Մի գրքի պատմություն՝ «Երեւանյան հեքիաթներ» - Mediamax.am

Մի գրքի պատմություն՝ «Երեւանյան հեքիաթներ»
4015 դիտում

Մի գրքի պատմություն՝ «Երեւանյան հեքիաթներ»


Այսօր անծանոթ տղամարդը բարեւեց ինձ եւ մինչ ես գլխով բարեւն ընդունած, շտապում էի շրջվել՝ ավելորդությունից խուսափելու համար, տղամարդն արագ ասաց, որ իր տղան ամբողջ օրն իմ գիրքն է կարդում. «Դպրոցի առաջադրանքները չի ուզում անի, իսկ Ձեր գիրքը ձեռքից բաց չի թողնում։ Շնորհակալություն»։ 

 

Երեւի դժվար պատկերացնեք, թե որքան կարեւոր են ստեղծագործող մարդու համար լսել նման խոսքեր։ Բայց եթե բացեմ շատ փակագծեր եւ տեսնեք, թե որքան եմ չարչարվել գիրքս հրատարակելու ժամանակ եւ հասկանաք, որ եկամուտ գրեթե չեմ ունենալու գրքի նույնիսկ բոլոր օրինակները վաճառելու դեպքում, դուք էլ կուզեք մի լավ խոսք ասել, եթե նույնիսկ Ձեր ձեռքում դեռ չեք հասցրել բռնել իմ կախարդական գիրքը։  

 

Սա կատակ է: Իրականում, իհարկե, կուզեի կայացած գրաքննադատություն ունենար մեր երկիրը եւ ես թերթում կարդայի գրքիս մասին հիմնավոր կարծիքներ։ 

 

Չնայած, կարծիքներ ու արձագանքներ հիմնականում հավաքում եմ դպրոցներից, որտեղ հյուր եմ գնում կամ գիրքս ներկայացնելու, կամ հեքիաթներս նախօրոք կարդացած երեխաների հետ հանդիպելու։ 

 

Հետաքրքիր են երեխաներն ու տարբեր։ Լինում են երեխաներ, որ անկեղծ հիանում են ինձնով, գրկում են ու չեն ուզում բաց թողնել, լինում են շատ ուշադիր երեխաներ, ովքեր գրքից նախադասություն կամ որեւէ փոքր դետալ են հիշում, լինում են երեխաներ, որ ասում են, որ իրենք ինձնից լավ են գրում։ Բոլորն էլ իմ ամենասիրելին են։ Բոլոր ասածներից էլ թիթեռնիկի նման թռչկոտում եմ մտքումս։ Մենակ թե գիրք կարդան։

 

Չկարդալու մասին

 

Իմ կարծիքով, գիրք չկարդալը մի մեծ արհավիրք է։ Ցավալին այն է, որ ընտանիքներում, որտեղ տատիկ-պապիկներից եկած ավանդույթ է ընթերցելը, նոր սերունդը չի կարդում՝ համացանցում է։ 

 

Ես արել եմ գրեթե ամեն ինչ, որպեսզի գիրքը հետաքրքիր, թեթեւ, ինտերակտիվ լինի ընթերցողի համար։ Նախ` այն Երեւանի պատմության մասին է, հետո հեքիաթները կարճ են, պարզ նախադասություններով, հետաքրքիր նկարազարդմամբ։ Ամեն հեքիաթի վերջում ուղղորդում եմ ընթերցողին տվյալ հեքիաթի հերոսի հետքով՝ դեպի որեւէ թանգարան, Մատենադարան, փողոցի կոնկրետ վայր։ 

 

Գիրքս ընթերցողի տարիքային սահմանափակում չունի։ 

 

Չնայած գրելուց հետո՝ գիրքը կազմելու ընթացքում, երեւի թե ամենաշատը մտածել եմ ծնող եւ երեխա կապի մասին։

 

Համացանցը գողացել է երեխային ծնողից կամ ավելի շուտ՝ ծնողին երեխայից։ 

 

Երբ հասկանում/հայտնաբերում ես սա, տեսնում ես, որ ստեղծվել է երեխայի ու ծնողի մեջ (11 տարեկան տղա ունեմ) մի փոս, որը հաճախ լցնելու նյութ չենք գտնում։ 

 

Իմ լուծումն այսպիսին է

 

Առաջարկում եմ կարդալ երեխայի հետ գիրքս եւ կարդալիս չշտապել ավարտին հասնել։ Ամեն շաբաթ կամ ամիսը մեկ անգամ կարդալ մի հեքիաթ եւ գնալ հեքիաթի հետքով՝ տեսնելու, բացահայտելու այն վայրը, որտեղ կատարվել են հեքիաթի իրադարձությունները։ 

 

Օրինակ՝ Պատմության թանգարան, տեսնելու համար այն ականջօղը, որը փոքրիկ Կարոն գտավ մի տարօրինակ առավոտ, երբ վազեց օդում պտտվող «Թեյշեբաինի»  բառի հետեւից ու գտավ կարմիր կակաչներով զարմանահրաշ մի բլուր։ Կարմիր կակաչները հավաքվեցին տղայի շուրջը եւ պատմեցին նրան հին աշխարհի պատմություններ։ Հետո կարմիր մեծ կակաչը մի կողմ թռավ եւ տղան մատները խրելով նրա կանգնած տեղը՝ հողից հանեց հազարամյա ոսկե մի ականջօղ։ 

 

Կամ Էրեբունի թանգարան՝ տեսնելու համար Արգիշտի արքայի զգեստի քարե կոճակը, որը մի աստղազարդ գիշեր պոկվեց-ընկավ խոտի մեջ, իսկ արքային սիրահարված Տաթեւը գտավ այն եւ մեջից թել անցկացնելով՝ կապեց իր պարանոցին։ 

 

Հեքիաթների ծնունդը

 

Հեղինակում էի «Հին ու նոր քաղաք» հեռուստահաղորդաշարը։ Զրուցում էի Երեւանի մասին պատմաբանների, ճարտարապետների, հնագետների, ազգագրագետների հետ։ Կարդում էի գրքեր եւ օրերով քչփորում Ազգային արխիվը։

 

Քայլում էի քանդվող փողոցներով, մտնում գրեթե յուրաքանչյուր տուն, ծանոթանում տերերի հետ, լսում պատմություններ այն մասին, թե ինչ գիտեն տունը կառուցողի ու նրանց հարեւանների մասին։ Տներում մնացած հին իրերն ու խունացած փաստաթղթերը շոշափելը իմ սիրած զբաղմունքն էր։ Նույնիսկ երբ հաղորդաշարս փակվեց, ես շարունակում էի ուսումնասիրել Երեւանը։ 10 տարուց ավել։

 

Երեկոյան երեխաներս խնդրում էին հեքիաթ պատմել քնելուց առաջ եւ, քանի որ ուղեղս շատ ծանրաբեռնված էր օրվա լսածով, բացահայտածով դրանք հետաքրքիր ձեւով պատմում էի իրենց։ 

 

Լինում էր օրեր, երբ երեխաներս խնդրում էին կրկնել «երեկվա» հեքիաթը, բայց ես մոռացած էի լինում։ Այդպես որոշեցի գրի առնել։ Պատմված շատ հեքիաթներ ունեմ Երեւանի մասին, որոնք տեղ չգտան այս գրքում։ Գրի եմ առել մի քանի ամսում։ 

 

Գրքիս շնորհանդեսը եղել է 2019թ.-ի հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Ա. Խաչատրյան համերգասրահում, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ 

 

Գիրքը կազմելու ու հրատարակելու մասին

Տեւողություն` 3 տարի

 

Շատ դաժան ու երկար պրոցես էր գտնել իմ երազած նկարչին, որը նաեւ պարտաճանաչ կլիներ։ Դեգերումների արդյունքում գտա նկարիչ Արարատ Մինասյանին, որը Երեւանն արդեն նկարել էր։ Մտածող արվեստագետը նորաոճ համակարգչային նկարչությանը չդիմեց. «Պետք է երեխան տեսնի մատիտի գիծը»,- որոշեց։

 

Գրքիս գանձը՝ խմբագիր Լեւոն Գալստյանն է՝ հայոց լեզվի բացառիկ մասնագետ, նախկինում Լեզվի տեսչության պետ: «Ճիշտ կլիներ, որ գիրքը ներառվեր դպրոցական օժանդակ ընթերցանության ցանկում»,- ասում է նա։

 

Գրքիս ձեւավորողը բազմազբաղ ու հետաքրքիր արվեստագետ Էդիկ Պողոսյանն է։ Գիրքը էջադրելու ընթացքում ահագին վիճել ենք։ Իմ խնդրանքով նոր օժանդակ «է» տառ է ստեղծել ընտրված տառատեսակի համար, որպեսզի երեխաները երբեք չխառնեն «ե»-ի հետ։ 

 

Գրքի հրատարակման համար նվիրատվություններ եմ ստացել, այդ գումարը հանել եմ գրքի վաճառքի գնից. արդյունքում գիրքն ավելի էժան է հասնում ընթերցողին։

Նախքան տպագրությունը խոշոր հրատարակչություններից ստացել եմ առաջարկ՝ գրքի տպագրման։ Շատ մտածելու արդյունքում որոշեցի ինքնուրույն մտնել այդ գետը։ Շատ էի լսել «գցող» հրատարակիչների մասին պատմություններ։ Հետաքրքիր էր, իրականում գումար կարելի՞ է վաստակել եւ որքան։

 

Երկար փնտրեցի տպարան, ընտրեցի այնպիսինը, որը գրքի վաճառքով չի զբաղվում, գիրք չի հրատարակում՝ բացառելով գրքի «լեւի» վաճառքը։ 

 

Պայմանավորվեցի բոլոր գրախանութների հետ, մի քանի առցանց վաճառքի կայքերի հետ, բոլոր հնարավոր սրճարանների հետ՝ որտեղ գիրք կամ որեւէ այլ իր է վաճառվում։ 

 

Ֆեյսբուքում «Երեւանյան հեքիաթներ» մարքեթինգային հնարքներով հետաքրքիր էջ ստեղծեցի, որտեղ նաեւ կարելի է պատվիրել գիրքը։ Նույնիսկ մատնահարդարս է վաճառում գիրքս իր գույնզգույն մանիկյուրներով լի սեղանին դրված։ 

 

Մինչ օրս վաճառել եմ տպաքանակի 40%-ը։ Ասում են՝ վատ չէ։ Նույնիսկ շատ լավ է։  Ես կարծում էի, որ շատ ավելի արագ պետք է սպառեմ տիրաժը։ Տնտեսագետ ընկերուհուս հաշվարկները փաստում են՝ առաջին տիրաժից եկամուտ չեմ ունենալու։ 

 

Պատմե՞մ ձեզ, թե որքան եմ տանջվում գրքի վաճառքն ինքնուրույն իրականացնելու որոշմանս պատճառով՝ ԱՁ, փոխանցումներ, հաշիվներ, գրքի առաքման կազմակերպում, ԱԱՀ, շրջհարկ եւ այլն, եւ այլն։ 

 

Երբեմն ինքս եմ առաքում գիրքը, երբ պատվիրում են Ֆեյսբուքով։ Սա մի առանձնահատուկ զավեշտալի, տրագիկոմիկական փորձություն է՝ նախ մի տեսակ անհարմար եմ զգում գումար վերցնելուց։ Հետո, եթե գնորդը աղքատ հագնված է լինում, բարի աչքեր է ունենում ու տանջված ձեռքեր՝ այդ գիշեր չեմ կարողանում լավ քնել։ Խորանում եմ, տանջվում, տվայտվում… մտածում՝ էս 4.900 դրամով երեւի ընտանիքի համար մթերք պետք է առներ, բայց գիրքս գնեց։ Երազումս տեսնում եմ, ինչպես վազեցի մութ փողոցներով գնորդի հետեւից, հեւիհեւ հասա ու գումարը հետ տվեցի՝ նվիրելով գիրքս։ Գիտեմ, որ ծիծաղելի եմ։ 

 

Եթե նորից գիրք գրեմ

 

Հաջորդ անգամ, եթե որոշեմ նոր գիրք տպագրել, կտամ իրավունքները հրատարակչի։ Նախ պարզեցի, որ գումար, գրեթե, չեմ վաստակելու։ Դրված գումարը շատ դանդաղ դեռ պետք է հետ գա։ Նաեւ գլխացավանք է վաճառքի կազմակերպումը՝ այդ ժամանակը ես կարող էի նվիրել ստեծագործելուն, լավ հեղինակներ ընթերցելուն կամ էլ իմ սիրած մեկ այլ գործին՝ մարզանքին։ 

 

Եզրակացություն

 

Ստեղծագործողը փաստորեն չի կարող գումար վաստակել գիրք գրելով։ Կամ շատ դանդաղ ու բավական քիչ։

 

Դրա համար էլ մենք նոբելյան մրցանակակիրներ չենք ծնում։ Մեր գրողները աշխատում են բանկերի հանրային կապի վարչություններում, սպառվում օրվա լրահոսում որպես լրագրող, հացուկաց փնտրում ՏՏ ոլորտի ոլորաններում։

 

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին