Հոկտեմբերի 3-ին, պատերազմի յոթերորդ օրը, Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին եւ ասաց, որ «մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում»:
«Այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին, Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբեւէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ», - ասում էր Փաշինյանը:
Այս խոսքերը նա արտասանում էր այն բանից հետո, երբ պատերազմի չորրորդ օրը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել էր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ գնահատականը` նշելով, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Վարչապետն «անխորտակելի վճռականության» մասին խոսում էր այն ժամանակ, երբ արդեն ստացել էր զինվորականների հստակ զգուշացումը: Բայց խոսքն այսօր այդ մասին չէ՝ դեռ շատ առիթներ կլինեն վերլուծելու Փաշինյանի արածն ու չարածը: Խոսքը Դեր Զորի ճամփորդ լինել-չլինելու մասին է:
Այո, մենք Դեր Զորի ճամփորդ չդարձանք: Բայց միայն այն պատճառով, որ Փաշինյանը Դեր Զորը բերեց Արցախ ու Հայաստան: Հիմա չենք քննարկում նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության բովանդակությունը եւ դրանում սահմանված ոչ խելամիտ ժամկետները: Այսօր խոսում ենք այն մասին, որ հենց նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը պարտավոր էին աշխատանքային խմբեր ստեղծել, որոնք կզբաղվեին մարդկանց եւ նրանց գույքի կազմակերպված տարհանմամբ՝ Քարվաճառից, Ակնայից եւ Քաշաթաղից, որոնք, համապատասխանաբար, պետք է Ադրբեջանին հանձնվեին նոյեմբերի 15-ին, 20-ին եւ 30-ին: Անգամ, երբ Քարվաճառի հանձնումը հետաձգվեց 10 օրով, որեւէ պետական աջակցության ծրագիր չիրականացվեց: Մարդիկ ստիպված էին 1-2 օրում հեռանալ իրենց տներից՝ վերցնելով միայն այն, ինչ կարող էին տեղավորել մի կերպ ճարած տրանսպորտային միջոցներում:
Այդ մարդկանց համար կարեւոր չէր, թե իրենք դեպի ուր են հեռանում՝ Արցախի՞ այլ հատվածներ, Հայաստա՞ն, թե՞ Դեր Զոր, որովհետեւ իրենք զգում էին նույնը, ինչ զգում էին 105 տարի առաջ անապատ քշվող հայերը՝ իրենք անտեր են մնացել ու իրենց ոչ ոք չի օգնելու:
2014 թվականի սեպտեմբերին «Իսլամական պետությունը» պայթեցրեց Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց Ցեղասպանության զոհերի մասունքները: 2020 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Դեր Զորի ուրվականը բերեց Հայաստան, որի քաղաքացիները 30 տարվա ընթացքում իրենց երբեք այդքան անպաշտպան ու բարոյալքված չէին զգացել։
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: