Երբ գալիս է սեպտեմբերը. հոբելյանական վերհուշ - Mediamax.am

Երբ գալիս է սեպտեմբերը. հոբելյանական վերհուշ
2497 դիտում

Երբ գալիս է սեպտեմբերը. հոբելյանական վերհուշ


Սեպտեմբեր ամսվա խորհուրդը 2020 թվականից խճողվել է. այն այլեւս միայն ուսումնական տարվա մեկնարկի ու Անկախության՝ ուրախ հույզերով լի տոների ամիս չէ... Սեպտեմբերի 1,  21, 27 հերթականության մեջ անդրադառնամ առաջինին՝ «բարձրաձայն» վերհիշելով համակուրսեցիներիս եւ իմ՝ 30 տարի առաջ ապրած սեպտեմբերի մեկն ու դրան հաջորդած տարիները:

1991թ. սեպտեմբեր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ժուռնալիստիկայի բաժին (այն ֆակուլտետ դարձավ 1999թ.), 212  լսարան: Մոտ յոթ տասնյակ ապագա լրագրողուհի ու լրագրող հուզված, նորեկի՝ շուրջբոլորը զննող անվստահ հայացքով սպասում ենք առաջին դասախոսությանը: Ներս մտավ լուսահոգի Գագիկ Հովհաննիսյանը, մոտեցավ ամբիոնին: Անթերի խնամված բեղերը շոյելով՝ քննախույզ հայացք նետեց շարքերին, կարդաց անուններս, ապա սկսեց բացատրել, թե ինչ բան է լրագրությունը: Եզրափակեց մեր խանդավառ տրամադրությունն ու ինքներս մեզանից ունեցած մեծ ակնկալիքները խիստ չափավորող կանխատեսմամբ.

«Այսքանդ որ եկել եք լրագրություն սովորելու՝ ասեմ, որ վերջում հազիվ մի քանի հոգուցդ լրագրող դուրս գա... Լրագրությունը միայն հանրաճանաչ դառնալը չէ, թեեւ շատերին հենց դա է հրապուրում: Այն անընդմեջ, մանրակրկիտ, տքնաջան ու շատ պատասխանատու աշխատանք է: Գրած կամ ասած ամեն խոսքիդ հետեւում պետք է բազմակի ստուգված փաստ լինի, որ հայացքդ չփախցնես, երբ տեսնես մարդուն, ում մասին գրել ես...»:

Այդ տարի աննախադեպ մեծ թվով տեղեր էին ավելացվել ժուռնալիստիկայի բաժնում, եւ Գագիկ Հովհաննիսյանի խոսքից զգացվեց, որ նա գոհ չէր դրանից: Ինչեւէ: Այդ ոչ այնքան խրախուսիչ կանխատեսմամբ էլ սկսվեց մեր ուսումը: Սակայն, պարոն Հովհաննիսյանը հետագայում ստիպված եղավ վերանայել այն: Գրեթե բոլոր համակուրսեցիներս, քիչ բացառություններով, «գրավեցին» լրատվամիջոցները ու մինչ օրս  լրագրության կամ դրան փոխկապակցված ոլորտներում են աշխատում: Ինչպես մի անգամ հայաստանյան պաշտոնյաներից մեկն ինձ հետ զրույցում կես կատակ-կես լուրջ, բայց դիպուկ ասաց՝ «Սիցիլիական մաֆիայի պես ամենուր եք. ո՛վ կարող է այդքանիդ հետ գլուխ դնել...»: Ի դեպ՝ նշեմ, որ Մեդիամաքսում էլ մեր «մաֆիայից» անդամ ունենք...

Իսկ վերանայումն այսպես եղավ: Համալսարանն ավարտելուց տարիներ անց՝ Երեւան-Վիեննա չվերթում պատահաբար հանդիպեցի Գագիկ Հովհաննիսյանին: Նա իր շախմատային գործերով էր ճամփորդում, ես՝ իմ լրագրողական: Ընկանք հիշողությունների գիրկը: Մեր ուսման տարիներին գովասանքում ժլատ պարոն Հովհաննիսյանը սկսեց շռայլորեն գովաբանել մեր կուրսին: Հիշեցրի 1991-ին արած կանխատեսումը: Հոգոց հանեց. «Ինչ ասեմ, փաստորեն՝ սխալվեցի...Բայց, իրոք, քչերն են հետո լրագրությամբ զբաղվում»: Ապա բեղի տակ խնդմնդալով՝ ճիշտ դուրս գալու մի վերջին փորձ արեց. «Իսկ կարո՞ղ է իմ «ինադու» բոլորդ որոշեցիք լրագրող աշխատել, ինչ է թե՝ ինձ սխալ դուրս բերե՞ք...»: Մի լավ ծիծաղեցինք:

Ցրտում ու մթում կոփված ընկերություն

30 տարիների հեռվից այսօր աչքիս առաջ են բոլոր համակուրսեցիներս ու մեր՝ հասարակական մեծ վերափոխումների, պատերազմի, ցրտի ու մթի տարիներին անցկացրած տառապալի, բայց մարդկային փոխհարաբերությունների առումով հրաշալի ուսանողությունը: Հակասական կարող է թվալ, բայց ապահով ու բարեկեցիկ Եվրոպայի սրտում ապրելով՝ երբեմն կարոտում եմ այդ դժնդակ, ցուրտ ու մութ տարիները. դրանք հաղթահարելիս մեր միջեւ ձեւավորված մարդկային անկեղծ ու հաստատուն հարաբերությունները ջերմացնում են ինձ մինչ օրս...

Այսօրվա ուսանողությանն ասածս գուցե հնաբույր թվա, բայց մեր մի քանի ընկերական խմբերի բաժանված կուրսն ապրում էր ավանդական մեծ ընտանիքի սկզբունքով: Խմբերի ներսում ավելի սերտ կապեր էին, բայց նաեւ խմբերն էին միմյանց հետ ընկերական լավ շփումների մեջ: Բոլորիս մոտ մի մեծ ամբողջի մաս լինելու զգացում եւ ընկալում կար: Գիտեինք միմյանց լավ ու ոչ այնքան լավ «խասյաթները» եւ իրար սիրում ու հարգում էինք այնպես, ինչպես որ կայինք, հոգ տանում մեկս մյուսի  մասին: Իհարկե, վիճում էլ էինք (այն էլ՝ ինչպե՛ս), բայց դա չէր խարխլում մեր կուրսային-ընտանեկան պատկանելիության զգացումը, այլ, ինչպես տարիները ցույց տվեցին, նույնիսկ ամրացնում էր այն:

Ավարտելուց հետո միջխմբային շփումները, զարմանալիորեն, ավելի աշխուժացան, ու ձեւավորվեց բոլոր խմբերից բաղկացած մի մեծ, սերտ բարեկամական շրջանակ: Թեեւ պատահում է, որ մեզանից ոմանք, հիմնականում՝ Հայաստանից դուրս գտնվողներս, տարիներով չենք կարողանում տեսնվել, բայց, միեւնույն է, չենք օտարվում միմյանցից: Անգամ հանգամանքը, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում իրարից տարբերվողից մինչեւ հակադիր հասարակական-քաղաքական կարծիքների, նախասիրությունների ու աշխարհայացքների կրող ենք դարձել՝ չի ձեւախեղել մեր հարաբերությունները: «Կուրսեցի» մակարդակում մնացել ենք իրար նվիրված նույն երիտասարդ խենթերը, միայն թե՝ արդեն տեղ-տեղ ճերմակող մազերով...

Ինչի շուրջ եւ ինչքան էլ թունդ վիճենք, իրար քննադատենք՝ գիտենք, որ վերջում, միեւնույն է, մեր ուսանողական անցյալի հարազատության անձեռնմխելի հանգրվանում լռելյայն հաշտվելու ենք: Մեր համակուրսեցիներ Լ.-ին ու Մ.-ին դեռ կյանքի երեսուն տարին չբոլորած կորցնելը, երկու տարի առաջ էլ Յ.-ի՝ հենց կուրսի հերթական ուրախ հավաքույթի գիշերը հանկարծամահ լինելը, Փ.-ի՝ սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով որդեկորույս դառնալը մեզ լրացուցիչ անգամ համոզեցին, որ երջանիկ ու դժբախտ շրջադարձերով լի կյանքում ճիշտը ոչ թե բաժանարար, այլ միավորող գծերի վրա կենտրոնանալն է... Գիտակցումը, որ այսօր ասված մի դառը խոսքը վաղը շտկելու ցանկություն կարող է ունենանք, բայց հնարավորություն՝ այլեւս ոչ, մեզ թույլ չի տալիս խոտորվել միավորող գծերից:

«Ճանաչել զխոսք եւ զչափ, իմանալ զբանս մարդոց»

Կդժվարանամ պնդել, թե խորհրդային համակարգից անկախության անցման տարիներին մեր սովորած լրագրությունը բոլոր առումներով բավարարում էր անհրաժեշտ չափանիշներին: Այստեղ պիտի հաշվի առնենք օբյեկտիվ հանգամանքը, որ  կարճ ժամանակում անցում էր կատարվում խորհրդային «ճակատային» գաղափարական-քարոզչական լրագրությունից դեպի ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ազատ խոսքով լրագրության, ուստի, դասավանդվող առարկաների կառուցվածքի եւ բովանդակության բազմազանեցման ու ամբողջականացման առումով դեռ անելիքներ կային: Դրանից բացի, օրինակ, շատ աղքատիկ էր ժուռնալիստիկայի բաժնի տեխնիկական հագեցվածությունը: Բայց ժամանակներն էին այդպիսին: Երկրաշարժից ավերված, պատերազմի ու շրջափակման ճիրաններում գտնվող հետխորհրդային Հայաստանում այնքան բան կար ծայրը ծայրին հասցնելու, վերափոխելու, որ մտքներովս անգամ չէր անցնում դժգոհել դրանից:

Չնայած այդ տարիների հասարակարգային մեծ խառնաշփոթին ու «դեֆիցիտներին»՝ նվազագույնը երկու կարեւոր բան, այնուամենայնիվ, մենք կարողացանք որպես ուսանող յուրացնել: Առաջինը՝ ճանաչել սեփական խոսքի ու հատկապես՝ հրապարակային խոսքի չափը, քանի որ հենց ազատության պայմաններում է ամեն ինչի չափ կորցնելու գայթակղությանը տրվելու եւ խոսքն արժեզրկելու վտանգը: Երկրորդը՝ սովորել կառուցել մարդկային անկաշառ, ջերմ հարաբերություններ ու խնամել դրանք առանց սեփական եսը կորցնելու, բայց, միաժամանակ, նաեւ չտրվել սեփական եսի գերագնահատմամբ հարաբերությունները փչացնելու անփութությանը:

1991-ին ծնունդ առած մեր հոբելյար կուրսի մասին մի քիչ մանրամասնեմ՝ թեթեւակի խախտելով անձնական բնույթի տեղեկությունների հրապարակման մասին կանոնները: Հիշատակվող անունները կնշեմ միայն սկզբնատառերով:

Կախարդական կաթսան

Մեր խմբի Ա.-ն, Լ.-ն ու Կ.-ն համալսարանին ամենամոտն էին ապրում: Նրանց տները մեր խմբի հիմնական հավաքատեղիներն էին համալսարան-խմբագրություններ-հանդիպման վայրեր անցուդարձում (մյուս ընկերական խմբերն էլ իրենց «հոթ սփոթներն» ունեին): Ա.-ն մի փոքրիկ կաթսա ուներ, այնքան փոքրիկ, որ մինչ օրս էլ ինձ պարզ չէ՝ դա խոհանոցային խաղալիք  «կոմպլեկտից» մնացա՞ծ էր, թե՞ իսկական... Ինչեւէ, կարճատեւ տրվող հոսանքի ժամին նա այդ «մինի» կաթսայում հասցնում էր ճաշ եփել ու մի ամբողջ խմբի կերակրել: Չհարցնեք, չգիտեմ՝ ոնց, բայց կերակուրը հերիքում էր, ասես՝ կաթսան անհատակ լիներ... Լ.-ն իր ուսանող զարմիկ Ա.-ի ու զարմուհու հետ էր ապրում, ու երբ մենք էլ գումարվում էինք՝ բնակարանը իսկական «կոմունալկայի» էր վերածվում՝ ճաշ եփել, գլուխ լվալ, շոր արդուկել, աղմուկ, ծիծաղ, վեճ, երաժշտություն, նարդու շրխկոց... Իսկ Կ.-ի մայրիկը, ինչքան էլ կարճատեւ տուն մտած լինեինք, հասցնում էր չոր սպիրտի կրակով անասելի համեղ սուրճ եփել ու իր հումորոտ լավատեսությամբ մեզ վարակել, ձեռքի հետ էլ՝ խրատել:

Մի օր աղջիկներից մեկը տղամարդու մի քանի զույգ գուլպա առած եկավ: Պարզվեց՝ մի քանի օր առաջ, երբ տղաները ձնախյուսից թրջված կոշիկներն ու գուլպաներն իրենց տանը չորացնելիս են եղել, նկատել է, որ գուլպաներից որոշները մաշված են: Դա էլ քիչ է՝ տղաները վերջում ստիպված էին եղել դրանք կիսախոնավ հագնել-գնալ:  Սրտին դարդ էր եղել: Տոնավաճառով անցնելիս գուլպաներ էր տեսել ու մտածել՝ առնի, որ պահուստային ունենա... Խստաշունչ ձմռան մի օր էլ Մ.-ն մտահոգ թե՝ «Պիտի  բոլորով գումար հավաքենք՝ մեր ...-ի համար տաք կոշիկներ գնենք»:

Մարզերից ծնողների ուղարկած բոլոր ծանրոցների պարունակությունները համատեղ էինք սպառում: Ձմռան սաստիկ ցրտերին էլ խմբով հաճախ գիշերում էինք վառարան կամ «լեւի» հոսանք ունեցողների տանը, հատկապես՝ քննաշրջանին պատրաստվելիս: Մի խոսքով՝ ինչքան նեղանում էին մեր օրերը, այնքան լայնանում էին մեր սրտերը, ու ամրանում էր հարազատականի վերածվող կապը (այն տարածվեց նաեւ մեր ընտանիքների վրա): Այդ դժվարին տարիներին երգն ու երաժշտությունը մեր անբաժան ուղեկիցներն էին: Անկախ երաժշտական կարողությունների անհատական չափից՝ բոլորս սիրում էինք երգել, նվագել: Մեր երաժշտական «աստղերը», սակայն, Մ.-ն ու Ա.-ն էին եւ դեռ են... Ժամանակի ընթացքում մի բավականին բազմազան երգացանկ ձեւավորեցինք, որի կատարումն առ այսօր մեր բոլոր հավաքույթների պարտադիր մաս է: Չգիտեմ, չեզոք ունկնդրին այն դուր կգա՞, թե՝ չէ, բայց մեզ հիացնում է մինչ օրս, անկախ նրանից, որ տարիների հետ՝ ավելի հաճախ են «ֆալշեր» սպրդում մեր կատարումներում...

Էս կուրսի հետ ո՞նց վարվենք

Մեր հիմնական օրը սկսվում էր դասերից հետո (ինչ թաքցնեմ՝ ոչ հազվադեպ՝ նաեւ դասերի հաշվին) փոքր խմբերով իրար գլխի հավաքվելով ու հաճախ տեւում մինչեւ ուշ գիշեր: Մի անգամ, երբ միջանցքում պատից կախված դասացուցակի մոտ խմբված՝ քննարկում էինք օրվա անելիքը, ընդ որում՝ պլանավորելով նախավերջին ու վերջին դասաժամերը «զոհել» մեր անելիքին, չէինք նկատել, որ բանասիրական ֆակուլտետի դեկան, մեզ հայ գրականություն դասավանդող լուսահոգի Գառնիկ Անանյանը մեր խմբին է մոտեցել: Իսկ երբ նկատեցինք՝ արդեն ուշ էր. ինչ չպետք է լսեր՝ լսել էր: Նա բազմանշանակ հայացքը մեկ առ մեկ սահեցրեց բոլորիս վրայով ու արդյունքից գոհ՝ (բոլորս գլուխներս խոնարհել էինք) հանդարտ ասաց. «Դուք, փաստորեն, գալիս եք համալսարան ոչ թե սովորելու, այլ դասացուցակի պատի մոտ իրար հանդիպելու ու պայմանավորվելու՝ ուր գնալ, ինչ անել... Միայն դրա համար արժե՞ հասնել համալսարան, ուրիշ տեղ հարմար պատ չկա՞...»:

Ահագին ազդվեցինք, բայց մի շաբաթ անց՝ դեկանի մոտ մեր մեղքը քավելու հնար գտանք: Համալսարանում շաբաթօրյակ էր: Պլաստմասսե դույլերով, լաթերով, այդ պահին շուկայում առկա պարսկական բոլոր լվացամիջոցներով զինված՝ (մեր սերնդակիցները կհիշեն՝ այդ տարիներին կենցաղային բոլոր պարագաները պարսկական էին) գնացինք համալսարան ու մաքրելու ենթակա տարածքներից ընտրեցինք հայ գրականության լսարանը: Տղաները սանհանգույցից ջուր էին կրում, սեղան-նստարաններն իրար վրա դարսում, աղջիկներս էլ ընդգծված եռանդով լվանում էինք պատուհանների ապակիները, հատակը մաքրում: Մեկ էլ՝ ներս մտավ պարոն Անանյանը:  Բոլորս լռեցինք: Նայեց մեր քրտնամխած դեմքերին, փոշու ու օճառաջրի հետքերով հագուստներին, խառնշտված մազերին ու գլուխն օրորելով՝ ծիծաղեց. «Ինքնակամ քավարանով եք անցնում, հա՞...»: Հասկացանք, որ հաշտությունը կայացած է, ու մեկս մյուսին հերթ չտալով՝ սկսեցինք նախորդ շաբաթ կատարվածը հազար ու մի հույժ կարեւոր հանգամանքներով բացատրել: Ձեռքը թափ տվեց. «Լավ, լավ, էլ ճարտասանություն մի արեք, գիտեմ, որ դրանում գերազանց եք: Բայց ասեք, թե ձեր կուրսի հետ ո՞նց վարվեմ. ախր, համ շատ լավն եք, համ էլ՝ շատ կարգ ու կանոն անտեսող»: Մենք էլ պատասխան չունեինք, թե ինչ կարելի է անել...

Բայց սխալ պատկերացում չկազմեք. նաեւ կարգին սովորում էինք, թեեւ բաց թողածը լրացնելու համար հաճախ ստիպված էինք լինում քննություններին նախորդող օրերին մոմի լույսի տակ մինչեւ լուսաբաց պարապել: Անհամեստ չհնչի, բայց քննությունների արդյունքները, մեծ մասամբ, տպավորիչ էին լինում...

Արդեն երկրորդ-երրորդ կուրսից շատերս կանոնավոր աշխատում էինք տպագիր մամուլում կամ հեռուստատեսությունում ու ռադիոյում: Գործնական լրագրությամբ զբաղվելու այդ մեծ ակտիվությունը մեր դասախոսներին դիլեմայի առաջ էր կանգնեցնում՝ մեզ գովե՞ն, թե՞ փնովեն: Հաճախակի բացակայությունների համար ստիպված էին նախատել, բայց պրակտիկ լրագրությամբ զբաղվելու համար գովում էին: Երկուսը համատեղել  այնքան էլ չէր ստացվում: Ինչ-որ մի պահից դասախոսներն էլ, մենք էլ համակերպվեցինք նախատինք-գովասանք երկվությամբ համակեցությանը:

Մենք ենք՝ մեր կուրսեցիները

Չզարմանաք, բայց մենք համակուրսեցիներ ունենք նաեւ այլ ֆակուլտետից ու նույնիսկ՝ այլ բուհից: Մեր Ա.-ն ժուռնալիստիկայում չէր, այլ բանասիրականում, բայց ոչ միայն դասերից հետո էր հաճախ մեզ հետ, այլեւ ներկա էր լինում ժուռնալիստիկայի բաժնի որոշ դասախոսությունների: Կարելի է ասել՝ մեծ անարդարություն է, որ նրա դիպլոմի գոնե մի անկյունում նաեւ ժուռնալիստիկայի բաժինն ավարտելու մասին նշում չկա...

Մեր կուրսի Լ.-ի զարմիկ Ա.-ն պոլիտեխնիկից էր: Հաճախ դրսում սպասելու փոխարեն՝ նա միանում էր մեզ վերջին ժամի դասախոսությունների ժամանակ ու այդպես հընթացս ահագին բան յուրացրեց ժուռնալիստիկայից... Մի անգամ բանը հասավ զավեշտի: Մի օր Ա.-ն մեր լսարանի մոտ մեզ էր սպասում: Միասին ինչ-որ տեղ պիտի գնայինք: Դասն ավարտելով՝ մեր դասախոսը դուրս եկավ լսարանից ու Ա.-ին տեսնելով՝ սկսեց նրան «թուք ու մուր» տալ, թե քիչ է՝  դասին ներկա չէր, հիմա էլ  անամոթաբար իր աչքի առաջ անհոգ ճեմում է միջանցքում... Երբ պարզաբանեցինք, որ Ա.-ն, ախր, մեր կուրսից չէ՝ շփոթված դասախոսը ստեղծված իրավիճակից այլ ելքը չտեսավ, քան հիմա էլ նախատել, թե ինչու է կուրսի անդամ չլինելով՝ դասերին ներկա գտնվել: Ա.-ն հիշեցրեց, որ մի անգամ թույլտվություն է խնդրել դրա համար: Արդեն լրիվ խճճվող մեր խեղճ դասախոսը դարձավ մեզ. «Ես չեմ հիշում, ճի՞շտ է ասում»: Միահամուռ գլխով արեցինք...

Ա.-ն ու Ա.-ն մինչ օրս էլ մեզ համար համակուրսեցիներ են ու անփոխարինելի ընկերներ:

Մեր վերջին մեծ հավաքույթը 2018թ. ամռանն էր: Խոսեցինք նաեւ «գոլդ» տարեթվերը՝ համալսարան ընդունվելու 30 եւ ավարտելու 25-ամյակները 2021-ին տոնելու ճոխությունն ունենալու մասին: Մեր միջոցառումների մշտական կազմակերպիչներ Լ.-ն, Հ.-ն ու Մ.-ն այս տարի հոբելյանն ըստ արժանվույն նախապատրաստելու համար ահագին անելիք պիտի ունենային. անկախ Հայաստանի առաջին լրագրողական կուրսը լինելով՝ Հանրապետության հետ երեսնամյակ նշելու բախտի էինք արժանացել: Ինչ իմանայինք, որ 2020-ի սեպտեմբերը մթագնելու է ամեն ինչ ու որեւէ տոն նշելու սիրտ չի թողնելու...   

Ոչինչ, դասականի խոսքի հանգույն՝ հոբելյան տոնելը չէ, որ պետք է զարդարե մեր կուրսի պատմությունն ու ընկերությունը: Հանդիպման առաջին իսկ հնարավորության դեպքում կբավարարվենք համատեղ անցյալը վերհիշելով եւ մեր ու Հայաստանի գալիք տարիների մասին խոսելով. քննարկելու շատ բան է կուտակվել...

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին