Վեհափառ. Աստծո խորհրդով է շաղախված հայրենիքի պատմությունը - Mediamax.am

Վեհափառ. Աստծո խորհրդով է շաղախված հայրենիքի պատմությունը
2346 դիտում

Վեհափառ. Աստծո խորհրդով է շաղախված հայրենիքի պատմությունը


Կարդացեք նաեւ Վեհափառ. Կցանկանայի, որ ամբողջ Հայաստանը հոգեւոր կենտրոն դառնար

1998-ի դեկտեմբերի 31-ին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը իմ խնդրանքով ամփոփեց դարավերջ-դարասկիզբ հանգույցը.

«20-րդ դարի սկիզբը մեր հիշողության մեջ նշանավորված է ծանր կորուստներով՝ հայ ժողովրդի 1.5 միլիոն զավակաց ողբերգությամբ, որը հաստատուն կերպով, խոր արմատներով նստվածք թողեց մեր ժողովրդի մտածողության, հոգեբանության, նկարագրի և էության վրա: 20-րդ դարի վերջին միայն մենք, կարծես, ազատվեցինք այդ կապանքներից արցախյան ազատագրական պայքարի և անկախացյալ Հայաստանի պարագայով: Ահա այս երկու կարևոր իրադարձությունները՝ դարասկզբի և դարավերջի, ամփոփում են դարը մեր ժողովրդի համար, և մենք պայծառ, լուսավորված տեսիլքով մուտք ենք գործում 21-րդ դար, որը աշխարհի համար սրբագործված է Հիսուս Քրիստոսի 2000-ամյակով, իսկ հայերիս համար կրկնակի նշանավորված է նաև քրիստոնեության ընդունման 1700-ամյա պատմությամբ: Հավատացած եմ, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա՝ ապավինած իր ուժերին, կերտել իր պետականությունը, հզոր, ազգի համար երջանկաբեր, ապահով, անվտանգ, խաղաղ պետությունը: Դրա երաշխիքն ինքը ժողովուրդն է իր վերջին տասնամյակի հաստատուն կամքով, վճռականությամբ ու համբերությամբ: Բնականաբար, դարն իր բոլոր պատերազմներով, կորուստներով ու ավերածություններով, ներկա կյանքի բոլոր անարդարություններով դառնություն է կուտակել մեր ժողովրդի հոգու մեջ, դառնացած է անհատը իր իսկ դեմ, դառնացած է ընկերոջ դեմ, բարեկամի, ծնողի, ազգի դեմ: Աշխարհի դեմ: Հայոց հոգում այսօր կուտակված է դառնություն, իրավ, բայց բնավ խեղճությունից չէ ու անզոր թուլությունից: Պարզապես ներքին մի ընդվզում կա, որի պատճառները և մեր ազգային կյանքում են, և միջազգային հանրության դրսևորած կեցվածքի արտահայտություն են: Այդ դառնությունից պիտի կարողանանք, անշուշտ, ձերբազատվել և մեր հոգու խաղաղությունը գտնել: Մենք պիտի ապավինենք մեր ուժերին: Քրիստոնեական հոգով, քրիստոնեական բարոյականով ապրենք: Քրիստոնեությունը կհաղթի վերստին մեր հոգում, կմաքրագործի մեզ՝ ապավեն, հույս ու հավատ դառնալով: Աստծո ապավինությունն ու ներկայությունը մեր հոգում՝ մենք հաշտություն պիտի գտնենք մեր մեջ՝ մեր անձի հետ, մեր ընկերոջ, բարեկամի, Աստծո հետ, մարդկանց ու աշխարհի: Օրհնաբեր է դարի ավարտը և դարամուտը: Ամենաջերմ բարեմաղթանքներս հայ ժողովրդի զավակաց: Խաղաղություն, միասնություն և հավատ պիտի մաղթեմ՝ պայծառ, շենշող, հզոր գալիքի հավատով, առաջընթաց ապրող հայրենիքի, երջանկաբեր հայրենիքի տեսիլքով»:

…Մեզնից դեռ ոչ ոք չգիտեր, որ լինելու է 1999-ի հոկտեմբերի 27…



…Չգիտեր, որ 2015-ին՝ հայոց ցեղասպանության 100-ամյակին, ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը սրբադասվելու են՝ աննախադեպ իրադարձություն ոչ միայն Հայ առաքելական, այլև քրիստոնեական եկեղեցիների համաշխարհային պատմության մեջ: Աննախադեպ ու խորքով չընկալված, սոսկ ծեսի սահմաններում մնացած…

…Չգիտեր, որ լինելու է 2020-ի 44-օրյա…      

***

«Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ» հարցը իմ հարցազրույցների անփոփոխ առաջին հարցն էր: Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին այդ հարցը տվել եմ երկու անգամ: 1995-ի հունվարին նա պատասխանել է.

- Հայ մարդ:

- Ամբողջ հայ ժողովուրրդն է հայ մարդ:

- Այդ ժողովրդի զավակներից մեկն եմ ես: Ես ինձ համար կարևորում եմ ոչ միայն կարգավիճակը, այլև զգացողությունը, կապվածությունը հողին, ունկնդրությունը այդ հողի խորհրդին:

- Իսկ Աստծո՞ խորհուրդը:

- Բնականաբար՝ Աստված ամենուրեք է՝ իմ մեջ, Ձեր մեջ: Աստծո խորհրդով է շաղախված հայրենիքի պատմությունը:

1999-ի հոկտեմբերի 20-ին «Ըստ Ձեզ՝ ո՞վ եք Դուք, ինչու՞ և ինչպե՞ս ընտրեցիք կյանքի այս ճանապարհը» հարցին նա պատասխանեց.

- Ծնվել եմ 1951-ին, հավատացյալ գյուղացու ընտանիքում: Ամեն կիրակի հայրս, մայրս իրենց բոլոր վեց երեխաների հետ՝ երեք դուստր ու երեք որդի, գնում էին Էջմիածին: Երբ հասնում էինք վանքի դարպասներին, ծնրադիր էինք առաջանում: Հիշում եմ՝ քարերը համբուրելով մտնում էինք եկեղեցի և մի շարքով կանգնում: Հետո աղոթում էինք «Հայր մերը», որ հայրս էր սովորեցրել մեզ՝ ոչ ամբողջական, ոչ լիարժեք, ոչ գրաբար, սերնդեսերունդ անցած, համառոտագրված մի աղոթք, որ, այնուամենայնիվ, անկեղծ էր ու ազդեցիկ: Ամեն անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեսնում էի՝ ինչպես ուսանողները շարքով գալիս են եկեղեցի, շարքով մասնակցում ժամերգությանը: Պարկեշտ, առաքինի պահվածքով ու տպավորիչ: Ներքին ցանկություն ունեի նրանցից մեկը լինել: Տակավին մանուկ էի՝ 6-7 տարեկան, և դժվար է ասել, թե դա խիստ գիտակցական մղում էր:

15 տարեկան էի, հերթական այցին Էջմիածին պատարագից հետո Վահան արքեպիսկոպոս Տերյանը մոտեցավ հորս, զրուցեցին, հետո հանկարծ հարցրեց՝ չէ՞ր ցանկանա, որ իր որդին հոգևոր ճեմարանում ուսանի: Հայրս դրական պատասխանեց և մտանք ճեմարան: Պահն ինձ համար անհավանական լուրջ էր: Վայրկենական վերարթնացան տան, հարազատներիս պատկերները, և՝ վանք, խուց: Մտավախությունս էր, որ սովոր կյանքս կորցնելու եմ, չեմ կարողանալու կյանքի, աշխարհի հետ ազատ հաղորդակցվել, մտնելու եմ վանք ու վերջ, այլևս դուրս չեմ ելնելու, ընդունեք, որ մի քիչ վախենալու էր: Միակ ցանկությունս էր գեթ վերջին անգամ մեր տանը լինել: Մեզ երեք օր մտածումի ժամանակ տվեցին, վերադարձանք տուն, զարմանալիորեն ծնողներս տարաձայնեցին: Մայրս, որ այդքան ուզում էր ինձ ճեմարանի սան տեսնել, հանկարծ ընդդիմացավ՝ չեմ ուզում տղայիս կորցնել: Դա երևի տուրք էր ժամանակի քարոզչական պատկերացումներին: Երրորդ օրը նույնիսկ հայրս «զենքերը» վայր դրեց և ասաց, որ համաձայն է մորս հետ: Փաստորեն որոշումը ինքս պիտի ընդունեի: Եվ այդ ժամանակ տարօրինակ բան պատահեց՝ երբ ճեմարանի աստիճաններով բարձրանում էի, սանդղահարթակի վերևում փշե պսակով Քրիստոսի պատկերը կար, որ ինձ շատ տպավորեց: Հետո, երբ դուրս էի գալիս ճեմարանից, տեսա սաներին, որ իրենց համար մտասույզ զբոսնում էին, իրենց-իրենց երգում, խոսում, տպավորությունը տարօրինակ էր ու …գրավիչ: Եվ ծնողներիս կամքին հակառակ ես մնացի ճեմարանում: Այդ շրջանում հետապնդումներ կային, հոգևոր կրթությունը չէր խրախուսվում, մեր դասղեկը, կոմերիտմիության քարտուղարը, դպրոցի տնօրենը  եկան ինձ համոզելու, հորս ստիպելու, բայց հավատացյալ հայրս անդրդվելի էր, որևէ վախ չուներ աշխարհիկ իշխանություններից, և նրանք արդյունքի չհասան: Ճեմարանն ավարտելուց հետո ձեռնադրվեցի սարկավագ, 1970-ին: Այնուհետև մեկ տարի որպես դաստիարակ վերակացու աշխատեցի ճեմարանում:

1972-ին ձեռնադրվեցի կուսակրոն քահանա, ապա Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ մեկնեցի Վիեննա՝ կարդինալ Քյոնինգի հրավերով որպես էկումենիկ ուսանող սովորելու աստվածաբանության ֆակուլտետում: Սովորեցի երեք տարի, որից հետո Գերմանիո հայ համայնքը խնդրանքով դիմեց Վեհափառին, որպեսզի համայնքում շարունակեմ իմ հոգևոր ծառայությունը: Վեհափառը համաձայնեց, և ես Ավստրիայից անցա Գերմանիա, 4 տարի ծառայեցի որպես հոգևոր հովիվ և ուսանեցի Բոննի համալսարանում: Բավականին դժվար ծառայություն էր, համայնքը նոր էր կազմավորվում, Գերմանիան խիստ երկիր էր, հատկապես վերապահ խորհրդային հոգևորականի նկատմամբ:

1979-ին վերադարձա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մեկնեցի ուսանելու Զագորսկի ասպիրանտուրայում: Այնտեղ էլ ստացա Վեհափառի հեռագիրը, նա ցանկանում էր, որ վերադառնայի Մայր Աթոռ՝ կարևոր պաշտոն ստանձնելու: Վեհափառի կամքով՝ 1980-ին նշանակվեցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական: Փոխանորդն էր Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանը: Մեկ տարի անց սրբազան հայրը վախճանվեց, և փոխանորդ նշանակվեց Արսեն եպիսկոպոս Բերբերյանը: Երկու տարի որպես օգնական աշխատելուց հետո Վեհափառ Հայրապետը նշանակեց ինձ առաջնորդական փոխանորդ: Նույն թվականին ձեռնադրվեցի եպիսկոպոս: 1983-ից առ այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն եմ: Եկեղեցական Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եմ: Վազգեն Վեհափառի կաթողիկոսության վերջին տարիներին նրա կամքով նշանակվեցի Էջմիածնի ընթացիկ գործերի վարման համար ստեղծված հանձնախմբի նախագահ: Վազգեն Վեհափառի վախճանվելուց հետո Գարեգին Վեհափառի կողմից նշանակվեցի Էջմիածնի տնտեսական-ֆինանսական վերստուգիչ մարմնի նախագահ, բայց ժամանակի սղության պատճառով ստիպված էի հրաժարվել: Իր հիվանդության շրջանին նշանակվեցի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ»:        

***

1999-ի հոկտեմբերի 27-ին «ՀՀ»-ում «Թող օրհնյալ լինի նրա ճանապարհը» հոդվածում ազգային եկեղեցական ժողովի աշխարհիկ ու հոգևոր անդամների հետ հարցազրույցներով փորձել էի ընթերցողին փոխանցել Մայր Աթոռում տիրող մթնոլորտը: Այդ օրը ընտրվելու էր Ամենայն հայոց 132-րդ գահակալը:
Կաթողիկոսական ընտրությանը թեկնածու են համարվում Հայ առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները, բայց աներկբա էր, որ թեկնածուները երկուսն են՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը: Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանն ասաց, որ իր թեկնածությունը չի հանելու և Սուրբ Հոգու առաջնորդությամբ կաթողիկոս կընտրվի արժանավորը:

Լրագրողները բազում հարցեր ուղղեցին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին, առաջինը՝ թեկնածությունը պահպանելու վերաբերյալ.

-Ես արդեն տեղեկացրել եմ, որ թողնելու եմ իմ թեկնածությունը:

Այսօր էլ այդ հարցերը ավելի շատ քաղաքական են, ինչպես էին այն ժամանակ, նաև հետևանք էին կաթողիկոսական ընտրության կարգի չիմացության, մերձընտրական ասեկոսեների, բայց պատասխանվում էին հանգամանալից ու հանդարտ: Օրինակ՝ երբ հարցնում են «Կարծու՞մ եք, որ թեկնածուներից որևէ մեկի ընտրության դեպքում մյուս կողմը չի ընդվզի», տպավորություն է, որ խոսքը քաղաքական ուժերի ընտրությունների մասին է և ակնհայտ է, որ չկա կաթողիկոսական ընտրությունների կարգի իմացություն: Ինձ համար ամենակարևորը «Զգու՞մ եք, որ դառնալու եք Ամենայն հայոց կաթողիկոս» հարցի պատասխանն էր.

-Սուրբ Հոգու առաջնորդությունը յուրաքանչյուր պատգամավոր ունի: Հայ եկեղեցականը Սուրբ Հոգու կոչին է հետևել, երբ ծնրադրել է ավագ խորանի առջև և ձեռնադրություն է ստացել՝ կյանքը կապելով հայ եկեղեցու հետ: Աստված ինչ ծառայության կառաջնորդի իր հոգևորականին, նա հլու-հնազանդ պետք է խոնարհվի: Վազգեն երջանկահիշատակ հայրապետը իր ընտրության խոսքում ասել է. «Աստված փնտրելու ճանապարհին ես գտա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ու Հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առջև»: Այդպես պետք է խոնարհվել Աստծո տնօրինության առջև և շարունակել ծառայությունը՝ ինչպիսին կլինի»:

***

Ստույգ չեմ կարող ասել, որովհետև Հայ առաքելական եկեղեցու 132 կաթողիկոսների ընտրության պատմությանը տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ երբևէ Վեհափառի ընտրության օրը չեն սպանվել պետության ղեկավարները: 1999-ի հոկտեմբերի 27-ը պատմության մեջ պիտի մտներ Վեհափառի ընտրությամբ, հոգևոր իշխանության ընտրությունը ստվերվեց աշխարհիկ իշխանության սպանությամբ: Ու դա Վազգեն Սարգսյանի երկրային կյանքի վերջին հաղթանակն էր՝ նրա նախընտրած թեկնածուն Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն էր: Ահաբեկչության բոթը արդեն մի քանի շրջան պտտվել էր Մայր տաճարի շուրջը՝ ոչ հաստատվելով, ոչ հերքվելով, երբ բացվեցին տաճարի դռները, որտեղ ազգային եկեղեցական ժողովի աշխարհիկ և հոգևոր պատվիրակները մի քանի ժամ փակված էին, իմա՝ ընտրությունը կատարվել էր: Գործող կարգով՝ նորընտիր կաթողիկոսը պետք է արտասաներ իր առաջին խոսքը: Նրանք՝ ներսում փակված, ոչինչ չգիտեին: Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի խոսքը ընդհատվեց և քահանաներից մեկը նրան պարզեց նոթատետրից պոկված դեղին մի թերթիկ: «Լուրեր են ստացվել, որ անհայտ անձինք ներխուժել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ են բացել, վիրավոր են Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը… Աղոթենք նրանց ապաքինման համար»՝ նրա խոսքերի շարունակությունը երևի ոչ ոք չէր լսում, բայց բոլորը տեսնում էին նրա արցունքները և դողացող դեղին թղթի կտորը նրա ձեռքում ու բեկբեկվող ձայնը… Մեզնից ոչ մեկը, երևի, չգիտեր, որ մենք աղոթում ենք արդեն սպանված մարդկանց համար, բայց շատերիս համար աշխարհի ամենաանկեղծ աղոթքն էր այդ պահին ու այդտեղ՝ առ Աստված:

***

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օծման արարողությունը դարերով կատարելագործված ծես էր, որտեղ ամեն սաղմոս ու ամեն շարժում ունի իր խորհուրդը: Ես ուզում էի հասկանալ՝ ի՞նչ է նա այդ պահին զգում ու մտածում, բայց երբեք այդ հարցը չեմ տվել: Գուցե վախից, որ պատասխանի մեջ լինելու է ցավը՝ հոկտեմբերի 27-ի անանց ցավը…

***

1999-ի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, «ՀՀ»-ում տպագրվեց հարցազրույց նորընտիր Վեհափառի հետ՝ «Եկեղեցին պետք է դառնա ժողովրդինը»: Ես նրան 17 հարց էի տվել, որոնց թվում՝ «Չե՞ք կարծում, որ պետք է փոխվի նաև քարոզի լեզուն», ու ստացել էի պատասխան.



-Միանշանակ: Մենք երբեմն սխալ մտայնությամբ վերամբարձ ոճ ենք ընդունում մեր քարոզներում: Գրաբարից, իհարկե, ամբողջապես հրաժարվել չենք կարող, բայց ձևերը կան համատեղելու գրաբարն ու աշխարհաբարը: Այսօր այլևս կրոնական բոլոր հրապարակումներն աշխարհաբար են: Մենք նաև պիտի կարողանանք մեր հայրերի ժառանգությունը մատչելի դարձնել: Եվ՝ ներկա ժամանակի ոգու համաձայն, ներկա ժամանակի պահանջներով: Հայերենից հայերեն թարգմանելը եկեղեցու բազում խնդիրներից միայն մեկն է: Եկեղեցին պիտի դառնա ժողովրդինը, պիտի դառնա ժողովրդի կյանքի մասը: Սերը կա, նվիրումը կա, աշխատող մարդու համար միշտ կա և ժամանակ: Սերունդի խնդիր է: Մտածողության: Եթե կուզեք՝ զգացողության:

«Կրոնի դասավանդումը հանրակրթական դպրոցներում ի՞նչ կտա երեխային և պատրա՞ստ է այսօր եկեղեցին այդ քայլին» հարցի պատասխանը.

-Բնականաբար՝ բավարար ուսուցչական ուժեր չունենք: Ծրագրեր մշակված են,  ձեռնարկներ կան, կարող ենք որոշ ժամանակով փորձարկել, թերություններն աշխատանքի մեջ պարզել և լրամշակել: Առայժմ խնդիրը բանակցային փուլում է և հանգել ենք համաձայնության, որ մի քանի դպրոցներում փորձնականորեն կներմուծվի կրոնի ուսուցման առարկան: Կրոնի ուսուցումը այն կտա երեխային, ինչ տվել է քրիստոնեությունը հայ ժողովրդին: Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի զավակները ավելի կայուն բարոյական նկարագիր կունենան, բարոյական կայուն արժեքները կգործեն հայ հասարակական կյանքում, այդ արժեքների խարսխի վրա կկառուցվի մեր անձնական կյանքը, երկրի, ժողովրդի, հանրապետության կյանքը: Ինչպես անհատի, այնպես էլ հասարակության կյանքում, երբ Քրիստոսն է ապրում ու գործում, հաստատվում են սերը, խաղաղությունը, առաջընթացը, փոխըմբռնումը, ներողամտությունը, հարգանքը, ազնիվն ու արդարը, ճշմարիտն ու հարատևը: Օր առաջ պիտի փորձենք, պիտի շտապենք եկեղեցի-պետություն հարաբերությունները սերտացնել և մեր կյանքին քրիստոնեական նկարագիր տալ:

…Ի՞նչը մեզ հեռացրեց Քրիստոսից  ու իրարից, որ մեր երկրում չհաստատվեցին սերը, խաղաղությունը, առաջընթացը, փոխըմբռնումը, ներողամտությունը, հարգանքը, ազնիվն ու արդարը, ճշմարիտն ու հարատևը: Հետահայացը 21-րդ դարին արդեն ձևավորել է պատասխանները, բայց խնդիրը հանրության մեջ հարցեր չձևավորվելուն է բախվում…

***

2000-ի դեկտեմբերի 21-ին, Վեհափառի գահակալման մեկ տարվա առիթով ես նորից Մայր Աթոռում էի: «Ի՞նչն եք կարևորում այսօրվա հայոց եկեղեցու կյանքում» հարցին նա պատասխանեց.

-Քրիստոնեական դաստիարակության աշխատանքը, քրիստոնեական քարոզչության գործը, որպեսզի մենք կարողանանք իրապես յուրաքանչյուր հայորդու մեջ ունենալ և տեսնել ճշմարիտ քրիստոնյային, Քրիստոսի Ավետարանի պատվիրաններով ու պատգամներով ապրող, դրանք կյանքի վերածած մարդուն: Սա ամենակարևոր, ամենաէական ու ամենագլխավոր խնդիրն է այսօր Հայ առաքելական եկեղեցու համար: 1700-ամյակը, հայոց դարձը մեզ համար այս առումով պիտի լինի գեղեցիկ առիթ, որպեսզի կարողանանք վերանորոգել, վերականգնել մեր հավատքը, դարձնել, ինչպես մեր հայրերն էին ասում, մեր մաշկի գույնը, մեր էությունը, մեր կենցաղը: Այսօր քրիստոնեությունը դուրս է մղված մեր կենցաղից, ավանդույթի ուժականություն է ձեռք բերել, անուն է և ոչ բովանդակություն: Եվ ցավ է, որ այդ վիճակով ենք տոնախմբում 1700-ամյակը:

***

Հետո ես հեռացա լրագրությունից, աշխատանքի անցա ԱԺ-ում, հանդիպում էինք արդեն պաշտոնական այցերի ժամանակ, բայց լինում էին նաև ոչ պաշտոնական զանգեր ու երկարատև զրույցներ Վեհարանի դռան առաջ՝ ծղոտե աթոռներին նստած, ապակե սեղանի շուրջ մի գավաթ սուրճի հետ: Ու 2001-2009-ի այդ զրույցները, ուզում եմ հավատալ, որ անհրաժեշտություն էին ոչ միայն ինձ համար, այլև՝ նրա, որ Վեհափառի հանդերձների տակ պահել է պարզ, մարդկային, կարեկից ու հասկացող հոգի և սիրտ, որտեղ միշտ կա սեր ու աղոթք առ մարդ ու առ Աստված: Եվ, որ ամենակարևորն է ինձ համար՝ այդ զրույցները շարունակվեցին նաև հետո, երբ վերադարձել էի լրագրություն՝ 2009-2020-ին: Թեպետ նա արդեն հարցազրույցներ չէր տալիս, բայց պետության, եկեղեցու, հավատի, պատմության, մարդկության ու մարդու մասին մեր անվերջ խոսակցությունները, թեպետ հազվադեպ, շարունակվում էին: Ու իմ կյանքի ամենատարօրինակ մի պահի ես նորից գնացի Վեհարան: Գրելն ինձ համար երբեք խնդիր չի եղել, բայց երբեք չեմ մտածել գիրք գրել: Մինչդեռ սկսել էի՝ Հիսուս Նազովրեցու մասին, նրա 12 առաքյալների ու Հուդայի, Աստվածամոր ու Մարիամի, Կայիափայի ու Պոնտացի Պիղատոսի: Ու գրում էի այն արագությամբ, ինչ արագությամբ ծորակից հոսում է ջուրը: Այդ ամենն ուներ իր նախապատմությունը՝ Հիսուսի խաչելությունից հարություն երեք օրերի մասին գրելու ցանկությամբ Այդին Մորիկյանը հեռացավ: 2009-ին: Երեք տարի հետո ես սկսել էի գրել նրա գիրքը: Դա ինձ համար միստիկա էր, չգիտեի՝ ինչ անել, ու՝ գնացի Վեհափառի մոտ: Պատմեցի ինչ ու ինչպես կա, ու հարցրի՝ ի՞նչ անեմ: Ու լսեցի պատասխանը. «Իհարկե, գրի, անպայման գրի»: 2012-ին գիրքն արդեն կար՝ «Ես դուռն եմ»: 2013-ին Վեհափառի աջակցությամբ և օրհնությամբ ես ուխտագնացության գնացի Երուսաղեմ՝ տեսնելու այն, ինչ արդեն գրել էի՝ առանց վրիպելու... Գուցե ոչ այդ գիրքը, ոչ հաջորդը չէի գրի, եթե չլիներ Վեհափառի օրհնությունը… Գուցե… Անքննելի են դեպի Աստված տանող ճանապարհները, մենք սպասում ենք, որ Աստված գա ու ասի՝ ինչ անել ու ինչ չանել, իսկ Աստված մարդկանց օգնում է մարդկանց միջոցով…           

***

2007-ին էր, Արամ Սարգսյանի ու Այդին Մորիկյանի հետ գնացել էինք Էջմիածին՝ Մայր Տաճարում մոմ վառելու ու աղոթելու համար: Ոչ առաջին անգամ էր, ոչ վերջին, բայց հենց այդ օրը Երևանից Էջմիածին ճանապարհին խոսակցությունը եղել էր Սուրբ Գեղարդի մասին, Արամն ու Այդինը այնպես էին պատմում Հիսուսի խաչելության ու Լոնգինի գեղարդի մասին, ասես՝ Գողգոթայի վրա իրենք էլ ներկա էին եղել Աստվածամոր, Հովհաննես առաքյալի ու Մարիամի հետ… Ու ես զանգահարեցի Վեհափառին՝ ասացի, Մայր Տաճարում ենք ու շատ ենք ուզում գեղարդը տեսնել, եթե, իհարկե, հնարավոր է ու Վեհափառը ժամանակ ունի մեզ ընդունելու: Հինգ րոպեից մենք արդեն Վեհարանում էինք, զրույցը երկարում էր: Ես մտածում էի՝ Վեհափառը մոռացել է խնդրանքս, կամ՝ հնարավոր չի համարում, երբ հոգևորականներից մեկը խաչազարդ թավիշի մեջ փաթաթած մի տուփ բերեց: Ես սպասում էի, որ թավիշի վերջին ծալը քակելու հետ հայտնվելու է նվազագույնը ոսկեզօծ արծաթե տուփ՝ ընդելուզված թանկարժեք քարերով… Չէր կարող, չէ՞, քրիստոնեության գլխավոր մասունքներից մեկը պահվել հասարակ մի տուփում: Քերքրված, խազված, խունացած փայտե տուփը բացվեց մեծագույն զգուշությամբ, ու՝ մեր առաջ… Սուրբ Գեղարդն է, որ ոչ պսպղում է կուրացուցիչ լույսով, ոչ ոսկե կոթ ունի, առաջին հայացքից՝ սառը, անփայլ մետաղ… Վեհափառը ասում է, որ տուփն էլ մի քանի հարյուրամյակի պատմություն ունի, Այդինը հարցնում է՝ ինչու՞ մենք միջազգային փորձաքննության չենք տալիս Թադեոս առաքյալի Հայաստան բերած մասունքը, որ աշխարհը վերջապես իմանա՝ իրականում որտեղ է Գեղարդը, որի կրկնօրինակները իբրև բնօրինակ ցուցադրվում են այլ մայրաքաղաքներում: Միանշանակ՝ այդ պարագայում Մայր Աթոռը կդառնա համաքրիստոնեական ուխտագնացության վայր: Վեհափառը պատասխանում է՝ Հայ առաքելական եկեղեցին կասկածի տակ չի դնում Սուրբ Գեղարդի իսկությունը և ապացույցների կարիք չունի, իսկ պատճեններն ընդամենը պատճեններ են, որ նույնպես դարերի պատմություն ունեն, բայց ոչ 1974 տարվա:



Արամ Սարգսյանն ու Այդին Մորիկյանը համբուրում են Սուրբ Գեղարդը, ես միայն ձեռքով եմ հպվում ու զգում եմ, որ բնավ էլ սառը մետաղ չէ, անհավանական ու անտրամաբանական տաք է, այնքան տաք, որ ջերմությունը մնում է աջիս մեջ: Մի քանի օր: Իսկ գուցե՝ ընդմիշտ:

***

Վեհափառի հետ մեր վերջին խոսակցությունն արդեն վերանորոգված ու իր 1721 տարվա պատմություն ունեցող եկեղեցուն վայել տեսք ստացած Վեհարանում էր՝ Մայր Տաճարի նորոգության ընթացքի, գահակալության տարիների, կատարված ու չկատարված երազանքների մասին: Սևանի Վազգենյան դպրանոցն արդեն հարյուրավոր հոգևորականների է ուղարկել ծառայության, անճանաչելի տեսք է ստացել Մայր Աթոռը, նորոգվել են Գևորգյան ճեմարանը, հարակից շինությունները, տպարանը, նորերն են կառուցվել, Տրդատի դուռը, թանգարանը, գրադարանը, սաների կացարանը… Բոլոր մարզերում գործում են Հայորդյաց տներ, հարյուրավոր նոր եկեղեցիներ են կառուցվել, խոնարհվածները վերականգնվել են ու շարունակում են վերականգնվել… Հայ առաքելական եկեղեցին իր արժանի տեղն ունի էկումենիկ շարժման մեջ, համաքրիստոնեական ընտանիքում ընդունվում ու կարևորվում է ոչ միայն հանուն իր դարավոր պատմության, այլև ներկա գործունեությամբ: Ու այդ ամենը չկա միջին վիճակագրական հայի՝ հավատացյալի ու ոչ հավատացյալի օրվա լրահոսում: Ես նրան համոզում էի, որ եկեղեցական քարոզներն ու եկեղեցու գործունեության քարոզչությունը զուգահեռելու, կատարված աշխատանքը ներկայացնելու, հանրայնացնելու հնարավորությունները վատ են օգտագործվում, մինչդեռ դա նույնքան անհրաժեշտ է եկեղեցուն, որքան՝ պետությանը, որքան հավատացյալին: Առավելևս՝ ոչ հավատացյալին: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ եկեղեցին բոլոր հայերի տունը դարձնելու տարբերակներ էի ներկայացնում, ու… էլի բազում առաջարկներ: Նա լսում էր, հետո ընդհատեց՝ ծրագրեր շատ կան, այնքան շատ, որ վախենամ՝ ժամանակը չհերիքի: Եվ հետո՝ բոլոր կաթողիկոսների աշխատանքը գնահատում են ժամանակն ու ժողովուրդը:

…Եվ սքանչելի է, որ անավարտ է այս պատմությունը, կյանքը շարունակվում է, և ուրեմն՝ այս ամենը միայն առաջին մասն է մեծ պատմության տարեգրության, որի մեջ մենք բոլորս ենք՝ պետությունը, եկեղեցին, ժողովուրդը:

Կարդացեք նաեւ Վեհափառ. Կցանկանայի, որ ամբողջ Հայաստանը հոգեւոր կենտրոն դառնար

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին