Խորհրդային Ադրբեջանի «զգայուն հայկական թեմաները» - Mediamax.am

Խորհրդային Ադրբեջանի «զգայուն հայկական թեմաները»
3015 դիտում

Խորհրդային Ադրբեջանի «զգայուն հայկական թեմաները»


ՄԱՍ Ա
    
Հայաստանի եւ Ադրբեջանի կամ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունները իրավացիորեն բնութագրվում են որպես թշնամական եւ առավել հաճախ դրա հիմք է ընդունվում 1980-ականների վերջին սկիզբ առած գործընթացները, Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարը, արցախյան պատերազմները: Եվ ըստ այդմ, թյուր տպավորություն է ստեղծվում, որ այդ հարաբերությունները կոնֆլիկտային են դարձել շատ արագ եւ խորհրդային «եղբայրական ժողովուրդներից» հայերն ու ադրբեջանցիները հանկարծակի վերածվել են ոխերիմ թշնամիների: Կարեւոր ենք համարում փաստել եւ շեշտել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ունեին պասիվ բացասականից ակտիվ բացասականի՝ թշնամականի վերածվելու առնվազն երկու կարեւոր հիմք եւ պատճառ: Առաջինը՝ 20-րդ դարի սկզբին այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, թուրք-ադրբեջանական անթաքույց ծրագրերը մի կողմից ուղիղ հակոտնյա էին Հայաստան պետության շահերին եւ գոյությանը ընդհանրապես, մյուս կողմից մնացել էին թերի իրագործված: Եվ երկրորդ՝ ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում Խորհրդային Ադրբեջանի եւ՛ ղեկավարությունը եւ՛ հասարակության տարբեր շերտեր շարունակել են համակարգված քայլեր անել իրենց ծրագրերը իրականացնելու համար, որոնք առավելապես վերաբերում էին հետեւյալ նպատակ-խնդիրներին.

-    Նախիջեւանի, Արցախի վերջնական օկուպացիա՝ հայաթափման, բնիկների՝ հայերի տարատեսակ հալածանքների միջոցով,

-    Մեղրիով Նախիջեւանի հետ ցամաքային կապի ստեղծում, որը ավելի հեռահար պանթյուրքիստական նպատակ ուներ եւ հստակ թուրք-ադրբեջանական ծրագիր էր, որը չէր իրականացել 1920-ականների սկզբին,

-    Խորհրդային Հայաստանից տարբեր տարածքների զավթում եւ իրենց համար կարեւորություն ունեցող որոշ տարածքների հայկական պատկանելության ապացույցների հերքում ու ոչնչացում:

Այս եւ սրանց հետ փոխկապակցված տարատեսակ խնդիրներ եղել են Խորհրդային Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների բաց կամ քողարկված օրակարգում եւ երբեմն ունեցել են սրացումներ: Այսօր էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը պայմանավորում են նույն խնդիրները, իսկ Ադրբեջանի քաղաքական գործելաոճը դարձել է ավելի ռասիստական եւ ցեղասպանական:   

Վերը նշված խնդիրները լավագույնս դրսեւորվել են Խորհրդային Հայաստանի տարբեր տարիների ղեկավարների, պետական-քաղաքական գործիչների հուշերում եւ սույն հոդվածում հենվելով այդ աղբյուրների վրա՝ փորձ ենք արել ներկայացնել հայ-ադրբեջանական այսօր էլ նոր թափով ծավալվող կոնֆլիկտի կարեւոր շերտերի հիմքերը, որոնց իմացությունը եւ վերլուծությունը կարող են օգտակար լինել մերօրյա գործընթացներում:

Խորհրդային Ադրբեջանի «զգայուն հայկական թեմաները»

Քաղաքական եւ պատմական որոշ իրողությունների եւ դասավորվածությունների հետեւանքով անարդարացիորեն Խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնված հայկական տարածքների եւ այնտեղ բնակվող բնիկների՝ հայերի նկատմամբ այդ պետության վերաբերմունքը գաղտնիք չէ, որ ի սկզբանե եղել է խտրական եւ կրել է բացահայտ ասիմիլացիոն բնույթ: Նույնը դրսեւորվել է նաեւ Ադրբեջանի տարբեր այլ բնակավայրերում գտնվող հայերի պարագայում: Սակայն բացի այդ, ընդհանրապես հայերի, հայկականության հետ կապված որոշ հարցեր եւ թեմաներ Խորհրդային Ադրբեջանում ստացել են հատկապես զգայուն կարգավիճակ եւ գտնվել պետական վերահսկողության տակ: Դրանցից մի քանիսը առանձնացնենք ստորեւ:

Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը նկատում է, որ ԽՍՀՄ 70 տարվա գոյության ընթացքում խորհրդային իշխանությունները չեն կարողացել լուծել հայ-ադրբեջանական հակասությունները, որոնք հատկապես սրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ ժամանակ ի թիվս այլ հարցերի հայ-ադրբեջանական հակասությունների ծիրում է հայտնվել նաեւ զորավար Անդրանիկ Օզանյանի կյանքի եւ գործունեության գնահատման հարցը. հայերիս համար Անդրանիկը հերոս էր, ադրբեջանցիների համար՝ թշնամի: Եվ ըստ այդմ, Անդրանիկի մասին Խորհրդային Հայաստանում տպագրվող գրքերը, հոդվածները, նրա հիշատակին նվիրված միջոցառումները ոչ միայն եղել են Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, այլեւ ամեն առիթով նրանք դա բարձրացրել են Մոսկվայում՝ կենտրոնական իշխանությունների առաջ, իհարկե, դրան տալով այլ գունավորում, թե Հայաստանում գովերգում են «դաշնակցական, հակախորհրդային գործչի»: Իրականում այն, որ զորավար Անդրանիկը եղել է ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական պետական, քաղաքական գործիչների եւ հասարակության լայն շերտերի համար թշնամու հավաքական կերպար ապացուցում են եւ՛ տարբեր գործիչների հուշերում առկա շեշտադրումները, եւ՛ թուրք-ադրբեջանական կեղծ պատմագրության «պրոդուկտ» հանդիսացող գրքերում ու հոդվածներում: Այսինքն՝ ԽՍՀՄ-ում Խորհրդային Ադրբեջանը սիմվոլիկ առումով փորձում էր հետապնդել թուրք-ադրբեջանական հավաքական թշնամու կերպարին՝ Անդրանիկին:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները բնականաբար շատ զգայուն են եղել եւ ակնդետ հետեւել են Հայաստանում կամ հայերի շրջանում Արցախի հետ կապված ցանկացած զարգացման, այդ թվում եւ բնականաբար խնդրի գիտական ու անգամ գեղարվեստական արծարծումներին: Այսպես, 1947 թ. հունիսի 21-ին Ադրբեջանի ղեկավար, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովը նամակով պաշտոնապես դիմել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմ պահանջելով շրջանառությունից հանել 1946 թ. Երեւանում հրատարակված գրող Մարիետա Շահինյանի «Խորհրդային Անդրկովկաս» գիրքը, որտեղ Լեռնային Ղարաբաղը անվանված է «հայկական երկրամաս» եւ «Հայաստանի մի կտոր»:
Ի դեպ, հայ գրականության հանդեպ ադրբեջանական «հետաքրքրությունը» դրսեւորվել է նաեւ հետագայում եւ օրինակ՝ 1956 թ. Երեւանում Րաֆֆու «Կայծեր» վեպի վերահրատարակվելուց հետո Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Իմամ Մուստաֆաեւը նամակ է հղել ԽՄԿԿ Կենտկոմ` բողոքելով, որ «Կայծերը» վտանգավոր գործ է եւ կվնասի «ազգերի ինտերնացիոնալ բարեկամությանը»:

Խորհրդային շրջանում եւս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության հանդեպ այդ պետության եւ հասարակության վերաբերմունքը եղել է բացասական, վանդալիզմի ակնհայտ դրսեւորումներով: Ընդ որում` ձգտելով ոչնչացնել հայկական հուշարձանները՝ նպատակ էր հետապնդվում հերքել ոչ միայն հայկական ներկայությունը, այլեւ այդ տարածքների հայկական պատկանելությունը, հայերի բնիկության փաստը: Եվ ըստ այդմ, ջարդարար-վանդալները սիստեմատիկ ոչնչացրել են Նախիջեւանի տարածքում հայկական խաչքարերը, իսկ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները անգամ խոչընդոտել են Հայաստանի ղեկավարության փորձերը հոգեւոր ժառանգության փրկված մասունքները տեղափոխել Խորհրդային Հայաստան: Եվ հայկական իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել այդ հարցում թեկուզ մասնակի արդյունքների հասնելու համար: Օրինակ՝ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը իր օրագրում 1977 թ. հոկտեմբերի 21-ին գրում է, որ Բաքվում Անդրկովկասի ռազմական օկրուգի ռազմական խորհրդի նիստի ժամանակ Նախիջեւանի խաչքարերի հարցը քննարկել է Հեյդար Ալիեւի հետ. «Հ. Ա. Ալիեւի հետ լուծեցի Նախիջեւանից արժեքավոր խաչքարերի տեղափոխման հարցը»: Կարելի է ենթադրել, որ ոչնչացվող հայկական խաչքարերի տեղափոխելուն արգելք հանդիսանալով՝ ադրբեջանական իշխանությունները նպատակ ունեին թույլ չտալու հետագայում թեկուզ ոչ Նախիջեւանում, սակայն, այնուամենայնիվ այդ տարածքի հայկական լինելը հավաստող անհերքելի ապացույցների որեւէ կերպ պահպանմանը:

Ադրբեջանցիները եւ այդ պետությունը շատ զգայուն եւ ատելությամբ լցված են եղել ոչ միայն հին հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ, այլեւ Խորհրդային Ադրբեջանի սահմաններում գտնվող պատմական հայկական տարածքներում հայերին նվիրված նոր կառուցվող հուշարձանների, արձանների տեղադրման հարցում: Պատճառը եւ նպատակը բնականաբար նույնն էր՝ հայերի բնիկությունը, այդ տարածքների հայկական պատկանելությունը հաստատող եւս մեկ փաստի արձանագրումը թույլ չտալը: Այս խնդիրը ցայտուն կերպով դրսեւորվել է այն ժամանակ, երբ ծրագրվել է տեղադրել ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին իր ծննդավայր Չարդախլուում, որը գտնվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը գործադրելով նաեւ արեւելյան սիրաշահելու դասական մեխանիզմները՝ պնդել է, որ կիսանդրին տեղադրվի ոչ թե մարշալի ծննդավայր հայկական գյուղում, այլ Կիրովաբադում, որը պատմական հայկական Ուտիք նահանգի Գանձակ քաղաքն է, սակայն որի հայկական պատկանելության ժխտումը սկսվել էր ավելի վաղ և, երևի թե, ըստ ադրբեջանական պատմագրության ու քարոզչության, այդ ժամանակ դրա հայկական չլինելը ավելի «համոզիչ էր»: Մարշալ Բաղրամյանի կիսանդրու հետ կապված այս դրվագի մասին իր հուշերում պատմում է Խորհրդային Հայաստանի հայտնի պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը. «Կիրովաբադում տեղադրելու էին մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Մարշալի հետ վիճում էի, ասում էի, որ դա Ալիեւի ցանկությունն է, պնդում էի, որ կիսանդրին պիտի տեղադրվի միայն Միության կրկնակի հերոսի հարազատ ծննդավայրում` Չարդախլու գյուղում: Ի վերջո, հաղթեց Ալիեւի ցանկությունը»:

Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարները
    
Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի անարդար ձեւով Հայաստանից անջատելու եւ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ դնելու ԽՍՀՄ ղեկավարության քայլը անընդունելի է եղել հայկական հասարակության բոլոր շերտերի համար: Այդ նույն մոտեցման կրողն են եղել խորհրդային բռնապետության պայմաններում պետական պաշտոններ զբաղեցրած բազմաթիվ հայ կուսակցական-պետական գործիչներ: Դրա ապացույցներից է այն, որ հնարավորության ու առիթի դեպքում, իսկ երբեմն էլ կենտրոնական իշխանությունների ծրագրերի մեջ չտեղավորվող սցենարներով Խորհրդային Հայաստանի ղեկավարները ժամանակի հասարակական գործիչների, մտավորականների հետ համատեղ բարձրացրել են Արցախի եւ Նախիջեւանի Հայաստանին վերամիավորելու հարցը:

Դրանցից հարկ է առանձնացնել 1937-1953 թթ. Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի (Արութինով) քայլը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված հայրենադարձության եւ ԽՍՀՄ կողմից Թուրքիային հողային պահանջներ ներկայացնելու ժամանակահատվածում նամակով դիմել է Իոսիֆ Ստալինին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցով:

Այսպես, 1945 թ. նոյեմբերին Իոսիֆ Ստալինին ուղղված նամակում Հարությունյանը գրում է.

«Իոսիֆ Վիսարիոնովիչ,

Հայաստանի տարածքին հարող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 1923 թվականից գտնվում է Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Այդ մարզի բնակիչները հիմնականում հայեր են: 153 000 բնակչությունից 137 000-ը հայ են»: Այնուհետեւ Խորհրդային Հայաստանի ղեկավարը բերում է փաստեր, հիմնավորումներ, որոնք առնչվում են գյուղատնտեսությանը, կրթությանը եւ շարունակում. «Նկատի ունենալով այս եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը՝ Կենտկոմը եւ Հայաստանի Ժողկոմխորհը ՀամԿ(բ)Կ Կենտկոմի եւ միութենական կառավարության քննարկմանն են ներկայացնում Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ղարաբաղի մարզ, Հայաստանի ԽՍՀ կազմ ներգրավելու հարցը: Հարցին դրական լուծում տրվելու դեպքում Հայաստանի Կենտկոմը եւ Ժողկոմխորհը կառավարություն կմտնեն Ղարաբաղի նախկին կենտրոն՝ սովետական կարգերի հաստատվելուց առաջ ավերված Շուշի քաղաքը վերականգնելու առաջարկությամբ»:

Այդ նույն խնդրին Գրիգոր Հարությունյանը անդրադարձել է նաեւ 1947 թ., երբ նոյեմբեր ամսին անձամբ հանդիպում է Ստալինին եւ առաջ քաշում Արցախը Հայաստանին միացնելու հարցը: Դրան ի պատասխան Ստալինը հնարավոր է համարում հարցի քննարկումը, բայց միայն մի պարագայում, եթե այդ խնդրանքով միութենական կառավարությանը Հայաստանի ղեկավարը դիմի Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ միասին, ինչը նշանակում էր հարցի մերժում կամ փակուղի մտցնել, քանի որ պարզ էր, որ Ադրբեջանը երբեք նման քայլի չէր գնա:

Հետաքրքիր է, որ արդեն 1953 թ. Ստալինի մահից հետո, նոյեմբերի ՀԿԿ Կենտկոմի պլենումում, երբ լսվել է Հարությունյանին աշխատանքից ազատելու հարցը նրան ներկայացված մեղադրանքներից կամ միտում պարունակող հարցերից է եղել նաեւ նրա վերոհիշյալ նամակը Ստալինին, որը ներկայացվել է որպես ազգայնամոլական պահվածքի դրսեւորում: Ի պատասխան հնչած հարցերին Հարությունյանը ասել է, որ Արցախի հարցով դիմել է Ստալինին. «սեփական նախաձեռնությամբ, իբրեւ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ»:

ԽՍՀՄ տարիներին Արցախի եւ Նախիջեւանի հարցերով հետաքրքրված եւ գործուն քայլեր արած պետական գործիչներից է 1966-1974 թթ. Խորհրդային Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ով 1966 թ. սեպտեմբերի 30-ին իր եւ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի անունից դիմել է ՍՄԿԿ Կենտկոմ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու հարցով, իսկ դիմումը ներկայացնելու ժամանակի ընտրությունը ըստ պատմաբան Վլադիմիր Պետրոսյանի, պայմանավորված էր ՍՍՀՄ Սահմանադրության նոր նախագծի քննարկման հետ, որը կարող էր հարմար առիթ լինել տարածքային փոփոխություններ անելու համար:

Այս նույն հարցի մասին իր հուշերում պատմում է նաեւ Ալեքսան Կիրակոսյանը մանրամասնելով. «1966 թ. ամռանը Հայաստանի գիտության եւ մշակույթի գործիչների մի մեծ խումբ նամակով (նամակի տակ 1906 ստորագրություններ են) դիմեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Բրեժնեւին, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանին եւ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վ. Ախունդովին` Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու պահանջով: Այդ օրերի համար անօրինակ խիզախության դրսեւորեց հանրապետության ղեկավարությունը` միանալով մտավորականության պահանջին»:

Արցախի վերամիավորման հարցը Ա. Քոչինյանը բարձրացրել է Խորհրդային Հայաստանի 50-ամյակի տոնակատարությունների առիթով Երեւան այցելած ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի առջեւ նաեւ 1970 թ.: Ա. Քոչինյանը Բրեժնեւի եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել եւ հանգամանալից ներկայացրել խնդիրը եւ ինչպես փոխանցել է Խորհրդային Հայաստանի պետական գործիչ (Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, այնուհետեւ Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ) Մուրադ Մուրադյանը, ով անձամբ ներկա է եղել այդ հանդիպմանը. «Ա. Ե. Քոչինյանի հաղորդման ամբողջ ընթացքում Լ. Ի. Բրեժնեւը նրան չընդհատեց, ոչ մի հարց չտվեց, միայն ծխում էր եւ ուշադիր լսում: Միայն Ա. Ե. Քոչինյանի հաղորդումը վերջանալուց հետո նա արտասանեց ընդամենը մի նախադասություն՝ “Ребята – это война”»:

Արցախի թեման Խորհրդային Հայաստանի եւ՛ ղեկավարները, եւ՛ մտավորականները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների առջեւ բարձրացրել են սիստեմատիկ եւ նման օրինակներից 1972 թ. Մոսկվա ուղարկված նամակը, որի մասին Ա. Կիրակոսյանը գրում է. «1972 թ. սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի տարածքային կառուցվածքից հանելու եւ Հայաստանին միացնելու խնդրանքով ԽՄԿԿ Կենտկոմ էր ուղարկվել մի նամակ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի եւ հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի ստորագրություններով»: Հետագայում Բադալ Մուրադյանը «Սովետական Հայաստան» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով մտավորականների նամակին՝ ասել է. «Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ այդ նամակին, ապա, իմ կարծիքով, գործի գլուխ կանգնած էր Մարտիրոս Սարյանը…»:

ԽՍՀՄ-ում Արցախի եւ Նախիջեւանի հարցը անհանգստացրել է ոչ միայն Խորհրդային Հայաստանի ղեկավարներին, այլեւ հայազգի այլ գործիչների, որոնցից է մարշալ Հովհաննես Բաղրամյանը: ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը 09.08.1978 թ. օրագրային գրառման մեջ պատմում է Բարվիխայում հանգստանալիս մարշալ Բաղրամյանի հետ իր հանդիպումների մասին, որոնց ընթացքում զրուցել են տարբեր թեմաների շուրջ: Ըստ Դեմիրճյանի, Բաղրամյանը ասել է, որ շատ է կապված հայկական հողի հետ, ընդ որում, դեռ երիտասարդ տարիներից: Խոսել է նաեւ Արցախի, Նախիջեւանի մասին եւ որպես լուծում մտածել է երկու տարբերակների մասին: Առաջինը՝ ինքնավարություն, սակայն տարբեր հանրապետությունների կազմում, օրինակ՝ Արցախը Հայաստանի, իսկ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում: Մյուս լուծումը Արցախի եւ Նախիջեւանի վերադարձն է Հայաստանին. «որն ավելի դժվար է իր կարծիքով»: Բաղրամյանը նշել է, որ այդ լուծումներից մեկը անպայմանորեն պետք է կյանքի կոչել, քանի որ խնդիրը «վնասում է երկու հարեւան ժողովուրդների բարեկամությանը»:

Վերոնշյալ փաստերն ապացուցում են, որ անգամ ԽՍՀՄ-ում ձեւավորված պետական վերահսկողության, գրաքննության պայմաններում Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ եւ մտավորականներ չեն վարանել բարձրացնել Արցախի եւ Նախիջեւանի հարցը եւ պահանջել պատմական հայկական այդ տարածքների վերադարձը Հայաստանին:

Շարունակելի

Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին