Հե՛րթ կանգնիր. արժանապատիվ ու սիրուն ծերանալու ճանապարհը - Mediamax.am

Հե՛րթ կանգնիր. արժանապատիվ ու սիրուն ծերանալու ճանապարհը
2904 դիտում

Հե՛րթ կանգնիր. արժանապատիվ ու սիրուն ծերանալու ճանապարհը


Շենքի դուռը բացեցինք, հասանք աստիճաններին ու այն է՝ պիտի ասեի, որ ինչ-որ մեկը ծաղիկները մոռացել է շքամուտքում, երբ ընկերուհիս ուրախ-ուրախ մոտեցավ դույլին ու մի փունջ սպիտակ վարդ վերցնելով՝ բարձրացավ. մի առիթով նրան պատմել էի, որ սպիտակ վարդեր շատ եմ սիրում։ Գերմանիայում մարդիկ չեն սիրում թափել այն, ինչ իրենց այլեւս հարկավոր չէ, իսկ մեկ ուրիշին պետք կգա կամ կուրախացնի։ Շենքի առաջին հարկում, պարզվում է, ծաղիկներ էին վաճառում ու օրվա ավարտին այն, ինչ չէր վաճառվում, դնում էին շքամուտքում՝ ջրով լի դույլի մեջ։ 

 

Եվրոպական քաղաքներում ծաղիկներն ամենուրեք են՝ շենքերին, պատուհաններից կախված, հեծանվի զամբյուղում, տատիկ-պապիկների ձեռքին։ Շատ հաճախ ծաղիկները տատիկ-պապիկների հեծանիվների զամբյուղներում են։ Այնտեղ՝ փողոցներում, հեծանիվների կանգառները մեղուների պարսեր են հիշեցնում։ Այս փոխադրամիջոցը բոլորին ու միշտ է ծառայում, մեքենան՝ ծայրահեղ ու քիչ դեպքերում։ Մեկ էլ տեսնում ես՝ 70-ն անց մի տատիկ՝ խիզախ սանրվածքով, ականջներին՝ ճերմակ մարգարիտներ, հագին՝ դարչնագույն վերարկու, պարանոցին՝ հավակնոտ գույներով շարֆ, դեմքին՝ պատանեկան ժպիտ, սլանում է ժամադրության։ 

 

Ժպիտը  վերածվում է կարգի հրավիրող հայացքի, երբ թեկուզ շփոթմամբ հայտնվում ես հեծանվուղու վրա։ Կարգազանցությունը Գերմանիայում չի ներվում։ 

 

Հաջորդ օրը շենքի բակում՝ արկղի մեջ, գրքեր, ձայնասկավառակներ, կոշիկ ու մոխրաման տեսանք։ Դարձյալ ինչ-որ մեկի ավելորդ, մեկ ուրիշի պիտանի իրերն էին։ Մոխրամանը ամենավերջում տարան։ Գերմանիայում հատուկենտ ռեստորան, ակումբ կամ փաբ կգտնես, որտեղ ծխում են։ Կարգը միշտ ու բոլորի համար է գործում․ծխողները դուրս են գալիս իրենց տաքուկ անկյուններից, նույնիսկ եթե դրսում անձրեւ է, ծխում են, զրուցում անծանոթների հետ ու ներս գնում։ Իսկ ներսում կյանքը միշտ այդ պահին ու նոր է սկսվում. սեղաններին գինի ու գարեջուր է, իսկ շուրջը՝ մեծամասամբ 50-ը բոլորած մարդիկ։ Պատվիրում են այնքան ուտելիք ու խմիչք, որքան կարող են, պետք է ու կարելի է ուտել ու խմել այդ ժամին, մնում են այնքան, որ հաջորդ օրվա կյանքի ռիթմը չփոխվի եւ զրուցում են այնպես, որ կողքի սեղաններին չխանգարեն։ Իսկ վերջում յուրաքանչյուրը վճարում է իր համար՝ հաշտ, լուռ, առանց միմյանցից դրամապանակ խլելու։ 

 

Գերմանիայում դրամը հաշվում են բոլորը. վատնել չեն սիրում։ Գնումներ են անում դանդաղ, քիչ, գինն ու որակը համեմատելով, օրինակ՝ երկու լոլիկ, մեկ խնձոր, երեք սունկ։ Ուտելիք թափել չեն սիրում, իսկ թափելիս էլ հատուկ տարաներում տեսակավորում են։ Փորձվի մեկը անձեռոցիկը գցի ցելոֆանի համար նախատեսված աղբամանը. դիտողություն կանեն ու կսպասեն այնքան, որ «մոլորյալը» շտկի սխալն ու ներողություն խնդրի՝ խոստանալով, որ այլեւս չի կրկնվի։ Ի դեպ, սրճարաններում շատ հազվադեպ սեղաններին անձեռոցիկի տուփ կգտնես. բավարարվի՛ր սուրճի բաժակի տակ դրվածով։ Ու որքան էլ զարմանալի է, սկզբում փնտրում ես ավելին, հետո՝ զայրանում, որ չկա, ապա՝ եղածով յոլա գնալու ելքեր փնտրում, վերջում՝ հարմարվում ու կենսակերպ դարձնում։ 

 

Ընկերներս Գերմանիայում են ապրում՝ Ֆրայբուրգ քաղաքում։ Օրինակելի քաղաքացիներ են, որտեղ էլ որ ապրեն։ Փոքր, կոկիկ, կանաչ ու մաքուր այս քաղաքը, որտեղ մարդիկ համարձակ, արժանապատիվ ու սիրուն են ծերանում, սահմանակից է Շվեյցարիային ու Ֆրանսիային։ Մոտ մեկ ժամում հասնում ես Ստրասբուրգ կամ Բազել։ Բազելում որոշեցինք նախաճաշ անել։ Քարտեզով գտանք ամենամոտ սրճարանն ու ուղեւորվեցինք այնտեղ։ Թվում էր՝ տեղ ենք հասել, քարտեզն ասում էր՝ «you reached your destination» («դուք հասաք ձեր նպատակատեղին»), բայց մեկ է, չէինք գտնում. այդ հասցեում տաճար էր։ Մի քանի շրջան տալուց հետո հասկացանք, որ սրճարանը տաճարում է։ Գիտեմ՝ առաջին բանը, որ կգա մտքիդ, «բայց տենց ո՞նց», «անընդունելի է», «չի կարելի»-ն է։ Հետո, երբ փորձում ես աշխարհը, կյանքն ու մարդկանց հանել «չի կարելի»-ների բեռի տակից, քո ուսերն էլ են թեթեւանում, կորացած մեջքդ ուղղվում է, ու հայացքդ ոտքերիդ տակից բարձրանում, նոր աշխարհ է տեսնում։  

 

Եվրոպական այս՝ կարծրատիպերը կոտրող, անհամադրելին համադրող, մերժելին մեկ այլ լույսի տակ դիտարկող քաղաքներում երեխաներին էլ են մեծացնում այլընտրանքային մոտեցումներով. Բեռնի հրապարակում ուշ երեկոյան ցուցադրվող շոուն, օրինակ, 4-5 տարեկան տղան դիտում էր՝ պառկած գետնին։ Ծնողները աչքի պոչով լուռ հետեւում էին։ Ոչ ավելին։  

 

Այս քաղաքներում, ի դեպ, ավելորդ ձայներ գրեթե չկան՝ խոսում են ցածրաձայն, մեքենա վարում առանց ազդանշանի, հերթ կանգնում անաղմուկ։ Առհասարակ, հերթ կանգնելու մշակույթն այնտեղ աշխարհամասային դիմագծի վերածված բնազդ է՝ կանգնում են մի գծով, անխախտ, հատուկ կարիքներ ունեցող անձանց, ծերերին ու երեխաներին՝ զիջող, օրինազանցությունը չհանդուրժող, սխալը մատնացույց անող, իրավունքը պաշտպանող։ 

 

Բրյուսելում գեյթը բացվելուն պես մարդիկ լայնքով խմբվեցին տոմսն ու անձնագիրը ստուգող աշխատակցի շուրջ։ Ինձնից հետո մի երիտասարդ էր կանգնած։ Հեռվից վազելով մեզ էին մոտենում ուշացած ուղեւորներ։ Եկան ու շրջանցելով տղային՝ կանգնեցին նրա առջեւում։

 

- Ինչու՞ հերթ չեք կանգնում,-վրդովվեց։ 

- Ուշացել ենք, ի՜նչ մի պատմություն ես սարքում,-եղավ պատասխանը։ 

- Պատմություն չեմ սարքում, ընդամենը պահանջում եմ, որ հերթ կանգնեք, անքաղաքավարի է,- ասաց։

 

Կարգազանցներին սկսեցին աջակցել մյուս ուղեւորները՝ մեղադրելով «ստից տեղը պատմություն սարքելու» համար։ Տղան չնահանջեց։ Մյուսները լուռ էին, ես էլ՝ անկեղծ ասած. ուշ էր, քունս տանում էր, խոսելու հավես չունեի։ Երբ դատապարտողների բանակը մեծացավ, տղայի ձայնն էլ՝ բարձրացավ, միջամտեցի։ Ինձ միացավ եւս մի երիտասարդ։ Մեր «թիմը» հաղթեց. կարգազանցները հերթ կանգնեցին, թամաշա անողները լռեցին, լուռ մնացողները ամաչեցին։ Նստեցինք օդանավ։ 10 րոպե չանցած՝ չիփսի տուփերը բացվեցին, կոնֆետների թղթերը ճռճռացին, որոշներն ընկան գետնին ու այնտեղ էլ մնացին, մի նստարանից մյուսը ձգվող զրույցները վերածվեցին աղմուկի, հեռախոսները՝ սելֆիի ապարատի։ Հասանք Երեւան։ Կարոտել էի։ Ի՛մ մարդկանց էի կարոտել՝  իրենց ներկայությամբ տաքուկ տուն ու արժանապատիվ հայրենիք ստեղծող մարդկանց։ 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մեզ մենակ մի՛ թողեք»
Մեր ընտրանին