Արարատի գագաթն ու երազանք-նպատակը - Mediamax.am

Արարատի գագաթն ու երազանք-նպատակը
8267 դիտում

Արարատի գագաթն ու երազանք-նպատակը


2019 թվականի հուլիսի 26-ի վաղ առավոտյան կանգնած էի Արարատի գագաթին: Դրան նախորդող երկու ամիսների ընթացքում մտքում հաճախ էի «բեմադրում» այդ պահը:

10 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի սկզբին, գագաթ հասնելու փորձս ձախողվեց Սուրբ Հակոբի սառցադաշտի մատույցներում:

Այս անգամ շատ էի ուզում, որ ամեն ինչ ստացվի: Շատ ավելի լուրջ էի պատրաստվում՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ու որքան ավելի շատ էի ինձ տրամադրում դրական արդյունքի, այնքան ավելի լավ էի հասկանում, որ 2009 թվականին ոչ թե անպատրաստ էի, այլ ընդհանրապես պատրաստ չէի:

2009 թվականին գնացել էի երազանքի հետեւից՝ չհասկանալով, որ պետք է երազանքը նպատակի վերափոխել: Այս տարի երազանք չկար, հստակ նպատակ էր: Այնպես չէ, որ երազանքն էմոցիոնալ է, իսկ նպատակը՝ սոսկ պրագմատիկ: Իմ նպատակը եւ՛ զգացական էր, եւ՛ ռոմանտիկ, բայց միաժամանակ կոշտ ու անհանդուրժող էր այն ամենի նկատմամբ, ինչը կարող էր խանգարել արդյունքին:

10 տարի անց հայտնվեցի Սուրբ Հակոբի սառցադաշտում: Մի ուրիշ աշխարհ էր՝ վեհ, մաքուր, ժամանակի մեջ կորած: 190 տարի առաջ այստեղ էին Աբովյանն ու Պարոտը, ու չէի զարմանա, եթե հանկարծ իրենց հանդիպեի այստեղ:

Սառցադաշտով 5 րոպե քայլելուց հետո արձակվեց ու անպիտան դարձավ մի «кошка»-ն՝ այդպես են լեռնագնացներն անվանում մետաղե «ատամները», որոնք ամրացվում են կոշիկներին՝ սառույցի վրայով քայլելու համար: Հոգնածությունն ու սաստիկ քամին (ջուրը շշում սառեցնում էր մեր աչքի առաջ) «кошка»-ն կարգի բերելու փորձն անհնարին դարձրին՝ հանեցի նաեւ երկրորդը եւ այդպես գնացի:

Գնում ու հիշում էի այն ամենը, ինչ գրել եմ Արարատի հակառակ կողմը սյունակում:

Պապայիս էի հիշում, տատիկիս: Վերելքի առաջին փուլերում մտքերով շատ չէի տարվում: Պարզ մեխանիկական կանոն էի մշակել ուղեղիս համար՝ որքան էլ հոգնած լինեմ, պետք է շարունակեմ քայլել: Keep walking: Johnnnie Walker վիսքիի մարքեթոլոգների շնորհիվ հայտնի դարձած այս բառերն իմ «գաղտնի զենքն» էին լեռան վրա: Keep walking, Keep walking ասելով՝ առաջ էի գնում:

Այնպես չէ, որ անհաջող փորձին հաջորդած 10 տարիներին միշտ մտածում էի այն մասին, որ պետք է կրկին փորձել: Ամենեւին: Անկեղծ ասած, անգամ լավ չեմ հիշում, թե ինչպես որոշեցինք հենց այս տարի նոր փորձ ձեռնարկել: Բայց երբ որոշումն ընդունված էր, նախապատրաստությունն էլ սկսված, երազանքի վերափոխումը նպատակի շատ արագ տեղի ունեցավ:

Որոշ ժամանակ անց տեսա մարդկանց, որոնք այլեւս ոչ մի տեղ չէին քայլում, այլ տեղում կանգնած գոռում-գոչում-գրկախառնվում էին: Հասկացա, որ դա գագաթն է: Հասկացա, որ հասնելու եմ՝ մի 20 մետր էր մնում:

Նորից հիշեցի պապային: Երբ փոքր էի, խոսում էինք, որ մի օր միասին բարձրանալու ենք: Վերացական չէինք խոսում, պարզապես սպասում էինք, երբ կմեծանամ: Ես մեծացա, սակայն միասին գնալ չստացվեց: Բայց գագաթին մոտենալիս չէի տխրում: Գիտեի, որ պապան հաստատ հպարտ կլիներ, որ մեկ անգամ պարտություն կրելուց հետո նորից եմ փորձում:

Արցունքների մեջ խեղդված էի, երբ անում էի վերջին քայլերը դեպի Արարատի գագաթը: Ժանրի կանոնների համաձայն, պետք է ասեի, որ դրանք երջանկության արցունքներ էին։ Սակայն իրականում դրանք ուրիշ արցունքներ էին: Դրանք մեկ, երկու կամ երեք հույզի արտահայտություն չէին: Իմ ամբողջ կյանքն էր այդ արցունքներում՝ ձեռքբերումներն ու կորուստները, փորձը, հիասթափությունները, ընկերներս, կինս, աղջիկս, մայրս, տարիներ առաջ կյանքից հեռացած Ալեքսանդր Թամանյան-կրտսերը, ով այնքան շատ էր ուզում Արարատ բարձրանալ, 1990-ականների երեւանյան ամառները, տատիկիս եփած սպասի համեմունքների յուրահատուկ հոտը:

Կանգնած էի Արարատի գագաթին ու անձայն հեկեկում էի՝ լավ է, որ քամուց պաշտպանող գլխարկ-դիմակով էի: Գրեթե 35 տարի տեւած ճանապարհորդությունն ավարտվեց, ու արդեն կարելի էր նպատակը կրկին երազանքի վերափոխել: Իրականացված երազանքի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին