Վեհափառ. Կցանկանայի, որ ամբողջ Հայաստանը հոգեւոր կենտրոն դառնար - Mediamax.am

Վեհափառ. Կցանկանայի, որ ամբողջ Հայաստանը հոգեւոր կենտրոն դառնար
2529 դիտում

Վեհափառ. Կցանկանայի, որ ամբողջ Հայաստանը հոգեւոր կենտրոն դառնար


Այսօր նա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն է: Երբ մենք ծանոթացանք անցյալ դարում ու նույնիսկ անցյալ հազարամյակում, նա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր՝ 1991-ին, 40-ամյա հոգեւորական, որ աջակցում էր ինձ ու արձագանքում օգնության իմ առաջին իսկ կանչին: Նա իմ խորհրդատուն էր ու, ինձ համար էլ աննկատ, ինձ տանում էր դեպի եկեղեցի: Ես նոր էի դարձել մանկավարժական «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» ամսագրի խմբագիր, պետական ֆինանսավորումը դադարեցվել էր: Ինչու՞ դիմեցի նրան, ինքս էլ չգիտեմ, բայց, ի զարմանս ինձ, արագ արձագանք ստացա: Գործնական, առավել կարեւորը՝ մարդկային: Մտքովս չէր անցնի, որ նրա հետ 11 հարցազրույց եմ արել՝ չհաշված ասուլիսներն ու տասնյակ միջոցառումների լուսաբանման ժամանակ էքսկլյուզիվները:

***

Կար ժամանակ, որ նա կարող էր զանգահարել ինձ ու ասել՝ «Սեւան եմ գնում, կարո՞ղ ես գալ»: Իհարկե: Մեր բազում հանդիպումներից այդ օրը դաջվել է հիշողությանս մեջ հատկապես: 2000-ի դեկտեմբերի 17-ը, կիրակի: Ճիշտ 15.30-ին հանդիպեցինք Երեւանի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ Սեւան: Վազգենյան դպրանոց: Երեւանից Սեւան ամբողջ ճանապարհին՝ խոսակցություն քարոզչության նպատակների ու միջոցների մասին, հայոց եկեղեցու, հայ հոգեւորականի ներկայի ու ապագայի, կյանքի ու աշխարհի, մարդկանց ու մարդկության: Սեւանում այնպիսի ցուրտ է, որ քամին կտրում է կոկորդիդ մեջ ծնվող բառը: Հարկ առ հարկ, աստիճան առ աստիճան, ներքնահարկից՝ տանիք զննում-քննում ենք Վազգենյան դպրանոցի կառուցվող մասնաշենքը: Ես զարմանքով լսում եմ՝ բետոնի մարկաների մասին Վեհափառի խոսքը՝ ես ասել էի՝ այս, դուք արել եք այն, կքանդեք, կփոխեք, այստեղ երեխաներ են ապրելու, երեխաներ, որ երկրաշարժ եղավ ու դպրանոցը փլվեց, մեկին վնասեց, ձեզ դատելը ինձ համար հատուցում չէ: Աստծուց վախեցեք, հաջորդ գալուս՝ այս հարկը քանդված լինի, կգամ՝ կասեմ՝ ինչ անեք: Ու աշխղեկը, որ փորձում էր բացատրել բետոնի մարկան փոխելու պատճառը, եղանակի հանգամանքը, լռում է, երբ Վեհափառը սառը հայացքով նայում է նրան ու անցնում առաջ:

Ես ուզում եմ պատկերացնել՝ ինչպե՞ս է հին եկեղեցու ստորոտում Զվարթնոցի պես երկնասլաց, Զվարթնոցի պես հոգեպարար, բայց փոքրիկ ու մտերիմ մի եկեղեցի իր աղոթքն առ Աստված ուղղելու դպրանոցի սաների զիլ ու զրնգուն ձայնով: Գիտեմ, որ երբ շինարարությունն ավարտվի, դպրանոցում կապրեն ու կուսանեն 150 սաներ: 2000-ի ցուրտ օրը ես դեռ բետոնի ու փայտամածների մեջ չէի պատկերացնում ոչ եկեղեցին, ոչ դպրանոցի շենքը, որ մանրամասն, ոգեւորված նկարագրում էր Վեհափառը: Ու ես չէի կարող չհարցնել. «Դուք ճարտարապետությու՞ն էլ եք ուսանել»: «Հաշվապահություն եւ շինարարություն՝ լրիվ»՝ հնչում է պատասխանը: «Աստծո կամոք՝ կրկնակի կամարներ էլ եմ կառուցելու՝ վանականների համար: Գիտե՞ս ինչ՝ սաներս քարտաշներ պետք է լինեն, շինարար, որ իրենց ձեռքով քարը քարին դնեն ու իրենց տունը կառուցեն, որ ամուր լինի, սիրով լինի, հավատով լինի՝ հաստատուն: Ու ես էլ ստիպված չեմ լինի ամեն քարը… ստուգել: Մեր ձեռքով պիտի կառուցենք մեր տունը: Դարեր-դարեր հայ վանականները իրենք են շենացրել ու շեն պահել վանքերը ու եկեղեցիները, նրանցից օրինակ պիտի վերցնենք»: Իսկ հետո… շնչասպառող քամու ուղեկցությամբ՝ բացարձակապես սառցակալած աստիճաններով, որ ինձ թվում են տարի առ տարի հավաքված դարեր, բարձրանում ենք 305-ին հիմնադրված ու 874-ին կառուցված Սուրբ Հարություն, Սուրբ Առաքելոց, Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիր: Սուրբ Հարությունում ժամերգություն է... Չի կարող հայոց Վեհափառը հասնել եկեղեցի ու ներս չմտնել աղոթքի: Կյանքումս ամենադժվար վերելքն ու վայրէջքը եղել է այդ օրը, երբ արդեն կիսամութին Վեհափառի ու Վանահոր աջակցությամբ, գրեթե օդում, իմ բարձրակրունկներով իջնում էի սառցե աստիճաններով ու աղոթում, որ չընկնեմ ու նրանց չգցեմ… Երբ հաղթահարեցի վերջին աստիճանը՝ ինձ զգում էի տիեզերական թռիչքից վերադարձած, որի ժամանակ հանդիպել եմ… Աստծուն: Մի՞թե Սեւանում, որի վրա Աստծո աչքն է բացված, նաեւ այլ կերպ է լինում:



Ես խորապես սխալվում էի, որ Սեւանից տուն եմ գալու: Վեհափառը վարորդին հրահանգում է՝ Նորքի զանգվածի Հայորդյաց տուն: Մտածում եմ՝ այս տարաժամին ո՞վ պիտի լինի այնտեղ: Հետո ինձ պատմում են, որ Աստված կիրակին ստեղծել է, որ իրենք... Վեհափառին տեսնելու բախտը ունենան: Ու ինչպես Սեւանում՝ Նորքի զանգվածի Հայորդյաց տանը վերանորոգման ողջ ընթացքն եմ «տեսնում». «Հաստատուն պիտի լինի, գեղեցիկ պիտի լինի, մեկ անգամ ենք կառուցում, կիսատ-պռատություն չեմ սիրում, չեմ ընդունում: Մանավանդ երեխաների համար, այս պարագայում պիտի ջանանք հարմարավետ, ամուր կառուցել ու կահավորել, որ երեխան այստեղ ոչ միայն երգ-երաժշտություն, կերպարվեստ ու քանդակագործություն, պարարվեստ ու մարզարվեստ սովորի, այլեւ սովորի պահել-պահպանել, տեր լինել, տիրոջ հոգեբանություն սովորի»՝ վառարանի կողքին տաքանալով՝ ասում է Վեհափառը՝ ինձ պարզելով լավաշի մեջ բարուրված պանիրով բրդուճը՝ աշխարհի ամենահամով ուտեստը՝ աշխարհի ամենասոված մարդուն այդ պահին: Կիրակին վերջանում է Երեւանում Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մատույցներում, որի շինարարությունը Վեհափառի ամենօրյա ու ամենժամյա ուշադրության կենտրոնում է: Վստահաբար՝ նա դեռ էլի ասելիք ունի, բայց ես տուն եմ հասել՝ մենք ապրում ենք հարակից փողոցում, ու պայմանավորվում ենք նորից հանդիպել…

***

1995-ին նոր կաթողիկոսի ընտրությանը առավելագույն շանսերն ունեին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն: Այդ օրերին նույնիսկ անեկդոտ էր պտտվում՝ ով էլ ընտրվի կաթողիկոս, Գարեգինն է լինելու: Իշխանության նախապատվությունը բացահայտորեն Գարեգին Ա-ի կողմն էր՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը կար, որ նա կրթյալ, բանիմաց, հեղինակավոր հոգեւորական է հայ կյանքից ներս ու միջազգային ասպարեզում եւ արժանավորագույն անձերից է Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռին բազմելու: Կար մտայնություն, որ նրա ընտրությամբ կաթողիկոսական երկու տների միավորման պատմական հնարավորություն կստեղծվի: Դա, իհարկե, պատրանք էր: Ընտրությունների նախապատրաստությունը լուսաբանելու համար ես հաճախակի էի լինում Էջմիածնում, նաեւ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Հարցազրույցը Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնվեց նախագահի տեսակետը, ես չէի կարող չպարզել՝ կհանի՞ նա թեկնածությունը հավասար ձայների դեպքում: Նորից գնացի առաջնորդարան եւ ստացա հստակ պատասխան. «Եթե Գարեգին կաթողիկոսը եւ ես հայտնվենք իրար կողքի ընտրության մեջ, ես իմ թեկնածությունը կհանեմ: Գարեգին Երկրորդն ինձ համար օծյալ Հայրապետ է, արժանավորագույն անձ եւ որոշակի առումով ես չեմ կարող արդարացնել իմ հոգու առաջ, որ կարող եմ ընտրապայքարի մեջ մտնել Հայոց օծյալ Հայրապետի հետ: Կարծում եմ՝ նրա աջը պիտի հովանի լինի մեր ժողովրդին եւ առաջնորդի անշեղորեն իր երազների ցանկալի ափը՝ առաջնորդությամբ հոգեւոր ու պետական առաջնորդների: Սակայն հիշենք, որ այս աթոռը փառքի ու ծառայությանց աթոռ է՝ եթե չծառայես, փառքը կորցնում է իր իմաստը»:

Տարօրինակն ու խորհրդանշանականը կատարվեց հետո՝ 1995-ի մարտի 12-ին հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում, վերնագիրը՝ «Եթե Գարեգին կաթողիկոսը եւ ես հայտնվենք իրար կողքի ընտրության մեջ, ես իմ թեկնածությունը կհանեմ», դրվել էր ռաստրի մեջ՝ ընդգծելու նպատակով, եւ… տպարանում տպագրության պահին անհետացել էր: Հարցազրույցը թերթում հայտնվել էր անվերնագիր՝ սոսկ ռաստրի ֆոնով: Երբ թերթը ձեռքիս մտա խմբագրի՝ Այդին Մորիկյանի առանձնասենյակ՝ պատրաստված բովանդակալից ու մանրամասն ելույթի, նա կարճ կտրեց.

-Տպարանում վերնագիրը կորել է, ուրեմն Աստծո կամքն է, որ ոչ այդ վերնագիրը լինի, ոչ այդ ընտրությունը:

1995-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն ընտրվեց ամենայն հայոց, ու պաշտոնավարեց ընդամենը 4 տարի… 1999-ի հոկտեմբերի 27-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոս: 132-րդը:   

***

2000-ի դեկտեմբերի 23-ին «Հայաստանի Հանրապետությունում» տպագրվեց իմ հարցազրուցը Վեհափառի հետ՝ Երեւանի մասին, որ արել էի Երեւան-Սեւան-Երեւան ճանապարհին.

-Ի՞նչ է Երեւանը Ձեզ համար:

-Երեւանը մեր ժողովրդի սիրտն է, որ արյուն է մատակարարում՝ պայմանավորելով նրա գոյությունը եւ լինելությունը: Երեւանը ուժ է, զորություն է, ոգի է: Երեւանով մենք զորանում ենք ու պայմանավորում ենք մեր կյանքի վաղվա օրը:

-Չե՞ք կարծում, որ Երեւանին մայրաքաղաք լինելու համար ինչ-որ կարեւոր բան է պակասում:

-Ընդհանուր դժվարին, ծանր պայմաններում, անշուշտ, լիարժեքորեն չի ապրում Երեւանը, իր հոգեւոր, մշակութային, գիտական, կրթական ամբողջական կյանքով, եւ դա, բնականաբար, անդրադառնում է քաղաքի ամբողջական ընկալման վրա: Երեւանը իր զարգացման ճանապարհին էր, եւ բոլորիս էլ հասկանալի է, որ այդ ճանապարհին մի տեսակ կանգ առավ: Մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք, ոգի գտնենք եւ մեր իղձերի, մեր երազների Երեւանը կառուցենք:

-Չէի՞ք ցանկանա, որ Երեւանը նաեւ հոգեւոր մայրաքաղաք լիներ:

-Կցանկանայի, որ ամբողջ Հայաստանը հոգեւոր կենտրոն դառնար: Անկարելի է Երեւանով փոխարինել Էջմիածինը: Անփոխարինելի է Էջմիածինը, մեր ժողովրդի սրբության սրբոցն է:

-Այս պահին ծնված երեւանցուն ի՞նչ պիտի մաղթեիք:

-Նորածին երեւանցուն՝ վարդագույն բերկրանք հոգում եւ այդպիսի ժպտացող կյանք, որպեսզի կարողանա բոլոր հոգսերից թեթեւացած՝ ապրել լիարժեք ստեղծագործական կյանքով, հայրենաշինությամբ լի կյանքով:

-Ո՞ր փողոցն եք սիրում Երեւանում ամենից շատ:

-Աբովյանը, որ գեղեցիկ է եւ պատմական իր արժեքով:

-Ճիշտ չէ՞ր լինի Աբովյանը երթեւեկության համար փակել:

-Եթե երթեւեկության ծանրաբեռնվածությունը թույլ տալիս է, լավ կլինի, որ հատկապես Թումանյանից մինչեւ Հանրապետության հրապարակ տարածքը հետիոտնային լինի եւ ավելի բարեհաճ տեսք ունենա:

-Երեւանի նկատմամբ Ձեր վերաբերմունքը՝ մեկ բառով:

-Նախ՝ անշուշտ սեր: Հետո պիտի առանձնացնեի ձեռակերտ շենքերի ճարտարապետությունը:

-Ամեն քաղաք ունի իր առասպելը, իր խորհրդանիշը, Երեւանի խորհրդանիշը ո՞րն է:

-Թերեւս՝ երիտասարդությունը, որ ավելի տիրող է ու աչքի է ընկնում քաղաքում: Քաղաքն ավելի հրապուրիչ է երիտասարդության համար:

-Աշխարհի տարբեր քաղաքներից ի՞նչ զգացումով եք Երեւան վերադառնում:

-Հարազատության՝ տան, օջախի, մտերիմների կարոտի: Նաեւ՝ ուրախության:

-Աշխարհի ո՞ր քաղաքում կցանկանայիք ապրել:

-Արդեն ընտրել եմ: Էջմիածնից բացակայելիս վայրկյան առաջ ուզում եմ վերադառնալ: Դա ուրիշ ապրում է, ուրիշ զգացում: Հոգուդ մեջ Աստված է բարձրանում ամեն անգամ, երբ մտնում ես Էջմիածին:

-Դուք երկար տարիներ ապրել եք Երեւանում, հիմա ապրում եք Երեւանից դուրս, ո՞րն է երեւանցու ֆենոմենը:

-Երեւանը միշտ ինձ համար սիրելի է եղել իր երիտասարդական շնչով եւ իմ գործունեության ուղղվածությունը Երեւանում Արարատյան հայրապետական թեմում 16 տարիներ եղավ երիտասարդության հետ աշխատանքը: Մեզ բոլորիս պակասում է մշակույթը, երաժշտական, թատերական կյանքը պիտի վերադառնա մայրաքաղաք:

-Գուցե մթնոլորտի պակա՞սն է տիրականը:

-Թերեւս հոգեբանության պակասն է մեզ վնասում, հոգեբանությունն է մթնոլորտ ձեւավորում: Ես չեմ կարծում, որ միջոցները այս աստիճան մեծ դերակատարություն ունեն: Ընդհանուր հոգեբանություն է ձեւավորվել, մտայնություն, որից պիտի ձերբազատվենք եւ զարկ տանք ոգուն, կամքին, արիությանը՝ վերանորոգելու մշակութային կյանքը: Այսօր ես ընդհանուր ծուլություն ու թմրություն եմ տեսնում, անտարբերություն, տքնելու, ոչնչից ինչ ստեղծելու կամքը բացակայում է:

-Մենք բոլորս սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր հարցերին մեր պատասխանները մեր փոխարեն կտա: Մենք բոլորս սպասող ենք, տեր չենք:

-Պետք չէ սպասել: Պետք է ապրել կյանքը: Պետք է նախաձեռնող լինել, դեռ երբեք անտարբերությունը հեռանկար չի ծնել: Մենք ամեն ինչ կապում ենք միջոցների, վիճակի հետ, բայց մենք պիտի տերը լինենք, մենք պիտի վիճակները ուղղորդենք, թելադրողը մենք պիտի լինենք: Երբ տեր ու իշխան ենք, այդ ժամանակ է գործն առաջ շարժվում:

***

2000-ի դեկտեմբերից առաջ եղել էր 1995-ի հունվարը, երբ ես Վազգենյան դպրանոցի ուսուցիչների հետ էի Սեւան գնացել ու ամբողջ օրն անցկացրել նրանց ու նրանց սաների հետ: Երեկոյան եկավ Սրբազանը՝ տարեմուտի հանդեսին, ու ինձ հետ հաճույքով զրուցող սաները վազեցին ներս՝ «Հրաշափառը» երգելու: Քառաձայն երգչախումբը թնդում էր, ու ես մտածում էի՝ Տեր Աստված, ախր երեխաներ են, սովորական, ոչնչով աչքի չընկնող երեխաներ, հազիվ ծլարձակող բեղ-մորուքով տղաներ առանձին-առանձին, բայց երբ երգում են, բոլորը մեկ են, բոլորը ուժ են, հզոր, մեկ ու միասնական ուժ, որ լճի, կղզու, տաճարի պես նյութական են դարձնում Ոգեղեն Խոսքն ու Հավատի Ուժը: Գարեգին Սրբազանի օրհնությամբ սկսված հանդեսը երգ ու արտասանությամբ ծավալվում էր, ոգեւորությունը հասավ գագաթնակետին, երբ հնչեց ճեմարանի ոչ պաշտոնական հիմնը՝ «Արձակուրդ մենք չենք ուզում».

Առավոտից իրիկուն գրեչկա ենք մենք ուտում,
Իսկ եթե տոն է լինում, կալբասով սուպ ենք ուտում,
Սրբազան ջան, Սրբազան, ոչ դատ կա, ոչ դատարան,
Երբ գալիս ես ճեմարան, հանում ես մի քանի սան:

Սրբազանը ժպտում է, ու մեկ էլ աչքերը կորչում են ծիծաղի մեջ, պոռթկում է քրքիջը բոլորից բարձր: Ու ես հասկանում եմ՝ ինչու՞ էին սաներն ամբողջ օրը սպասում նրան, որ Սեւանում ոչ միայն Սրբազան Հայր է, այլեւ՝ եւ սրբազան, եւ հայր: «Ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գոտեպնդված հավատով պիտի հաղթահարի ամեն մի դժվարություն, իր հիմնական նպատակադրումն ունենալով ժողովրդին ծառայելը: Ես հավատում եմ, որ իրապես այս կամարների տակից կելնեն նվիրյալներ, գիտակից իրենց կյանքին, աշխատանքին, ծառայությանը: Ես հավատացած եմ, որ այս ամենը ի կյանս կկատարվեն սիրով ու հավատով»՝ հրաժեշտին ասում է Սրբազանը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ այդ ժամանակ:

***

Ավելի վաղ՝ 1995-ի հունվարի սկզբին «Հայաստանի Հանրապետութիւն»-ի «Հանդիպում» հավելվածում հարցազրույցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին հարցրել էի.

-Տասնամյակներ պարտադրաբար, թե մեր կամքով՝ կտրված էինք եկեղեցուց, ու հանկարծ բոլորս, կարծես թե, հավատացյալ դարձանք: Իրակա՞ն է այս դարձը, ի՞նչ է անում եկեղեցին դարձը իրոք վերադարձ դարձնելու համար:

-Հավատը կրողն է կյանքի: Հավատը պետք է ապրելու համար: Հավատը շնորհ է աստվածային ի վերուստ մարդու հոգու մեջ բնակեցված: Հավատով է լինում ամեն ինչ եւ առանց հավատի չի լինի ոչինչ: Հավատն էր հիմքը նաեւ մեր ազգային վերազարթոնքի, որը անպայմանորեն եւ բնական կերպով ծնեց հոգեւոր վերազարթոնքը: Սակայն հավատքը, որքան էլ խոր, այդուհանդերձ, մեր ժողովրդի մեջ կրում է առավելապես ավանդականության շեշտ: Եվ բնականորեն եկեղեցու առջեւ այսօր ծառացած կարեւորագույն խնդիրը հոգեւոր-կրթական, դաստիարակչական, քարոզչական աշխատանքն է: Առաքելական նման ծավալի գործունեության իրականացումը ոչ միայն ժամանակի եւ միջոցների, այլեւ՝ լուրջ բարեփոխումների եւ եկեղեցու համակարգում անհրաժեշտ նոր կառույցների ստեղծման խնդիր է: Ներկայիս կրթադաստիարակչական եւ քարոզչական աշխատանքները կատարվում են, սակայն չենք կարող նկատել բավարար եւ լիարժեք: Դարձը իրական է, իսկ անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է անհոգնաբեկ, նվիրյալ աշխատանք: Թերացումի հետեւանքը չի լինելու անաստվածություն, այլ՝ մարտնչող ու մոլեռանդ աղանդավորություն: Վճարվող փրկագինը եկեղեցու համար լինելու է թանկ ու բազմաբովանդակ:

-Եկեղեցին պասի՞վ չէ աղանդավորների դեմ պայքարում:

-Եկեղեցին գործում է ներկայիս իր հնարավորությանց ու կարողությանց սահմաններում: Եկեղեցին պետք է լավագույնս օգտագործի մամուլի, տեղեկատվության, հրատարակչական հնարավորությունները՝ իրագործելու համար իր առջեւ դրված խնդիրները:

-Չե՞ք կարծում, որ միայն քարոզչությամբ հնարավոր չէ աղանդների առաջն առնել: Դա նաեւ տնտեսական հենք ունեցող խնդիր է: Մարդկանց հոգին առնում են, երեւի կոպիտ կհնչի, ատամոքսով կամ գրպանով:

-Բնորոշումը շիտակ է մասամբ: Անտեսելով ընչաքաղցերի պարագան, ասենք, որ իրապես ծայր աղքատության մեջ հայտնված որոշ մեր հայրենակիցներ, հաճախ սեփական խղճի ձայնը խլացնելով, հանուն օրվա հացի, հետեւորդ են դառնում այլազան աղանդների: Բնական է, պետք է սնել մարմինը եւ հոգալ նրա կարիքները, բայց առավել կարեւոր է անսալ հոգու պահանջներին եւ հասկանալ ու գիտակցել, որ աստվածամերժ եւ ազգակործան աղքատությունը մարմնավորը չէ, այլ՝ հոգեւորը: Ահա թե ինչու մեր հայրերը նախընտրել են հոգին առավել, քան՝ մարմինը, որդեգրելով «Հոգին է կենդանարար» քրիստոսապատգամ բանաձեւը որպես խորհուրդ գոյության ու հարատեւության: Աղանդների խնդիրը կրոնական չէ միայն, այլեւ՝ ազգային ու պետական:

***

1998, դեկտեմբերի 24. «ՀՀ».

-Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը 2000-ին ու հետո՝ Ձեր պատկերացումով:

-Պիտի ունենանք ամբողջապես քրիստոնեացած Հայաստան: Հրաշք պիտի կատարվի: Մեր ժողովրդի գիտակցության մեջ պիտի վերակենդանանա իր հայրերի սրբազան հավատքը եւ անդրադարձը իր պատմությանը: Հայ մարդը պիտի իրեն ժառանգն զգա սպարապետ Վարդան Մամիկոնյանի, որ հայտարարում էր, թե քրիստոնեությունն իր մաշկի գույնն է: Քրիստոնեական հոգեւոր կյանքի կերտումը, քրիստոնեական հավատքի ներարկումը հայ հոգուց ներս, հայ օջախներից ներս չպետք է դիտել միայն եկեղեցու ու եկեղեցականի առաքելություն: Յուրաքանչյուր հայ հավատացյալ պետք է նախանձախնդրություն հանդես բերի եւ աշխատանք ծավալի, որպեսզի իրապես հրաշք տեղի ունենա: Ես հավատում եմ, որ Աստված պիտի գործի մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի միջոցավ:

Շարունակելի

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին