Գորիս-Կապան ճանապարհը՝ հակասությունների հայելի - Mediamax.am

Գորիս-Կապան ճանապարհը՝ հակասությունների հայելի
2935 դիտում

Գորիս-Կապան ճանապարհը՝ հակասությունների հայելի


Ադրբեջանական սահմանապահ ուժերը, ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության, նախօրեից փակել են Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ՝ նաեւ Գորիս-Որոտան ճանապարհահատվածը:

Կատարվողը, անկասկած, անմիջական կապ ունի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափում ընթացող բանակցությունների՝ հավանաբար անհաջող ընթացքի հետ: Օգոստոսի 17-ին՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ, տեւական դադարից հետո Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հերթական հանդիպումը, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները եւ քննարկել հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը։ Սրան նախորդած ամիսներին՝ առնվազն մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ներխուժելուց ի վեր, սահմանային իրավիճակը կտրուկ լարվեց՝ ընդհուպ այս, ինչպես նաեւ՝ Երասխի ուղղություններում պարբերական գնդակոծությունների, սահմանային մարտերի, ԱԹՍ-ների կիրառման, մարդկային կորուստների տեսքով եւ ոչ միայն: Այդ ողջ ընթացքում եռակողմ բանակցությունները փակուղում էին, այնինչ այդ նույն հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ վաղուց արդեն կոմունիկացիաների ապաշրջափակման ճանապարհային հստակ քարտեզն ու ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ նախագծերը պետք է ներկայացվեին հաստատման:

Ուշագրավ է հատկապես այն, որ օգոստոսի 17-ի եռակողմ հանդիպման եւ դրան հաջորդած օրերին սահմանային իրավիճակը, դատելով պաշտոնական լրահոսից, համեմատաբար կայուն է եղել՝ ո՛չ լարվածության նոր օջախ դարձած Երասխի, ո՛չ էլ Գեղարքունիքի ու Սեւ լճի հատվածներում հակառակորդի ակտիվություն չէր նկատվել, գոնե այնքան, որքան դրան նախորդած շրջանում: Ակնհայտ է դառնում, որ եռակողմ վերջին հանդիպումը, մի շարք գործոններով պայմանավորված, շոշափելի տեղաշարժ չի ապահովել բանակցություններում, ու հավանական հակասությունները «ջրի երես» են դուրս գալիս մեկ այլ հատվածում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին:

Առավել ուշագրավ է այս հատվածում լարվածության աճը այն պատճառով, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որի տարբեր տեղամասերում ադրբեջանական ուժերը արգելափակել են տրանսպորտային տեղաշարժը, անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի (Զանգելան) եւ Սանասարի (Կուբաթլու) շրջաններով, որտեղ արդեն մի քանի ամիս ադրբեջանական սահմանապահ ուղեկալներ, «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակներ են տեղադրված: Հայ սահմանապահները տեղակայված են շփման գծի մյուս կողմում, իսկ ռուս սահմանապահները, ըստ դեկտեմբերի 19-ին ՊՆ տարածած հաղորդագրության,  ապահովում են հայկական տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը, այդ թվում՝ Գորիս-Դավիթ-Բեկ հատվածում:

Ներկա փուլում Ադրբեջանի գլխավոր նպատակը թուլացած Հայաստանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու միջոցով իր օրակարգը, այն է՝ Սյունիքի տարածքով Նախիջեւանին կապող միջանցքի ստեղծումն ու, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքումը պարտադրելն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ սահմանների փոխադարձ ճանաչման հիմքով, ինչը թույլ կտա իրավական իմաստով ամրագրել ու անշրջելի դարձնել մինչ այս ունեցած տարածքային ձեռքբերումները, պոկել իր կողմից անկլավային հռչակվող տարածքները եւ, որ ամենակարեւորն է, ստիպել Հայաստանին ճանաչել նախկին ԼՂԻՄ տարածքը Ադրբեջանի սահմաններում, ինչի պարագայում ղարաբաղյան հակամարտության առհասարակ գոյությունը կասկածի տակ կդրվի:

Գորիս-Կապան ավտոճանապարհի այս հատվածը եւս Բաքվի տարածքային հավակնությունների թվում է, ուստի այս հատվածում իրավիճակի սրումը նաեւ դեմոնստրատիվ նշանակություն ունի՝ նաեւ այն ակնկալիքով, որ սահմանների փոխճանաչումը պարտադրելու դեպքում այս հատվածը նաեւ իրավականորեն կկարողանան ամրագրել որպես սեփական տարածք:

Իսկ այդ ի՞նչ չհարթվող հակասություններ կարող են լինել եռակողմ բանակցություններում, որոնք խոչընդոտում են դրանց առաջխաղացմանն ու սահմանային պարբերական լարվածությունների պատճառ հանդիսանում:

Դրանք, թերեւս, երկուսն են.

1.    Կողմերը, հատկապես՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, վերջնական համաձայնության չեն կարողանում գալ տրանսպորտային ապաշրջափակման կոնկրետ աշխարհագրական ուղիների, դրանց կարգավիճակի ու վերահսկման պայմանների շուրջ: Թեեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվել է, որ ՀՀ տարածքով անցնող ուղիների անվտանգությունն ապահովելու են ՌԴ սահմանապահ ուժերը, բայց չկան հիմքեր վստահ լինելու, որ այդ հարցում ադրբեջանական կողմը լրացուցիչ պայմաններ, գուցե՝ առարկություններ առաջ չի քաշել:

2.    Հավանական է, որ հակասության եւս մեկ կամ, գուցե, ամենախնդրահարույց պատճառը ենթադրվող խաղաղության պայմանագրում Արցախի վերաբերյալ դրույթների բովանդակությունն է: Ռուսաստանն այս հարցում, կարծում եմ, եւս իր կարմիր գծերն ունի. եթե Հայաստանը, ենթադրենք, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններով՝ ստորագրելով նախկին ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին դրույթների տակ, ապա իրավական իմաստով բուն հակամարտության գոյությունը կարող է կասկածի տակ դրվել, իսկ նման սցենարի դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել նաեւ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում: Առավել եւս, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է վերջին ամիսներին, որ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը «իրենց տարածքներում» ժամանակավոր է, եւ առավել եւս, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների մանդատը մինչ այս պահը չի հաստատել: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Հայաստանի ԱԽ քարտուղարն օրեր առաջ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորման միջոցով, եւ որ հնարավոր սահմանազատումն ու սահմանագծումը որեւէ կապ չեն ունենալու Արցախի կարգավիճակի հետ:

Այս ամենին զուգահեռ, լարվածության ակնհայտ աճ է նկատվում հենց Արցախում: Մինչեւ օգոստոսի 17-ի եռակողմ հանդիպումը հայկական տարբեր բնակավայրերի գնդակոծման միջադեպեր, հակառակորդի կողմից ԱԹՍ-ի կիրառում, ինչպես նաեւ՝ առաջնագիծը ճեղքելու փորձ էր արձանագրվել: Բայց երեկ՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կատարվողին գրեթե համընթաց, Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաեւը: Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ-ն տարածած հաղորդագրությամբ նախ հաստատել է միջադեպը, երկրորդը՝ հայտնել, թե զինծառայողն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը եւ անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք:

Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը «Sputnik Արմենիա»-ին հայտնել է, որ Բաբաեւը նախքան ձերբակալվելը երկու օր քաղաքի տարբեր տներում է անցկացրել, եւ ձերբակալվել է այն բանից հետո, երբ տներից մեկում բնակվող անչափահաս երեխաներին փակի տակ պահելուց հետո նրանցից մեկին ուղարկել է ծխախոտ բերելու, իսկ վերջինը, դուրս գալով տնից, ահազանգել է ոստիկանություն, որից հետո Արցախի ոստիկանները եկել ու ձերբակալել են նրան:

Նախ բավական տարօրինակ է պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե իրենց զինծառայողը հոգեբուժարանից է փախել, որովհետեւ, ինչպես Մարտակերտի վարչական ղեկավարն է հայտնել, Բաբաեւը, ըստ հարցաքննության ժամանակ հայտնած տեղեկատվության, վերջին պատերազմի ժամանակ Մատաղիսի մարտական գործողություններին մասնակցելու համար արժանացել է մեդալի, ներգրավված է եղել նաեւ Շուշիի գրավման մարտերում: Եվ առավել տարօրինակ է թվում այն, որ ադրբեջանցի զինծառայողը անչափահաս երեխային բաց է թողել փակի տակից, ուղարկել ծխախոտի ետեւից՝ իբր չկռահելով, որ վերջինը կարող է ոստիկանություն ահազանգել, ինչը վերջ կտար իր «արկածներին»: Հավանական է, որ Բաբաեւը դիտմամբ է իրեն «բռնել տվել»՝ կատարված սադրանքին ավելի լայն մասշտաբներ հաղորդելու համար, առավել եւս, որ ադրբեջանական մեդիատիրույթում, կարծես թե, «հակաահաբեկչական գործողություններ» ձեռնարկելու եւ իրենց զինծառայողին վերադարձնելու մասին ակնարկներ են շրջանառության մեջ դրվել:

Ընդհանուր առմամբ, նման սադրանքը կարող է երկու նպատակ ունենալ: Առաջինը՝ վարկաբեկել ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունն ու արդյունավետությունը՝ այն տպավորությունը ստեղծելու համար, թե կարող են անգամ այդ պայմաններում սպառնալիք լինել Արցախի բնակչության անվտանգության համար, երկրորդ՝ լարվածության օջախ ստեղծել՝ բանակցային սակարկումներ ապահովելու նպատակով: Չմոռանանք նաեւ, որ օգոստոսի 24-ին օրվա ընթացքում եւ մինչեւ ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ եւ Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն եւ տեւական կրակահերթեր էր արձակել հայկական դիրքերի եւ դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Մխիթարաշենի տներից մեկն էլ վնասվել էր:

Եվս մեկ կարեւոր դիտարկում. վերջին շրջանում ադրբեջանական սադրանքները տեղի են ունենում նաեւ հենց այն հատվածներում, որտեղ ռուս սահմանապահներ (Գորիս-Կապան) ու խաղաղապահներ են տեղակայված (Արցախ), որոնք գործընթացի անմիջական կողմ են: Չմոռանանք, որ վերջին շրջանում մի քանի անգամ ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Արցախում հրադադարի խախտումներ է կատարել հենց ադրբեջանական կողմը, ինչն առանձնահատուկ ուշադրության ենթակա հանգամանք է:

Պատկերն ավելի է ամբողջանում, երբ հենց երեկ Թուրքիայի նախագահը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, թե Անկարան համարժեք կարձագանքի, եթե Հայաստանը «դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»: Ադրբեջանի կողմից հայտարարվող հավակնություններում միջնորդավորված բաժին, իհարկե, նաեւ Թուրքիան ունի, եւ Անկարայից հնչող այս հայտարարությունը, կարծում եմ, առավելապես ուղղված է հենց Ռուսաստանին:

Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին