Այսօր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի օրը, ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բակո Սահակյանը շնորհավորական հեռագիր է ուղղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության /ՄՄՀ/ նախագահ Իգոր Սմիրնովին:
Շնորհավորելով ՄՄՀ-ի «եղբայրական ժողովրդին» պետության անկախության ստեղծման տարելիցի կապակցությամբ`Բակո Սահակյանը նշել է, որ «այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետական շինարարության դժվարագույն խնդիրներ, պահպանել երկրի ազատությունն ու անկախությունը, տնտեսական դինամիկ զարգացման հիմքեր դրել եւ ամուր կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա»:
Այսօր մեծ տոն է` ԼՂՀ-ի անկախության 20-ամյա հոբելյանը: Ի՞նչ կարիք կար այսօր հեռագիր ուղղել Իգոր Սմիրնովին, առավել եւս` նման բովանդակությամբ: Եթե այս կամ այն պատճառներով հեռագիր ուղղելը անխուսափելի էր, կարելի էր սահմանափակվել կարճ հաղորդագրությամբ` նշելով, որ ԼՂՀ նախագահը շնորհավորել է ՄՄՀ-ի նախագահին եւ խուսափելով «հյութեղ» մեջբերումներից:
Հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակին հետեւող մարդիկ գիտեն, որ Մերձդնեստրում, ի տարբերություն ԼՂՀ-ի, գործում է մի ռեժիմ, որն ընդունված է կիսաքրեածին անվանել: Այդ ռեժիմն այնքան հեռու է ժողովրդավարական սկզբունքներից, որ, ըստ ամենայնի, իր միջազգային ճանաչման հույսեր երբեք էլ լրջորեն չի փայփայել:
2001-ի դեկտեմբերին ԼՂՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով չճանաչված պետությունների կողմից ռազմական բլոկ ստեղծելու մտադրության մասին լուրերը, հայտարարել էր, որ «ԼՂՀ-ն իր անվտանգությունը ապահովելու համար ունի բավական մեծ ռազմական ներուժ եւ լրացուցիչ ուժերի կարիք ընդհանրապես չունի»: 2002-ի սեպտեմբերին ԼՂՀ ԱԳՆ-ն «միանգամայն ոչ ճիշտ» էր անվանել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հայտարարությանն այն մասին, որ ԼՂՀ-ն եւ այլ չճանաչված պետություններ պատրաստվում են անցկացնել համատեղ զինավարժություններ:
Դեռ նախքան 2008-ի վրաց-ռուսական պատերազմը Արեւմուտքում հստակ կարծիք էր ձեւավորվել. ինքնորոշման համար պայքարը ոչ մի կապ չունի Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հետ, քանի որ Ռուսաստանը օգտագործում է այդ ռեժիմները որպես լծակ` Վրաստանի եւ Մոլդովայի հետ հարաբերություններում:
2004-ի հուլիսին ամերիկյան փորձագետների մի խումբ` Անցումային ժողովրդավարությունների հարցերով նախագծից /Project on Transitional Democracies/ եւ Միացյալ Նահանգների Մարշալի Գերմանական Հիմնադրամից /The German Marshall Fund of the U.S./ այցելել էին Աբխազիա, Հարավային Օսիա, Վրաստան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Փորձագետներին ուղեկցում էր The Economist-ի թղթակից Ռոբերտ Քոթրելը, որը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով գրել էր.
«Ղարաբաղն առանձին դեպք է: Ռուսաստանը այնտեղ խաղում է կարեւոր, բայց երկրորդական դեր: Ինչ վերաբերում է մնացած երեք սառեցված հակամարտություններին, ապա դրանց կարգավորումը մեծամասամբ կախված է լինելու նրանից, թե կհաջողվի արդյո՞ք համագործակցել Ռուսաստանի հետ, թե ոչ: Ռեժիմները Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում պահպանվում են բացառապես Ռուսաստանի ռազմական եւ դիվանագիտական աջակցության շնորհիվ»:
Վերջին մի քանի տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուղղակի կամ անուղղակի ձեւով բազմիցս հայտարարել են, որ հետխորհրդային հակամարտությունների շարքում Լեռնային Ղարաբաղը առանձին դեպք է եւ պահանջում է հատուկ վերաբերմունք: Եվ այն փաստը, որ միջազգային հանրությունը պատրաստ է ընդունել ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ առաջարկում է հանրաքվե անցկացնել, դրա վառ ապացույցն է:
Ըստ էության, մի քանի տարի առաջ Ստեփանակերտում գիտակցել էին այլ չճանաչված պետությունների հետ վիրտուալ դաշինքների անհեթեթությունը: Ամեն դեպքում, 2006-ի հունիսին, երբ Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի ղեկավարները հանդիպեցին Սուխումիում եւ հռչակագիր ստորագրեցին` համատեղ խաղաղարար ուժեր ստեղծելու վերաբերյալ, ԼՂՀ-ն այդ հանդիպմանը ներկայացված չէր:
Եթե չանդրադառնանք պատմական խնդիրներին, ապա ԼՂՀ-ի իշխանությունների հիմնական տարբերությունը մնացած չճանաչված հանրապետություններից կայանում է ժողովրդավարության մակարդակի մեջ: Դժվար է գտնել Լեռնային Ղարաբաղ եւ մյուս երեք չճանաչված հանրապետություններ այցելած գոնե մեկ օտարերկրացու, ով ուշադրություն չի դարձրել ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման հսկայական տարբերությանը դրանց միջեւ:
Այս լույսի ներքո այնքան էլ հասկանալի չէ, ի՞նչ իմաստ ուներ նման հեռագիր ուղարկել, առավել եւս` այսօր:
Մնում է հույս հայտնել, որ ուղերձը ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության եւ արարողակարգի ոչ այնքան պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանք է, եւ ոչ թե քաղաքականության փոփոխության վկայություն: Ղարաբաղյան հակամարտությունը իր էությամբ եզակի է, ինչպես եւ եզակի է մեր հաղթանակը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: