Հայաստան-Սփյուռք. պատրա՞ստ ենք արդյոք լուրջ քննարկման - Mediamax.am

Հայաստան-Սփյուռք. պատրա՞ստ ենք արդյոք լուրջ քննարկման
10824 դիտում

Հայաստան-Սփյուռք. պատրա՞ստ ենք արդյոք լուրջ քննարկման


2020-ի պարտությունը միայն Հայաստանինը չէր. այն նաեւ Սփյուռքի քաղաքականության ձախողումն էր: Հայկական սփյուռքի համար այս պարտությունը պետք է հիմք հանդիսանա վերջին 30 տարիներին վարած քաղաքականության արմատական վերագնահատման համար: Դրանից հետո միայն կարող ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ լուրջ երկխոսություն (ուշադրությո՛ւն՝ ոչ թե ժողովրդական բանահյուսություն) սկսել։ Բայց պատրա՞ստ ենք մենք դրան:

Սփյուռքի համայնքները դառնացած են։ Մի կողմից, պատճառը կարճաժամկետ է՝ պատերազմի, Սփյուռքի խոշորամասշտաբ մոբիլիզացման եւ մարդկային ու նյութական կորուստների հետեւանքով առաջացած էմոցիոնալ շոկը: Երեւանից տարածվող պաշտոնական քարոզչությունը մարդկանց հավատք ներշնչեց, որն էլ ավելի դառնացրեց հիասթափությունը: Մյուս կողմից, այդ դառնությունն իր երկարաժամկետ պատճառներն ունի. երեք տասնամյակ շարունակ Սփյուռքի ուժերի համախմբումը՝ ուղղված անկախ Հայաստանի հզորացմանն ու Ղարաբաղի հայության անվտանգության եւ քաղաքական իրավունքների աջակցմանը, փլուզվեց:

Եթե Սփյուռքի հայերը ցանկանում են հասկանալ այս կրկնակի պարտության՝ Հայաստանի ռազմական պարտության եւ Սփյուռքի՝ Երեւանի «ռազմավարական գործընկերը» դառնալու ձախողման պատճառները, ապա ժամանակն է եկել բարդ հարցեր տալու, օրինակ, թե ինչպես Սփյուռքի կառույցների կատարած քաղաքական ընտրությունը հանգեցրեց 2020-ի պարտությանն ու ձախողմանը:

Սփյուռքի կազմակերպությունները երբեւէ բացահայտ չեն քննարկել իրենց վարած քաղաքականությունն ու չեն վերլուծել դրա հետեւանքները: Սփյուռքի հիմնական կառույցները, ինչպիսիք են ավանդական երեք կուսակցությունները՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյանները եւ Ռամկավարը, Հայոց եկեղեցին եւ խոշոր հիմնադրամները, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ մյուսները, պետք է քննարկեն անցյալում կատարած իրենց ընտրությունը, հասկանան ձախողումներն ու սկսեն նոր ճանապարհային քարտեզ գծել: 1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր՝ այդ ջանքերի հանրագումարն այն է, ինչը ես անվանում եմ «Առաջին հերթին՝ Հայաստանը» քաղաքականություն:

Սփյուռքի խոշոր կառույցների կատարած քաղաքական ընտրությունը կարելի է ամփոփել՝ պայմանականորեն առանձնացնելով երեք հիմնական ուղղություն։

Առաջին, Սփյուռքն այդպես էլ չկարողացավ դառնալ Հայաստանի ռազմավարական խորությունը: Եվ երբ եկավ ճշմարտության պահը, երբ բռնկվեց 2020-ի Ղարաբաղյան պատերազմը, Սփյուռքը չկարողացավ պահել իր հավասարակշռությունը: Հայկական համայնքները ներկայացնող հիմնական երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում լոբբինգ իրականացնելու փորձերը չկանխեցին ո՛չ Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը, ո՛չ էլ Հայաստանի ռազմական պարտությանը: Նույն կերպով, միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը, առանձնապես քաղաքական համերաշխություն չհայտնեցին Հայաստանին եւ ոչ էլ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայանպաստ դիրքորոշումներ ընդունեցին: ԱՄՆ-ը, որ այդ ժամանակ Թրամփի վարչակազմի ներքո իր վերջին օրերն էր ապրում, նշանակալի որեւէ քայլ չկատարեց: Եվրոպական պետություններն ու ԵՄ-ն հավասարապես բացակայում էին: Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանն էլ պատերազմին միջամտեց միայն 44 օր անց, երբ հայկական զինված ուժերը զգալի տարածքներ կորցրին, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի քաղաքը: Իսկ վերջում, ամենակարեւորի մասին՝ Սփյուռքի ակտիվիստների զանգվածային աջակցությունը ստացած «Ճանաչե՛ք Արցախը» արշավը որեւէ շոշափելի արդյունք չգրանցեց:

Երկրորդ, Սփյուռքն ահռելի ջանքեր ներդրեց Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում: Սփյուռքի կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ ուղղեցին Հայաստանի խոցելի սոցիալական ծառայությունների արդիականացմանը, մշակութային սուբսիդիաների տրամադրմանը, դպրոցների վերանորոգմանը, ճանապարհների կառուցմանը եւ այլն: Սփյուռքի կազմակերպություններն օժանդակեցին նաեւ բնակարանային ֆոնդերի ստեղծմանը Բաքվից, Գյանջայից եւ Շահումյանից գաղթած հայ փախստականների համար, որոնք պետք է վերաբնակեցվեին 1994-2020 թվականներին Ադրբեջանից գրավված տարածքներում, հիմնականում՝ Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում: Տարեկան կտրվածքով կամ Հայաստանի անկախացումից ի վեր կատարված ընդհանուր փոխանցումների չափը մնում է անհայտ: «Հայաստան» հիմնադրամն անորոշ կերպով նշում է, որ «վերջին տասը տարիների ընթացքում (…) ավելի քան 100 միլիոն դոլար է հավաքվել Հայաստանում եւ Ղարաբաղում իրականացվող ծրագրերի համար», սակայն պարզ չէ, թե այդ գումարի որ մասն է եկել Սփյուռքից: Այդ ներդրումները, իհարկե, թեթեւացրել են Հայաստանի անապահով բնակիչների կամ կառուցված հիվանդանոցների ու վերանորոգված դպրոցների հոգսը, սակայն չեն նպաստել Հայաստանի զարգացմանը: Այդ աջակցությունը չի հանգեցրել նաեւ սոցիալական արդարության հաստատմանը հետխորհրդային հասարակության համար, որը տառապում էր վայրի կապիտալիզմի ազդեցությունից: Սփյուռքի՝ Հայաստանը զարգացնելու ջանքերի ձախողման պատճառները լուրջ վերլուծության կարիք ունեն:

Երրորդ, Սփյուռքի կազմակերպությունները շարունակաբար պայքարում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Սա նաեւ Երեւանի պաշտոնական քաղաքականությունն էր Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց ի վեր (1998թ.): 2020թ. պատերազմում հայերի դեմ Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը հարց է առաջացնում. ի՞նչի է հասել Ցեղասպանության ճանաչման համար տասնամյակներ տեւած պայքարը: Ինչպե՞ս է ստացվում, որ ցեղասպան անցյալով Թուրքիան հանդգնում է կրկին բռնություն գործադրել հայերի նկատմամբ՝ չարժանանալով միջազգային հանրության կողմից որեւէ արձագանքի:

Այստեղ կրկին անհրաժեշտ է ձեւակերպել այն դերն ու նշանակությունը, որը պետք է ունենա չճանաչված Ցեղասպանության համար արդարության հաստատումը Սփյուռքի հետագա քաղաքական պայքարում: Արժե՞ արդյոք շարունակել ռազմատենչությունը՝ Ցեղասպանության ճանաչման համար, եւ ո՞րն է դրա նպատակը։ Բավակա՞ն չէ արդյոք տասնամյակներ շարունակ պայքարել «հռչակագրեր» ընդունելու համար, եւ ժամանակը չէ՞ մտածելու, թե ինչպես կարելի է հասնել կոնկրետ արդյունքների: Արդյոք 1915թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղված պայքարը բարոյակա՞ն, իրավակա՞ն, դիվանագիտակա՞ն, թե՞ քաղաքական պայքար է: Այն Սփյուռքի՞ պայքարն է, թե՞ Հայաստանի Հանրապետության: Վերջապես, որո՞նք են Ցեղասպանության հարցի կարգավորման հարցում մեր պահանջներն Անկարայից:

Այսպիսով, այսօր պետք է կասկածի տակ առնել պայքարի այս երեք հիմնական ուղղությունները, որոնցում ներգրավված է եղել Սփյուռքը վերջին երեք տասնամյակներում։

Սփյուռքի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության տեսակը ոչ միայն անհրաժեշտ չափով չէր հոգում Հայաստանի կարիքները, այլեւ հակաարդյունավետ էր, քանի որ շարունակաբար թուլացնում էր Սփյուռքն ու աղքատացնում նրա կառույցները: Մինչ Սփյուռքի կազմակերպությունները ժամանակ, գումար եւ էներգիա էին ներդնում «Առաջին հերթին՝ Հայաստանը» նախագծերի վրա, նրանք չէին կատարում իրենց մյուս պարտականությունները՝ տեղի կառույցները զարգացնելը եւ Սփյուռքի մեր հարուստ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելը:

«Առաջին հերթին՝ Հայաստանը» քաղաքականության երեսուն տարիները տեղի են ունեցել հայկական դպրոցների, լրատվամիջոցների, մարզական ակումբների, քաղաքական կուսակցությունների, մշակութային միավորումների, գրահրատարակության եւ այլնի թուլացման ու աղքատացման հաշվին: Սփյուռքից Հայաստան ուղարկված յուրաքանչյուր դոլար այն դոլարն էր, որը չներդրվեց Սփյուռքի կառույցներում եւ հանգեցրեց նրա թուլացմանը:

Ավելին, այդ տարիների ընթացքում Սփյուռքն ահռելի փոփոխությունների ենթարկվեց զանգվածային միգրացիաների ճնշման ներքո, որոնք տեղի էին ունենում հայերի՝ պատմականորեն բնակված տարածքներից՝ Մերձավոր Արեւելքից եւ Կովկասից դեպի նոր երկրներ՝ Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արեւմտյան Եվրոպա եւ Ռուսաստան: Հայկական նոր համայնքները չունեին անհրաժեշտ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները՝ հայոց լեզուն, մշակույթը եւ քաղաքական ներգրավվածությունը հաջորդ սերնդին փոխանցելու համար: Արդյունքում՝ Սփյուռքի կառույցներն այսօր ավելի թույլ են, քան Հայաստանի անկախացման պահին։ Թույլ Սփյուռքը՝ իր հնացած ինստիտուտներով, քաղաքական ղեկավարությամբ եւ այնպիսի կառույցներով, որոնք ի զորու չեն լրջորեն մտածել իրենց քաղաքականության ու ռազմավարության վերաբերյալ, չեն կարող աջակցել Հայաստանին եւ նրա խնդիրների լուծմանը:

Քաղաքական այս ընտրությունն ասոցացվում էր «Հայկական ինքնությունը չի կարող գոյատեւել հայկական հայրենիքից դուրս» եւ համանման այլ կարգախոսների հետ: Հայոց պատմության եւ մշակույթի ինչպիսի՜ չիմացություն: Նման կարգախոսը հերքում է հայ ժողովրդի ամբողջ նորագույն պատմությունը՝ սկսած Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանություններից մինչեւ տպագիր մամուլի ստեղծման եւ զարգացման պատմություն, մինչեւ «Ազդարար», որը տպագրվել էր ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ինչպես նաեւ մինչեւ հայկական քաղաքական կուսակցությունների ձեւավորում: Այս մտածելակերպը սակայն եւս դադարեց գործել, մինչդեռ կարելի էր գլոբալիզացված եւ թվայնացված այս դարաշրջանում Սփյուռքի մշակույթը նորովի ներկայացնել, որը մշտապես հայերի համեմատական առավելությունն է եղել այլ համայնքների նկատմամբ:

Վերջին 30 տարիների պատմական ձախողումներից մեկը նաեւ այն էր, որ Երեւանն այդպես էլ չհասկացավ, չկազմակերպեց կամ չմոբիլիզացրեց Սփյուռքի ներուժը՝ ծառայեցնելով այն պետականաշինության գործընթացին: Անկախացումից ի վեր՝ Հայաստանի չորս ղեկավարները Սփյուռքի հետ կապված տարբեր քաղաքականություններ են ձեւակերպել, որոնք, ի վերջո, հանգում են միեւնույն գաղափարին՝ «Մեզ փո՛ղ ուղարկեք եւ անհարմար հարցեր մի՛ տվեք»:

Ընդ որում, Սփյուռքի կառույցների մեծ մասն այս հարցում չի հակադարձել Երեւանին եւ ոչ էլ այլընտրանքային քաղաքականություն առաջարկել: Պատճառն այն է, որ Սփյուռքի թուլացած այս կառույցներն այսօր ի վիճակի չեն առաջնորդներ ու ղեկավարություն ձեւավորել իրենց շրջանում եւ պարզապես հետեւում են Երեւանի թելադրանքին:

Ի՞նչ պետք է անեն Սփյուռքի կառույցները ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ Հայաստանին ու Ղարաբաղին իրական աջակցություն ցուցաբերելու համար:

Նախ, Սփյուռքի կառույցները պետք է ներդրում կատարեն իրենց սեփական կազմակերպչական միջավայրերում՝ դրանք ուժեղացնելու եւ արդիականացնելու համար, իսկ եթե դրանք բացակայում են, ապա ստեղծեն անհրաժեշտ նորերը: Առաջին հերթին, դա պետք է արվի Սփյուռքի ղեկավարության եւ մտավոր արտադրողականության մեջ ներդրումներ կատարելու եւ այդ կառույցների դռները երիտասարդ սերնդի առջեւ բացելու ճանապարհով։ Մասնավորապես, Սփյուռքի գոյություն ունեցող կառույցները պետք է վերաձեւավորվեն՝ երիտասարդ սերնդի համար ավելի գրավիչ դառնալու համար, իրենց շարքերում պայծառ երիտասարդների ներգրավեն, որոնք կկարողանան հարցեր ձեւակերպել սեփական սերնդի եւ ոչ թե նախորդ ժամանակաշրջանների անունից, ներդրումներ կատարեն Սփյուռքի քաղաքական պայքարում, համալսարաններում, վերլուծական կենտրոններում, դպրոցներում եւ լրատվամիջոցներում: Տեղեկատվական այս դարաշրջանում մեզ անհրաժեշտ են Սփյուռքի այնպիսի կառույցներ, որոնք ունակ են մտածել, դատել, քննարկել եւ ծրագրել: Մեզ անհրաժեշտ են ժամանակակից կառույցներ, որոնք երիտասարդ սերունդներին կհամոզեն, որ սփյուռքահայ մշակույթը ոչ թե անցյալի մասունք է, այլ պատկանում է մեր ժամանակներին: Սփյուռքը չի կարող օգնել Հայաստանին, եթե սեփական կառույցները հնացած են:

Երկրորդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է վերանայվեն ՝ հիմնված երկու կողմերի գործընկերության վրա: Սփյուռքը պետք է դադարի Երեւանի փոխնակը լինել՝ սուբսիդիաներ ուղղելով Հայաստանի ձախողված սոցիալական ծառայությունների արդիականացմանը: Սփյուռքը պետք է դադարի ասֆալտապատել Հայաստանի մայրուղիները: Փոխարենը, Սփյուռքը պետք է իրական օգնություն ցուցաբերի Հայաստանին եւ Ղարաբաղին՝ գիտելիքներ փոխանցի եւ ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրի, իր համալսարաններն ու դպրոցական ծրագրերն արդիականացնի, նոր տեխնոլոգիաներ ու կապիտալ ներդրումներ բերի Հայաստան եւ նոր շուկաներ գտնի արտահանման համար: Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի գլխավոր գործընկերը՝ բարեփոխումների, արդիականացման եւ զարգացման որոնման գործում: Այն պետք է աջակցի Հայաստանի ինստիտուցիոնալ միջավայրի վերափոխմանն ու արդիականացմանը՝ ստեղծելով համատեղ բարդ կառույցներ, որոնք կկարողանան դիմակայել մեր ժամանակների ծանր մարտահրավերներին եւ կփոխարինեն մեկ անձի վրա հիմնված ներկայիս կառույցներին: Ժամանակն է դադարեցնել Հայաստան կոպեկներ ուղարկելը. փոխարենը պետք է դառնալ զարգացման ընդհանուր ծրագրի ռեալ գործընկերը:

Երրորդ, Սփյուռքը պետք է նաեւ ավելի քաղաքական դառնա, բայց եւ հստակ գիտակցի իր քաղաքական գործունեության սահմանները: Գործընկեր դառնալու համար Սփյուռքի կառույցները չպետք է փորձեն «փոխարինել» Հայաստանում պետությանը՝ ո՛չ փորձելով վերջինիս որոշ գործառույթներ հանձն առնել, եւ ո՛չ էլ Հայաստանի ղեկավարի դերը ստանձնել։ Սփյուռքի կազմակերպությունները պետք է քաղաքականությամբ զբաղվեն ոչ թե Հայաստանում, այլ Սփյուռքում: Սփյուռքն ու Հայաստանն աշխատանքի բաժանման կարիք ունեն՝ հստակեցնելով երկու կողմերի քաղաքական դաշտերը:

Մինչեւ 1991 թվականը՝ մի քանի տասնամյակ շարունակ, հայկական քաղաքական ակտիվության կենտրոնը Սփյուռքում էր, ոչ թե Խորհրդային Հայաստանում: Երբ հայկական ազգային անկախ պետությունը ձեւավորվեց, ամբողջ ուշադրությունը կենտրոնացավ վերջինիս վրա: 2020թ. պատերազմից հետո, երբ հայկական ազդեցությունը Ղարաբաղի նկատմամբ զգալիորեն նվազեց, իսկ Հայաստանի անվտանգությունը կախված դարձավ Մոսկվայից, անհրաժեշտ դարձավ վերանայել, թե որոնք են հայկական գլոբալ քաղաքական մարտահրավերները եւ դրանց որ մասն իր վրա պետք է վերցնի Սփյուռքը: Այս խնդիրն անհնար է լուծել առանց քննադատական վերլուծության, թե ինչը սխալ արվեց նախորդ տասնամյակների ընթացքում։

Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքականություն, որը նպատակաուղղված կլինի ոչ թե անկարեւոր մարտերում հաղթանակներ տանելուն, այլ հաջորդ պատերազմը հաղթելուն:

Վիգէն Չըթըրեանը գրող եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին