Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները ԽՍՀՄ տարիներին - Mediamax.am

Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները ԽՍՀՄ տարիներին
3097 դիտում

Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները ԽՍՀՄ տարիներին


ՄԱՍ Գ

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

ԽՍՀՄ-ում ի թիվս տարատեսակ այլ խնդիրների գոյություն են ունեցել հայ-ադրբեջանական սահմանային-տարածքային որոշակի խնդիրներ, որոնք տարբեր տարիներին սրվել են եւ բացի այդ, Ադրբեջանը հետեւողականորեն արել է քայլեր այդ խնդիրների ավելացման ուղղությամբ: Սակայն նախ եւ առաջ պետք է փաստենք, որ ինչպես պնդում են մասնագետները, ի սկզբանե Խորհրդային Հայաստանը ժառանգել է. «անորոշ պետական սահմաններ եւ տարածքային-սահմանային չլուծված խնդիրներ հարեւան չորս պետությաուններից երեքի՝ քեմալական Թուրքիայի, Խորհրդային Ադրբեջանի եւ Վրացական Հանրապետության հետ»:

Ավելին, թեկուզ ոչ լեգիտիմ եւ քաղաքական կոնյուկտուրաներով պայմանավորված պայմանագրերով (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի) որոշվել է միայն հայ-թուրքական սահմանը, իսկ «Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հայկական պետության սահմանագծի հստակեցման վերաբերյալ որոշումներ են կայացվել եւ համաձայնագրեր ստորագրվել խորհրդային տարիներին», որոնց հետեւանքով էլ արդեն Խորհրդային Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել: Սակայն անգամ այդ համաձայնագրերը ի զորու չեն եղել լիովին լուծել հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները, որոնք տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում: Ադրբեջանական ոճը հստակ էր. կամ առանց հիմնավորման հավակնություն էր ներկայացվում սահմանային որոշակի տարածքների հանդեպ, կամ Խորհրդային Հայաստանի տարածքում կազմակերպված կերպով փոխադրում էին ադրբեջանական բնակչություն եւ այդ հիմքով որոշ ժամանակ անց ներկայացնում տարածքային պահանջներ: Ադրբեջանի այս մշակված քաղաքականությունը, բնականաբար, անհանգստացրել էլ Խորհրդային Հայաստանի իշխանություններին եւ օրինակ՝ գրող Անահիտ Սահինյանը պատմում է, որ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը երբեմն հավաքել է մտավորականներին եւ զրուցել տարբեր թեմաների մասին: Այդպիսի հավաքներից մեկի ժամանակ Ա. Քոչինյանը խոսել է իր համար մտահոգիչ մի հարցի մասին. «Դուք գիտե՞ք, որ հանրապետության սահմանամերձ շրջանները լցվել են ադրբեջանցի վերաբնակներով»: Անշուշտ սրա մեջ Քոչինյանը տեսել է հեռու գնացող եւ մշակված քաղաքական ծրագիր, եւ նա իրավացի է եղել:

Հայաստանի հաջորդ ղեկավարը՝ Կարեն Դեմիրճյանը նույնպես ուշադիր է եղել այդ խնդրի նկատմամբ. օրինակ՝ 1984 թ. Կարեն Դեմիրճյանը անդրադառնալով ադրբեջանցիների պահվածքին կապված սահմանային տարածքների հետ՝ նշում է, որ ադրբեջանցիները զավթում են սահմանային տարածքներ, իսկ հետո Ադրբեջանի իշխանություններն ասում են, թե չեն կարող ժողովրդին հետ տանել: Ադրբեջանական մշակված եւ ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում սիստեմատիկ կերպով իրականացված սողացող օկուպացիոն քաղաքական ոճի մասին ուշագրավ դիտարկումներ է անում նաեւ Վլադիմիր Մովսիսյանը. «/ադրբեջանցիները/ 20-ական թվականներից սկսած, ամեն տարի, մինչեւ 80-ականները, քայլ առ քայլ, մետր առ մետր, հողակտոր առ հողակտոր Հայաստանի սահմանամերձ տարածքներից հողեր էին զավթել, նույնիսկ այդ տարածքներում գերեզմանոցներ հիմնել:… Եվ դա պատահական չէր: Այդ առումով նրանք նաեւ հեռահար նպատակներ էին հետապնդում»: Ադրբեջանական այս ոճի օկուպացիայի քարտեզային պատկերումը (ադրբեջանական կամ ադրբեջանաբնակ գյուղերը սեպերի նման խրված էին Խորհրդային Հայաստանի տարածքում) ցույց է տալիս, որ դա եղել է հստակ մշակված ծրագրի մաս եւ Հայաստանի որոշակի տարածքներ եղել են կոնկրետ թիրախներ:

Բացի այլ ժողովուրդների պատմական բնօրրանների հանդեպ նմանատիպ լոկալ ծավալապշտության օրինակներից, դեռեւս ԽՍՀՄ-ում ադրբեջանական կեղծ պատմագրությունը եւ պետական քարոզչությունը համակարգված աշխատանք են տարել ցույց տալու, թե իբր նրանք այս տարածքների բնիկներն են: Այդ մասին Խորհրդային Հայաստանի պետական եւ կուսակցական գործիչ, Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Կարլեն Դալլաքյանը, ով 1980 թ. ապրիլին Բաքվում մասնակցել է Խորհրդային Ադրբեջանի 60-րդ հոբելյանի տոնակատարություններին, պատմում է, որ ներկա է գտնվել մի միջոցառման, որի ընթացքում ժամանած հյուրերին Բաքվի 26 կոմիսարներից Ազիզբեկովի թոռնուհին՝ պատմագիտության դոկտոր Ազիզբեկովան ներկայացրել է, այսպես կոչված, Ադրբեջանի վաղնջական շրջանի պատմությունը: Այդ հանդիսոթյունների ժամանակ ունեցած ելույթում Հեյդար Ալիեւը ավելի հեռուն է գնացել եւ հայտարարել. «Արաքս գետը արհեստականորեն երկու մասի է բաժանել մեր ժողովրդին եւ ժամանակը կգա, որ պատմության այդ արհեստական վրիպակը կսրբագրվի»: Այս հայտարարությունը Իրանի տարածքի հանդեպ ադրբեջանական ծավալապաշտության բացահայտ դրսեւորումն է, որը ներկայումս ավելի ակնհայտ է դարձել:

Հայ-ադրբեջանական սահմանային-տարածքային խնդիրները Ադրբեջանի հրահրմամբ սրվում են 1980-ականների սկզբին. Կարեն Դեմիրճյանի օրագրում կան բազմաթիվ հիշատակումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման խնդրի վերաբերյալ: Այդ թեմայի մասին 1983 թ. ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի Պլենումի իր ելույթում Դեմիրճյանը կարծիք է հայտնում, որ հարցի համար որպես հիմք պետք է ծառայեն Խորհրդային Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտեզները: 21.06.1983 թ. օրագրային գրառման մեջ Դեմիրճյանը գրում է Վ. Մովսիսյանի հետ իր զրույցի մասին եւ նշում. «Նրան զանգահարել է Ռասի Զադեն եւ առաջարկել երկու ամսում ուսումնասիրել քարտեզները (ինվենտարացնել): Ես ասացի, որ մենք Բաղիրովի հետ ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմում պայմանավորվել ենք որպես հիմք ընդունել այն քարտեզները, որոնք առաջարկել է կուսակցական հանձնաժողովը հանրապետության ԿԸՀ-ի քարտեզների հիման վրա, որոնք էլ ընկած են Հրամանագրի հիմքում»: Դրանից երեք օր հետո Դեմիրճյանը Վլադիմիր Մովսիսյանին տալիս է հանձնարարական՝ «պայմանավորվել Ռասի-Զադեի հետ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ»: Բացի Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկումներից, Դեմիրճյանը հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը քննարկում է նաեւ միութենական ղեկավարության հետ, որի մասին 31.08.1983 թ. օրագրային գրառման մեջ գրում է, որ եղել է Մոսկվայում եւ հանդիպել Ե. Լիգաչովի հետ. «Լիգաչով Ե. Կ.` սահմանների քարտեզներ. բոլոր հարցերը համաձայնեցված են»:

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդիրը շարունակում է մնալ երկու հանրապետությունների օրակարգում նաեւ 1984 թ. եւ 04. 04. 1984 թ. իր օրագրում Դեմիրճյանը գրում է Վլադիմիր Մովսիսյանի հետ ունեցած զրույցի մասին եւ նշում. «Վիճելի հողերի հարցը Հայկ. ՍՍՀ-ի եւ Ադրբ. ՍՍՀ-ի միջեւ. պետք է եւս մեկ անգամ զբաղվել դրանով (հասնել նրան, որ ադրբեջանցի ընկերները ի վերջո գան որոշման)»: Իսկ արդեն 1984 թ. սեպտեմբերին Դեմիրճյանը ընդունել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Մուսա Մամեդովին եւ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ռասի Զադեին եւ թեման եղել է «հողային վեճերի հետ կապված»:

Սակայն 1980-ականներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման, ինչպես նաեւ վիճելի տարածքների հետ կապված խնդիրները բացառիկ մանրամասներով եւ որպես դեպքերի անմիջական մասնակից ներկայացնում է Վլադիմիր Մովսիսյանը իր հուշագրության մեջ: Նա նկարագրելով հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները, գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված անախորժ վիճակները՝ նկատում է, որ իրենք առաջարկել են ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարությանը ճշգրտել սահմանները «եղած քարտեզագրական նյութերի հիման վրա»: Այդ հարցերի հետ կապված 1982-1983 թթ. ընթացքում տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ Խորհրդային Ադրբեջանի կառավարության նախագահի տեղակալ Շամիլ Ռասիզադեի եւ Վլադիմիր Մովսիսյանի միջեւ, սակայն հարցի ճշգրտումը եւ հանգուցալուծումը այդքան էլ ձեռնտու չի եղել ադրբեջանական կողմի համար, քանի որ նրանք տարիների ընթացքում զավթել էին Հայաստանի տարածքներից:

1984 թ. հոկտեմբերի 24-ին Վ. Մովսիսյանը եւ Շ. Ռասիզադեն կրկին հանդիպել են այս անգամ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի անտառների տարածքից ադրբեջանական Քյամառլու գյուղ տարվող ջրատարի հարցը տեղում ուսումնասիրելու համար: Սակայն այդ հանդիպումը վերածվում է սկանդալի, քանի որ Ադրբեջանի իշխանությունների հրահրմամբ եւ կազմակերպմամբ ադրբեջանցի գյուղացիները հարձակվում են հայկական պատվիրակության վրա, առեւանգում նրանց եւ մահվան սպառնալիքի տակ փորձում նրանց որոշակի լուծումներ պարտադրել: Հանդիպման սկզբում Ռասիզադեն հայտնում է Վ. Մովսիսյանին, որ Քյամառլու գյուղում վիճակը լարված է, ժողովուրդը բորբոքված եւ կարող են որոշակի գործողություններ լինել, սակայն իրականում դրա նախորդ օրը ադրբեջանական իշխանությունները հենց նույն Ռասիզադեի գլխավորությամբ այցելել էին այդ գյուղ եւ նախապատրաստել ջարդարարական գործողություն, հայ պաշտոնակցի հանդեպ հարձակում: Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից կարճ ժամանակ անց սկսվում է նախապես կազմակերպված ադրբեջանական խառնամբոխի հարձակումը, որի թիրախում հայկական պատվիրակությունն էր՝ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ, ով իր հուշերում նկարագրում է իրենց վրա հարձակումը բոլոր մանրամասներով. «Այնուհետեւ մեզ դուրս հանեցին /մեքենայից/, հայերիս առանձնացրին եւ մի քանի կիլոմետր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քյամառլու տանող ճանապարհի խաչմերուկը: Եվ այդտեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին, մոտ 250 հոգի, մեծ մասը կանայք, որոնք, ինչպես հայտնի է, մուսուլմաններին հատուկ խառնիճաղանջ զանգվածում աղմուկ-աղաղակի կոչնակներն են: Սկսվեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Մի տարեց կին էլ հագուստները պատառոտեց, կրծքերը դուրս հանեց եւ գազավաթի մարտահրավեր կոչեց բոլորին, քարեր շպրտելով մեզ վրա:

Ծեծկռտուքից անմասն չմնացի նաեւ ես, ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում եւ բաց պատուհաններից թափվող քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ, գազազած, պապուասների ոռնոցով ու աղաղակով, բերեցին Քյամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ եւ հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի մինչեւ փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերը ադրբեջանական են: Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ եւ կացին, ասելով, որ եթե չստորագրեմ, վիզս կտրելու են: Ես իրենց լեզվով ասացի, որ արդեն իսկ անտառում ցույց տվեցի, որ իրենցից չեմ վախենում եւ չեմ ստորագրելու: Ասացի նաեւ, որ այդ հարցերը այստեղ չեն լուծվում»: Մոտ երեք ժամ տեւած այդ իրավիճակից հետո ադրբեջանցի պաշտոնյաները սկսել են տեղի տալ Վ. Մովսիսյանի բերած փաստարկների առջեւ, ով պնդել է, որ այդ ամենը կազմակերպված է հենց իրենց կողմից եւ որ ինքը այդ մասին զեկուցելու է համապատասխան հասցեով այսինքն՝ ընթացք է տալու դրան: Գազազած ադրբեջանցիների ամբոխը եւս հետեւելով իրենց ղեկավարներին սկսել է տեղի տալ, ջարդարարները դուրս են եկել դահլիճից եւ ի վերջո թույլ են տվել, որպեսզի Վլադիմիր Մովսիսյանը եւ իրեն ուղեկցող հայերը հեռանան:

Դեպքի մասին Վ. Մովսիսյանը հայտնել է Հայաստանի Կենտկոմի քարտուղար Հրանտ Ոսկանյանին, քանի որ Կարեն Դեմիրճյանը այդ պահին եղել է Մոսկվայում: Ստացած վնասվածքներից Մովսիսյանը մի քանի օր բուժում է ստացել հիվանդանոցում եւ օրեր անց հանդիպել է Դեմիրճյանին ու մանրամասն պատմել տեղի ունեցածը: Այսպես է նկարագրում Մովսիսյանը Դեմիրճյանի արձագանքը դեպքի վերաբերյալ. «Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա /Դեմիրճյանը/ շուռ եկավ եւ անձայն արտասվեց: Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»: Դրանից հետո գործին ընթացք է տրվում, կենտրոնական մոսկովյան իշխանությունները տեղեկանում են խնդրին այդ թվում եւ կուսակցության երկրորդ դեմք Ե. Լիգաչովը, տրվում են հանձնարարականներ եւ   համապատասխան կառույցները սկսում են որոշակի գործընթաց: Շուտով պաշտոնից ազատվում է Ադրբեջանի կառավարության նախագահի տեղակալ Ռասիզադեն, ինչը կարելի է համարել, ըստ էության, նրա հանցակցության ճանաչում: Մովսիսյանը նշում է, որ դեպքի համար ներողության խնդրելու համար Հայաստան են գալիս Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը եւ կառավարության նախագահը: Ադրբեջանի ղեկավարության քայլերի մասին Կարեն Դեմիրճյանը եւս իր օրագրում 26. 10. 1984 թ. գրառում է անում. «Զանգահարեց Ք. Մ. Բաղիրովը, ներողություն էր խնդրում Նոյեմբերանի շրջանում տեղի ունեցածի առիթով»:

Ուշագրավ է, որ հմուտ պետական գործիչ եւ հայրենասեր Վլադիմիր Մովսիսյանը հետամուտ է լինում ոչ թե դեպքի հետ կապված քրեական գործի հարուցման եւ իր հանդեպ բռնություն իրականացրածների պատժի գործին, այլ փորձում է ստեղծել պայմաններ հայ-ադրբեջանական սահմանային-տարածքային խնդրի հիմնավոր լուծման համար: «Միաժամանակ իմ պահանջով քրեական գործը կարճվեց, որովհետեւ մի քանի հոգու կարող էին դատել եւ մեղավորներին պատժված համարելով, փակեին նաեւ սահմանային հարցերը: Ինչ պիտի ստանար հայ ժողովուրդը, եթե Ադրբեջանի բանտարկյալների թիվը մի քանի հոգով ավելանար: Մեզ մեր հողերն էին պետք»: Կարեւոր է շեշտել նաեւ, որ հայ-ադրբեջանական տարածքային խնդրի հանգուցալուծմանը միտված քննարկումների ժամանակ Վ. Մովսիսյանը հատուկ ուշադրություն է դարձրել ադրբեջանցիների կողմից առաջարկված փաստաթղթերի վերնագրերին: Այսպես, տարածքային խնդրի հետ կապված ադրբեջանցիները առաջարկել են փաստաթուղթը վերնագրել «Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման մասին» մինչդեռ Մովսիսյանը առաջարկել է այն անվանել «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» եւ նրան այդ հարցում սատարել է Կարեն Դեմիրճյանը: Խնդիրը շատ հստակ նկատել եւ այսպես է բացատրում Վ. Մովսիսյանը. «…եթե այդ փաստաթուղթը ընդունվեր, կնշանակեր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները մեկընդմիշտ ճշգրտված են, եւ Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չունի, քանի որ մենք արդեն համաձայնել ենք նրանց սահմանների հետ եւ փաստորեն ընդունել ենք նրանց տարածական ամբողջականությունը»: Սա շատ կարեւոր եւ պետական ու ազգային գործչի ընկալում ունեցողին հատուկ հանգամանք է:

Ինչեւէ, այս ամենի արդյունքում սկսվել է հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման աշխատանքներ, որոնց նպատակը Մովսիսյանի խոսքերով «20-ական թվականներից ծայր առած քաշքշուկին» վերջ տալն էր: Մովսիսյանը նշում է, որ սահմանների ճշգրտման աշխատանքներում ընդգրկված էին տարբեր մասնագետներ եւ արդյունքում. «մենք վերականգնեցինք սահմանները` Նոյեմբերյան-Իջեւանից մինչեւ Մեղրի: Հետ վերցրինք նաեւ բազում վեճերի եւ ընդհարումների պատճառ դարձած` Սիսիանի ամառային արոտավայրերից մինչ այդ հակառակ կողմին վերագրված տարածքները»: Մովսիսյանը հստակ ֆիքսում է նաեւ ետ վերադարձրած կոնկրետ տարածքներ իրենց չափերով. «Այդպիսով, Հայաստանը հետ ստացավ 14.450 հեկտար տարածություն, որից 2050-ը` Նոյեմբերյանի շրջանում, Դովեղի 1850 հեկտար հազվագյուտ ծառատեսակներով անտառի հետ միասին»: «Սահմանների ճշգրտմամբ, Կապանին անցան մեկուկես հազար հեկտար հողեր, որոնց վրա ադրբեջանցիները տներ, անգամ ռեստորան էին կառուցել «Ադրբեջան» անունով: Շամշադինի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը այս միջոցառումից հետո վերադարձավ Հայաստանին»:

Շատ կարեւոր է փաստել, որ այս սահմանային հստակեցումները այնուհետ արձանագրվել են քարտեզներում ու հաստատվել Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրություններով: Իսկ 1988 թ. հունվարի 12-ին ստորագրվել է համատեղ արձանագրություն սահմանազատման մասին, որը հաստատվել է Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովի եւ Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վ. Մովսիսյանի կողմից: Այդ արձանագրությունները ընդունվել են որպես հիմք հետագա հնարավոր հողային վեճերի պարագայում:

Ամփոփելով նշենք, որ հայ-ադրբեջանական խնդիրների մեծ մասն իրենց արմատներով գնում են դեպի 20-րդ դարի սկիզբ եւ շարունակվել են ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում: Սակայն, միեւնույն ժամանակ, դրանց հաղթահարման, ադրբեջանական ոտնձգությունների դեմ պայքարելու Խորհրդային Հայաստանի ղեկավարների քայլերը մի կողմից կարեւոր փորձառություն կարող են համարվել, մյուս կողմից ներկայիս խնդիրների լուծման հարցում ուղենիշային նշանակություն ունենալ:

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին