- Միսս Շուշան, մի բան եմ մտածել։ Դուք կարող եք 10 տարուց հետ գալ ու գյուղապետի թեկնածու առաջադրվել։ Մենք արդեն մեծ կլինենք, կկարողանանք ընտրել։ Դուք մեր բոլորի սրտերը շահել եք, բոլորս Ձեզ կընտրենք։
Առաջարկն անգլերենի ուսուցչուհի Շուշան Մանջիկյանին ոգեւորել է. գյուղը ղեկավարել չի ուզում, բայց աշակերտների «սրտերը շահելու» համար ուրախ է։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Շուշանը լեզվաբան է, անգլերենի մասնագետ։ Մտածված այնպիսի բաժին էր ընտրել, որ մանկավարժի որակավորում չունենա։ «Բայց եկավ մի օր, որ ես իմ ձեռքով լրացրեցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հայտն ու ուսուցիչ դարձա»։
Ասում է, որ հիանում էր դասավանդելու համար մարզեր մեկնող ուսուցիչներով։ Երբ հարցը հասնում էր իր դասավանդելուն, պատասխանը միանշանակ էր՝ չեմ կարող։
«Empowerment of Girls and Women in Armenia» համաժողովին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանի ելույթը ոգեւորեց ու մտածելու առիթ տվեց. ի՞նչ է անում ինքը Հայաստանի համար, ինչպիսի՞ կրթական միջավայր է ուզում տեսնել։ Հարցերի պատասխանները Շուշանին բերեցին Լոռու մարզ` Դեբետ համայնք։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Առաջին 2 ամիսը շատ լարված էի, որովհետեւ հասկանում էի, որ մեծ պատասխանատվություն կա ինձ վրա․ ինչպե՞ս արդյունավետ, առանց վատնելու անցկացնեմ 45 րոպեն։ Մտածում էի՝ կարո՞ղ է լավ ուսուցիչ չեմ։ Հետո հասկացա՝ մտածելու փոխարեն արա էնպես, որ լավը լինես»։
Աղմկոտ միջանցքներում Շուշանին դժվար է տարբերել աշակերտներից․ ուսապարկը մեջքին, ձեռքին կտորի պայուսակը, ցածր դասարանցիներն էլ՝ «պոչից» կպած։ Ուսուցչի պարտականություններին զուգահեռ Շուշանը սովորել է նաեւ Լոռիի բարբառը։
«Երբ նոր էի եկել, էրեխեքը, չգիտեմ ինչի, մտածել էին, որ շատ խիստ ուսուցիչ եմ։ Եթե մեկը խոսում էր, մյուսները սաստում էին՝ սո՛ւս։ Մեկը լուռ չմնաց, կողքինը սկսեց սպառնալ՝ դասատվին ասիլ տիմ, վրեդ ջղայնանալ տի, օրագիրդ վերցնել տի, երկուս դնել տի, չէ՞ ընկեր Շուշան։ Ասում եմ՝ որ դանդաղ ասես, հասկանամ, հետո կորոշենք՝ հա, թե՝ չէ»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Անգլերենը Դեբետում պահանջված լեզու է։ Զբոսաշրջիկների հոսքն այս կողմերում մեծացել է, ու անգլերենի գիտելիքները ՝ թեկուզ տարրական, շատ են հեշտացնում հյուրերի հետ շփումները։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Անգլերենի խմբակ է բացել նաեւ մեծահասակների համար։ Հիմնականում դպրոցի ուսուցիչներն են գալիս, նաեւ՝ գյուղի բնակիչներից։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրով Լոռու մարզի Ամրակից համայնքում անգլերեն դասավանդող Արուսիկի հետ որոշել են հետաքրքրացնել երեխաների ուսման ընթացքը։
[[linked-news 26985]]
2 համայնքների հասակակից աշակերտներն իրար նամակներ են գրում՝ օգտագործելով դասերին սովորած բառապաշարը։ Շուշանն ու Արուսիկն էլ փոստատարի աշխատանքն են կատարում։ Նախատեսում են առաջիկայում աշակերտների հանդիպում կազմակերպել։
Շուշանի աշակերտներից երկուսը Ամերիկայում սովորելու համար դիմել են «Ֆլեքս» ծրագրին ու անհամբեր սպասում են պատասխանին, ոմանք ուզում են Ամերիկյան համալսարան ընդունվել։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Երեխաները գիտեն՝ ցանկացած հարց կարող են քննարկել միսս Շուշանի հետ, հայտնել տարբերվող կարծիքներ, միասին որոշել՝ ինչպես են ուզում դասն անցկացնել։
-Մենք ունենք կանոններ ու եթե մինչեւ մայիս մեզ լավ պահենք, կարող ա գնանք Երեւան՝ «Սիթիզեն»։ Սխալվելու յոթ հնարավորություն ունենք։
- Արդեն՝վեց,- ընկերոջն ուղղում է 6-րդ դասարանի տղաներից մեկը։
Շուշանն աշակերտներին ոգեւորելու տարբեր ճանապարհներ է գտնում։ Որքան էլ չսիրի գունավոր թղթերով աշխատել, հիմա հաճախ է մեծ պաստառներով գալիս դպրոց։ Որպեսզի սովորելը լինի հաճելի, Շուշանը որոշեց փոխել միջավայրը։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Ոչնչով աչքի չընկնող անգլերենի դասասենյակը կարգի բերեց, պաստառներ փակցրեց։ Երեխաները նրա մտադրությունն արագ ընկալեցին՝ «Ընկե՛ր Շուշան, Դուք եկաք ու գունավորեցիք ամեն ինչ»։ Իսկ մի քանի ամիս անց Շուշանին դասարանից «դուրս հանեցին» ու ինքնուրույն մաքրեցին սենյակը, դասավորեցին պահարանները։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Դասարանը դարձրեցին հավես տեղ, որտեղ կարելի է ստեղծագործել, լավ ժամանակ անցկացնել։ Ես մտածեցի, որ եթե ընդամենը դասարանը դասավորելով, պատերին գունավոր պաստառներ փակցնելով կարելի է իրենց էսքան ոգեւորել, ինչքան մեծ արդյունք կունենանք, եթե ամբողջ միջավայրը փոխվի, ավելի լավ պայմաններում սովորեն։ Որոշեցինք դասարանը վերանորոգել»։
Մի օր Շուշանն աշակերտներին ցույց տվեց անգլերենի դասասենյակի նախագիծը։ «Էս նկարի դասարանը շատ մեծ ա, մեր դասարանն էսքան չի։ Երկրորդն էլ՝ մենք սենց դասարան չենք կարող ունենալ»,- արձագանքեց տղաներից մեկը։ Մի քանի ամիս անց նրանք միսս Շուշանի հետ դասարանի վերանորոգման համար պահանջվող գումարն էին հաշվում ու միջոցառումների ծրագիր մշակում։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Անհրաժեշտ 700 հազար դրամը որոշեցին վաստակել՝ թխվածքներ պատրաստել ու վաճառել։ Աշակերտներն իրենց տանը, ընկեր Շուշանն՝ իր, թխում էին մաֆիններն ու բերում դպրոց։
«Սկզբում ընկերներիս էի վաճառում, եթե չէին էլ ուզում, ստիպում էի,-ծիծաղում է Շուշանը։ - Ինձ անընդհատ խորհուրդ էին տալիս ֆեյսբուքում գրել, որ մարդիկ օգնեն։ Իսկ ես ուզում էի առանց աղմուկի անել, հանրային լինել չէի ուզում։ Բայց զգացի, որ չի ստացվում։ Ընդամենը մի գրառում արեցի, ու էնպիսի մեծ արձագանք եղավ, որ 10 օրում 500 հազար դրամ հավաքեցինք։ Տարբեր միջոցառումներ արեցինք, մեր դպրոցի այլ ուսուցիչներն էլ միացան՝ գումար հավաքեցին։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Պատվերներ էի վերցնում, շաբաթ օրը պատրաստում, կիրակի Երեւանում առաքում էի։ Շատ-շատ ուրախացա ու գնահատեցի, որ մարդիկ լավ բան են ուզում անել, գումարը տալիս ու հավատում են ինձ։ Դա պարտավորեցնում է ամեն ինչ շատ լավ անել, ավելի լավ ուսուցիչ ու մարդ լինել»։
- Մաֆիններ պատրաստեցինք-վաճառեցինք, տոնավաճառների ենք մասնակցել։
- Նոր տարվա իրեր, սուրբ Վալենտինի տոնին բացիկներ ենք պատրաստել ու վաճառել։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Աշակերտներն իրար հերթ չտալով պատմում են, թե որ նախաձեռնությունից ինչքան գումար են վաստակել։ Նաեւ ոգեւորված խոսում են այն մասին, թե ինչ է փոխելու նոր դասասենյակն իրենց առօրյայում։
- Երբ անձրեւ էր գալիս, միսս Շուշանի պատրաստած պլակատները խոնավանում, փչանում էին։ Դասարանը սիրուն լինի, մենք էլ հաճույքով դաս կսովորենք։
-Եթե նպատակ ես դնում, միշտ հասնում ես դրան։ Պիտի մեր ուժերի վրա մի քիչ վստահ լինենք։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Շուշանն աշակերտների հետ տիկնիկներ էր պատրաստել ու անգլերեն «Պոչատ աղվեսը» բեմադրել, Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչներին էլ հրավիրել էին դիտելու։ Հյուրերի հետ կիսել էին նաեւ անգլերենի դասասենյակը նորոգելու գաղափարը: Ավելի ուշ, երբ աջակցության համար դիմեցին նրանց, Հայ կրթական հիմնարկությունը խոստացավ գույք եւ տեխնիկայի համար գումար տրամադրել:
200 անգլերեն գիրք են նվեր ստացել։ Աշակերտներն անհամբեր սպասում են, թե երբ են դրանք ընթերցելու։ Միսս Շուշանը խոստացել է թույլ տալ, որ տանեն տուն։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«4-րդ դասարանցիները գրքերը տեսան՝ ուռռա՜, կտանենք տուն, գիշերը կկարդանք։ էնպիսի գրքեր էին, որ համոզված էի՝ չեն կարող կարդալ, բայց էնքան ոգեւորված էին, որ ասացի՝ տարեք»,-պատմում է Շուշանը։
- Հուսով ենք՝ մինչեւ ընկեր Շուշանի գնալը դասարանը պատրաստ կլինի։
-Բայց դեռ պարզ չի՝ կգնա՞, թե չէ,- ընդհատում է տղաներից մեկն ու խորամանկ ժպտալով՝ իրենց ծրագիրն է ներկայացնում։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
- Հենց դասարանից դուրս ա գալիս, մեշոկը գցում ենք գլխին, տանում-պահում ենք։ Մի ամիս հետո դուռը կբացենք։ Արդեն ուշ կլինի, իրան էլ ոչ մի տեղ գործի չեն ընդունի, ստիպված կմնար էստեղ։
Մի քանի ամսից Շուշանն ավարտելու է ծրագիրը։ Ասում է՝ աշակերտների հետ խոսել, բացատրել է, որ գյուղից գնալ, չի նշանակում լքել նրանց։ Հետեւելու ու անհամբեր սպասելու է հաջողություններին։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Իմ առաջին նպատակն իրենց ինքնուրույն մարդ դարձնելն էր, որ կարողանան ինքնուրույն որոշում կայացնել, հույսը չդնեն ինձ վրա, կարողանան պատասխանատվություն վերցնել։
Իմ ու էրեխեքի հաջողությունները զուգահեռ են գնում․ ինչքան ես իրենց սովորեցնում եմ ինքնուրույն լինել, էնքան ես ինքս ինքնուրույն եմ դառնում։ Երբ վեհ գաղափարներից եմ խոսում, մտածում եմ՝ բայց ես էդպես անո՞ւմ եմ, ու սկսում եմ ինձ ավելի լավը դարձնել»։
Շուշանը ցանկանում է ուսումը շարունակել արտերկրում, հետ վերադառնալ ու աշխատել կրթության ոլորտում, որովհետեւ հասկացել է՝ այստեղ անելիք ունի։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Քանի որ հիմա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը դիմումներ է ընդունում, եւ դիմողներից մեկն էլ պիտի գա Դեբետ, ես անհամբեր սպասում եմ իր հետ հանդիպմանը։ Լիքը բան կա պատմելու, կիսվելու։
Հազար պատճառ կարող ենք նշել ու հազար հնարավորություն, որ տալիս է մեզ այս երկու տարին եւ որի համար կարելի է դիմել, բայց ամենակարեւորը՝ չի կարելի բաց թողնել էսպիսի էրեխեք ունենալու հնարավորությունը։ Ինչպես մենք ենք իրենց փոխում, փոխվում ենք նաեւ իրենցով։ Դիմե՛ք անպայման, դիմի՛ր, որ գաս Դեբետ։ Չգիտեմ՝ ով ես դու, բայց անհամբեր սպասում եմ»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: