Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել Հանրապետության տոնի առթիվ, որում, մասնավորապես, գրել է.
«Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք եւ կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում եւ թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին»:
Կարծես, իրական են այն պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը եւ մենք ապրում ենք տարբեր իրականություններում:
Մեր իրականության մեջ թշնամու զինծառայողները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, մայիսի 27-ին մեր ինքնիշխան տարածքից «առեւանգել են» (մեջբերում Փաշինյանից) 6 զինծառայող:
Փաշինյանի իրականության մեջ ինքը կայացնում է «սթափ ու հավասարակշիռ որոշումներ»: Դրանցից մեկը, թերեւս, մայիսի 27-ին իր կողմից հրապարակած պլանն է, որին հետեւեց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հրաժարականի դիմումը: Հրաժարականի պատճառը չգիտեմ, բայց կարող եմ ենթադրություններ անել: Երեք տարի պետություն ղեկավարող «սթափ ու հավասարակշիռ որոշումներ» կայացնողը չհասկացավ, որ եթե պատրաստվում ես պլան հրապարակել եւ ներկայացնել այն որպես պաշտոնական առաջարկ գերտերությունների ղեկավարներին, ապա այն պետք է հնչեցնել ոչ թե Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին, այլ վերջում՝ մասնակիցների կարծիքները լսելուց հետո եւ միգուցե ինչ-ինչ շտկումներ անելուց հետո: Այլապես ո՞րն է Անվտանգության խորհրդի նիստ գումարելու իմաստը:
Վերջին անգամ Փաշինյանը Սարդարապատում ելույթ էր ունեցել 2020թ. օգոստոսի 28-ին՝ պատերազմից մեկ ամիս առաջ, երբ Տավուշի մարտերի մասնակիցներին պարգեւատրեց ընդհանուր առմամբ 71 «Մարտական խաչ» շքանշանով:
«Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Տվյալ դեպքում խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի ու լայնորեն քննարկվող, այլեւ ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են ռազմավարական եւ մարտավարական բովանդակությանը: Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը: Այսօր ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական եւ ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն», - սա մի հատված է այդ ելույթից: Եթե չնկատեցիք, հուշեմ՝ ոչ մի խոսք «նախկինների» թողած «ժառանգության» մասին:
Սա էլ հատված է՝ 2019 թվականի մայիսի 28-ի Փաշինյանի ելույթից.
«Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը եւ այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է եւ նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»:
«Սուրբ արյուն» արտահայտությունը նրա համար սոսկ գեղեցիկ արտահայտվելու միջոց է, ոչ ավելին: Սրբություն ունեցողն այսօր Սարդարապատ չէր գնա, Արամ Մանուկյանի, Սիլիկյանի, Նժդեհի, Դրոյի անունները չէր հիշատակի: Այս երեք տարվա ընթացքում նա շատ բան պղծեց՝ մարդկանց անկեղծ հույսերը, հայրենիքը, բանակը եւ գեներալներին: Այսօր էլ նա իր ներկայությամբ պղծեց Սարդարապատի հուշահամալիրը: Պարտված ղեկավարը գնաց մի վայր, որը աներեւակայելի հաղթանակի խորհրդանիշն է եւ որտեղ 2020թ. օգոստոսին ինքը պնդել էր.
«Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են եւ ճշգրիտ»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: