Փոքր հայրենիքի փոքր տղերքը - Mediamax.am

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
2110 դիտում

Փոքր հայրենիքի փոքր տղերքը


Փոքր ազգերը փոքր հայրենիքներ են ունենում: Փոքր ու սիրելի: Մյուս հայրենիքներից ավելի սիրելի, որովհետև փոքր հայրենիքները նման են երեխաների, իսկ մեծերը՝ ծնողների: Մեծ հայրենիքներ ունեցողները սովոր են պաշտպանության՝ «ծնողի» կողմից, փոքր հայրենիքներ ունեցողները՝ իրենց ունեցածը պաշտպանելու:

Փոքր հայրենիքները կորցնելու վտանգն ավելի մեծ է, ու նույնքան հստակ է գիտակցումը՝ առանց դրա շարունակվելու անհնարինության: Այդ պատճառով էլ փոքր հայրենիքներն ավելի սիրելի են: Փոքր հայրենիքներն ավելի թանկ են, որովհետև փոքր ազգերից յուրաքանչյուրը գիտի դրա համար իր վճարածի ու վճարելիքի հստակ արժեքը: Փոքր հայրենիքների համար, չգիտես ինչու, միշտ թանկ են վճարում:

Փոքր հայրենիքներում պատերազմները սկսվում են միշտ հանկարծակի: Փոքր հայրենիքները խաղաղ են լինում՝ իրենց հնությամբ ու իմաստնությամբ: Ծեր մարդկանց նման, որ, սովորաբար, տարիների հետ դառնում են չափազանց լուռ ու չափազանց հանգիստ:

Պատերազմների ժամանակ փոքր հայրենիքները պաշտպանում են փոքր տղերքը, փոքր ու ժպտերես: Ու որքան ավելի հին են դառնում հայրենիքները, այնքան ավելի ուժեղ են դառնում փոքր տղերքը, ավելի փոքր, ավելի ժպտերես:

Այս պատերազմն էլ՝ մյուսների նման, սկսեց հանկարծակի ու փոքր հայրենիքի ճանապարհներին իրենց տանկերով դուրս եկան փոքր տղերքը: Երկու-երկու տանկերի վրա՝ ուրախ տղերքը ձեռքով են անում դիմացից եկող մեքենաներին, փողոցում կանգնած մարդկանց ամբոխին, որ դուրս է եկել փոքր տղերքին ճանապարհելու՝ դեպի պատերազմ:

Դիմացից եկող մեքենաները ազդանշանով, փողոցում կանգնած մարդկանց ամբոխը՝ ծածուկ ու բարձր օրհնանք ասելով, ճանապարհում են փոքր տղերքին, լուռ աղոթելով, որ օրեր հետո նույն տանկերով՝ երկու-երկու, հետ են գալու փոքր տղերքը: Փոքր հայրենիքի փոքր տղերքը՝ փոքր ու ժպտերես:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին