Արեւելագետի «քաղաքագիտական մարգարեությունը». նա այս օրերը տեսել է երեք տասնամյակ առաջ - Mediamax.am

Արեւելագետի «քաղաքագիտական մարգարեությունը». նա այս օրերը տեսել է երեք տասնամյակ առաջ
3904 դիտում

Արեւելագետի «քաղաքագիտական մարգարեությունը». նա այս օրերը տեսել է երեք տասնամյակ առաջ



Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուի առաջին երեք հատորների գրախոսություն
    
Առաջին հայացքից կարող է մասնագիտական սուբյեկտիվիզմի տպավորություն թողնել իմ այն միտքը, թե արևելագիտությունը և հատկապես այդ մասնագիտության ու հմտության կրողները կարողանում են աշխարհին ու նրանում տեղի ունեցող զարգացումներին ավելի լայն նայել և դրանք ավելի ամբողջական տեսնել: Դա այս մասնագիտության ոչ միայն առանձնահատկություններից է, այլև որոշակի օրինաչափություն. ուստի ես արևելագետ ասելով հասկանում եմ հմտությունների մի յուրահատուկ համակարգի կրողի, այլ ոչ թե լոկ համանուն ֆակուլտետը ավարտածներին: Անձնական ինքնության մաս դարձող այս հմտությունները ուշագրավ դրսևորումներ են ունենում, երբ տվյալ մասնագիտության կրող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, վերլուծական-քաղաքագիտական կամ հրապարակախոսական աշխատանքով: Ահա այդպիսի դասական արևելագետ-քաղաքագետ-հրապարակախոս-վերլուծաբանի կերպար է վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանը, ով, իմ կարծիքով, նորանկախ Հայաստանի «էլիտար գիտական հրապարակախոսության» հիմնադիր կամ հիմնադիրներից կարող է համարվել: Ի ուրախություն մտածող և ընթերցող հասարակության, նրա 1991-1999 թվականներին գրված հոդվածները «Նյումեգ» հրատարակչության կողմից տպագրվել են առանձին գրքերով և արդեն առկա են երեք հատորները, սպասվում են ևս երկուսը: Սակայն չդիմանալով գայթակղությանը, ինչպես նաև հենց հիմա, բառացիորեն մեր օրերում տեղի ունեցող զարգացումների մասին լուսահոգի Տիգրանի կանխատեսում-վերլուծությունների այժմեականության կարևորությունը ընդունելով՝ որոշեցի գրախոսել այդ երեք հատորները:

Խոսելով Տիգրան Հայրապետյանի վերլուծական-հրապարակախոսական հոդվածների մասին՝ շատերը կիրառում են «մարգարեական կանխատեսում» կամ «կանխատեսելու հմտություն» եզրույթները, որոնց հետ իրոք դժվար է չհամաձայնվելը: Երբ ընթերցում ես 1990-ականներին տպագրված հոդվածները՝ անզեն աչքով անգամ նկատում ես, որ դրանցում առկա են հետագա տարիներին և հատկապես մեր օրերում տեղի ունեցող զարգացումների գրեթե ճշգրիտ կանխատեսում-պատկերումները. դրանց թվում և արցախյան հարցը, 44-օրյա պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա ռազմական բախումը և այլն: Եթե համադրում ենք այս ամենը, ապա Տիգրան Հայրապետյանի վերլուծությունները իրոք կարելի է անվանել «քաղաքագիտական մարգարեության» հստակ դրսևորումներ, որոնք ուղեկցվում են արևելագիտական, Արևելքը ճանաչելուց բխող գնահատականներով:

Ավելորդ չէ նաև փորձել վերլուծաբանի անձնական կերպարը վերհանելուն ուղղված որոշ ջանքեր գործադրել, որոնք հիմնված են նրան անձամբ չճանաչելով, սակայն հոդվածներից և գրելաոճից բխող տրամաբանության վրա: Ըստ այդմ, Տիգրանը ժամանակի ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացած և կարդացած կերպարներից է եղել, ում նրա արևելագիտական կրթությունը թույլ է տվել ավելի ամբողջացնել հայացքների ու քաղաքագիտական պատկերացումների ողջ համալիրը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նրա երիտասարդությունը համընկել է արցախյան շարժման հետ և նա մեկն է այն ուսանողներից, ովքեր որպես քաղաքացի մասնակցել են այդ շարժմանը և այդպիսով մաս կազմելով «88-ի արևելագիտականի սերնդին»:

Մինչև գրքերի բուն գրախոսությանը անդրադառնալը՝ նկատեմ, որ դրանցում հավաքված տասնյակ հոդվածներում կան նաև այսօրվա տեսանկյունից ոչ արդիական, տվյալ ժամանակի քաղաքական անցուդարձը նկարագրող հոդվածներ, սակայն դրանք նույնպես արժեքավոր են այն առումով, որ օգնում են ուրվագծելու 1990-ականների Հայաստանի և միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների ընդհանուր պատկերը, դերակատարներին, խոսույթը և այլն: Այդ ամենը նաև լույս է սփռում նոր ձևավորվող հայկական քաղաքական հրապարակախոսության ժանրի ընդհանուր տենդենցների և զարգացումների վրա:

Տիգրան Հայրապետյանի հոդվածների և ընդհանրապես վերլուծական ժառանգության մեջ առաջնային տեղ է զբաղեցնում Արցախի և արցախյան հարցի թեման, որի մասին ուղիղ կամ անուղղակի անդրադարձներ կան գրեթե բոլոր վերլուծություններում և նա ինքը, ըստ էության, սահմանում է արցախյան հարցի բացառիկությունը հետևյալ ձևակերպմամբ. «ԼՂ խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրները լուծելու՝ հայ ժողովրդի կարողության սահմանը»: Սա ոչ միայն կամ ոչ այնքան կանխատեսում է, որքան ճշգրիտ բանաձև, որն անկախ Հայաստանի պատմության բոլոր փուլերում ուղեկցել է մեզ, իսկ ներկայումս հնչում է էլ ավելի սուր:

Սակայն արցախյան հարցն ինքնին լինելով մեծ քաղաքականության կամ աշխարհաքաղաքական խնդիր՝ չի կարելի և հնարավոր էլ չի այն դիտարկել առանց կարևոր համաշխարհային խաղացողների և բևեռների մոտեցումների, իրական ու հռչակագրային նպատակների խորքային վերլուծության և ճանաչման: Այս առումով Տիգրան Հայրապետյանի դիտարկումները քաղաքական ռեալիզմի կամ ավելի ճիշտ կլինի ասել մեծ քաղաքականության իրական նկարագրի դառը, բայց հստակ ու հասկանալի ներկայացումն է: Հայտնի է, որ Արցախի կամ լայն առումով «Հայկական հարցի» և դրա նորօրյա դրսևորումների շրջանակներում կարևոր շահառուներից և խաղացողներից է հավաքական Արևմուտքը, որի իրական քաղաքականությունը մերկացրած ու հանրամատչելի ներկայացված է Տիգրանի հոդվածներում: Սա շատ կարևոր է հատկապես ու նաև մեր օրերում, երբ հայ ժողովուրդը շարունակում է խարխափել արևմտյան ականջահաճո հայտարարությունների կամ պայմանական ասած «Վիլսոնի սինդրոմի» և այդ նույն Արևմուտքի սառը քաղաքական հաշվարկների միջև, որոնք «զարմանալիորեն» առավել հաճախ համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների հետ:

Запад нам поможет?

Տիգրան Հայրապետյանը 1992 թ. հուլիսին «Ազգ» թերթում գրում է. «Բացի նրանից, որ Հայաստանն ու «Հայկական հարցը» խոչընդոտում են Արևմուտքի ստրատեգիական ծրագրերին Արևելքում, նա դատապարտված է նաև իբրև տարածաշրջանում ապագա «վերածնվող Ռուսաստանի» հնարավոր հենակետ: Ոչնչացվում է հանրապետության՝ առանց այդ էլ աղքատիկ տնտեսությունը, հայաթափվում է ԼՂՀ-ն, առկա է Հայաստանի հարավը թյուրքական մենաքարին «նվիրաբերելու» սպառնալիքը: Հարցականի տակ է դրված ոչ միայն ԼՂՀ հայության ճակատագիրը, այլև հայկական պետականության ապագան»: Սա եթե փորձենք մի փոքր այլ բառերով վերաձևակերպել, ապա կստացվի Ռուսաստան-Արևմուտք բախում, որի ծիրում հայկական շահերը կամ «Հայկական հարցը» միջոցներից մեկն է երկու կողմերի խաղի մեջ և ամենավատն այն է, որ միջոց կամ գործիք է, որը պատրաստ են կոպտորեն օգտագործել և զոհել բոլոր մեծ խաղացողները: Սակայն Տիգրանի քաղաքական վերլուծությունները ոչ թե Հայաստանի քաղաքական դամբանականներն են, այլ տխուր, բայց ռեալ իրականությունը ներկայացնելուն զուգահեռ ելքի, լուծման ուղիներ նշելը: Մեծերի վտանգավոր խաղի աքցանի մեջ հայտնված Հայաստանի համար ըստ Տիգրան Հայրապետյանի, լուծման ուղիներից կարող է լինել երբեմն հանդուգն նախաձեռնողականությունը, որն արվում է հանուն փրկության, իսկ այդ պարագայում հանդուգն պահվածքը ոչ այնքան արկածախնդրություն է, որքան բարդ վիճակից ելքի ուղիներից մեկը: Այսպես, ըստ Տիգրանի. «Անկարողությունից ծնված կրավորականությունը ճակատագրական հետևանքներ է ունենալու: Պետք է հաղթահարել սեփական անզորության բազմադարյան սինդրոմը և ոչ թե սպասել ռուսական վերածննդին կամ արևմտյան ողորմածությանը, այլ մուտք գործել մեծ քաղաքականություն՝ ուրիշներին և, իհարկե, սեփական ժողովրդին սպառնացող աղետը կանխելու նպատակամղվածությամբ: Երկու հազարամյակ շարունակ պատմությունն ապացուցել է, որ մեր ժողովրդի համար օտարները հրաշքներ չեն գործում, ուստի հրաշքը պետք է գործենք ինքներս, եթե ուզում ենք ապրել: Իսկ ապրել մենք ուզում ենք…»:

Այստեղ միջանկյալ նկատեմ, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքական հրապարակախոսության լեզուն հարուստ է գեղարվեստականությամբ, պատկերավոր համեմատություններով, ընտրված բառերի արտաքուստ վիպական, սակայն տվյալ պարագայում ընդգծված քաղաքագիտական իմաստներով ու ենթաիմաստներով:

Ես չեմ կարող ասել, թե Տիգրանը իրականում տեղավորվում է, ինձ համար գոնե սխալ և սահմանափակ մտածողության արգասիք հանդիսացող, «ռուսամետ-արևմտամետ» կլիշեների մեջ և ինչ կողմնորոշում է ունեցել, սակայն դատելով հոդվածներից՝ նա գերակա է համարել հայկական շահը և այդ շահի դեմ ուղիղ կամ կեղծավորաբար քայլեր անողներին տվել է հստակ բնութագրումներ: Եվ այդ համապատկերում շատ հիմնավորված են Արևմուտքի և նրա քաղաքականության մասին Տիգրանի վերլուծությունները, որոնց արդիականությունը այսօր ևս ընդգծված կարևորություն ունի, քանի որ արևմտյան երկակի ոճը ունի կայուն շարունակականություն ու դրա բաղկացուցիչ մասն է «հայերին սիրելու» մասին հավաստիացումները, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտ համագործակցելու քայլերը: Ընդ որում, Հայաստանի հանդեպ Արևմուտքի պահվածքը քաղաքագիտության և քաղաքական իրական խաղի կանոնների տեսանկյունից ո՛չ զարմանալի էր, և ո՛չ էլ անկանխատեսելի, քանի որ նաև ներկայիս գործելաոճի ու քայլերի հիմքերը դրվել են դեռևս վաղ 1990-ականներին: Այսպես, Տիգրան Հայրապետյանը 1992 թվականին առանձնացնում է այն կարևորագույն հանգամանքները, որոնք կանխատեսելու էին հետագա ընթացքը. «Արևմուտքը խախտեց իր կողմից հռչակված սկզբունքները՝ հարաբերություններ չհաստատել անկախացած այն հանրապետությունների հետ, որոնք ձգտում են ուժով լուծել ազգային խնդիրները, և լիարժեք հարաբերություններ հաստատեց Ադրբեջանի հետ՝ անտեսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առկայությունը: Դրանով նա խթանեց պատերազմի ծավալման ընթացքը՝ դրդելով Ադրբեջանին «մինչև հաղթական ավարտը» կարգախոսով ներքաշվել անհեռանկարային և կործանարար պատերազմի մեջ: Այսինքն՝ Արևմուտքն ապշեցուցիչ թողտվությամբ օրինականացրեց Ադրբեջանի պահանջատիրությունն իր հարևանների նկատմամբ և կանաչ լույս վառեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն, ուժային, բիրտ միջոցներով հանգուցալուծելու վտանգավոր գայթակղության առջև (ընդգծումը իմն է՝ Ռ.Մ.»:

Սակայն արցախյան հարցի և այլ ազգային խնդիրների ոչ հայանպաստ լուծման համար բացի արտաքին տարատեսակ հանգամանքներից, անհրաժեշտ էր նաև ներքին, ներհայաստանյան որոշակի իրողությունների փոփոխություն, որոնց մեջ առաջնային է հասարակության արժեհամակարգի փոփոխությունը, կարմիր գծերի հատումը, անտարբերության տարածումը, սպառողական հասարակության վերածումը և այլն: Եվ ապշեցուցիչ է, որ Տիգրան Հայրապետյանը 1992-ին կանխատեսում ու կիրառում է այն տերմինը, որը հատկապես ակտիվացավ 2020 թվականի պարտությունից ու 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմում պարտված ուժի ընտրությունների միջոցով վերարտադրվելուց հետո. «Ո՛չ Անդրկովկասում, ո՛չ Կովկասում Արևմուտքին կայուն և զարգացող հասարակություններ պետք չեն: «Նոր աշխարհակարգը» պահանջում է հնազանդ և բացարձակորեն կառավարելի «զոմբի» ժողովուրդներ, որոնք կծառայեն աշխարհի մեծերի աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացմանը»:

Շատ պարզ և միևնույն ժամանակ ռեալ պատկերի ողջ դաժանությամբ Տիգրանը ներկայացնում է փոքր պետությունների և տվյալ պարագայում Հայաստանի ու Վրաստանի իրական «արժեքը» Արևմուտքի համար, որը բացի շռայլ խոստումներից և ստանդարտ ու հենց այդ գաղափարը արժեզրկող կեղծ հումանիստական կոչերից անդին, որևէ իրական քայլ չի անում, որը կհակասեր իր քաղաքական շահերին. «Եթե հաշվի առնենք քաղաքականության գիտականության աստիճանն Արևմուտքում, ապա պարզ կդառնա, թե ինչու, Հայաստանն ու Վրաստանը օգտագործելով և պահպանելով իբրև կովկասյան իրադարձությունների պայթուցիկ, միաժամանակ ոչ ոք հոգ չի տանում նրանց քաղաքական ապագայի մասին: Մեծ քաղաքականության տեսանկյունից նրանք արժեք չունեցող, անհեռանկարային միավորներ են, որոնց միակ ծառայությունն իրենց պահպանած ներուժի առավելագույնով ներկայացված քաղաքական սցենարին ծառայելն է, ինչից հետո առանց ափսոսանքի նրանց կարելի է նետել պատմության արխիվը»: «Արևմուտքում հասարակական կարծիքի փոքրիշատե կարեկցական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ չի խանգարում պաշտոնական մարմիններին՝ հավատարիմ մնալ շահեկան քաղաքականության ավանդույթին: Դրա լավագույն արտահայտությունը ԼՂՀ խնդրի նկատմամբ նրա կողմից ցուցաբերվող վերաբերմունքն է»:

Հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո ինքնախաբեության գերդոզավորումը երբեմն հրապարակ նետեց քաղաքագիտական «մտքի» այնպիսի «գոհարներ», որոնք ուղղակի ապշեցուցիչ կարող են լինել քաղաքականության կամ քաղաքագիտության անգամ սկսնակների և դրանց մասին մակերեսային պատկերացումներ ունեցողների համար: Այսպես, խոսվեց, որ մեր բրենդը, ավելին՝ զենքը մեր ժողովրդավարությունն է և ի համեմատություն բռնապետական Ադրբեջանի, մեր այդ առավելության շնորհիվ քաղաքակիրթ աշխարհը կապահովի մեր անվտանգությունը և կսատարի մեր քաղաքականությանը: Այս միտքը պարզվում է, որ նոր չէ և 1990-ականներին թևածող այդ ինքնախաբկանքի գնահատականը նույնպես առկա է Տիգրան Հայրապետյանի հոդվածներում և դրանցում արտահայտված մտքերը լիովին ու դիպուկ կիրառելի է այսօրվա Հայաստանի և համաշխարհային զարգացումների պարագայում: «Ընդունենք, որ Թուրքիան Արևմուտքի ռազմաստրատեգիական դաշնակիցն է, և վերջիննս «ստիպված է» հաշվի նստել նրա քմահաճույքների հետ: Իսկ Ադրբեջա՞նը: Ի՞նչ առավելություն ստացավ մեր «ժողովրդավարության կղզին», որ երկու տարի իր քաղաքականությունը ծառայեցրեց ԱՄՆ և Ֆրանսիայի հակվածությունը ձեռք բերելուն՝ մարդու իրավունքները բռնաբարած, խորհրդային բանակի օգնությամբ մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած (ոչ թե այդ ձևակերպումի հայկական ըմբռնմամբ, այլ ըստ արևմտյան չափանիշների), ամբողջատիրական վարչակարգ ունեցող Ադրբեջանի նկատմամբ: Ոչ մի առավելություն»:

Ի դեպ, աշխարհաքաղաքական զարգացումները, մեծ քաղաքականության դաժան և հակամարդկային խաղի կանոնները նոր չեն, դրանք այդպես եղել և շարունակվելու են, սխալվողները, ընդ որում երբեմն ճակատագրական սխալ անողները, այդ ամենը չհասկացողները և դրանք այլ կերպ տեսնել ցանկացողներն են, որոնց մասին Տիգրանը գրում է. «Սա ԱՄՆ կամ Ֆրանսիայի քաղաքական նենգությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած և իրականացվող քաղաքականության ձախողումը»:

Ռուս-թուրքական ոխերիմ բարեկամությունը և Հայաստանը

Քննարկել տարածաշրջանի և Հայաստանի խնդիրները առանց ռուս-թուրքական հարաբերություններին անդրադառնալու հնարավոր չէ և Տիգրան Հայրապետյանի վերլուծական հոդվածներում այդ թեման նույնպես արծարծվում է ու 1990-ականներին արված կանխատեսումները կամ ենթադրությունները մեր օրերում կյանքի են կոչվում: Օրինակ՝ ռուս-թուրքական հարաբերություններում բազմաթիվ հակադիր շահերի առկայության պարագայում համաձայնության գալու հարցը մտահոգել և շարունակում է մտահոգել թե՛ մասնագիտական և թե՛ հասարակական լայն շրջանակների: 1992 թ. իր հոդվածներից մեկում Տիգրանը տալիս է այդ հարցի պարզ, բայց դիպուկ պատասխանի բանաձևը. «Պետք է հաշվի առնել նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան ամենածայրահեղ իրավիճակներում փոխհամաձայնության հասնելու հին ավանդույթներ ունեն»:

Մյուս հարցը, որը ծառացավ տարածաշրջանային քաղաքականության մեջ հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ներթափանցումն էր Հարավային Կովկաս, որը մինչ այդ համարվում էր ռուսական անձեռնմխելի գոտի: 1992 թ. խոսելով Բալկաններում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Տիգրանը նշում է այն ռուսական մոտեցումը, որը փաստորեն դրսևորվելու էր նաև Հարավային Կովկասում 2020 թ.. «Պակաս հետաքրքրական չէ նաև արդյունավետ փոխհամագործակցությունը, որ առկա է Բալկաններում Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Արևմուտքը կրկին Թուրքիային առաջին պլան է մղում մի շրջանում, ուր ավանդաբար իշխել է Ռուսաստանը: Եվ ի՞նչ: Ռուսաստանը ոչ միայն չի դիմադրում, այլև դաշնակցում է Թուրքիայի հետ»: Իհարկե, այդ դաշնակցելը չի կարելի ընկալել այդ բառի ամբողջական իմաստով, այլ միգուցե հնարավոր է անվանել ոխերիմ դաշնակցություն, սակայն, այնուամենայնիվ, մակերեսային կամ վիզուալ մակարդակով դա դրական և փոխհամաձայնեցված հարաբերություն է, որը ներկայումս դրսևորվում է նաև Արցախի պարագայում և ունենում ողբերգական հետևանքներ հայության համար:

Խաղաղություն և հայ-թուրքական հարաբերություններ

Երբ ընթերցում էի Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուները՝ զարմանքով հանդիպեցի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, այսպես կոչված, խաղաղության մասին 1990-ականների սկզբին իշխանությունների մի բևեռի մոտ առկա տրամադրություններին, արտահայտություններին, որոնք գրեթե նույնական են այսօրվա իշխող ուժի կողմից ավելի ագրեսիվ, ավելի ոչ պրոֆեսիոնալ ձևով հրապարակ նետված համանման մտքերին, գործադրվող քայլերին: Եվ իհարկե, կա կարևոր մի առանձնահատկություն. 1990-ականների սկզբին հաղթող Հայաստանն էր, իսկ 2020-ից հետո պարտված և այս պարզ ու, միևնույն ժամանակ, կարևորագույն իրողությունը չտեսնելը ուղղակի անթույլատրելի է: Չնայած 1990-ականների սկզբի իշխանական մի հատվածի և ներկայիս իշխանության Թուրքիայի հետ կապված սխալական մոտեցումների նմանության հարցում կա, այսպես կոչված, ժիրայրլիպարիտյանական գործոնը, ով ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջ է տանում և քարոզում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իր տեսությունը, որը ոչ միայն ի հաշիվ է Հայաստանի պետական ինքնասիրության, այլև հայ ժողովրդի պատմական հիշողության: Ինչևէ, 1992 թ. գրած հոդվածում Տիգրան Հայրապետյանը քննադատելով ժամանակի իշխանություններին՝ նկատում է. «Որդեգրելով «Չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ կան հավերժական շահեր» կարգախոսը՝ խեղաթյուրեցին այն անճանաչելիության աստիճան՝ վանելով հին բարեկամներին և նոր բարեկամներ այդպես էլ ձեռք չբերելով: Երկու տարի ամբողջ արտաքին քաղաքականությունը ծառայեցրին ի դեմս Թուրքիայի վստահելի գործընկերոջ ձեռք բերելու նպատակին, իրականում չկարողացան ապահովել նույնիսկ նրա չեզոքությունը: Չօգնեցին անգամ հայկական պահանջատիրությունից հրաժարվելու և ցեղասպանության խնդիրը մեղմելու հնարավորության մասին տեղին, իսկ ավելի հաճախ անտեղի հայտարարությունները Եվրոպայի ու Ամերիկայի բոլոր անկյուններում, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ անսկզբունքային զիջողականությունն արմատական պահանջատիրությունից պակաս վտանգավոր չէ, իսկ գուցեև ավելի: Մամուլը բազմիցս նախազգուշացնում էր, որ արևմտյան բարեհաճությունը քաղաքական գործոն չէ, և պետք է ծանրակշիռ լծակներ ձեռք բերել, որպեսզի «հայոց կաթողիկոսի թղթյա շերեփը» հարյուրամյակ հետո ժառանգաբար չանցնի հայոց նախագահին»:

Ինչպես հիմա, այնպես էլ նախկինում Թուրքիան Հայաստանի հանդեպ իր նախապայմաններում և ակնկալվող զիջումներում ունի մաքսիմալիստական դիրքորոշում և հայկական կողմի ամեն զիջումին հետևել ու հետևելու է նոր պահանջ: Այս պարզ ճշմարտությունը, որն ակնհայտ է եղել թուրքական պահվածքում դեռևս 1990-ականների սկզբին այսպես է ներկայացնում Տիգրան Հայրապետյանը. «Սակայն թուրքերն իրենց հատուկ քաղաքական հեռատեսությամբ չեն շտապում գոհունակություն արտահայտել Հայաստանի դիրքորոշման նկատմամբ՝ ձգտելով առավելագույն զիջումներ կորզել նրանից»: Սակայն հնչող այն հարցին, թե արդյոք փոքր և թույլ Հայաստանը միթե այդքան կարևոր է Թուրքիայի համար և արդյոք մենք անհարկի չենք ուռճացնում և դեմոնիզացնում թուրքական պահանջները Հայաստանից՝ պետք է պատասխանել, որ խնդիրը Հայաստանից սպասվող ոչ այնքան քաղաքական զիջումներն են, որքան գաղափարախոսական, ինքնությունը կերտող երևույթների զիջումներն են և բնական է, որ այդ համատեքստում առաջնային թիրախ են մեր ազգային արժեհամակարգի ու հիշողության շատ տարրեր: Այսօր էլ պատկերը չի փոխվել և Հայաստանի զինանանշանի, Անկախության հռչակագրի, Արարատի և այլ խորհրդանիշների դեմ արտաքին ու ներքին հարձակումները թուրքական հին և անփոփոխ քաղաքականության դրսևորումներից են: Այդ քաղաքականության և դրա հեռահար նպատակների մասին 1992 թ. Տիգրան Հայրապետյանը գրում է. «Թուրքիան կայուն երաշխիքներ պետք է ստանա այսօրվա և վաղվա Հայաստանի սահմանափակ և վերահսկվող քաղաքական դիրքի, տնտեսական զարգացման թույլատրելի սահմանի և ներքին հասարակական կյանքի ապազգայնացման և հոգեբարոյական նորմերի կայուն միջակացման վերաբերյալ»: Այն, որ այսօրվա Հայաստանում ապազգայնացման տեմպերը սարսափելի արագ են և բացահայտ խրախուսվում, պաշտպանվում են իշխանական որոշ պաշտոնյաների կողմից, դրանց մասին գովեստով խոսվում է Ազգային ժողովում իշխող կուսակցության պատգամավորների կողմից դա փաստ է, ինչպես նաև փաստ է, որ Հայաստանը կարծես փորձ են անում վերածել ազգային արժեհամակարգից և հիշողությունից հեռու սպառողական հանրությամբ զվարճանքների տարածքի, այլ ոչ թե պետականության:

Ուշագրավ է, որ Տիգրան Հայրապետյանի հոդվածներում երբեմն հանդիպում են մտքեր, անգամ տերմիններ, որոնք քննադատության են ենթարկվում նրա կողմից, իսկ հիմա առկա են 2018-ից Հայաստանում իշխանության եկած ուժի և հատկապես դրա ղեկավարի ելույթներում ու հռետորաբանության մեջ: Եթե սա համադրենք այն փաստի հետ, որ այսօրվա իշխող ուժի ղեկավար Ն. Փաշինյանը, ըստ Տիգրանի ընկերների, ժամանակին մտերիմ է եղել կամ հարաբերություններ է ունեցել նրա հետ, ապա կարող ենք որոշակիորեն հիմնավորված համարել այդ մտքերի ազդեցությունը: Սակայն խնդիրն այն է, որ ինչ ժամանակին որպես բացասական երևույթ է դիտարկել Տիգրանը և քննադատել դա, այսօրվա իշխանության ղեկավարը ներկայացնում է որպես դրական: Դրանցից է օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի որևէ կերպ կամ ամեն կերպ բացելու ջանքերի հիմնավորումը իշխող ուժի կողմից և սահմանի ու կոմունիկացիաների բացվելու պարագայում դրա վերածումը, այսպես կոչված, «հայկական խաչմերուկի» և այս եզրույթը հենց Փաշինյանն է կիրառում: Այնինչ, առանց համապատասխան աշխարհաքաղաքական բաղադրիչի, այդ սահմանի բացումը ուղղակի վտանգ է Հայաստանի համար և այդ մասին Տիգրանը գրում է. «Անհրաժեշտ քաղաքական դիրքի բացակայության պայմաններում բարենպաստ աշխարհագրական դիրքից բխող խաչմերուկի (ընդգծումը իմն է Ռ.Մ.) հնարավորությունը վերածվում է միջանցիկ բակի, որից օգտվում և շահույթ են ստանում օտարները՝ բնակիչներին թողնելով ապականված միջավայրն ու խորացող բազմակողմանի ճգնաժամը»:

Ամփոփելով Թուրքիայի մասին Տիգրան Հայրապետյանի հոդվածներում առկա նյութի վերլուծությունը՝ ցանկանում եմ առանձնացնել ևս մեկ, սակայն այս անգամ ներթուրքական կանխատեսում, որը հեղինակն արել է 1999 թ. և այն Թուրքիայում իրականություն է դարձել 2002-ին: Խոսքը քաղաքական իսլամի մասին է, կամ կրոնի քաղաքականացման, որն այսօրվա Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքը ձևավորող հիմնական հանգամանքն է. «Որքան էլ այսօրվա դիրքերից անհավանական կթվա, սակայն Թուրքիան անխուսափելիորեն փոխելու է իր քաղաքական-գաղափարախոսական համակարգի գույնը՝ ներկվելու է «կանաչով» (կանաչը իսլամը խորհրդանշող գույնն է Ռ.Մ.)»:  Եվ ինչպես հայտնի է, 2002 թ. Թուրքիայում իշխանության է եկել Էրդողանի գլխավորած ուժը, որը հենց քաղաքական իսլամի գաղափարի կրողն է:

Շարունակելի:

Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին