մի պաշտոն կա, որով կարելի է գայթակղվել - Mediamax.am

Արմեն Խաչատրյան. Իմ պաշտոնից հետո մի պաշտոն կա, որով կարելի է գայթակղվել
3291 դիտում

Արմեն Խաչատրյան. Իմ պաշտոնից հետո մի պաշտոն կա, որով կարելի է գայթակղվել


Ա1+-ի փակման պատմությունը շատերն են հիշում, բայց շատ քչերն են հիշում, որ Ա1+-ի աղմկահարույց փակմանը նախորդել է մեկ այլ լրատվամիջոցի՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի աննկատ փակումը: 2001-ին «ՀՀ»-ն չվերագրանցվեց եւ 2001-ի հունվարից ապրիլի 7 լույս չտեսավ: Իբրեւ պաշտոնաթերթի փոխխմբագիր՝ հունվարից ապրիլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարից մինչեւ ԱԺ նախագահ, վարչապետ, արդարադատության նախարար՝ հանդիպումներում ստանում էի նույն պատասխանը՝ շուտով «ՀՀ»-ն լույս կտեսնի…

Լույս տեսավ՝ նոր խմբագրով, ում հետ 20-օրյա աշխատանքի ընթացքում նրան հանդիպեցի երկու անգամ միայն՝ գերզբաղված էր… Ակնհայտ էր, որ պաշտոնաթերթը փոխում է ուղղությունը եւ Աժ-ի, կառավարության աշխատանքները լուսաբանող, մշակույթի էջի պատասխանատու փոխխմբագրին այլեւս միայն հինգերորդ էջը թողնելով ստեղծվում են կամովին հեռանալու պայմաններ: 2001-ի ապրիլի 27-ին ես հայտնվեցի ԱԺ-ում՝ իբրեւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հրավերով:

Իսկ մինչ այդ 1999-ի խորհրդարանական ընտրությունների «Միասնության» ընտրարշավն էր: Դեռ 1998-ի նախագահական ընտրություններից Արմեն Խաչատրյանը ՀԺԿ շտաբի պետն էր: Եթե հանդիպումներից հետո մարզերում սեղան էր բացվում, սեղանապետը միշտ Արմեն Խաչատրյանն էր, ու նրա կենացները զարմանալիորեն համադրում էին թե քաղաքականը, թե ընթացիկ իրավիճակը, թե ապագան: Ընտրություններում «Միասնության» հաղթանակից հետո նա ընտրվեց Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: Հոկտեմբերի 27-ից հետո՝ ԱԺ նախագահ: Եվ ես՝ իբրեւ խորհրդարանում հավատարմագրված լրագրող, լուսաբանում էի ԱԺ նախագահի այցերը մարզեր, հանդիպումները, հաճախ հարցազրույցներ էի վերցնում նրանից:

***

Նրա Աժ նախագահ լինելու ընթացքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ: 2000-ի հուլիսի 4-ի մամուլի ասուլիսում Արմեն Խաչատրյանը ներկայացրեց ԵԽԽՎ հունիսի 28-ի լիագումար նիստի քվեարկությունը եւ որոշումը որակեց «պատմական օր երկրի կյանքում», որը նախանշում է մեծ հեռանկարներ եւ քաղաքական-տնտեսական նոր հնարավորություններ՝ որակապես նոր մակարդակով: «Վերջին շրջանի բոլոր հանդիպումներում եվրոպացիները ընդգծում էին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը ԵԽ-ին: Այս թեման միշտ շոշափվել է, եղել են բազմաթիվ քննարկումներ եւ ի վերջո մեր նպատակին հասանք առանց դեմ ձայների»: «Ի՞նչ է հաջորդելու լիագումար նիստին» հարցին Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Սեպտեմբերին կամ նոյեմբերին կկայանա նախարարների խորհրդի նիստը, որը կհաստատի հունիսի որոշումը: Դա արարողակարգ է, որից հետո ձգտելու ենք դառնալ Եվրամիության անդամ»:

…Նաեւ այսպիսի ժամանակներ են եղել Հայաստանում:

***

2000-ի փետրվարի 17-ին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը «Զվարթնոցում» զորավար Անդրանիկ Օզանյանի աճյունը դիմավորողների մեջ էր: Իմ՝ «Ո՞րն է Ձեզ համար օրվա խորհուրդը» հարցին նա պատասխանեց. «Հոգեւոր իմաստով պիտի փառավորվենք, որ մեր Զորավարը հանգչելու է մայր հողում: Զգացումներս երկակի են՝ ուրախություն եւ ակնածանք»:

***

2000-ի մարտի 18-ին Աժ նախագահ Արմեն Խաչատրյանը մի քանի զորամասեր էր այցելել: Սովորաբար նման այցերն ավարտվում էին լրագրողների հարցերին պատասխանելով: Արաքսավանի սահմանային ուղեկալում «Ձեր տպավորությունը զորամասից» հարցին նա պատասխանեց.

-Ես բազմաթիվ զորամասերում եմ եղել եւ բավականին լավ տպավորություններ ունեմ թե զինծառայողների պատրաստականությունից, թե ծառայության պայմաններից: Խնդիրն այն է, որ զինվորի համար արվի հնարավորը եւ հոգեբանական, բարոյական լավագույն մթնոլորտ ստեղծվի ծառայության համար: Հրամանատարների հետ զրույցից պարզեցի, որ որոշակի օրենսդրական խնդիրներ կան, որոնք պետք է կանոնակարգել օրենքով, շուտով սահմանապահ զորքերի մասին օրենսդրական նախաձեռնություն կլինի եւ հնարավորինը կանենք, որպեսզի կանոնակարգվեն բնակչության ու սահմանապահների հարաբերությունները, տարածքային խնդիրները, որպեսզի վստահ լինենք, որ մեր սահմանները վստահ ու պատասխանատու ձեռքերում են:


Արմեն Խաչատրյանն ու Անահիտ Ադամյանը

-Ինչո՞վ է պայմանավորված այցելությունը հենց այս զորմասեր:

-Սա հերթական այցելություն է, առաջիկայում ծրագրել եմ լինել այլ զորամասերում եւս: Նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին: Միշտ չէ, որ պիտի սպասենք, թե մեզ ինչ նախաձեռնությամբ ու ինչ խնդրանքով կդիմեն, այլ ինքներս պիտի լինենք տեղերում ու պարզենք՝ ինչով կարող ենք օգնել: Հարցը վերաբերում է ոչ միայն սահմանապահ զորքերին, այլեւ բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությանը, արտադրությանը, առողջապահությանը, կրթությանը: Միշտ պիտի ուշադիր լսես, թե ժողովուրդն ինչ է ասում, ինչքան կուզես գիտակ եղիր՝ ամենագիտակը ժողովուրդն է եւ պետք է օգտվել այդ հարստությունից»:

Այնպես է ստացվել, որ Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի ոչ մի նախագահ գումարման սկզբից մինչեւ վերջ չի պաշտոնավարել: Տարբեր պատճառներով: Հրաժարական են տվել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Բաբկեն Արարքցյանը, եւ Արմեն Խաչատրյանը, եւ Արթուր Բաղդասարյանը, եւ Տիգրան Թորոսյանը, եւ Հովիկ Աբրահամյանը: Սպանվել է Կարեն Դեմիրճյանը: Գումարման կեսից են պաշտոնավարել Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը: Գալուստ Սահակյանի, Արարատ Միրզոյանի դեպքում լուծարվել է խորհրդարանը: Գերագույն խորհրդից ութերորդ գումարման ԱԺ՝ չի ընդունվել միայն Արմեն Խաչատրյանի հրաժարականը: Եվ դա խորհրդավոր պատմություն է մինչեւ այսօր: Արմեն Խաչատրյանը ԱԺ նախագահ ընտրվեց իբրեւ ՀԺԿ ներկայացուցիչ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո: Արդեն 2000-ի սեպտեմբերին ՀՀԿ-ի նախաձեռնությամբ խորհրդարանում սկսվել էր նրա հրաժարականի ստորագրահավաք: Դժգոհությունը վերաբերում էր ոչ թե նրան, այլ՝ ՀԺԿ-ին:

Համարվում էր, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վարում է ընդդիմադիր քաղաքականություն, ՀՀԿ-ն չէր ցանկանում այլեւս ԱԺ նախագահ տեսնել ՀԺԿ-ականի: Հեռուստաալիքներն ու թերթերը նրան պաշտոնանկել էին ու անկաշկանդ քննարկում էին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներին: Սեպտեմբերի 26-ի Աժ նիստը խիստ հետաքրքիր էր: Արմեն Խաչատրյանը անակնկալ մատուցեց բոլորին՝ նա հրաժարական տվեց արտահերթ ելույթով. «Ես կցանկանայի այսօր հրաժարականի հետ կապված խնդրով մենք կարողանայինք որոշակի եզրակացություններ անել եւ որոշակի վերլուծություն, եւ կարողանանք առավել խորությամբ պատկերացնել իրողությունը, որպեսզի համապատասխան եզրահանգումներով կառուցենք հետագա աշխատանքը: Կցանկանայի ընդամենը երկու բառով ներկայացնել կատարվածը՝ ես այս պաշտոնը ստանձնել եմ հոկտեմբերի 27-ից հետո, ընտրվել եմ նոյեմբերի 2-ին, ինքներդ գիտեք՝ ինչ պայմաններում՝ թե առողջական (Արմեն Խաչատրյանը վիրավորվել էր), թե բարոյահոգեբանական… Ինքներդ գիտեք՝ հանրապետությունում ինչ վիճակ էր տիրում, բարոյահոգեբանական ինչ մթնոլորտ էր, քաղաքական ինչ հակասություններ կային քաղաքական ուժերի միջեւ եւ այդ ընթացքում ինչ եմ արել, որ ներքաղաքական վիճակը կայունանա եւ համագործակցություն հաստատվի նախագահական, կառավարական թեւերի ու ԱԺ-ի միջեւ: Եթե հիշում եք՝ իմ յուրաքանչյուր ելույթում, հարցազրույցում կրկնել եմ նույնը՝ հանրապետությունում պետք է այս երեք թեւերը կարողանան համատեղ աշխատել, քաղաքական ուժերը պիտի ձգտեն համախմբման եւ ոչ թե պառակտման, յուրաքանչյուրս պետք է համագործակցության եզրեր փնտրենք, ոչ թե խառնակչության: Ի սկզբանե ինձ, ինչ խոսք, պակասում էր փորձը: Փորձառությունը, ցավոք, ժամանակ է պահանջում: Հիմա փորձառության խնդիրն առանձնակի դրված չէ: Ինձ հարցրին՝ եղե՞լ են քաղաքական ճնշումներ, թե՞ ոչ: Դրանք անվերջ ուղեկցել են ինձ, անվերջ, բոլոր տեսակի ճնշումներով՝ մամուլով ամենաանհեթեթ բամբասանքներն են տարածվել, իմ կերպարն անվերջ կեղծվել է, խարազանվել, ըստ ամենայնի, այն ուղեւորությունները, որ ուղղված էին աշխատանքային պարտականությունների կատարմանը, ներկայացվել են անձնական ուղեւորություններ կամ զբոսաշրջություն: Այն պարագայում, երբ արտասահմանյան ոչ մի շրջագայություն չի եղել առանց պաշտոնական հավասարարժեք, այսինքն՝ խորհրդարանի նախագահի կամ Սենատի նախագահի հրավերի, կամ Եվրախորհրդի, կամ ԱՊՀ երկրների միջխորհդրանական ասամբլեայի հետ կապված: Այդ ամենն արդեն տվել է իր պտուղները: Անցած ժամանակահատվածում խորհրդարանի բոլոր նիստերը կայացել են, գրեթե կրկնակի ավելի արտահերթ նիստեր են գումարվել,  30 տոկոսով աճել է պատգամավորական նախաձեռնությունների թիվը, ԱԺ-ում կայացել է լսումների ինստիտուտը, ԱԺ-ի միջազգային կապերն ակտիվացել են: Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքը բնականոն կատարվել է: Բայց, ցավոք, մեր երկրում կան ուժեր, որոնց առավել հետաքրքիր է խառնակչությունը, պառակտումը, երկիրը կործանման տանելը եւ այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ կայունության ոչ մի տարր չիշխի: Ահա այս ուժերը կարողացան, անվերջ հետամուտ լինելով իրենց նպատակներին՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պառակտում մտնի դաշինքների մեջ, խորհրդարանում ստեղծվի բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ եւ հարաբերություններ, վերջապես՝ այնպիսի վիճակ, որ իշխանության թեւերը կարողանան իրարից անջատել: Ես, իհարկե, շատ ավելի հզոր կլինեի, եթե ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ երկապառակտություններ չլինեին, եթե բամբասանքը ԱԺ-ի միջանցքներում չդառնար քաղաքականություն: Ահա այս ամենը կոչվում է մարդուն վարկաբեկելու, նրան թուլացնելու մշտական աշխատանք: Վերջին մի քանի օրերին ես լսում եմ եւ ակնհայտորեն գիտեմ, որ հավաքվում են ստորագրություններ իմ դեմ, յուրաքանչյուր լրագրող ինձ հարցնում է իմ պաշտոնանկության մասին, եւ դրան խթանում են պատգամավորներից շատերը: Խթանում են մարդիկ, ովքեր կարող էին նորմալ, համագործակցված աշխատանքի հիմքեր ստեղծել եւ ոչ թե միջխմբակցական հարաբերությունները խառնակել: Իմ բոլոր ելույթներում ես շեշտել եմ, որ ինձ հատուկ է պետական մտածողությունը, սա ինձ համար ամենակարեւորն է ու իմ այսօրվա հրաժարականը նույնպես ունի այդ հիմքը: Չթաքցնեմ՝ կուսակցության գրասենյակում մենք ունեինք հստակ պայմանավորվածություն, որ այսօր ես կարող էի ուղղակի կասեցնել այն հարցը, որ կդրվեր արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ Աժ նախագահին հետ կանչելու վերաբերյալ, որովհետեւ խորին համոզմունք ունեմ, որ ԱԺ նախագահը, ինչպես Սահմանադրությամբ նշված է, 79-րդ հոդվածում, ընտրվում է լիազորությունների ամբողջ ժամկետով, այսինքն՝ 4 տարով եւ չկա մեկ այլ կետ, որը նրան հետ է կանչում: Հետկանչի մեխանիզմը դրված է կանոնակարգում, որը սոսկ օրենք է եւ ստորադաս է երկրի հիմնական օրենքին: Նաեւ կան հիմնավորումներ ԱԺ-ի իրավաբանական վարչության պետ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի կողմից: Իհարկե, կարելի էր գնալ այս ճանապարհով, իհարկե, կարելի էր ասել դրանից հետո՝ խնդրեմ, դիմեք Սահմանադրական դատարան: Եթե եզրակացություն բերեին, որ այդպես չէ, մեկ ամսից հետո կարող էր հրաժարական լինել: Բայց ի՞նչ արժի մեկ ամիս ԱԺ նախագահի կյանքը ձգել, ինչ արժի այս փոխըմբռնումից դուրս գալ եւ գնալ այլ ընթացքով: Որպեսզի նաեւ չդիմենք փակ, գաղտնի քվեարկության, ինձ անհրաժեշտ էր յուրաքանչյուրիդ դեմքի արտահայտությունը, ինձ անհրաժեշտ էր յուրաքանչյուրիդ կեցվածքը տեսնել: Ինքս պիտի հասկանամ, որ եթե այս ԱԺ-ում մենք բոլորս ժամանակին կարողացել ենք տուրք տալ, ցավոք, այն երեւույթներին, որոնք չեն նպաստել մեր միասնությանը, ինքս էլ մեղքի իմ բաժինն ունեմ: Եթե կարողացել ենք չմիասնանալ, այլ տարրալուծվել, պետք է եզրակացություններ անել: Այդ է պատճառը, որ ես այսօր ձեզ պարզ նայելով՝ ներկայացրել եմ իմ հրաժարականը: Նաեւ ապացուցելու՝ որ ոչ թե Աահմանադրությունը մեջ եմ բերում աթոռս պահպանելու համար, այլ աթոռն ինձ համար երբեք խնդիր չէ: Ես բոլոր հնարավորություններն ունեմ ինքնուրույն, ազատ եւ ապահովված լինելու: Ես երբեք կառչած չեմ այս աթոռին, երբեք զարմացած չեմ զրահապատ մեքենայով եւ որեւէ պաշտոնով: Թող այստեղ գա մեկը եւ փոխարինի ինձ ու առավել արդյունավետ աշխատի, համախմբի Ազգային ժողովը, որպեսզի իմ գնալուց հետո Աժ յուրաքանչյուր պատգամավոր կարողանա իր եզրակացություններն անել, որպեսզի մենք բոլորս կարողանանք հասկանալ, որ մեր միասնությունն է ուժեղացնում խորհրդարանը, ԱԺ-ն հեղինակություն չի ունենա, քանի դեռ իրար միս ենք ուտում, մենք չենք կարող իրար հետ իշխանություն ստեղծել, քանի դեռ իրար հետ լեզու չենք կարողանում գտնել: Ես միշտ կողմնակից եմ տարակարծությանը, տարբեր տեսակետների արտահայտությանը, բայց երբեք համամիտ չեմ, որ կարելի է իրար նկատմամբ եւ մարդկայնորեն, եւ քաղաքական իմաստով, մեղմ ասած, քաղաքական ցածր կուլտուրա դրսեւորել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր նշեցին, որ այս հարցը չի դիտվում իբրեւ Արմեն Խաչատրյանի հարց, այլ քաղաքական հարց է իր պատճառներով եւ հետեւանքներով: Ես ասացի ճնշման բոլոր մեխանիզմները, որ դուք հրաշալի գիտեք: Երեկ «Հայլուրով» 10 րոպե հարցազրույց եմ տալիս եւ մի վայրկյան իսկ չի ցուցադրվում: Այո, ամեն ինչ գալիս է մեզնից եւ ինձնից առաջին հերթին, որովհետեւ մենք չենք հասկանում՝ ինչ է պետությունը եւ ինչ է պետականությունը, որովհետեւ չենք հասկանում, որ չի կարելի խարազանել իշխանության թեւերը, որոնք միասնական են ստեղծում պետությունը: Ես շնորհակալ եմ բոլորից, խնդրում եմ քվեարկեք ձեր խղճի, ձեր սրտի մտոք: Ավելացնեմ՝ իմ պաշտոնից հետո մի պաշտոն կա, որով կարելի է գայթակղվել, մնացածները այս պաշտոնից ցածր են, ինքներդ որոշեք, թե ինձ ինչպես են «կաշառել»: Շնորհակալ եմ»:


Արմեն Խաչատրյանն ու Անահիտ Ադամյանը

Քվեարկությունից առաջ Արմեն Խաչատրյանը խաչակնքվեց: «Խղճի եւ սրտի մտոք» 63 կողմ, 31 դեմ, 2 ձեռնպահ ձայներով նա մնաց Աժ նախագահ: Հետո ասում էր՝ խաչի զորությամբ… Իրականում նրա հրաժարականի ողջ պատմությունը հերթական մեխն էր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնության» դագաղին: Եվ դեռ երկար խորհրդարանը քննարկում էր, թե Սահմանադրության ու ԱԺ կանոնակարգի ո՞ր հոդվածի, ո՞ր մասով քանի՞ ձայն էր պետք հրաժարականն ընդունված համարելուն, իրականում բոլորը սպասում էին, որ Մոսկվայից կվերադառնա նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գուցե հարցը նորից օրակարգ մտնի: Չմտավ: Արմեն Խաչատրյանը շարունակեց պաշտոնավարել:   

***

Երբ ես ընդունվեցի Աժ-ում աշխատանքի, հասարակայնության հետ կապերի վարչության նախորդ պետերը պաշտոնավարում էին կես տարի, եւ շատերի համար ես էլ հերթական 6 ամսյա «ընթացիկ» պետն էի: Վեց ամիս չէ, բայց մեկ տարի հետո ես էլ… հրաժարական տվեցի: Մեղավորը ես էի՝ իմ դյուրահավատությունը: Եվ՝ ԱԺ նախագահի երկու խորհրդականները, որ ցանկանում էին այդ պաշտոնում տեսնել «իրենց» մարդուն, ում իմ խնդրանքով էր ԱԺ նախագահն ընդունել աշխատանքի: Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Սիրիա (առաջին ու վերջին անգամ ես չկայի պատվիրակության կազմում), դիմում գրեցի, թողեցի ԱԺ աշխատակազմի ղեկավարի սեղանին ու երեք օր նստեցի տանը՝ չպատասխանելով հեռախոսազանգերին: Դամասկոսից վերադարձած Արմեն Խաչատրյանը կանչեց.

-Պատմի՝ ինչ է եղել:

-Ոչինչ, չեմ ուզում այս պայմաններում աշխատել:

-Ի՞նչ պայմաններով կաշխատես:

-Երբ իմ տեղակալը հեռանա:

-Դու ես բերել:

-Սխալվել եմ:

-Հիմա չե՞ս սխալվում:

-Արդեն չէ:

-Գնա ու աշխատի, հաջորդ անգամ նման դեմարշներ չտեսնեմ:

Նա պատռեց իմ դիմումը, նետեց աղբարկղը, իմ ներկայությամբ կանչեց աշխատակազմի ղեկավարին ու ասաց՝ «Ասեք՝ թող դիմում գրի»: Աշխատակազմի ղեկավարը, որ տեղյակ չէր խոսակցությանը, պատասխանեց՝ գրել է:

-Ինքը չէ, իր «թանկագին» տեղակալը: Կրկնում եմ՝ նման դեմարշներ չտեսնեմ, ես ընդունում եմ, որ մարդը կարող է սխալվել, բայց չեմ ընդունում, որ կարող է դավաճանել: Գնա աշխատի: Վերջ: Թեման փակվեց:

***

2001-ին Վիեննայից մեկնում ենք Զագրեբ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովին: Ինքնաթիռը 12 տեղանոց՝ 6 նստատեղ ձախ կողմում, 6՝ աջ, պրոպելլերներով: Ես կարծում էի՝ այդ ինքնաթիռներն արդեն հանվել են շահագործումից: Փաստորեն՝ ոչ: Բարձրանում ենք ինքնաթիռ ու ըստ տոմսերի տեղավորվում: Արմեն Խաչատրյանը նստում է աջ կողմի առաջին շարքում, մենք շարվում ենք նրանից հետո: Ու քանի դեռ մյուս ուղեւորները չեն եկել, ուղեկցորդուհին մտահոգ դեմքով խնդրում է մեզ տեղափոխվել ձախ: Ցույց ենք տալիս տոմսերը, բացատրում է՝ ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը, եթե չտեղափոխվեք, կարող է կողաշրջվել: Արմեն Խաչատրյանը, որ բավականին ծանրակշիռ էր, հանգիստ ժպտում է՝ «Хорошего человека должно быть много!»: Թիկունքս պահելու կարիք չկա, լեւի գնացեք մի կես ժամով»:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին