Մինչ շատերը Հայաստանում պնդում են, թե Միացյալ Նահանգներն Աֆղանստան ներխուժելուց հետո 20 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ կենտրոնաձիգ, կայացած կամ գոնե դրա հեռանկարն ունեցող պետական կառավարման համակարգ ու աշխատող ինստիտուտներ ստեղծել, Սպիտակ տնից իրենց դրդապատճառների մասին այլ վարկած են ներկայացնում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ 20 տարի առաջ Աֆղանստան ներխուժելը հստակ նպատակներ է ունեցել՝ ոչնչացնել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին և վստահ լինել, որ Աֆղանստանն այդ ահաբեկչության գլխին կանգնած «Ալ Քաիդա» խմբավորման համար հենակետ չի լինի իրենց նորից հարվածելու համար: Առավել հետաքրքրական է Բայդենի այն հայտարարությունը, որ Աֆղանստան մտնելու իրենց առաքելությունը, մեջբերում եմ, «երբեք պետականաշինության, կոնսոլիդացված ժողովրդավարություն ստեղծելու նպատակ չի ունեցել»:
Իհարկե, ԱՄՆ նախագահի այս խոսքերը չեն, որ պետք է բացառապես հիմք ընդունվեն Աֆղանստանում երկու տասնամյակում ամերիկյան քաղաքականության իրական պատճառներն ու շարժառիթները բացահայտելու համար, բայց առնվազն դիտարկման ենթակա է այն կտրվածքով, թե որքանով է դա իրականությանը մոտ բացատրություն, որքանով՝ «արդարացում», եթե կուզեք:
Եթե առաջնորդվենք այն վարկածով, որը Բայդենի խոսքում է հիշատակված, ապա ամեն բան, կարծես, բնական ու տրամաբանական է թվում. ուժային ցանկացած կենտրոնի, այն էլ՝ ԱՄՆ-ի պես գերտերության տարածաշրջանային նախընտրությունները, դրանց հիմքում ընկած շարժառիթները փոփոխվում են, և պետք չեղած դեպքում նրանք կարող են հեռանալ, այդ դեպքում ո՞րտեղ է գրված աֆղանցիներին թալիբներից փրկելու և բախտի քմահաճույքին չթողնելու պարտավորությունը:
Գուցե:
Իսկ եթե, ամեն դեպքում, ամերիկյան քաղաքականության նպատակներից մեկն իրոք Աֆղանստանում ժողովրդավարություն ներդնելն էր, և, ենթադրենք, ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը ձախողման արդարացում է, կամ նման մի բան, ապա հարց՝ արդյո՞ք ամերիկյան այդ ժամանակվա և դրան հաջորդած վարչակազմերը վստահ ու համոզված են եղել, որ էթնիկական մեծ խայտաբղետություն, դրանից բխող ներքին քաղաքական ու գաղափարախոսական շերտավորում ու անթիվ հակադրություններ, միևնույն ժամանակ՝ կարծր իսլամական մտածողություն ունեցող աֆղանական հասարակությունը կարող էր յուրացնել այն, ինչն արևմտյան ժողովրդավարություն է կոչվում: Եթե այո, ապա որո՞նք էին նման վստահության իրատեսական հիմքերը, քանի՞ նման հաջողված օրինակ կա: Հարցեր են…
Բայց անկախ նրանից, թե այս երկու վարկածներից որն է առավել մոտ իրականությանը, մեկ այլ հանգամանք հաստատ կա. մի՞թե 2021 թ. ապրող սովորական ամերիկացուն առանձնապես հուզում է՝ ինչ է կատարվում Աֆղանստանում, այն էլ՝ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո, երբ այդ նույն սովորական ամերիկացու պայմանական մտերիմ հանդիսացող զինվորականին այլևս վտանգ չի սպառնում: Սովորական ամերիկացու տեսանկյունը փորձենք պատկերացնել՝ ինչու՞ պետք է ամերիկյան հազարավոր զինվորականներ տարիներ շարունակ լինեն Աֆղանստանում, զոհվեն, վիրավորվեն, ինչու՞ պետք է իրենց վճարած հարկերի մի մասն այդտեղ ուղղվի, ի՞նչի համար, ի՞նչ է նա դրանից ստանալու: Ամենևին չհանդգնելով բացահայտել ամերիկյան հանրային հոգեբանության բոլոր նրբերանգները՝ հետաքրքիր է՝ մի՞թե ամերիկյան տնտեսության այս կամ այն արդյունաբերական ճյուղի համար անհրաժեշտ հումքը կան հանածոներն են Աֆղանստանից գալիս, որ, գոնե, տնտեսական շահավետության դրդապատճառներ նշմարվեն, ի վերջո՝ ի՞նչ է ամերիկացու համար Աֆղանստանը, հաստատ՝ ո՛չ հայրենիք կամ իր պետության մի մաս, հանուն որի արժի դա անել: Իսկ այդ նույն սովորական ամերիկացու համար բացատրությունը, թե հեռավոր Աֆղանստանում ԱՄՆ-ի կենսական ինչ-ինչ շահեր կարող են պաշտպանվել, դժվար թե բավարար հիմնավոր ու համոզիչ թվան հիմա. ի վերջո, նախորդած 20 տարվա ընթացքում ահաբեկչության հոգեբանական հետևանքները որոշակիորեն «նստել» են, եւ դա հազիվ թե այնքան կենսական և սուր խնդիր ընկալվի այժմ, որ հիմնավոր դարձնի այդքան մարդկային ու նյութական ռեսուրսի ծախսը «աֆղանական անապատներում»: Առավել ևս, որ վերջին ավելի քան մեկ տասնամյակում Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը որևէ շոշափելի արդյունք չի տվել: Այս համատեքստում տեղավորվում է ԱՄՆ նախագահի այն հայտարարությունը, թե ամերիկացի զինվորները չպետք է զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանցի զինվորները չեն ուզում կռվել ու զոհվել իրենց երկրի համար:
Սրանք հարցեր են, որոնք չեն կարող որոշիչ ազդեցություն ունեցած չլինել Աֆղանստանից հեռանալու ԱՄՆ-ի որոշման վրա. ի վերջո, նման հսկայական ռեսուրսների ծախսը ինչ-որ կերպ հիմնավորել է պետք, համոզիչ կերպով, իսկ ըստ Բայդենի՝ այս 20 տարում Միացյալ Նահանգներն Աֆղանստանում ավելի քան 1 տրիլիոն դոլար է ծախսել: Առավել ևս, որ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք կայացված այդ որոշումը նրա քաղաքական հակառակորդ և նախագահ դարձած Բայդենն ամենևին էլ չվերանայեց, և պատահական չէ, որ արտասահմանյան մասնագետների մոտ գերակշռում է նաև ներհասարակական դժգոհությունը բավարարելու վարկածը:
Միացյալ Նահանգների գործող վարչակազմը, բնականաբար, պատկերացրել է իր այս որոշման հնարավոր հետևանքները, հատկապես, երբ «Թալիբան»-ը վերցրել է իշխանությունը նախքան ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից վերջնական հեռանալը. դրան դեռ 4 ամիս կա՝ ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, եթե գործընթացը չարագացվի: Արդյո՞ք Վաշինգտոնի համար վերացել են իսլամական ուժգնացող արմատականությունից բխող սպառնալիքները, ինչի՞ շնորհիվ: Գուցե այո, գուցե՝ ոչ: Համենայն դեպս, ըստ Բայդենի, ահաբեկչության մետաստազները Աֆղանստանի սահմաններից վաղուց դուրս են եկել, և այժմ «Ալ Շաբաբ»-ը՝ Սոմալիում, «Ալ Քաիդա»-ն՝ Արաբական թերակղզում, «Ալ Նուսրա»-ն՝ Սիրիայում և Խալիֆաթ ստեղծելու հավակնություններ ունեցող «Իսլամական պետություն»-ը առավել մեծ ուշադրության են արժանի հիմա: Սա՝ ըստ ԱՄՆ նախագահի: Իսկ, գուցե, այժմ առավե՞լ մեծ գլխացավանք կա ԱՄՆ-ի համար՝ Չինաստանի աճող տնտեսական և աշխարհաքաղաքականի վերածվող գերակայության տեսքով:
Սա ևս տարբերակ է:
Տարբերակ է նաև այն հաճախ հնչող այն վարկածը, որ կենտրոնասիական տարածաշրջանի ենթադրվող ապակայունացումը Ռուսաստանի համար լարվածության նոր օջախներ կստեղծի՝ հատկապես քաղաքական ռեսուրսների «ծախսը» մեծացնելով: Գուցե նաև՝ Իրանի: Արդյո՞ք դա բավարար կլինի Ռուսաստանին այլ կենսական խնդիրներից, օրինակ՝ Ուկրաինայից կամ Հարավային Կովկասից շեղելու կամ դրան հարկադրելու համար՝ բարդ է ասել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՊԿ անդամ կենտրոնասիական երկրներից Տաջիկստանի, հարևաններ Ուզբեկստանի, Թուրքմենստանի համար «Թալիբան»-ի կառավարած Աֆղանստանը լուրջ սպառնալիքներ չի ստեղծի, պարզ չեն դառնա դրանց մասշտաբներն ու չեն ուրվագծվի դրանց ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկելիք գործողությունները: Մանավանդ, երբ թալիբների իշխանության գալուց ռիսկեր տեսնող ուժային կենտրոնները, կարծես թե, հակված են հնարավորության դեպքում պայմանավորվել ու լեզու գտնել նրանց հետ։
Ամեն դեպքում, ամերիկյան ինքնաթիռներից փրկության հույսով կախվող աֆղանցիների ցած ընկնելու տեսարանն իրոք սահմռկեցուցիչ է, բայց աշխարհաքաղաքականության համար՝ ոչինչ...
Եվ դա, իրականում, նորմալ է…
Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: