- Ընկե՛ր Ղոնյան, վերցրեք մանրը,- վազելով գալիս են երրորդ դասարանցիները՝ ձեռքներին մանրադրամ ու պաղպաղակ:
Պաղպաղակը «վաստակել են» ֆիզկուլտուրայի դասին։ Ընկեր Ղոնյանը պարգեւների հարցում առատաձեռն է. եթե լավ վարքով ու առաջադիմությամբ աչքի ընկնեն, արշավների կգնան, ընկեր Ղոնյանի հեծանիվը կքշեն, նրա տանը հյուրընկալվեն։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արցախի Բերձոր շրջանի Արծվաշենի դպրոցում նաեւ հարեւան գյուղի՝ Մխանցի երեխաներն են սովորում։ Վեց դասասենյակը բավարարում է 1-12-րդ դասարանների աշակերտներին։ Դասարանները հիմնականում երկկոմպլեկտ են։ Արմինեին «բաժին է ընկել» ամենամեծ՝ 3-րդ դասարանը 6 աշակերտով։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
- Կնկարեք ծուլության ու աշխատասիրության պայքարը։ Օրագրերը բացեք, տնայինը նշեք, որ գնաք տուն։
- Տո՞ւն,- դժգոհում են։
Արծվաշեն համայնքում երեխաների համար զբաղմունք ու հետաքրքրություններ չկան։ Գյուղը նոսր է բնակեցված, տներն իրարից հեռու են։ Դասերից հետո ամեն մեկը փակվում է իր տանը, եւ Արծվաշենի ակտիվությունը դադարում է։ Նաեւ այդ պատճառով երեխաները փորձում են, որքան հնարավոր է, երկար մնալ դպրոցում։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Դասերից հետո ցածր դասարանի աշակերտները հավաքվում են ընկեր Ղոնյանի շուրջը, որ փայտիկներով մանդալաներ գործեն։ Երեխաներն աղմկելով, իրար հերթ չտալով՝ գունավոր թելեր են ընտրում, ընկեր Ղոնյանը համբերատար բացատրում է գործելու կանոններն ու ուղղում խճճված աշխատանքները։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արմինեն Արցախի վերաբնակեցված այս համայնք եկել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրով։ Երիտասարդ դասվարին աշակերտներն ընտելացան աստիճանաբար։ Սկզբում ոմանք ակնհայտ ցույց էին տալիս՝ դասն իրենց հետաքրքիր չէ։
«Փորձում էի հետաքրքիր բաներով գերել էրեխեքին, որովհետեւ զգացի, որ միշտ նույնն են արել՝ դպրոց, տուն, դասագիրք, երկու գնդակ դպրոցի բակում։ Առաջին օրվանից սկսեցինք թեւնոցներ գործել, հետո բարձիկների նման շնիկներ, ամպիկներ էինք կարում։ Նույնիսկ ամենապստիկներն ամբողջ օրը թել ու ասեղով էին ման գալիս։ Շատ ուրախացա, զգացի, որ էրեխեքին ինչ էլ տաս՝ լինի թել-ասեղ, փայտիկ՝ վրան ինչ-որ բան նկարած, ամեն ինչ ուրախությամբ են ընդունում, խաղում են դրանով»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արմինեն դպրոց է տեղափոխել իր կարի մեքենան. բարձր դասարանի աղջիկների հետ շորեր են կարում։ Իհարկե, ինքն օգնել է, բայց ասում է՝ կարեւոր է, որ երեխաները նստեցին մեքենայի առջեւ ու իրենց փորձեցին այդ գործում։
«Էրեխեքն էնքան թաքնված տաղանդներ ունեն, միջավայր է պետք, որ բացահայտեն, ցույց տան իրենց։ Կարող են դասերը լավ չսովորել, բայց ստեղծագործ մարդու միտքը հնարավոր չէ թաքցնել»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արմինեն փորձում է բացահայտել աշակերտների տաղանդներն ու սովորեցնում է նրանց նկատել ու գնահատել փոքրիկ դրական արարքները։ 3-րդ դասարանի պատին վարքի կանոնների պաստառն է, որտեղ ամեն աշակերտ իր ծաղիկն ունի։ Ըստ դրսեւորած վարքի՝ օրվա վերջում յուրաքանչյուրը մի գույնի թերթիկ է վաստակում՝ նախատեսված աշխատասիրության, քաղաքավարության, զիջելու, հարգանքի համար։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Կենտրոնանում ենք լավի վրա։ Կարող է երեխան մի ամբողջ էջ գրել վատ ձեռագրով, ես կգտնեմ մի տառ ու կասեմ՝ վա՜յ, էս ինչ սիրուն ես գրել։ Հաջորդ օրը գալիս, ասում է՝ ընկե՛ր Ղոնյան, նայեք՝ քանի՞ սիրուն տառ եք գտնում։ Ես էլ նստում, հաշվում եմ։ Կամ գալիս են՝ ես շանը կեր եմ տվել, ես էս ինչ լավ բանն եմ արել, միայն թե արժանանան էդ թերթիկին»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արմինեն մանկավարժ ու լրագրող է, բայց երկու մասնագիտությամբ էլ երբեք չի զբաղվել։ Երազում էր աշխատանքի մասին, որը կաներ սիրով ու կզգար դրա կարեւորությունը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին դիմել էր հույսով, որ իրեն կուղարկեն Արցախի որեւէ համայնք, որտեղ ուսուցչի կարիք կլինի։
- Պայմանավորվեցինք,- ձեռքը աշակերտուհուն է պարզում Արմինեն,- մինչեւ երկուշաբթի սովորում ես բազմապատկման աղյուսակը, եւ գրում ես ո՞նց։
- Խմանքով։
- Չէ, առաջին տառը՝ ն. խնամքով։
Երեխաները գիտեն՝ ամեն անգամ ընկեր Ղոնյանի Երեւան գնալ-գալուց հետո դասարանում մի նոր բան է ավելանում։ Փայտե արկղեր էին նվեր ստացել, միահամուռ ներկել են, գրապահարան սարքել ու նվեր ստացած գրքերը տեղավորել։
- Կլինի՞ դերերով կարդանք, ոնց որ «Սուտասանը» կարդացինք։
- Կլինի՞ ես բարակ գրքերը տանեմ։
- Դե, ես էլ հաստը կվերցնեմ,- գրքերն իրար մեջ են բաժանում 3-րդ դասարանցիները։
«Սկզբում էրեխեքը ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չունեին։ Հիմա գալիս են՝ ընկե՛ր Ղոնյան, գրքերը վերջացել են, բա ի՞նչ ենք անելու, մեզ էլի գրքեր են պետք։ Շատ եմ ուրախանում, որ գիրք վերցնում են նույնիսկ դժվարությամբ կարդացողները։ Տանում են, մի քանի էջ կարդում, հոգնում, հետ են գալիս՝ կարդացինք։ Գիտեմ, որ մի էջ են կարդացել, բայց այդքանն էլ ինձ համար շատ-շատ է։ Էդպես, ուրախ ապրում ենք»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Եթե դպրոցում անցկացրած մի քանի ժամը աշխուժացնում է աշակերտների կյանքը, ապա նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղում ոչ մի հետաքրքրություն ու զբաղմունք չկա։ Արմինեն ասում է՝ խաղահրապարակ կառուցելու ու գյուղապետարանի շենքի մի հատվածը մանկական զարգացման կենտրոն դարձնելու ծրագիր ունեն: Եթե ստացվի, կկարողանան լցնել երեխաների ազատ ժամանակն ու նրանց կպատրաստեն դպրոց գնալու:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Հիմա Արմինեն իր տան մի անկյունը հատուկ կահավորել է փոքրիկ հյուրերի համար։ 3-րդ դասարանի վեց աշակերտը ծնողների ու փոքր քույր-եղբայրների հետ երբեմն հյուրընկալվում են նրան։ Գյուղից դուրս գալու ցանկացած առիթ, հատկապես՝ ընկեր Ղոնյանին հյուր գնալու, երեխաների համար կարեւոր իրադարձություն է։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արմինեն ապրում է հարեւան Մխանց գյուղում, որովհետեւ Արծվաշենում հարմար տուն չկա։ Փոքրիկ տունը «վերակառուցել» է, իր ձեռքի աշխատանքներով կահավորել, բնավորություն ու գույն տվել։
«Անհարմարությանը սովոր չէի, բայց երբ տեսա, թե էրեխեքն ինչ պայմաններում են ապրում, ինքս ինձ ասացի՝ դու իրավունք չունես դժգոհելու։ Եթե եկել ես ինչ-որ բան փոխելու, բայց ուզում ես գնալ, պատկերացրու՝ ինչ կլինի դրանից հետո. քո փոխարեն ուրիշը չի գա, էրեխեքը ոչ մի բան չեն ստանա։ Իրոք, չեմ ափսոսում, որ եկել եմ»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Ինտերիերի ձեւավորմանը երբեմն նաեւ երեխաներն են մասնակցում, խորհուրդներ տալիս։ Որոշել են պատերից մեկին ծիածանից իջած գունավոր կաթիլներ նկարել։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Նախկինում ես գույներ չէի սիրում։ Էստեղ զգացի, թե ինչքան կարոտ եմ գույների։ Նույնը նաեւ էրեխեքի մոտ էր։ Ես զարմացած նայում էի նրանց մռայլ, անգույն նկարներին ու մտածում, որ էդպես նկարել կարող եմ ես, բայց ոչ երրորդ դասարանի աշակերտը։ Հիմա սեւը, մոխրագույնը, դարչնագույնը հանել են եւ միայն վառ գույներ են օգտագործում։ Ես իրենց մեջ ինձ եմ տեսնում։ Ներդաշնակ է ամեն ինչ ու շատ սիրուն»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Արմինեն սեփական փորձառությունից գիտի՝ աշակերտը գործնական քայլերով դասն ավելի հեշտ է հասկանում, քան դասագրքային ճշմարտությունները սերտելով։ Ու այդ պատճառով նոր թեմաներ ուսումնասիրելու համար հաճախ դուրս են գալիս դասարանից։
Հիմա երեխաներն անհամբեր սպասում են, թե երբ է երկինքը պարզվելու, որ կարողանան աստղադիտակով լուսնին ու աստղերին նայել։ Աստղադիտակն Արմինեն բերել է, որ երրորդ դասարանցիների՝ երկնային մարմինների մասին դասը պատկերավոր լինի։ Աստղադիտակին նաեւ մյուս դասարանների ու հարեւան գյուղերի աշակերտներն են սպասում։
«Էրեխեքից մեկը բացիկ էր պատրաստել, լուսին, արեւ էր նկարել ու մի քանի մարդ։ Հարցնում եմ՝ ի՞նչ ես պատկերել, ասում է՝ մեր դասարանն է ու Դուք, տիեզերքում թափված ենք»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Աշակերտները հաճախ են ընկեր Ղոնյանին խնդրում աչքերը փակ մտնել դասարան, որտեղ նրան անակնկալներ են սպասվում՝ բացիկ, նկար, ծաղիկ։ Եթե նկատեն, որ ընկեր Ղոնյանը «լուրջ է», այսինքն՝ տխուր, ուրեմն մանկական բոլոր հնարքները գործի կդնեն։
«Անհնար է մնալ նույնը։ Նույնիսկ եթե հոգնած, տխուր ես գալիս դպրոց, փոխվելու ես, ուրախանալու ես»։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Դպրոցի ակտիվ անցուդարձին հակառակ՝ Արմինեի տանը լուռ է, հանգիստ։ Մոտ հարեւանությամբ տներ չկան, խաղաղ կյանքին նույնիսկ կատուն ու շունն են ինտեգրվել ու համերաշխ ապրում են նույն բակում։ Արմինեն վայելում է խաղաղությունը։ «Ինձ գտնում եմ մենակության ու էրեխեքի մեջ»,- ասում է։
Ազատ ժամանակը տրամադրում է սիրելի զբաղմունքին՝ զարգացնող գրքեր է կարում։ Համոզված է, որ եթե երեխան հենց փոքր տարիքից առնչվի գրքերին, անպայման կսիրի կարդալը։
Երեխաների հաջողությունների մասին խոսելիս Արմինեն չի մոռանում նաեւ իր ձեռքբերումները։
«Ավելի ուժեղ եմ դարձել, խնդիրներից, մարտահրավերներից չեմ վախենում։ Ավելի հեշտ եմ գտնում լուծումներն այն խնդիրների, որոնց առաջ գերադասում էի չխառնվել։ Հիմա հակառակն է, հասկանում եմ, որ եթե ես չանեմ, ուրիշը չի անի, եթե էդ խնդրին ընդառաջ չգնամ, լուծումներ չփնտրեմ, ոչ ոք չի անի։
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Այստեղ ես հասկացա՝ ինչով եմ ուզում զբաղվել կյանքում։ Անընդհատ պրպտում էի, ինձ փորձում էի տարբեր ոլորտներում, միջավայրերում, վերջը հասա այն կետին, որ իմ աշխատանքն արժեւորված եմ զգում։ Էրեխեքի հետ աշխատանքը միակողմանի չէ. ինչքան տալիս եմ, մի այդքան էլ ես եմ ստանում։ Կարող է խենթություններ անեն, դասին կարգին չմասնակցեն, բայց էդ ամենի մեջ էնքան սեր կա։ Ես ինձ շատ լավ եմ զգում բոլոր 6-ի եւ ամեն մեկի հետ առանձին-առանձին։ Ես իրենց եմ սիրում, իրենք՝ ինձ։ Զգում եմ ջերմությունը ու չգիտեմ՝ ծրագրի ավարտից հետո ինչ եմ անելու։ Շատ կկարոտեմ բոլորին»։
Արմինեն դեռ մի տարի էլ դասավանդելու է Արցախում։ Բայց բաժանվելու միտքն անհանգստացնում է իրեն էլ, աշակերտներին էլ։ Օրեր առաջ գրատախտակին ընկեր Ղոնյանի համար տուն էին նկարել ու խնդրել, որ երկար մնա իրենց գյուղում։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: