Ձախողված Արաբական գարունը փոխեց մեր աշխարհը - Mediamax.am

Ձախողված Արաբական գարունը փոխեց մեր աշխարհը
5526 դիտում

Ձախողված Արաբական գարունը փոխեց մեր աշխարհը


Տասը տարի առաջ՝ 2011 թվականի հունվարի 14-ի երեկոյան, Թունիսի երկարամյա ավտորիտար նախագահ Զեյն ալ Աբիդին Բեն Ալին փախավ Սաուդյան Արաբիա: Թունիսյան բանակը հրաժարվեց ենթարկվել զանգվածային ցույցերը ճնշելու նրա հրամաններին, որոնք մեկնարկել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին՝ հաջորդելով Մոհամադ Բուազիզիի ինքնահրկիզմանը։ 23-ամյա ավտոկրատ վարչակարգը տապալվեց: Թունիսյան ռեժիմի փոփոխությունը հանգեցրեց Արաբական աշխարհում ժողովրդական զանգվածային շարժումների ձեւավորմանը, որոնք ստացան «Արաբական գարուն» անվանումը։

Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջ Արաբական աշխարհն ականատես եղավ ժողովրդական աննախադեպ համախմբման, որն ընդգրկեց հազարավոր կիլոմետրեր՝ Ալժիրից մինչեւ Բահրեյն: Հաջորդը տապալվեց Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքը, որն իշխանության ղեկին էր շուրջ 30 տարի, իսկ ավելի ուշ՝ Եմենում 22 տարի պաշտոնավարած ավտոկրատ ղեկավար Ալի Աբդուլլահ Սալեհը, մինչդեռ այլ տեղերում, մասնավորապես՝ Ալժիրում, Հորդանանում, Բահրեյնում եւ Իրաքում, ժողովրդական բողոքները քաղաքական որեւէ փոփոխության չհանգեցրին:

Եթե այժմ տասը տարի առաջվա մամուլի լուրերը կարդաք, կտեսնեք, թե ինչ ոգեւորություն էր այն ժամանակ առաջացրել այս իրադարձությունը: Դրանց համաձայն՝ Արաբական աշխարհը վերջին սահմանագիծն էր, որը ենթարկվեց «ժողովրդավարական փոփոխությունների ալիքին»՝ հաջորդելով Հարավային Եվրոպային, Լատինական Ամերիկային եւ Արեւելյան Եվրոպային: Նշվում էր, թե հաղորդակցային նոր տեխնոլոգիաները՝ ինտերնետը եւ սոցիալական մեդիան, չեն կարող գոյակցել գրաքննության եւ բռնապետության հետ: Արաբական աշխարհի մասին դատում էին Արեւելյան Եվրոպայի չափանիշներով՝ ռեժիմի ոչ բռնի փոփոխություն, որը դռներ կբացեր լիբերալ ժողովրդավարության եւ սպառողական կապիտալիզմի համար:

Մինչդեռ այս սցենարը չէր արտացոլում իրականությունը: Արաբական ապստամբությունները չէին սկսվել այնպես, ինչպես դրանք ծագել էին Արեւելյան Եվրոպայում՝ ընտրության վիճահարույց արդյունքների շուրջ: Ոչ էլ դրանք խաղաղ էին առաջին իսկ օրվանից. այն պահին, երբ Բեն Ալին հեռացավ իր երկրից, 380 մարդ էր արդեն սպանվել, իսկ Հոսնի Մուբարաքի հրաժարականի ժամանակ ավելի քան 800 եգիպտացի էր ենթարկվել բռնության: Արաբական գարունը չի կարելի համեմատել Սերբիայում Միլոշեւիչի կամ Վրաստանում Շեւարդնաձեի տապալման հետ եւ ոչ էլ 2018-ի Հայաստանի Թավշյա հեղափոխության հետ, որը չունեցավ ոչ մի զոհ: Լիբիայում՝ Բենղազիում մեկնարկած զանգվածային բողոքները բռնի ճնշվում էին ոչ միայն 1969-ից իշխանության ղեկին գտնվող Մուամար Քադաֆիի ռեժիմի կողմից, այլեւ ՆԱՏՕ-ի դրոշի ներքո Արեւմտյան ռազմական միջամտության արդյունքում: Եմենում եւ Սիրիայում երկարամյա ռեժիմների գործադրած զանգվածային բռնաճնշումները ժողովրդական ոչ բռնի բողոքները վերածեցին արյունալի քաղաքացիական պատերազմների, ինչը հանգեցրեց հարյուր հազարավոր զոհերի, ամբողջական քաղաքային կենտրոնների ոչնչացման եւ օտարերկրյա մի շարք ռազմական միջամտությունների:

Արաբական գարնան ձախողման առաջին պատճառը ռեժիմի գործադրած բռնաճնշումներն էին: «Հեղափոխական ճգնաժամ» ունենալը դեռ բավարար չէ «հեղափոխական փոփոխություն» առաջացնելու համար: Մի շարք երկրներում ռազմական կառույցների նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող հին ռեժիմները, իշխանության նկատմամբ իրենց մենաշնորհը պահպանելու նպատակով, աննախադեպ բռնություններ կիրառեցին սեփական քաղաքացիների նկատմամբ: Եվ այդ ամենի արդյունքը միայն երկրի ֆիզիկական քայքայումը չէր, որն ուղեկցվում էր հարյուր հազարավոր զոհերով, ավերված քաղաքային կենտրոններով, միլիոնավոր փախստականներով եւ տեղահանվածներով: Երկարաժամկետ հեռանկարում խնդիրն ավելի խորն է լինելու. հնարավո՞ր է արդյոք այդպիսի բռնություններից հետո Սիրիայի, Եմենի կամ Լիբիայի բնակչությանը միավորել միեւնույն քաղաքական համակարգում:

Արաբական գարնան ձախողման պատճառները չեն սահմանափակվում միայն երկարամյա բռնապետական ռեժիմներով: Արաբական գարնան հիմքում ընկած բողոքի շարժումները, լինեին դրանք Թունիսում, թե Եգիպտոսում, չկարողացան հանգեցնել քաղաքական առաջնորդության ձեւավորմանը: Քաղաքական իսլամը եկավ լրացնելու այդ բացը՝ Թունիսում «Մուսուլման եղբայրներ»-ի, իսկ Սիրիայում եւ Իրաքում՝ Սալաֆի ջիհադիստների տեսքով: Մինչդեռ քաղաքական իսլամին հիմնականում բնորոշ է բռնությունը եւ այն չի կարող անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներ առաջարկել, կամ էլ լուծել սուր սոցիալ-տնտեսական խնդիրները: Թունիսը դրա վառ օրինակն է:

Իսկ ի՞նչ էր անում Արեւմուտքը: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ԱՄՆ-ը չէին կարող փոխել ռեժիմները կամ էլ երաշխավորել, որ նոր իշխանությունները կկարողանան լուծել արաբական զանգվածային բողոքի պատճառ դարձած խնդիրները: Միակ բանը, որ Արեւմուտքը կարող էր անել, ապահովելն էր, որ ներքին պայքարը չհանգեցներ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների եւ արյունալի բախումների: Այս հարցում Արեւմուտքը ձախողվեց, որի ամենամռայլ խորհրդանիշն Օբամայի վարչակազմի անկարողությունն էր՝ որեւէ կերպ ազդել 2013-ին ապստամբ Դումայի արվարձանի նկատմամբ սիրիական ռեժիմի կիրառած քիմիական հարձակումներին հաջորդած դեպքերի վրա:

Արաբական գարնան ձախողումը չպահպանեց ստատուս քվոն, փոխարենը ստեղծեց մի շարք ձախողված, անկայուն պետություններ, որոնք մշտապես քաղաքացիական պատերազմների մեջ են: Ընդ որում, դրա բացասական ազդեցությունը հատեց Արաբական աշխարհի սահմանները՝ հանգեցնելով ռազմականացման եւ կոշտ ռեժիմների ձեռքում ուժի կենտրոնացման: Արդյունքում՝ միջազգային հարաբերությունները դարձել են ավելի բռնի եւ դաժան: Առաջին հերթին, Արաբական գարունը խստացրել է Թուրքիայի քաղաքականությունը: Մինչեւ 2011 թվականը Թուրքիան համեստ բարեփոխումների գործընթացում էր, որը վերաբերում էր ինչպես ներքաղաքական փոփոխություններին, այնպես էլ երկրի առջեւ ծառացած հիմնական խնդրին՝ Քրդական հարցին: 2009-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարության (AKP) եւ քրդական ուժերի միջեւ բանակցությունների ձախողումից հետո 2013-ին երկրորդ փորձը կատարվեց, երբ թուրքական բանակի եւ քուրդ ապստամբների միջեւ հրադադար հայտարարվեց: Անկարան սկզբում տատանվում էր, թե ինչ քաղաքականություն պետք է վարել Սիրիայում, բայց, ի վերջո, նախընտրեց աջակցել իսլամիստներին՝ հրաժարվելով քրդերի հետ երկխոսությունից: Հաջորդ զոհը Թուրքիայում լրատվամիջոցների սահմանափակ ազատությունն էր, որի մասին է վկայում «Ջումհուրիյեթ»-ի եւ պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի հետ կապված դեպքն ու նրանց հրապարակումը «Սիրիայի հետ կապերի» մասին: Թուրքիայի քաղաքական վերափոխումը սկսվեց ոչ թե 2016-ի ձախողված հեղաշրջումից, այլ 2014-ին ԴԱԵՇ-ի եւ քրդական զինված խմբավորումների միջեւ Կոբանիի ճակատամարտում արված քաղաքական ընտրությունից:

Վլադիմիր Պուտինի իշխանության տարիներին Ռուսաստանում ռեժիմը խիստ էր՝ հիմնականում պայմանավորված Չեչենական երկրորդ պատերազմով: Ձախողված Արաբական գարունը, սակայն, նպաստեց, որ ռազմականացված ռուսական ռեժիմն իր ուժերը տեղակայի ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ ամբողջ աշխարհում: Ռուսաստանում այժմ գրեթե չի քննարկվում կատարված այս ընտրության գինը, եւ թե որքան հեռու կարող է հասնել միայն նավթի եւ գազի արտահանումից կախված հիվանդ տնտեսությունը համաշխարհային ուժերի իր կանխատեսման մեջ:

Արաբական գարունն ազդեց նաեւ Եվրոպայի վրա. Մերձավոր Արեւելքում շարունակ տիրող անկայունությունը հանգեցրեց մահից մազապուրծ փախստականների ներգաղթի նոր ալիքների, որոնք էլ, իրենց հերթին, նպաստեցին ծայրահեղ աջ ուժերի վերելքին: 2016-ից ի վեր՝ ԵՄ-ն Թուրքիային պատվիրակել է պաշտպանել իր հարավարեւելյան սահմանները փախստականներից՝ փոխարենը ոչ միայն վճարելով կանխիկ գումար, այլեւ համաձայնելով քիչ ներգրավվածություն ունենալ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:

Այդուհանդերձ, բռնաճնշումները, քաղաքացիական պատերազմները եւ քաոսը չլուծեցին Արաբական գարնան ծագման պատճառները: Դրանք միայն ավելի սրեցին առկա խնդիրները: Այն պահին, երբ Մուբարաքը հրաժարական տվեց, Եգիպտոսն ուներ 81 միլիոն բնակչություն. այսօր այն ավելի քան 102 միլիոն է, եւ անհասկանալի է, թե ինչպես կարող է ռազմական ինստիտուտների վրա խարսխված ռեժիմը լուծել նոր սերնդի սոցիալ-տնտեսական խնդիրները: Զանգվածային գործազրկությունը, ֆինանսական ձախողումները եւ ռեժիմի կոռուպցիան 2018-19 թվականներին բողոքի նոր ալիքներ ձեւավորեցին Ալժիրում, Սուդանում, Լիբանանում, Իրաքում եւ այլուր: Զարմանալի է նաեւ տեսնել, թե ինչպես Ալժիրի եւ Լիբանանի նման երկրներում իշխող վարչակարգերը պարտավորված չեն զգում արձագանքել ժողովրդական զանգվածային ցույցերին:

Արաբական գարնան ձախողումն ամրապնդեց մեր շուրջ քաղաքական ռեժիմները: Իրականում սա վատ նորություն է, քանի որ արագ փոփոխվող աշխարհում մեզ անհրաժեշտ է քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարմարվողականություն: Եթե փոփոխությունը չի առաջարկվում ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, ապա անակնկալ եւ ուժեղ պայթյունների վտանգը միայն մեծանում է: Այս դիտարկումն էլ ավելի տեղին է համավարակի ֆոնին, որը սպառել է մեր գլոբալիզացված աշխարհի ֆինանսական ռեսուրսները: Երբ ժողովրդական պայթյունի հաջորդ ալիքը հասունանա, մի բան արդեն պարզ կլինի. քաղաքակրթության եւ բարբարոսության արանքում մենք չունենք ոստիկաններ, որոնք կպաշտպանեն մեզանից առավել խոցելիներին:

Վիգէն Չըթըրեանը գրող եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին