Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնն օրեր առաջ ստանձնած Արարատ Միրզոյանի մոսկովյան առաջին հանդիպմանն ու, մասնավորապես, դրան հաջորդած ճեպազրույցում, ստանդարտ արարողակարգային ձեւակերպումները մի կողմ դրած, երեք ուշագրավ հայտարարություն կար:
Նախ Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, որ Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը, այդպես էլ չի վերադարձնում Ադրբեջանում պահվող եւ շինծու մեղադրանքներով դատապարտվող հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, նկատեց, որ Բաքվում այժմ անազատության մեջ են ոչ թե պատերազմի ընթացքում, այլ դրանից հետո, այն է՝ 2020 թ. դեկտեմբերի 13-ին Հադրութի շրջանից դեռ հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղերի եւ Խծաբերդի հատվածում գերեվարված անձինք:
Այսինքն, նրանց վերադարձի հարցը, ըստ Լավրովի, չի կարգավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթով, որով նախատեսվել էր բոլոր գերիների վերադարձը, ուստի, ըստ այդ տրամաբանության, Ադրբեջանի վարքը չպետք է մեկնաբանել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում՝ օրակարգից բացառելով նաեւ դրանից բխող հետեւանքները փաստաթղթի ստորագրման միջնորդ եւ իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի համար:
Նման հայտարարության նպատակը, հավանաբար, ուղերձ հղելն է առ այն, որ որպես միջնորդ՝ Ռուսաստանը չէ մեղավոր, որ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելը չի հաջողվում՝ Մոսվկային ուղղվող մեղադրանք-քննադատությունների սլաքը թեքելու նպատակով: Բայց Լավրովը, միաժամանակ, հայտարարեց նաեւ, որ տարբեր խողովակներով Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է արել եւ շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ պահվող անձանց առանց նախապայմանների: Սա մի կողմից հիշատակված նախորդ հայտարարությանը հավասարակշռելու եւ, որպես միջնորդ, նաեւ Հայաստանի համար նպաստավոր եւ անհրաժեշտ դիրքորոշում հնչեցնելու խնդիր կարող էր լուծել, որովհետեւ եթե առաջին հայտարարությունը կարող է դրական ընկալվել կամ առնվազն ձեռնտու լինել ադրբեջանական կողմին, ապա երկրորդը՝ հայկական կողմին, իսկ այդ պարագայում Ռուսաստանը պահպանում է նաեւ միջնորդական հավասարակշռությունը:
Մյուս կողմից՝ հայտարարության հասցեականությունը, հավանաբար, կապ ունի նաեւ վերջին օրերի իրադարձությունների, մասնավորապես՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանցի սահմանապահների կողմից երկու օր փակ պահելուն, որը ռուս սահմանապահների պատասխանատվության գոտի է հանդիսանում: Օրեր առաջ էի առաջ քաշել այն վարկածը, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա փուլում հակասությունների կամ առնվազն չհամընկնող հավակնությունների պակաս չկա, եւ որ նաեւ դրա դրսեւորումն են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սահմանային տարբեր ուղղություններում: Հավանական է, որ Ադրբեջանին ուղղված այս հասցեական հայտարարությունը նաեւ երկկողմ հարաբերություններում առկա որոշակի լարվածության դրսեւորում է՝ Բաքվի հետ բանակցություններում սակարկումների դաշտ ապահովելու իմաստով:
Շատ ավելի հետաքրքրական է այն, որ Ռուսաստանի արտգործնախարարը չպատասխանեց հայ-ադրբեջանական խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ենթադրյալ ճանաչման վերաբերյալ հարցին:
«Այդ հարցն ինձ չէ ուղղված, այն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին է վերաբերում է, թույլ տվեք չմեկնաբանել: Կարծիք կհայտնեմ այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների հարթմանը եւ փոխըբռնման հասնելուն ուղղված ցանկացած քայլ մենք կողջունենք»,- ասել է Լավրովը: Եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա կստացվի հետեւյալը՝ դա միայն Երեւանի եւ Բաքվի որոշելիքն է, ինչպես որոշեն, այդպես էլ կլինի, մենք չէ, որ որոշում ենք այդ բանակցությունների ու պայմանագրի բովանդակությունը: Սրանով պաշտոնական Մոսկվան, հավանաբար, փորձում է կանխել այն հնարավոր մեղադրանքները, որոնք կարող են հետագայում ուղղվել Ռուսաստանին կողմերից մեկի համար բացասական զարգացումների եւ կորուստների դեպքում՝ այն հիմքով, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, մասնակցություն ունի այդ գործընթացում: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ բանակցային ցանկացած ձեւաչափում հետպատերազմյան փուլում Հայաստանի դիրքերը շատ ավելի թույլ են, Ադրբեջանի ձեռքին կան որոշակի խաղաքարտեր, իսկ օրակարգում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցն է առկախված, ապա զիջողի դերում հայտնվելու առավել մեծ «ներուժ» հայկական կողմ ունի:
Սա, իհարկե, հրապարակային դիվանագիտության տեսանկյունից: Բայց կուլիսների հետեւում Ռուսաստանը, բնականաբար, անմասն չէ այդ ենթադրվող գործընթացից: Հասկանալի է, որ եթե սեղանին դրված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններով ճանաչելու հարցը, որի դեպքում նախկին ԼՂԻՄ տարածքը կարող է ճանաչվել Ադրբեջանի մաս, ապա օդում է կախվելու ռուս խաղաղապահների եւ, առհասարակ, Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության հարցը: Հետեւաբար, նման սցենարը Մոսկվայի շահերին ոչ մի տրամաբանությամբ չի համապատասխանում:
Եվ հենց այստեղ ուշադրություն է գրավում այն, որ նույն հարցին պատասխանելիս Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվելու դեպքում օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ամրագրված սկզբունքների հիման վրա: Խաղաղության ենթադրվող պայմանագրի մասին խոսակցություններն ու Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն առնվազն, իսկ հայկական կողմն այս ողջ ընթացքում նման հստակ դիրքորոշում չէր արտահայտել՝ բացառությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարության, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորման միջոցով, բայց այս դեպքում, միեւնույնն է, որեւէ կերպ հստակեցված չէր՝ ինչ է հասկացվում «ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորում» ասելով: Այժմ Միրզոյանի կողմից նման հայտարարության հնչեցումը՝ այն էլ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ, բնականաբար, առնվազն համաձայնեցված է ռուսական կողմի հետ: Պաշտոնական Մոսկվան, քիչ առաջ հիշատակված պատճառներով, չի ցանկանում ուղիղ ներգրավվել այս թեմայի հրապարակային քննարկումներում, բայց ունենալով իր «կարմիր գծերն» ու կենսական հետաքրքրությունները՝ երեւի թե Հայաստանի արտգործնախարարի հայտարարության միջոցով միջնորդավորված արտահայտում է նաեւ իր մոտեցումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ի վերջո, եթե ռուսական կողմին պետք չլիներ այդ հարցի շոշափումը, ապա նախապես հաստատված արարողակարգով անցկացվող Լավրով-Միրզոյան ճեպազրույցի ժամանակ ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչն այդպիսի հարց, բնականաբար, չէր հնչեցնի, եւ չէին էլ հնչի հիշատակված պատասխանները:
Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: