Նախագահական տրամաբանությունը - Mediamax.am

Նախագահական տրամաբանությունը
8413 դիտում

Նախագահական տրամաբանությունը


Անձնականն ու ընդհանուրը, ծառայողականն ու պետականը տարբերելու ունակությունն ազգային հասունության կարեւոր հատկանիշ է: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջադրման հետ կապված վերջին իրադարձությունները տարբեր քաղաքական ուժերի ուղեղներում եւ գործողություններում լիակատար խառնաշփոթի պահպանման վառ ցուցիչ դարձան: Հարցը նույնիսկ ոչ թե Վահե Գրիգորյանի անձի եւ հակասականության, այլ ավելի խորքային խնդիրների մեջ է, որոնք շարունակում են քայքայել հայկական պետականությունը: Ակնհայտ է, որ ժամանակակից Հայաստանում գործում է երկու կոորդինատային համակարգ, եւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, փորձագետ, բժիշկ, ուսուցիչ եւ տաքսու վարորդ պետք է շատ հստակ ընտրություն կատարի. կամ «սպիտակ» եք, կամ «սեւ», կամ «հեղափոխական» եք կամ «հակահեղափոխական», կամ ցանկանում եք, որ պայմանական հավաքական «Փաշինյանը» հաջողի կամ ամբողջ սրտով աջակցում եք հակառակորդ թիմերին: Սա զրոյական գումարով ներքին խաղ է, որտեղ ոմանց հաղթանակն ավտոմատ կերպով ենթադրում է մյուսների պարտությունը: Ստեղծված իրավիճակը կանխորոշեց չեզոքության վախճանն ու նրա հետ մեկտեղ սառնասրտորեն մտածելու եւ վերլուծելու հնարավորությունները:

Նման հանգամանքներում պետական դիմադրողականության պահպանության ամբողջ բեռն ընկավ նախագահի ինստիտուտի ուսերին: Լինել պետականամետ գործիչ նշանակում է ռիսկի դիմել եւ հարվածի ենթարկվել բոլոր կողմերից: Ամբողջ տարվա ընթացքում սահմանափակ լիազորություններ ունեցող Արմեն Սարգսյանը չի զբաղվել պոպուլիզմով եւ բաժանարար գծերի ստեղծմամբ, այլ փորձել է սկսել պետական եւ ազգային շինարարության գործընթացը: Նրա բազմաթիվ նախաձեռնությունները՝ տնտեսության, կրթության եւ նորարարությունների բնագավառներում իշխանությունների, ընդդիմության, ԶԼՄ-ների եւ փորձագիտական հանրության կողմից պատշաճ ուշադրության չարժանացան: Համաշխարհային էլիտաների հետ հանդիպումներն ու առաջատար միջազգային հարթակներում ելույթները պետության ղեկավարի կարգավիճակում (5-րդ գլուխ, 123-րդ հոդված) առաջացրին լոկ նախանձի եւ վախի զգացումներ: Ահա թե ինչու յուրաքանչյուր քաղաքական գործիչ նախագահի եւ նրա վարչակազմի գործողություններն ընկալում էր իր իսկ անբարոյականության եւ ճիշտ ու սխալի մասին սուբյեկտիվ պատկերացումների պրիզմայով:

Հակառակորդները խուճապահար փնտրում են նախագահի անձնական շահը, քանի որ առանց այդ Y-ի բոլոր սովորական բանաձեւերը քանդվում են: Անկասկած, այդ անձնական շահը գոյություն ունի: Սակայն դրանք ոչ թե հասարակ ֆինանսական (հարուստ մարդ) եւ քաղաքական (անցել է ամբողջ այդ ուղին) դիվիդենտներ են, այլ Հայաստանին օգնելու ցանկություն՝ տուրբուլենտ աշխարհում գոյատեւելու եւ իր տեղը գտնելու գործընթացում: Ինչո՞ւ: Լինելով գլոբալ մտավորական՝ նախագահ Սարգսյանը հասկանում է, որ արտաքին աշխարհի վերաբերմունքն իր հայ երեխաների եւ թոռների նկատմամբ ուղիղ համեմատական կլինի նրանց ծագման երկրի ընկալմանը: Ամուր պետականությունը լուրջ աշխարհաքաղաքական սուբյեկտի հեղինակության հետ մեկտեղ հայ ժողովրդի եւ աշխարհով մեկ սփռված բազմամիլիոն համայնքի անվտանգության միակ երաշխավորն է: Լինելով ստրատեգ՝ նախագահը բացառապես այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք ուղղված են այս գերհեռահար նպատակին հասնելուն: Եթե հետեւենք նրա գործողությունների ալգորիթմին եւ հաջորդականությանը, ապա կարող ենք տեսնել ամբողջական պատկերը եւ հասկանալ նրա քաղաքական որոշումների դրդապատճառները:

Իր հիմնական քայլը նախագահ Սարգսյանը կատարեց անցյալ տարվա իրադարձությունների ընթացքում՝ դառնալով այն մարդը, որը ամբողջ հայության համար խորհրդանշական՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ նստեցրեց բոլորին բանակցային սեղանի շուրջ եւ արագացրեց այդ պահի դրությամբ միակ ճիշտ որոշման ընդունումը: Այդ ժամանակ նա արդեն իսկ սահմանեց իր մետաֆիզիկական գործառույթը. ազգի հայր եւ իրավարար-պետականամետ գործիչ, որն անաչառ եւ չեզոք կերպով պաշտպանում է երկիրը եւ ազգին: Երկրորդ քայլը կատարվեց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Ազգային ժողովի ամբիոնից Սարգսյանը հայտարարեց զսպումների եւ հակակշիռների համակարգի ձեւավորման կարեւորության մասին: Սակայն նոր իշխանությունները, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված հենց այս նույն Սահմանադրությունը, դեռեւս չեն ձգտում պետական համակարգի առողջացմանն ուղղված բարեփոխումներ կատարել: Ընդհանուր առմամբ, այդ քայլերը բացահայտեցին նոր նախագահի երկու հիմնասյուները`պետականություն եւ օրինականություն: Երրորդ քայլը վերջերս արվեց, երբ հայտնի դարձավ Վահե Գրիգորյանի առաջադրման մասին: Ինչո՞ւ է հեռատես ստրատեգը նման քայլի դիմում եւ ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը:

Նախեւառաջ՝ Սարգսյանը հերթական անգամ մերկացրեց հայկական քաղաքական աշխարհի խորքային արատները: Գրիգորյանը հայտարարություններ էր արել այն մասին, որ գործող նախագահը չունի լեգիտիմություն եւ չպետք է պաշտոնավարի: Նման մոտեցումն անհրաժեշտ փաստարկների եւ հետեւողականության դեպքում կարող է  հարգանք առաջացնել: Նման պարագայում պարոն Գրիգորյանը պետք է հայտարարեր, որ կարիք չունի, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի պետության ոչ լեգիտիմ ղեկավարը: Տրամաբանական եւ արժանի հանգուցալուծում կլիներ ամբողջությամբ հրաժարվել որեւէ պաշտոն զբաղեցնելուց, եթե այդ գործընթացում իր մասնակցությունն ունի Արմեն Սարգսյանը: Իրականում, մենք ականատես ենք դառնում միանգամայն հակառակ վարքային մոդելի, երբ պաշտոն ստանալու ցանկությունը լիակատար ջախջախմամբ հաղթում է սեփական իդեալներին եւ սկզբունքներին հավատարմությանը: Արդյոք նման մարդը պե՞տք է Սահմանադրական դատարանին: Նախագահը, հետեւելով պատվի եւ իրավունքի ոգուն, որոշումը թողեց Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ ի դեմս ընտրված խորհրդարանականների:

Երկրորդը՝ մենք տեսանք բոլոր քաղաքական եւ մերձքաղաքական խմբերի երկերեսանիությունը եւ կեղծավորությունը: «Իմ քայլը» խմբակցությունով ներկայացված գործող իշխանություններն արգելափակում էին Սահմանադրական դատավորի նախորդ բոլոր թեկնածուներին: Այդ բոլոր մարդիկ համապատասխանում էին անհրաժեշտ ցենզերին, լավ հեղինակություն ունեին, քաղաքականացված չէին եւ օժտված էին անհրաժեշտ գիտելիքներով եւ փորձով: Այլ կերպ ասած, նրանք չեզոք մասնագետներ էին եւ դա նրանց հիմնական «թերությունն» էր, քանի որ կանոնը պարզ է. կամ «սպիտակ» ես կամ «սեւ», այլոց մուտքն արգելված է: Իր հերթին, ընդդիմությունը (ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ համակարգային) առանձնապես վրդովված չէր մեծամասնության գործողություններից եւ չէր փորձում հակազդել այդ գործընթացին: Ինչո՞ւ: Պատճառը նույնն է՝ չեզոք մասնագետ ոչ մեկին պետք չէ: Նախագահ Սարգսյանի ռազմավարական տեսլականը հանգեցրեց այս անսպասելի քայլին, եւ այժմ «քաղաքական գործիչները» Ազգային ժողովում իրար կոկորդ կկրծեն՝ հեռու նախագահի ինստիտուտի պետական պատերից:

Եվ, վերջապես, երրորդը` նախագահը եւս մեկ անգամ հիշեցրեց գործող Սահմանադրության խնդիրների մասին: Դժգոհ քննադատները բոլոր նետերն ուղղում են Սարգսյանի դեմ՝ հայտարարելով այն մասին, որ նա չի կատարում երկրի գլխավոր օրենքի երաշխավորի իր գործառույթը: Ցավոք սրտի, նախագահն իսկապես չի կարող լիովին կատարել իր առաքելությունը, բայց միայն այն պատճառով, որ Սահմանադրության հեղինակները եւ այն ընդունած խորհրդարանականները (Սերժ Սարգսյանի օրոք) դրա համար անհրաժեշտ գործիքներ չեն ստեղծել: Իսկ ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն նշվել է, չեն շտապում փոփոխություններ կատարել (դժվար է կիսվել անսահմանափակ իշխանությամբ, նույնիսկ եթե խոսքն ընդհանուր շահերի մասին է): Նշեմ, որ նախագահը չի նշանակում, այլ պարզապես առաջադրում է այն թեկնածուին, որին իր հավանությունը պետք է տա խորհրդարանը: Այսինքն, նա ի սկզբանե կախման մեջ է ընկնում պատգամավորների սուբյեկտիվ նախընտրություններից, որոնց համար իրենց նեղ խմբերի շահերը (իսկ հայկական քաղաքական մշակույթի դեպքում՝ առաջնորդի կամ «պապայի» շահերը) վեր են պետական եւ ազգային շահերից:

Այս երեք քայլերով նախագահ-պետականամետ գործիչ Արմեն Սարգսյանը շախ եւ մատ արեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին նախագահի ինստիտուտը ներքաշել «սպիտակների» եւ «սեւերի» առճակատման մեջ: Հասարակությունը պետք է հասկանա, որ պետության ղեկավարը գործում է ոչ թե «դեմ», այլ «կողմ», ոչ թե «հակա»-ի, այլ «մետ»-ի տրամաբանության մեջ: Նրանք, ովքեր ակնկալում էին, որ նախագահը թույլ կտա օգտագործել իր կողմից ղեկավարվող պետական ինստիտուտն իբրեւ բռնցքամարտի տանձիկ, չարաչար սխալվեցին:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին