Քաղաքական ճգնաժամը Հայաստանում եւ Վրաստանում - Mediamax.am

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում եւ Վրաստանում
2889 դիտում

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում եւ Վրաստանում


Հարավային Կովկասի երկու հանրապետություններում՝ Հայաստանում եւ Վրաստանում, քաղաքական խոր ճգնաժամ է հասունանում։ Փողոցային ցույցերն ու բողոքի ակցիաներն ամենօրյա իրադարձություններ են մայրաքաղաքներ Թբիլիսիում եւ Երեւանում: Ճգնաժամի խորության մասին է վկայում բեւեռացման, արմատականացման եւ անհանդուրժողականության մթնոլորտը: Համեմատական մոտեցմամբ այս երկու երկրները համատեղ դիտարկելը մեզ կօգնի նայել այդ իրադարձություններին ոչ թե անհատական, այլ համակարգային տեսանկյունից: Այն կօգնի մեզ հասկանալ համատեքստն ու դիտարկել կառուցվածքային պատճառները, եւ ոչ թե կենտրոնանալ անհատների դերի վրա։

Համեմատությունը սկսելու համար նախ անհրաժեշտ է ընդգծել տարբերությունները. Վրաստանում ճգնաժամի պատճառները տարբերվում են Հայաստանից:
Վրաստանում մենք ականատես ենք տիպիկ հետխորհրդային ճգնաժամային իրավիճակի, որը ծագել է վիճարկելի ընտրությունների հետեւանքով: Քաղաքական իրավահաջորդությունը եղել է ներքին բողոքների ու գունավոր հեղափոխությունների հիմնական պատճառը՝ Սերբիա 2000թ., Վրաստան 2003թ., Ուկրաինա 2004թ., ինչպես նաեւ Հայաստան 2018թ.: Վրաստանի պարագայում սա ցույց է տալիս, որ անգամ Վարդերի հեղափոխությունից հետո, քաղաքական իրավահաջորդությունը ընտրական գործընթացի միջոցով լուծելու ինստիտուցիոնալ նույն խնդիրը պահպանվում է:

Հայաստանում քաղաքական ճգնաժամը պայմանավորված է 2020թ. Ղարաբաղյան պատերազմով եւ պարտությամբ, որն ուժեղացրեց իշխանության համար ներքին պայքարը, ինչը շարունակվում էր առնվազն 2018թ. վարչակարգի փոփոխությունից ի վեր: Սա տարբերվող ճգնաժամ է, քանի որ քաղաքական ինստիտուտները, նույնիսկ կայացածները, դժվարանում են հաղթահարել պատերազմի, ռազմական պարտության եւ տարածքային կորուստների հետեւանքով ծագած քաղաքական մարտահրավերները։ Ակնհայտ է, որ հայաստանյան կառույցներն այնքան զարգացած չեն, որ կարողանան այդ խնդիրը լուծել: Նիկոլ Փաշինյանի ներկայիս իշխանությունը երեք ամիս ժամանակ ուներ ներքին ճգնաժամի եւ հետպատերազմական շրջանում լեգիտիմության կորստի խնդիրը լուծելու համար: Սակայն այն ոչ միայն չկարողացավ համարժեք պատասխան տալ, այլեւ փոխարենը հակասական քաղաքականություն վարեց. նախ՝ արտահերթ ընտրություններ առաջարկեց, ապա հետ կանչեց այս առաջարկը՝ առանց այն փոխարինելու ներքին լարվածության կարգավորմանն ուղղված այլ միջոցներով: Իսկ նրա վերջին քայլերն ամբողջ բանակի բարձրագույն ղեկավարության զայրույթն առաջացրին, որն այժմ պահանջում է նրա հրաժարականը:

Ցանկացած ոլորտում տիրող ճգնաժամը վկայում է, որ գործող մեթոդները բավարար չեն, եւ փոփոխություններ են անհրաժեշտ: Հետեւաբար, ճգնաժամը հնարավորություններ է ստեղծում համակարգն արդիականացնելու համար, սակայն ինչպես ցանկացած փոփոխություն, այն պարունակում է նաեւ ռիսկեր եւ վտանգներ:

Նախ՝ ռիսկերի մասին. թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում հիմնական ռիսկն այն է, որ կառույցները չեն կարողանում աշխատել, եւ, հետեւաբար, քաղաքականությունն այժմ ձեւավորվում է փողոցներում, ինչը կարող է հանգեցնել ճնշումների, բռնությունների եւ, ի վերջո, արյունահեղության: Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր խոշոր միավորման ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալությունը հանգեցրեց վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականին՝ խորացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը: Քանի որ ցույցերն ու հակացույցները ողողում են փողոցները, իրադարձությունների՝ վերահսկողությունից դուրս գալու եւ բախումների վերածվելու ռիսկն իրական է: Բռնության եւ հատկապես արյունահեղության ցանկացած գործողություն կփոխակերպի այս հակամարտությունների էությունն ու էլ ավելի կբարդացնի դրանց լուծումը:

Հակամարտությունները, սակայն, նաեւ փոփոխությունների եւ բարելավման հնարավորություններ են: Կողմերը կարող են որոշել հարթել տարաձայնությունները փոխզիջումների միջոցով, մեխանիզմներ ստեղծելով եւ ինստիտուցիոնալացմամբ: Հաստատությունները, ինչպիսիք են խորհրդարանները, Անգլիայում կամ Շվեդիայում ի սկզբանե ստեղծվել են հենց այդ նպատակով. սահմանել հիմնական կանոններ, որոնք նախատեսված են տարաձայնությունները հարթելու եւ հակամարտությունները լուծելու համար: Այդուհանդերձ, հետխորհրդային եւ հետգաղութային միջավայրերում խորհրդարանները չեն ծառայում սոցիալական եւ քաղաքական տարբեր խմբերի միջեւ խորհրդակցությունների եւ բանակցությունների նպատակին, այլ մեծամասնություն է կազմում իշխող ուժը եւ, հետեւաբար, խորհրդարանը զրկվում է ցանկացած իրական գործառույթից:

Ժողովրդավարությունը կարգախոս չէ. այն քաղաքական բանակցություններ վարելու եւ համապատասխան ինստիտուտների միջոցով փոխզիջումներ գտնելու ամենօրյա վարժություն է:

Այստեղ Վրաստանը մի փոքր առավելություն ունի Հայաստանի նկատմամբ: Այն դեպքում, երբ 2003թ. հեղափոխությունը Վրաստանում հանգեցրեց իշխանության կենտրոնացմանը (Սաակաշվիլին 2004թ. հունվարին կայացած ընտրություններում հաղթեց ընտրողների ձայների 96%-ով), «Միացյալ ազգային շարժումը» 2012թ. թվականից ի վեր դարձավ խորհրդարանական ընդդիմություն: Հայաստանում 2018թ. հետո իշխանության եկավ քաղաքական նոր ուժ, որն ամբողջությամբ գերիշխում է խորհրդարանում եւ գործադիրում, մինչդեռ հին իշխանությունը դուրս է մղվել քաղաքական ինստիտուտներից: Հայաստանը, որը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո դարձավ խորհրդարանական հանրապետություն, չունի գործող քաղաքական կուսակցություններ. ո՛չ Փաշինյանի «Իմ քայլ»-ն է գործող կուսակցություն - այն ավելի շուտ տարասեռ տարրերի խումբ է, որոնք կիսում են իշխանության իրականացումը, - եւ ո՛չ էլ հին հանրապետականներն են գործող կուսակցություն, քանի որ իշխող թիմի նախկին այս խմբավորումը դուրս է մնացել իշխանությունից: Վրաստանն էլ իր առանձնահատուկ խնդիրն ունի. հանրապետության հզոր անհատականությունը՝ Բիձինա Իվանիշվիլին, չունի քաղաքական մանդատ, պաշտոնական լիազորություններ եւ պարտականություններ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշիչ դերակատարություն չի ունեցել որոշումների կայացման գործընթացում:

Հայաստանում Փաշինյանի օրոք որոշումների կայացման գործընթացը եւս թափանցիկ չէր: Թվում է, թե Խորհրդային Միության քաղբյուրոյի որոշումների կայացման գործընթացը խորհրդային փլուզումից հետո պահպանվել է, եւ անկախ նրանից՝ հանրապետությունը «ժողովրդավարություն» է կոչվում, թե «բռնապետություն», կարեւոր որոշումներն ընդունվում են լավագույն դեպքում մի խումբ մարդկանց կողմից:

Վերջապես, Հայաստանում, Վրաստանում եւ համանման տեղերում շարունակվող քաոսը դիտարկելով՝ կարող է գայթակղություն առաջանալ՝ կարծելու, թե ավտոկրատներն առավելություններ ունեն: Թուրքմենստանը, օրինակ, ակնհայտորեն կայուն երկիր է, նույնը չի կարելի ասել Ուկրաինայի կամ Ղրղըզստանի մասին: Ավտոկրատ կառավարման խնդիրը, «ժողովրդավարության» դարում նորաձեւ չլինելուց բացի, այն է, որ չի կարող մշակել քաղաքական շտկումների մեխանիզմներ: Ավտոկրատիան հիմնված է քաղաքական ինստիտուտների վրա, որոնց միջոցով անհատներն անձամբ հավատարիմ են կառավարչին, ինչը հանգեցնում է բրգաձեւ իշխանության, բազմակարծության բացակայության եւ որոշումների կայացման գործընթացների գաղտնիության: Մինչ հասարակություններն արագորեն փոխվում են եւ զարգանում, ավտոկրատ կառավարումը մեխանիզմներ չունի ոչ միայն հասարակության լայն շերտերին ներկայացնելու, այլեւ հենց իր քաղաքական ինստիտուտները շտկելու եւ վերափոխելու համար: Խորհրդային Միությունը Բրեժնեւի օրոք նույնպես «կայուն» էր թվում, եթե դիտարկեինք նրա քաղաքական ինստիտուտները, այդուհանդերձ, ներսում ահռելի հակասություններ էին կուտակվել, որոնք դժվար էր լուծել, երբ ռեֆորմիստական ղեկավարությունը ցանկանում էր հասնել դրան «վերակառուցման» միջոցով:

Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Վրաստանն այսօր գործող ժողովրդավարություններ չեն: Եթե նրանք ժողովրդավարական երկրներ լինեին, ապա կօգտագործեին իրենց ինստիտուտները, օրինակ՝ խորհրդարանները՝ ներքաղաքական հակամարտությունները լուծելու համար: Երկու երկրներն էլ այսօր կանգնած են հսկայական մարտահրավերների առջեւ, որոնք նրանք կարող են հաղթահարել մեկ քայլ առաջ կատարելով, եթե ոչ՝ ապա հնարավոր է՝ երկու քայլ հետ կատարեն:

Վիգէն Չըթըրեանը գրող եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին