«Միջանցքների» թուրքական պահանջը եւ Ռուսաստանի շահերը - Mediamax.am

«Միջանցքների» թուրքական պահանջը եւ Ռուսաստանի շահերը
1877 դիտում

«Միջանցքների» թուրքական պահանջը եւ Ռուսաստանի շահերը


Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի կողմից ստացել է Հայաստանի վարչապետի հանդիպման առաջարկը, իսկ որպեսզի ինքը նման քայլի գնա, Հայաստանը նախ պետք է «դրական» քայլեր ձեռնարկի: Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներն Էրդողանը պայմանավորում է լրացուցիչ նախապայմանով՝ Երեւանը պետք է իր տարածքով «միջանցքներ» տրամադրի: Ընդ որում, Թուրքիայի նախագահը «միջանցք» բառն օգտագործում է ոչ թե եզակի, այլ հոգնակի թվով, ինչպես Ադրբեջանի նախագահը:

Պաշտոնական Երեւանն արձագանքել է միայն վարչապետի մամուլի քարտուղարի մակարդակով՝ ոչ միայն չհերքելով Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ փոխանցելը, այլեւ հստակ ու համաչափորեն չհակադարձելով միջանցք տրամադրելու նախապայմանին՝ ընդգծելով միայն, որ որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն, իսկ Երեւանը կողմնակից է տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներին, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ:

Իսկ սեպտեմբերի 20-ին Երեւանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ի պատասխան լրագրողների հարցին, հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում, եւ որ օրակարգում է Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Օվերչուկը, հիշեցնեմ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի անդամ է՝ պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցություններում:

Ռուսական կողմի նման հայտարարությունը կարող է հուշել, որ Մոսկվայի համար ապաշրջափակման գործընթացում «միջանցքային» սկզբունքն ընդունելի չէ կամ գոնե դրա՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մատուցվող բովանդակությունը չի տեղավորվում տարածաշրջանային փոփոխությունների ռուսական պատկերացումներում: Սա կարող է մի քանի պատճառ ունենալ.

1.    Պարզից էլ պարզ է, որ Սյունիքի տարածքով միջանցքի կամ, գուցե, միջանցքների տրամադրման պահանջը Ադրբեջանի ու հատկապես Թուրքիայի համար ոչ թե պարզապես ենթակառուցվածքային ու տնտեսական, այլ քաղաքական հեռահար նպատակներ ունի. առաջնայինը Նախիջեւանին կապվելը, իսկ ավելի բաց տեքստով ասած՝ Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելը չէ, քանզի Ադրբեջանը Թուրքիայի հետ Վրաստանի տարածքով ցամաքային կապ վաղուց ունի: Թուրքիայի համար Հայաստանի տարածքով միջանցք ստանալը պատերազմից հետո Հարավային Կովկասում ակնհայտորեն ընդլայնված ազդեցությունն էլ ավելի ծավալելու տրամաբանության մեջ է առավելապես տեղավորվում. ի վերջո, որքան Թուրքիան կարողանա ավելի շատ քաղաքականապես մխրճվել Հարավային Կովկասում՝ դրա համար գործի դնելով թե՛ Ադրբեջանի հետ ռազմական ու քաղաքական համագործակցության լծակներն ու թե՛ պետք եղած դեպքում տնտեսական հնարավորությունները, այնքան տարածաշրջանում խաղացող ուժերը՝ հատկապես Ռուսաստանն ու, ինչու ոչ, Իրանը ավելի շատ են ստիպված լինելու հաշվի նստել Թուրքիայի դիրքորոշման հետ, եւ վերջին ամիսների գործընթացներն ու Ռուսաստանի մարտավարությունը հենց սա են ապացուցում: Հետեւաբար, այլ կլինի իրավիճակը, եթե կոմունիկացիաների բացումը հանգեցնի Թուրքիայի/Ադրբեջանի կողմից լայնորեն վերահսկվող միջանցքի բացմանը, եւ համեմատաբար այլ, եթե այն ունենա տարանցիկ ճանապարհի կարգավիճակ, որի նկատմամբ եթե անգամ հայկական կողմը չունենա կամ ունենա սահմանափակ վերահսկողություն, ապա նման լիազորություն տրված լինի ռուսական կողմին:

2.    Այստեղ հաջորդ հարցը կարող է ծագել. չէ՞ որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սեւը սպիտակի վրա գրվել ու ստորագրվել է, որ Հայաստանի տարածքով անցնելիք տրանսպորտային ուղիների վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Այո՛, արձանագրված է ու «կնքված», բայց ու՞մ կողմից: Այդ հայտարարության եւ կոնկրետ այդ կետի ներքո իրենց ստորագրությունն են դրել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, ինչը, ի դեպ, ամենեւին էլ մինչ այժմ չի երաշխավորել հայտարարության որոշ կետերի իրագործումը: Հարցն այն է, որ իր հերթին միջանցքներ պահանջող Թուրքիան եռակողմ հայտարարության կողմ չէ, ու Էրդողանի ստորագրությունն էլ այդ փաստաթղթի տակ դրված չէ: Ռուսաստանն ու Թուրքիան նաեւ պատերազմից հետո մի քանի անգամ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակն ու տարածաշրջանային զարգացումները քննարկել են երկկողմ մակարդակում, որի արդյունքում նշված հարցի առնչությամբ, բնականաբար, որեւէ փաստաթղթային ամրագրում կամ պաշտոնական երկկողմ հայտարարություն չի եղել: Այսինքն, չկա որեւէ հիմք վստահ լինելու, որ Թուրքիայի համար ընդունելի եւ/կամ համաձայնեցված է տրանսպորտային հնարավոր ուղիների վերահսկողության իրավունքը Ռուսաստանին տրամադրելու հարցը: Ավելին, չկա անգամ երաշխիք, որ այդ դրույթի առնչությամբ x պահին վերապահումներ չի ներկայացնի նաեւ Ադրբեջանը՝ գուցե Անկարայի ստվերային աջակցությամբ: Եթե անգամ դիտարկենք այն վարկածը, որ Ռուսաստանի համար առաջնային չէ՝ միջանցք կտրվի, թե տարանցիկ ճանապարհ, այլ կարեւորը երկու դեպքում էլ այն վերահսկելն է, ապա նորից նույն խնդիրն է առաջ գալիս՝ արդյո՞ք Ադրբեջանն ու հատկապես Թուրքիան պատրաստ են վերջնարդյունքում գնալ այդպիսի համաձայնության: Եթե «միջանցք» ասվածի ներքո վերջինները բացառում են Ռուսաստանի լայն վերահսկողության տարբերակը, արդյո՞ք կրկին ռուսական կողմի համար կարող է միեւնույն լինել «միջա՞նցք, թե տարանցիկ ճանապարհ» երկընտրանքը, երեւի թե՝ ոչ: Կարճ ասած, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, ինչպես ասում են՝ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ:

3.    Ակնհայտ է նաեւ մեկ այլ բան. Թուրքիան որքան էլ պատերազմից հետո հաջողացրել է մեծացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում, այնքան, որ այդ հանգամանքի հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան տարբեր մակարդակներում հայտարարեց, միեւնույնն է՝ ստացված արդյունքը Թուրքիայի «պլան մաքսիմումը» չէ: Պատերազմի ավարտից հետո հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումն ու Թուրքիայի ունեցած մյուս լծակներն այդքան էլ չեն ապահովում Անկարայի համար ցանկալի ներկայությունը տարածաշրջանում: Սա հրապարակային մակարդակում էլ է տեսանելի ոչ միայն Թուրքիայից հնչող հայտարարությունների տոնայնությունից ու տողատակերից, այլ նաեւ նրանից, որ վերջին ամիսներին ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին կարծես թե այլեւս չի էլ խոսվում՝ գոնե այնպես, ինչպես դրա բացման սկզբնական փուլում, երբ անդրադարձեր էին կատարվում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով:

4.    Ռուսական կողմի համար, ամենայն հավանականությամբ, այս հարցերի պատասխանները կարեւոր են նաեւ լոգիստիկ իմաստով: Սյունիքի տարածքով հնարավոր կոմունիկացիաների բացման դեպքում Ռուսաստանի համար կարեւոր է լինելու ապահովել անխափան ու անկաշկանդ հաղորդակցություն Հայաստանի հարավի հետ, քանի որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հետ ցամաքային կապն ու անհրաժեշտ մատակարարումներն իրականացվում են հենց այս երթուղով: Նման երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտություն, վստահաբար, կա. չմոռանանք, որ ադրբեջանական սահմանապահ ուժերն ընդամենը օրեր առաջ որոշ ժամանակով փակեցին Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածը, որտեղով երթեւեկության անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները՝ ամիսներ առաջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն: Հարցն այն չէ, թե կոնկրետ որն էր այդ քայլի նպատակը, այլ այն, որ նման բան տեղի է ունեցել: Կա՞ երաշխիք, որ ինչ-ինչ սցենարների դեպքում նմանատիպ գործողություններով որոշակի հարցեր լուծելու փորձեր այլ հատվածներում չեն լինելու՝ անկախ ձեռք բերված պայմանավորվածություններից…

Պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ միջանցքներ ստանալու նախապայմանը այս դեպքում Թուրքիան վերահաստատում է հայ-թուրքական տիրույթում: Եթե Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տրամաբանական նպատակներից մեկը կարող է եւ պետք է լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը տարանջատելը, որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպայմանավորվեն Ադրբեջանի պահանջներով, ապա գոնե հրապարակայնորեն նման նախապայման առաջ քաշելով՝ Թուրքիան ճիշտ հակառակն է անում: Ռուսաստանի համար տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի ու գործողությունների միջեւ հնարավորին չափ խզում տեսնելը, կարծում եմ, կարեւոր է, որովհետեւ որքան Անկարան ու Բաքուն միասնաբար են գործում՝ անկախ նրանից, թե նրանից ով ում նկատմամբ է խորացնում իր ազդեցությունը, այնքան բարդ է Ռուսաստանի համար: Նման իրավիճակում մի կողմից Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական գործոնը, հնարավորություն է ունենում մեծացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասի գործընթացներում ու պայմաններ թելադրել, մյուս կողմից՝ Ադրբեջանը, օգտագործելով թուրքական «հովանոցը», կարողանում է մեծացնել իր մանեւրելու դաշտն ու բալանսավորել Ռուսաստանին՝ վերջինին «հակաճառելու» եւ հնարավորին չափ ավելին պոկելու շանսերը մեծացնելով: Եթե խոսք գնա հայ-թուրքական նոր գործընթացի մասին, ապա Ռուսաստանը ոչ միայն ձգտելու է եթե ներգրավված չլինել դրանում որպես միջնորդ կողմ, ապա գոնե հասնել նրան (կլինի Հայաստանի վրա իր ունեցած ահռելի ազդեցությունը բանեցնելու թե ռուս-թուրքական երկկողմ հարթությունում), որ հաշվի առնվեն Ռուսաստանի առանցքային շահերը:

Հետեւաբար, Ռուսաստանին, կարծում եմ, եւս ձեռնտու կլինի, եթե նման սցենարի դեպքում հայ-թուրքական նոր գործընթացները հնարավորության սահմաններում տարանջատվեն ադրբեջանական օրակարգից. վերջին ամիսների զարգացումները հստակ ցույց են տալիս, որ տարբեր դրվագներում Ռուսաստանի չեզոք արձագանքների պատճառը հենց Թուրքիայի ազդեցության աճն ու դրանից բխող խնդիրներն են:

Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին