«Պլյուս-մինուս» 9 կետ Փաշինյանի «ճանապարհային քարտեզից» - Mediamax.am

«Պլյուս-մինուս» 9 կետ Փաշինյանի «ճանապարհային քարտեզից»
3882 դիտում

«Պլյուս-մինուս» 9 կետ Փաշինյանի «ճանապարհային քարտեզից»



2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ» հրապարակեց եւ «համեմեց» այս խոսքերով․

«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»:

Փաշինյանը նաեւ խոստացավ․

«2021թ. հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով` որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»։

Եթե Փաշինյանն այն ժամանակ արդեն որոշել էր, որ հունիսին պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն եւ դրանով էր պայմանավորված հունիսին հաշվետվությամբ հանդես գալու խոստումը, ապա հաշվարկը սխալ էր։ Համոզվելու համար առաջարկում եմ դիտարկել 15 կետերը եւ վերջում գնահատել արդյունքները։

1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:

Բանակցային գործընթացը վերականգնված չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ամիսներին երկու հայտարարություն են ընդունել, որոնցում նշել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը վերականգնելու կարեւորությունը, սակայն Ադրբեջանը, ըստ էության, դրանց չի արձագանքել։ Ավելին, Ալիեւը շարունակում է պնդել, որ «խնդիրը» լուծված է։

Բացի դրանից, Փաշինյանը չի ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում բանակցային գործընթացի վերականգնումը նոր իրողությունների պայմաններում։

2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:

Այս կետի առաջին նախադասությունը այնքան լղոզված է ձեւակերպված, որ դժվար է հասկանալ՝ Փաշինյանը ի նկատի ունե՞ր բոլոր արցախցիներին, թե նրանց, ովքեր ապրել են այն տարածքներում, որոնք մնացել են հայկական կողմի եւ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Ինչ վերաբերում է մնացածին, ապա դատելով Արցախից ստացված տեղեկատվությունից, վերականգնողական աշխատանքներն ընթանում են, սակայն, բնականաբար, հեռու են ավարտին հասցվելուց։ «Արցախի բնականոն կյանքն ամբողջությամբ վերականգնելու» մասին խոսք լինել չի կարող։

3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

Մի կարեւոր շեշտադրում անենք՝ Փաշինյանի «ճանապարհային քարտեզում» ներառված այս եւ սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող այլ կետերը այն հիմնահարցերն են, որոնք յուրաքանչյուր պետություն պարտավոր է լուծել։ Հետեւաբար, դրանք «ճանապարհային քարտեզում» ներառելը ի սկզբանե ազնիվ չէր։

Ինչ վերաբերում է բուն կետին, ապա կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ, խնդիրները լուծում ստանում են, չնայած տեսել եմ շատ հրապարակումներ այն մասին, որ կան անհատներ եւ ընտանիքներ, որոնք անտեսված են մնացել։

4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:

Բարեբախտաբար, ՀՀ տարածքում վնասների ծավալն անհամեմատ է Արցախի հետ եւ կարելի է ենթադրել, որ վերականգնումը եթե ոչ ամբողջությամբ, բայց մեծ մասամբ ապահովվել է։

5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:

Այս խնդիրներն աստիճանաբար լուծվում են՝ մեծապես տարբեր մասնավոր նախաձեռնությունների ջանքերի եւ դրամահավաքների շնորհիվ։

6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

Առանց մեկնաբանության։

7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:

Նման համակարգի ձեւավորման մասին պաշտոնական հաղորդագրություն չի արվել։

Հայտնի է միայն, որ ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորման համար փետրվարին ԱԻՆ-ը մրցույթ էր հայտարարել, իսկ մարտի վերջին կառավարությունից հայտնել էին, որ «մրցույթն արդեն ամփոփել են, ու ընտրված կազմակերպության թիմերն այժմ անհատական, խմբային, առցանց աջակցության 6-ամսյա ծրագրի վրա են աշխատում»։

8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:

Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման մասին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։ Փաշինյանը եւ նրա թիմի անդամները պարբերաբար խոսում են բանակի բարեփոխումների մասին, սակայն դրանք ընդհանուր բնույթի հայտարարություններ են։

Մեկնաբանելով ապրիլի 7-ի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վարչապետն ասել էր․

«Պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարևորագույն հարցերից մեկը»:

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:

Առանց մեկնաբանության։

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

Կրկին գործ ունենք միտումնավոր լղոզված ձեւակերպման հետ։ Չնայած էկոնոմիկային նախարարի պաշտոնակատարի լավատեսական հայտարարություններին, ակնհայտ է, որ տնտեսական վիճակի էական բարելավում տեղի չի ունեցել, եթե չասենք հակառակը։

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

Հստակ ձեւակերպված ծրագրեր հանրությանը չեն ներկայացվել։

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

Այս կետը կատարված է։

13. Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից ընդունվել են, սակայն մասնագիտացած դատավորների ինստիտուտ առայժմ ներդրված չէ։

14. Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

Վարչապետը եւ նախագահը հանդիպումներ են ունեցել մի քանի կուսակցությունների եւ քաղաքագետների հետ, սակայն դրանք չեն կարող որակվել «մշտական թեմատիկ կոնսուլտացիաներ»։

15. Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաներ չեն անցկացվել։

***

Ամփոփենք։

Չեն կատարվել 9 կետերը (1, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 15):

Ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ կատարվել է 3 կետ (4, 12, 13):

Մասամբ կատարվել է 3 կետ (2, 3, 5): Սակայն կրկնեմ, որ սրանք այն կետերն են, որոնց կատարումը բխում է ցանկացած կառավարության գործառույթներից՝ հատկապես հետպատերազմական շրջանում, եւ դրանք չպետք է քաղաքական «ճանապարհային քարտեզի» մեջ ընդգրկվեին։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին