Գոհար Գասպարյան. Ուշաթափվում եմ հայ լինելու երջանկությունից - Mediamax.am

Գոհար Գասպարյան. Ուշաթափվում եմ հայ լինելու երջանկությունից
2713 դիտում

Գոհար Գասպարյան. Ուշաթափվում եմ հայ լինելու երջանկությունից


Իմ բազում-բազում հարցազրույցներում ես, իհարկե, տվել եմ եւ … հիմար հարցեր: Հաստատ՝ ոչ միտումնավոր, պարզապես խոսակցության ընթացքում ստացվել է այդպես: Հիմա չեմ հիշում իմ բոլոր հիմար հարցերն իրենց պատասխաններով: 35 տարի անց էլ հիշում եմ Գոհար Գասպարյանի արտահայտիչ աչքերը, որ իմ հարցի հետ լցվեցին արցունքներով: Գնալ տուն ու 71 տարեկան կնոջը լացացնել, մեղմ ասած, շոկ էր, որ հիմա էլ չի անցել: Թեեւ ես այնքան էլ մեղավոր չէի, իսկ գուցե եւ մեղավոր էի, որ հարցազրույցից առաջ չէի ուսումնասիրում այն մարդկանց անձնական կյանքը, ում հարցեր էի տալիս ու ակնկալում անկեղծ պատասխաններ:

Անձնական կյանքը ինձ համար միշտ տաբու է եղել, ուր չի կարելի խցկվել եւ պետք չէ հրապարակայնացնել: Չի կարելի, ու՝ վերջ: «Մեղմացուցիչ դեպք հանցանաց» էր, որ հարցազրույցը դեռ չէինք սկսել: Գոհար Գասպարյանը իր անկրկնելի գեղեցիկ ձեռքերով թերթում էր լուսանկարների ալբոմները ու ինձ տալու նկար էր ընտրում, սիրունատես մի կին շատ հոգատար սեղանին շարում էր մրգեր, քաղցրավենիք, սուրճ ու անընդհատ հարցնում էր նրան՝ ինչի՞ կարիք ունի: Այնքան հոգատար ու քնքուշ էր հարցնում, որ հերթական հարցից հետո ես հարցրի Գոհար Գասպարյանին.

-Ձեր աղջի՞կն է:

- Իմ զավակս մեռավ,-ասաց նա ու աչքերից գլորվեցին աչքերից էլ մեծ արցունքները:

Երբ հյուրասենյակ մտավ Տիգրան Լեւոնյանը՝ կնոջը տեղեկացնելու, որ թատրոն է գնում, պատկերը տարօրինակ էր՝ կինը լաց էր լինում, ես իմ սպիտակ զգեստի վրա էի շրջել սուրճի բաժակը ու անկապ խոսում էի՝ կներեք, ես չգիտեի, ու… չգիտեմ ինչ:

- Անուշս, ի՞նչ է եղել,-հարցրեց Տիգրան Լեւոնյանը կնոջը ու շրջվեց դեպի ինձ,-նոր եկաք ու հասցրիք նեղացնե՞լ:

-Անիկա մեղք չունի, ջանըմ, սիրտս նվաղեց, դուն ճամփեդ գնա:

Տիգրան Լեւոնյանը նստեց ու սկսեց ուշադիր նայել՝ մեկ կնոջը, մեկ ինձ, որ արդեն նույնպես լաց էի լինում:

-Է, ինչպե՞ս գնամ, երբ երկուքով նստել կուլաք: Մարդ Աստծո, ըսե հասկնամ՝ ինչ է եղեր:

Ու… Գոհար Գասպարյանը ամուսնուն բացատրեց, որ երիտասարդ օրերի լուսանկարները նայեց՝ սիրտը լցվեց, քանի մը կաթիլ արցունք թափեց:

-Լավ, Դուք ինչու՞ եք լաց լինում, կուզե՞ք՝ Ձեր հագուստները հանեք, խալաթ հագեք, մինչեւ հարցազրույցն անեք, կչորանան,-դեպի ինձ դարձավ Տիգրան Լեւոնյանը:

-Ոչ, արդեն անձեռոցիկով մաքրեցի, ոչինչ, ուղղակի իմ լացն էլ եկավ,-չիմացա՝ ինչ ստել ես:  

-Հիմա, որ ես գնամ, լաց ու կոծը չի՞ շարունակվի,-հարցրեց նա երկուսիս էլ կասկածով նայելով:

-Չէ, ջանըմ, ինչ լաց ու կոծ, ի՞նչ կըսես, մենք գործ ունինք, աշխատենք պիտի, դուն հանգիստ գնա,- վստահեցրեց Գոհար Գասպարյանը ու հավելեց,- դեղդ առի՞ր, ե՞րբ կգաս:  

***

Ու ինձ դեմ հանդիման նստած է մի կին, որ ծնվել է հեռու Եգիպտոսում՝ Նեղոսի ափին, աշխարհի եզակի կոլորատուրային սոպրանոներից մեկը, Ստալինյան մրցանակի ու Լենինի շքանշանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, կոնսերվատորիայի պրոֆեսոր… Մեկը, որ 24 տարեկանում հրավեր է ստանում Լա Սկալայում երգելու, բայց մերժում է ու Եգիպտոսից հայրենադարձվում Հայաստան: Մեկը, ում դերացանկում 23 օպերաների գլխավոր դերերգեր կան: Մեկը, ում ծափահարել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում,  Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում… Իբրեւ «Հայաստանի սոխակ»՝ օվացիաների է արժանացել Նյու Յորքի Կառնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում… Հայ ու համաշխարհային օպերային պատմական դերացանկ՝ Անուշ (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Շուշան (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Օլիմպիա (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Կարինե (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ջոակինո Ռոսինիի «Սեւիլյացի սափրիչը»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Լակմե (Լեո Դելիբի «Լակմե»), Լյուչիա (Գայետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա (Վինչենցո Բելլինիի «Նորմա»), Վիոլետա (Ջուզեպե Վերդիի «Տրավիատա»), Ջիլդա (Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետտո»), Մարֆա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»)…

Մեկը, որ ազատ խոսում ու երգում է հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն։ Մեկը, որ իր անունով աստղ ունի տիեզերքում… Հայրը եղել է Կոմիտասի սաներից, տիկին Գոհարը դուրս է գալիս հյուրասենյակից ու վերադառնում խունացած նոտագրերով, որ գլանված ու ժապավենով կապված են՝ «Ասիկա Կոմիտասը իր ձեռքով գրած է»: Ես նույնիսկ վախենում եմ ձեռք տալ նոտագրերին, որ նա ձեռքով հարթում ու փռում է սեղանին.

-Նայիր, ինչ գեղեցիկ է, ասիկա իմ թալիսմանս է:

***

- 24 տարեկան էի, եկա Երեւան: Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր՝ փառահեղ երաժիշտ ու փառահեղ մարդ: Երբ ներկայացա ունկնդրության, ասաց՝ մի բան երգիր: Սկսեցի օպերային այն արիաները կատարել, որ այստեղ չէին երգում, բայց ես սովորել էի Եգիպտոսում: Երբ երրորդ օկտավի լյա ու սի էի վերցնում, Թավրիզյանն ասում էր. «Ի՞նչ ես անում, քո կրկեսային համարները ինչպե՞ս օպերա մտցնենք»: Իմ խնդրանքով նոր օպերաներ բեմադրեցինք: Առաջինը  «Լակմեն» էր: Հետո՝ «Ռիգոլետոն», «Տրավիատան», Հոֆմանի «Հեքիաթները»: Արվեստը միշտ անսպասելին է, եւ անսպասելին է միշտ առաջ մղում:

***

Իմ «Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը» հարցին Գոհար Գասպարյանը պատասխանում է.

-Եթե կուզեք իմանալ՝ արվեստը հենց քաղաքականություն է, որովհետեւ գործունեության այն տեսակն է, որի նպատակը մարդկանց այս կամ այն գաղափարը, հույզը, տրամադրությունը ներշնչելն է: Երբ Երեւանում են գտնվում աշխարհի շատ երկրների դեսպանատներ, նրանց ներկայությունը պարտավորեցնում է մեզ իրենց երկրներին հավասար արվեստ ունենալ: Առաջ մենք չափազանց կաշկանդված էինք: Ինչ Մոսկվան ասում էր՝ օրենք էր: Իմ փորձով գիտեմ: Նույնիսկ մեր դերացանկն էր Մոսկվան հաստատում: Արտասահմանում ինձ հարցնում էին՝ ո՞ր օպերան եք ներկայացնում: Ասում էի՝ Հայաստանի: «Բայց մեզ ասել են, որ Դուք Մեծ թատրոնից եք»: «Ոչ» ասում էի: Եթե հայրենիքդ Սովետական Միությունն էր, թատրոնն էլ Մեծ թատրոնը պիտի լիներ, բայց ես հայ էի, իմ թատրոնն ունեի, իմ անունը իմ երկրի պատմության հետ էր: Արվեստագետի քաղաքականությունը իր արվեստն աշխարհին ներկայացնելը եւ իր արվեստին տեր լինելն է:

***

-Մշակութային կյանքի Ձեր գնահատականը:

-Մշակութային կյանքն իր բնականոն զարգացման մեջ է, եթե անտեսենք որոշ խառնիճաղանջությունը, կյանքի ընդհանուր անորոշությունը: Իհարկե, ամեն արվեստագետ ինքն իրեն հանճարեղ է համարում, բայց հավակնությունները՝ հավակնություններ, իսկ կյանքն իր ճշմարտությունն ունի: Ես չեմ ընդունում, որ արվեստագետը պիտի հարմարվի դահլիճի ու հանդիսատեսի ճաշակին: Եթե 45 տարի առաջ հնարավոր էր «Լակմե» բեմադրել, եւ հանդիսատեսը եկավ-ընդունեց, ինչու՞ այսօր հնարավոր չէ ժողովրդին մատուցել մի քիչ ավելին, քան վալսը:Պետք չէ կարծել, որ ժողովուրդն անպատրաստ է, ոչ, ժողովուրդը միշտ ավելիի սպասումն ունի: Վերջապես պետք է մտածել երկրի մշակութային բնապահպանության մասին: Պետք է պետական վերաբերմունք մշակույթին, մշակութային մթնոլորտ: Չի կարելի նվիրատվություններով ու բարերարությամբ արվեստի հարցեր լուծել: Պետք է լինի համակարգված մոտեցում՝ պետական ամենաբարձր մակարդակով: Երբ եվրոպական երկրներից մեկի դեսպանին աֆրիկյան մի հետամնաց երկրի ջունգլիներում բնիկներն ուտում են, այդ երկրի բողոքին պատասխանում են. «Մեր հետամնաց անտառներում դեռ նման դեպքեր լինում են: Դուք էլ մեր դեսպանին կերեք»: Չբացատրեմ, չէ՞…

***

-Հայաստանը եւ Դուք 2000 թվականին:

-Ես 71 տարեկան եմ, եթե կարողացա հասնել 2000 թվականին, երջանկություն կլինի: 21-րդ դարը երեւի ավելի շատ հոգեբանական խորհրդանիշ է՝ տարիները տարիներին գումարվում են աննկատելիորեն, կարծես չես զգում ոչ քո, ոչ ժամանակի կուտակումները, բայց գալիս է մի թվական, մի պահ, երբ բոլոր անցած տարիները գիտակցվում ու ընկալվում են: Այդպես էլ 2000 թվականը՝ կարծես թե այդ թվականին նոր հասկանալու ես, որ 100 տարին ապրվել-անցել են՝ մեծ մասը քո աչքի առաջ, ու դու ապրել ես այդ տարիները: Մենք եվրոպական երկրներին հավասար երկիր դառնալու բոլոր նախադրյալներն ունենք, խնդիրը ժամանակն է: Մենք աշխարհագրությամբ Եվրոպա չենք, բայց մնացած բոլոր չափանիշներով՝ գիտության, արվեստի, քաղաքականության, պատմության, ծագման ընդհանրությամբ եվրոպացի ենք: Գոնե որ 2000 թվականի Հայաստանը պիտի եվրոպական երկիր լինի: Ես 45 երկրներում եմ եղել, ամեն տեղ գնացել ու վերադարձել եմ, թեպետ մնալու հարյուրավոր առաջարկներ են եղել, բայց ոչ մի ուրիշ երկիր քեզ հայրենիք չի դառնա: Ամեն վերադարձիս երկու Արարատները տեսնելիս՝ զգացել եմ, որ ուշաթափվում եմ հայ լինելու երջանկությունից:

***

Գոհար Գասպարյանը հասավ 2000-ին ու անցավ՝ նա վախճանվեց 2007-ի մայիսի 16-ին, վերջին երեք տարին առանց Տիգրան Լեւոնյանի:

…Հարցազրույցից տարիներ անց իմացա, որ Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի նորածին որդին մահացել է …1958-ին, ինչու՞ նա 1996-ին իմ աննրբանկատ հարցից հուզվեց, գուցե, իրոք, լուսանկարներն էին պատճառը ու 40 տարվա իր կողակցին չէ՞ր ստում: Չգիտեմ: Հիմա էլ, երբ հնարավորություն եմ ունենում լսել նրա ձայնը, չեմ մտածում երրորդ օկտավի լյա-ի ու սի-ի մասին, հերթական անգամ համոզվում եմ, որ բնության մեջ մարդու ձայնից կատարյալ ոչինչ չկա: Առավել եւս՝ Գոհար Գասպարյանի ձայնից: Իսկ նրա մտածողությունը, զգացողությունը, ճաշակը, ներկայությունը այն կամերտոնն է, որ միշտ է պահանջված ու ժամանակակից, ժամանակ անվանող ու կատարելագործող:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին