Վահագնական դրոշը մեր - Mediamax.am

Վահագնական դրոշը մեր
5699 դիտում

Վահագնական դրոշը մեր


Անմեկնելին աստվածներին ճանաչելով է լինում, որ դառնում է այս կամ այն չափով ըմբռնելի, եւ զորություններով է, որ առարկայանում է անիմանալին, մարդկային գիտակցության առջեւ լիովին չմերկացած ներկայություններն են, որ ծովերին խոր ալեկոծությունների են մղում, կենդանիներին` զուգավորումի, ծառերին` ծաղկածլման ու աստղերին` ճառագայթումի։ Զտահոս կենսունակության դեմ անզոր է ամենայն ինչ, այն զորեղ է, զորեղ է կյանքից, ու կյանքից ավելին է, ավելին է նաեւ պատմությունից, որի միայն մակերեսն ենք տեսել ու տեսնում...

 

Այսպես է դատում Մեծը, Կոստան Զարյանն ու, չէ՛, չի պատգամում, սահմանում է` ճանաչել աստվածներին։ Աստվածներին...

 

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ։

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մօրուս,

Եւ աչքունքն էին արեգակունք:

 

Վահագնը ծնվեց, Վահագնը ներկա է... տողերը հրեղեն պատկերներ են դառնում, բոցավառվում է զԿԱՐՄՐԻԿ եղեգնիկ, եղեգան ծուխն աղոթքի պես է երկինք ելնում, ցոլանում են ԿԱՊՈՒՅՏ երկնքի կրակները, ծովը ԾԻՐԱՆԻ է առնում, ...երկնում է արարչակերտ բնությունը, ծնվում է հրաշեկ պատանին... ներսի կրակները դառնում են բանաստեղծություն, ծնունդ են ավետում ու դառնում ՈԳԻ... ՈԳԻՆ իր պատկերն է ձեւում` կարմիր, կապույտ ու հրագույն... դրոշը Հայաստանի...

 

Երկնէր երկին... 

Երկնէր եւ ծովն ծիրանի...

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ...

 

Նախախնամությո՞ւն է արդյոք, գիտակցությանն անհասանելի, անբացատրելի ներկայությունների` համադրվելու կամքի դրսեւորո՞ւմ, թե՞ տիեզերական վճիռ, որ զորություններ պիտի երկնեին կապույտ երկինքը, որպես կարմիր երգվող եղեգնիկը, նրան ապրեցնող երկիրն ու ծով ծիրանին... պիտի երկնեին միասնաբար ու եռագույն ներկեին իրենց ու մեր միասնությունը... զորություն պիտի արարեին, որ ապրում է... 

 

Ալեծուփ ծովի ծիրանի ալիք

Գնում են, գալիս, ծեծում են ափունք...

 

Կարմիր, կապույտ ու հրագույն... այդ մենք ենք... այդպիսի համադրություն ենք ու որպես միասնություն այդպիսին... երկունքը վրձնում է հետքեր... մեր երկնքի, մեր հողի, մեր ծովի, մեր, մեր ներսի հրի դրոշմները... գույներ, որ դրոշանում են միասնությամբ ու հրեղեն սլացքի պատգամ դառնում... վահագնական են գույները ու ՈԳԵՂԵՆ է դրոշը մեր... հանդարտություն չկա այս գույներում, ողջը տարերք է, հրո պոռթկում է, որ երկինք է սասանում, ու կամքի լեռնացում, որ ծածանում է ծովը ծիրանիով... այսպես է սահմանվել ու նախասահմանվել` տարերքը գունավորվել է ու դրոշ դարձել, գիտակցականից դուրս, կամքից ու իմացումից անկախ... կարմիր, կապույտ ու հրեղեն...

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

 

Պատմությունը, որպես կանոն, ունի ոչ միայն մակերես, այլեւ խորություն, ու միշտ չէ, որ բացում է էությունը, եթե առկա չէ շերտերը թափանցելու կամքը։ Հայոց եռագույնը պեղված է... 88-ին էր, որ ծածանվեց Հայաստանում, Սփյուքը պահել, փայփայել էր, Հայաստանը չքննարկեց, չընդդիմացավ, նորը չառաջարկեց, հիմնի ու զինանշանի պես չառավ-չդրեց, այլընտրանքներ չորոնեց... ընդունեց նաեւ պաշտոնապես, որովհետեւ դրոշն ընդունվել ու մերն էր դարձել այն օրից, երբ Մովսեսն այն Ազատության հրապարակում էր պարզել... չքննարկելով էինք քննարկել ու միասնությամբ կանգնել նրա շուրջ ու ներքո։ 

 

Իսկ դրանից առաջ երեւելի մտածողը, խոնարհումս քեզ Ստեփանոս Մալխասյանց, առաջին հանրապետության խորհրդարանին Շահամիրյան Նորջուղայեցու մտածումն էր բերել. կարմիր, կապույտ, դեղին՝ իբրեւ սպարապետական փառազարդության ամբողջություն, որպես կիլիկիական մասունք ու ժառանգություն... հարատեւ է մեր դրոշը, ապրում է դրոշը մեր, Վահագնից մինչեւ Կիլիկիա, մինչեւ Մադրասի խմբակ, մինչեւ Արամ Մանուկյան ու Քաջազնունի... դեղինը դարձնենք նարնջագույն, այսպես ավելի գեղեցիկ է, ասում է վարչապետը... թող այդպես ծածանվի, սա էլ Հայաստանի Հանրապետության հետ նույնացող Արամն է... 

 

Ծփանքն ու ծածանումն այլեւս ընծայաբերված են հավերժությանը, ծփանքն անխափան է, բայց ԴԵՌ կա սպասումը, որ դրոշի հուրը վառվի ներսում... որովհետեւ` հրեղե´ն է Վահագնը, էությա´մբ է հրեղեն... ծնունդով` հրագույն ու բոսոր, հրակարմիր ու հրավառ... այսպիսին է... նույնը` ինչ որ է կրակը...

 

Ցարդ ամենը եղել է դեղին-նարնջագույն, բայց դա՞ է արդյոք էությունը, իսկ ո՞ւր է հրեղեն-հրագույնը.... ԱՐԱՐԱՏԸ կհավերժի, եթե հրեղենը ցոլանա ներսում, մեր մեջ ու մեր դրոշում...

 

Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Վահագնական դրոշը մեր
Մեր ընտրանին