Տիգրան Լևոնյան. Ամեն արվեստագետի մեջ մի փոքրիկ գառնուկ է մայում - Mediamax.am

Տիգրան Լևոնյան. Ամեն արվեստագետի մեջ մի փոքրիկ գառնուկ է մայում
2158 դիտում

Տիգրան Լևոնյան. Ամեն արվեստագետի մեջ մի փոքրիկ գառնուկ է մայում


Այն ժամանակներում, երբ հնարավորություն ունեի նրան հաճախ հանդիպել, ինձ համար պարզապես գեղեցիկ տղամարդ էր, որ սիրում էր տպավորություն թողնել: Մեր առաջին հանդիպմանը՝ թատրոնում, երբ գնացել էի հարցազրույցի, «Բարև ձեզ»-ին հաջորդած մի քանի բառից հետո նա ինձ ապշեցրեց՝ խոսակցության ենթատեքստից դուրս հայտարարելով. «Համեստությունը պոռնկություն է»: Հենց այդպես՝ առանց նրբասացության: Ինձ մնում էր հարցնել՝ ի՞նչ կապ ունի, բայց հարցրի. «Ձեր շրջապատում շա՞տ են պոռնիկները»: Սիրալիր ժպիտը ջնջվեց միանգամից ու… անցանք հարցազրույցին՝ առանց թեմայից շեղվելու:

***

1996-ին ես, թերևս, դեռ երիտասարդ էի՝ հասկանալու ողբերգությունը տաղանդավոր տղամարդու, ում բոլորը նախ համարում էին Գոհար Գասպարյանի ամուսինը, հետո՝ տենոր, հետո՝ օպերային ռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Ինձ համար երջանկությունը երջանկություն էր՝ կամ կար, կամ՝ չկար: Երջանկություն էր, որ բեյրութցի 10 տարեկան տղան՝ 1946-ին ծնողների հետ հայրենադարձվելով, սովորել է Երևանի թատերական ինստիտուտում, ավարտել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը, ուսանել է Երևանի կոնսերվատորիայում ու Միլանի Լա Սկալայում կատարելագործվել:



Ինձ համար նա Տիգրան Լևոնյանն էր, ու դա միանգամայն բավարար էր՝ հանդիպելու ու հարցեր տալու: Որովհետև առանց Գոհար Գասպարյանի էլ՝ երջանկություն էր Տիգրան Լևոնյան լինելը՝ Սարոյի (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Մանրիկոյի (Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր»), Օթելլոյի (Ջուզեպե Վերդիի «Օթելլո») դերերգերը կատարելը, Ջոակինո Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ն, Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո-Սանը»,  Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղան», Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոսը», Արմեն Տիգրանյանի «Անուշը», Ջուզեպե Վերդիի «Օթելլոն», Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացները» բեմադրելը: Ես թատերագետ չէի, ոչ էլ օպերային երաժշտության գիտակ, որ գնահատեի նրա բեմադրությունների մակարդակն ու տենորի նրա որակները, առավելևս՝ ասեկոսեների սիրահար չէի, որ հրապուրվեի նրա շուրջ հյուսվող ինտրիգներով: Ես շնորհակալ հանդիսատես էի, որ թատրոն գնալուց առաջ կարող էր գիշերը չքնել, որովհետև հանդիպելու էր երաժշտության ու թատրոնի անանց կախարդանքի հետ: Եվ Տիգրան Լևոնյանը մարդ էր, որ ստեղծում էր այդ կախարդանքը:

***

Ու երբ 1996-ի հունիսի 25-ին հանդիպեցի նրան («Հայաստանի Հանրապետութիւն»- ում հունիսի 29-ին տպագրվեց «Մենք պիտի փրկենք չափանիշները, որ չափանիշները փրկեն մեզ» հարցազրույցը), պարզապես հարցրի. «Ո՞րն է մտավորականի դերը հասարակության կյանքում»:

- Այսօր մտավոր ու հոգևոր մեծ հեղաշրջումների ժամանակ է, բնականաբար, նաև մեծ դադարների՝ ներքին, մտավոր ու հոգևոր լճացումների: Այնուամենայնիվ, հիասթափությունը միշտ երաշխիք է նոր գաղափարի ծնունդի, ուրեմն և այսօրվա դադարը նաև նոր կուտակումների պահ է: Բայց այսօրվա մեջ միշտ մտնում ենք երեկվանից՝ մտավորական-հասարակություն փոխհարաբերությունը երկար ժամանակ փակուղու մեջ էր: Առհասարակ շաբլոնը միշտ փակուղի է: Թերևս շաբլոնն իր հետաքրքիր ու խանգարիչ գաղափարախոսությունն ուներ: Տասնամյակներ պաշտոնական մամուլն ու կինեմատոգրաֆը ստեղծում-հրամցնում էին կիսացնդած պրոֆեսորի, կյանքից կտրված, անպայման ինչ-ինչ բարդույթներով տառապող կաբինետային գիտնականի շինծու կերպար: Մտավորականն անպայման պիտի սովորեր բանվորից, կոլխոզնիկից, իր դեմքն ու անհատականությունը չպիտի ունենար: Ժողովրդին մատուցում էին մտավորականներին հակադրվող շատ առողջ, բութ ու քառակուսի դրական հերոսներ, որոնք անվերապահ ծառայում էին իրենց ղեկավարներին, կուսակցության մեծ գործին: Բազմաթիվ այդպիսի ֆիլմեր ստեղծում էին պատեհապաշտի կերպար: Դուք, իհարկե, հիշում եք 20-30 տարի առաջվա հերոսներին՝ ալյոշա-նատաշաներին, որ նույնիսկ արտաքուստ կոշտ ու կոպիտ, ՙհասարակ՚ պիտի լինեին: Ժողովրդին հմտորեն ներշնչվում էր արվեստագետի ու արտիստի ոչ կուսակցական, պորտաբույծ ձրիակերի, կյանքում մոլորված մեկի պատկերացումը: Խեղաթյուրվում էր մտավորական հասկացությունը՝ խեղաթյուրելով մտավորական-հասարակություն հարաբերությունը: Այսօր ակունքներին վերադառնալու ժամանակն է, մտավորականը պիտի վերադառնա ազգի պայծառ լուսատուն լինելու նախնական առաքելությանը: Բայց և հաճախ չի կարողանում:

-Ինչու՞:

- Ինչու մեր պայծառ լուսատուներն առանձնապես լույս չե՞ն տալիս: Բոլորս տասնամյակներով սովորել էինք առաջնորդվել Կենտկոմի որոշումներով, ասենք, այս տարին երիտասարդության հետ աշխատելու տարի է՝ հարյուրավոր երիտասարդներ գործուղվում էին Մոսկվա, մայթեր մաշելով մի քանի տարուց վերադառնում՝ վկայականները գրպանում: Ու վերջ: Կենտկոմի որոշումներով ապրելու հանգամանքը, որ խեղդում էր ինքնուրույն մտածողությունը ու գործողության նախաձեռնությունը, անհատին դարձնում զանգված, եսը՝ մենք, դեռ չհաղթահարված սինդրոմ է: Մտավորականը այսօր կարիք ունի ինքնամաքրման, հետադարձ հայացքով ինքնագնահատման, ինքնաճանաչման: Կոմունիստական գաղափարախոսությունը արվեստում ծնեց ենթատեքստ հասկացությունը՝ թատրոնները սկսեցին աշխատել՝ շեշտելով ենթատեքստը՝ «Ասանկ կըսեմ, անանկ հասկցի»: Այսօր դա արդեն իր դարն ապրել է: Փաստորեն սոցռեալիզմի զառանցանքային արվեստ գոյություն չի էլ ունեցել: Մենք ստեղծել ենք արվեստի սքանչելի գործեր, բայց ի հեճուկս այդ մեթոդի: Հայ ժողովրդի հանճարը երբեք չի ցամաքել և չի ցամաքի: Ի վերջո, նաև դիմադրությունն է ծնունդ տալիս մեծ գաղափարների:

-Դուք քաղաքականությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես, իհարկե, քաղաքական գործիչ եմ: Եվ իրագործում եմ Հայաստանի մշակույթի կարևորագույն, գուցե նաև ամենաբարդ ճյուղի՝ օպերայի և բալետի թատրոնի ազգային քաղաքականությունը, ձգտում եմ աշխարհի բազմերանգ մշակույթի մեջ նրա տեղի, դեմքի, էության ու նկարագրի բյուրեղացմանն ու կատարելությանը: Իմ քաղաքականությունը մշակույթն է, որ ազգի գերագույն քաղաքականությունն է: Որևէ ազգի մշակույթը նրա թե քաղաքականության, թե քաղաքակրթության վկայագիրն է: Իսկ հայ ժողովուրդն ամբողջությամբ քաղաքականության մեջ է:



-Չե՞ք կարծում, որ քաղաքականությունը հասարակությանը բևեռացնում է, հակադիր լիցքերով հատվածներ են ստեղծվում՝ անխուսափելի բախման հեռանկարով:

-Ոչ, ճշմարտությունը, ճշմարիտ արվեստը միշտ ներդաշնակության են հանգեցնում: Միմյանց բացառելը նույնպես ներդաշնակության դրսևորում է: Հակադրությունները, իրարամերժ գործոնների համակեցությունը վկայում են զարգացման որոշակի մակարդակ:

-Դուք ուզու՞մ եք ասել, որ կրակն ու ջուրը համատեղելի՞ են մեկ անոթում:

-Այդպես է: Հապա աշխարհը ինչի՞ց է բաղկացած: Պարոնյանին հիշեցնեմ. «Աշխարհը հողից ու ջրից է բաղկացած»,- բացատրում է ուսուցիչն աշակերտներին, ապա ցրված սաներից մեկին հարցնում. «Հակոբիկ, ինչի՞ց է բաղկացած աշխարհը»: «Ցեխե, էֆենդի, ցեխե»,-պատասխանում է աշակերտը: Սա բառախաղ չէ բնավ: Բնականաբար, արվեստի չափանիշը տիեզերքի էությունն է՝ կրակի ու ջրի ներդաշնակությունը, իրականի ու անիրականի բազում իրարամերժ գործոնների համակեցությունը: Ներդաշնակության հիմքում քաոսի գաղափարն է:

…Ու քանի՞սս ենք այսօր պատրաստ սա ընկալել:  

***

Հարցրի՝ ո՞րն է արվեստի խնդիրը:

-Արվեստի գերխնդիրը մարդուն իդեալ տալն է, երջանկության ու դժբախտության մեջ նրան արժանապատիվ կյանքով ապրեցնելը: Գլխավորը բարձրագույն արվեստն է, ոչ թե բարձրագույն ճարպկությունը: …Մաեստրո Քոչարն ասում էր. «Եթե Աստված քեզ տաղանդ է տվել, ինքն էլ հոգ կտանի, որ այդ տաղանդը չկորչի, իսկ եթե կորավ, ուրեմն այնքան էլ մեծ տաղանդ չի եղել»: Ամեն արվեստագետի մեջ մի փոքրիկ գառնուկ է մայում, որ կանխազգում է իր վախճանը: Դա սարսափն է հազարգլխանի վիշապից՝ տգետ պաշտոնյայից, որ կարող է քեզ մեկ րոպեում ոչնչացնել:



***

 -Ո՞վքեր են հայերը:

-Օ… Բոլոր հայերը գիտեն՝ ինչպես կառավարել երկիրը և համոզված են, որ իրենք երկրի ղեկավարի տեղում կարող էին լինել, ուղղակի չստացվեց: Դա խորապես անպարկեշտ պահվածք է: Գենետիկորեն հայերս անհատապաշտ ենք, եսակենտրոն, պետականության բացակայությունը դարերով բոլորիս դարձրել է միայն ինքնիշխան, բայց միշտ՝ կորցնելով մեր արքային, մենք պարտվել ենք:

-Թե՞ հակառակը՝ այդպիսին ենք, որ պետականություն չենք պահել:

-Այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի, բայց հիմա պահելու ենք: Ոչ ոք մեր փոխարեն չի անի մեր գործը, չի ապրի մեր կյանքը, մենք բոլորս զարմանալի գեղեցիկ ու զարմանալի բարդ մարդիկ ենք:

***

1995-ին՝ Սահմանադրության հանրաքվեից առաջ Տիգրան Լևոնյանին հարցրել էի՝ հանուն ինչի՞ է քվեարկելու:

-Երկար տարիներ մենք ուրիշ երկրի քաղաքացի ենք եղել, ուրիշի պարտադրած օրենքներով ենք շարժվել: Եվ հիմա, երբ պետք է ժողովրդական հանրաքվեով մեր կողմնորոշումը ճշտենք ՀՀ Սահմանադրությանը, մշակույթի ու արվեստի մարդ լինելուց առաջ երկրի քաղաքացու մեր կերպարն ենք պարզելու: 5-6 տարի առաջ, երբ դուրս էինք գալիս հրապարակ, ինչ-որ բանի դեմ էինք, իսկ այսօր արդեն ինչ-որ բանի հաստատման համար ենք դուրս գալու, այսինքն՝ մեր երկրի ինքնության ճանաչման, մեր երկրի օրենքներով ապրելու համար ենք քվեարկելու:

…2005-ին ու 2015-ին մենք արդեն կորցրել էինք այս չափանիշները, և չկային նրանք, որ կարող էին հիշեցնել:

***

…Ես չգիտեմ՝ ինչու՞ նա այդքան վաղ հեռացավ՝ 2004-ի հունիսի 25-ին, ընդամենը՝ 68 տարեկանում, երբ դեռ կարող էր երգել ու երգել, կարող էր բեմադրել ու բեմադրել: Երևի պարզապես սպառվել էր կենսական էներգիան, որից հետո են սկսվում տարբեր հիվանդությունները, բայց միշտ մտածել եմ, որ նա չպիտի մենակ թողներ Գոհար Գասպարյանին…

Կարդացեք նաեւ. Գոհար Գասպարյան. Ուշաթափվում եմ հայ լինելու երջանկությունից

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին