Մանվել Սարգսյան. ԼՂՀ-ի դիրքորոշումը վճռորոշ եղավ ռուս խաղաղապահներ չտեղակայելու հարցում - Mediamax.am

exclusive
17691 դիտում

Մանվել Սարգսյան. ԼՂՀ-ի դիրքորոշումը վճռորոշ եղավ ռուս խաղաղապահներ չտեղակայելու հարցում

Այսօրվա զրուցակիցը Մանվել Սարգսյանն է, ով 1992 թվականին նշանակվել էր ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հայաստանում եւ 1992-1995 թթ.-ին մասնակցել հակամարտության կարգավորման բանակցություններին:

Մանվել Սարգսյանը
Մանվել Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Մեդիամաքսն իր «Հատուկ թղթապանակ» խորագրում ավարտում է 1994 թվականի մայիսին հաստատված զինադադարի կնքման մանրամասներին նվիրված շարքը:

 

Արդեն ներկայացրել ենք ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը, 1992-1995 թթ.-ին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի, ինչպես նաեւ Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանի հուշերը:

 

Այսօրվա զրուցակիցը Մանվել Սարգսյանն է, ով 1992 թվականին նշանակվել էր ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հայաստանում եւ 1992-1995 թթ.-ին մասնակցել հակամարտության կարգավորման բանակցություններին:

 

Զինադադարը կնքելուց մի քանի օր անց Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի մասնակցությամբ: Այնտեղ, ինչպես հետո հայտնի դարձավ, քննարկվել էր ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Այդ խնդիրը մեծ վեճ առաջացրեց ղարաբաղյան էլիտայի շրջանում:

 

Ես կտրականապես դեմ էի դրան եւ փորձում էի պարզել, թե ինչպես է դա որոշվել: Հետագայում պարզվեց, որ դա որոշվել էր Հայաստանում, իսկ Ղարաբաղը, կա՛մ մինչեւ վերջ չդիտարկելով իրավիճակը, կա՛մ ենթարկվելով Երեւանին, տվել էր իր համաձայնությունը: ԼՂ պետական պաշտպանության կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինձ առաջարկեց մասնակցել բանակցություններին, որոնք ընթանալու էին Ռուսաստանի արտգործնախարարության միջնորդությամբ, եռակողմ ձեւաչափով:

 

Թեեւ Ադրբեջանը պատերազմում պարտված կողմ էր, Բաքուն չէր ցանկանում բանակցել Ղարաբաղի հետ` որպես հակամարտության առանձին կողմի: Այնուամենայնիվ, կողմերը պայմանավորվեցին, որ բանակցությունները կլինեն փակ ձեւաչափով եւ կստանան «փորձագիտական խորհրդակցություններ» անվանումը: Բանակցություններն ընթանում էին արտգործնախարարների տեղակալների եւ Ղարաբաղի արտգործնախարարի խորհրդականի մակարդակով: Ղարաբաղի պատվիրակությունը ես էի գլխավորում, Հայաստանը ներկայացնում էր Էդուարդ Զուլոյանը, իսկ Ադրբեջանը՝ Թոֆիկ Զուլֆուգարովը: Ղարաբաղյան եւ ադրբեջանական պատվիրակությունները մարտական էին տրամադրված, իսկ Հայաստանի ներկայացուցիչը գերադասում էր միջնորդի դեր ստանձնել:

 

Այդ շրջանում ընդունված համաձայնագրերի, ինչպես նաեւ հետպատերազմյան բանակցությունների քաղաքական իմաստը շատ կարեւոր էր: Հակամարտող կողմերի զինված ուժերի ջանքերով մինչ օրս պահպանվող ռազմաքաղաքական վերահսկողության ռեժիմը հենց այդ երկարատեւ բանակցությունների իրական արդյունքն է:

«Մեծ քաղաքական համաձայնագրի» տեքստը կազմելու քառամսյա գործընթացն (1994թ.-ի օգոստոս-նոյեմբեր) ուղեկցվում էր այնպիսի կոշտ քաղաքական տարաձայնություններով, որ բուն տեքստը երբեմն մոռացության էր մատնվում: Մոռացության էին մատնվում նաեւ ռազմատեխնիկական խնդիրները՝ խաղաղապահ զորախումբ տեղակայե՞լ հակամարտության գոտում, թե՞ ոչ:

 

Իրավիճակի առանձնահատկությունն այն էր, որ Ադրբեջանից բացի՝ հրադադարի ռեժիմն առանց արտաքին ուժերի ներգրավման պահպանելու օգտին հանդես էր գալիս նաեւ ղարաբաղյան պատվիրակությունը, թեեւ երկու կողմերն էլ ստիպված էին կրկնակի դիվանագիտություն վարել` մեկը բանակցությունների սեղանի շուրջ, մյուսը` վարագույրների հետեւում: Կողմերը շղթայված էին խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ պաշտպանության նախարարների նախնական համաձայնությամբ:

 

Հաշվի առնելով, որ խաղաղապահներ տեղակայելու հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեին, փաստորեն, հենց ԼՂՀ-ի դիրքորոշումը վճռորոշ ազդեցություն ունեցավ:

 

Հարկավոր է նշել, որ խաղաղապահներ տեղակայելու նպատակահարմարության հարցի նկատմամբ վերաբերմունքն այն ժամանակ միանշանակ չէր: Ոչ բոլորն էին հասկանում հետպատերազմյան շրջանում հրադադարը պահպանելու այդպիսի սխեմայի կարեւորությունը: Ռազմական գործողությունների վերսկսման վախի սինդրոմի հետեւանքով շատերը հակված էին խաղաղապահների ներգրավման սխեմային: Շատ զգուշավոր էր նույնիսկ դրան ընդդիմացող՝ պատերազմում պարտված Ադրբեջանը: Լեռնային Ղարաբաղում նույնպես հակասական կարծիքներ էին շրջանառվում, սակայն ժամանակի ընթացքում հաղթեց շփման գծում զորքեր չտեղակայելու դիրքորոշումը:

 

Ռուսաստանը՝ ի դեմս Կազիմիրովի, ի սկզբանե չգիտեր, որ նման խնդիր կա, քանի որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունները նախնական համաձայնություն էին տվել: Սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց հասկանալ, որ մենք դեմ ենք ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

 

Մենք Թոֆիկ Զուլֆուգարովին հասկացրինք, որ Ղարաբաղը դեմ է, եւ առաջարկեցինք քննարկել այդ հարցը: Նա ասաց, որ պետք է խորհրդակցի Հեյդար Ալիեւի հետ, քանի որ չի կարող իր վրա նման պատասխանատվություն վերցնել: Ի վերջո, հարցի շուրջ բանավոր համաձայնության եկանք Ադրբեջանի հետ: Թեեւ Մինսկի խումբը չէր մասնակցում այդ գործընթացին, բանակցություններն անցնում էին ԵԱՀԽ-ի եւ Ռուսաստանի կտրուկ առճակատման ներքո: Այդ կազմակերպությունը չէր ցանկանում ռուսաստանյան խաղաղապահներին թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, դրա համար բավականին ակտիվացել էր: Հակամարտող կողմերի պատվիրակություններն ուշադիր հետեւում էին առճակատմանը` շտկումներ կատարելով իրենց դիրքորոշումներում: Շուտով ԵԱՀԽ ներկայացուցիչները հասկացան, որ դաշնակիցներ ունեն` ի դեմս հակամարտող կողմերի:

 

Ադրբեջանցիների հետ պայմանավորվելուց հետո հանդիպեցի Շվեդիայի միջնորդին, ում երկիրը այդ ժամանակ նախագահում էր Մինսկի խումբը, եւ առաջարկեցի հայտարարությամբ հանդես գալ, թե «բանակցող կողմերից ստացված տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները մտել են փակուղի, եւ տեքստի ու խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերի շուրջ որեւէ համաձայնության հասնել չի հաջողվել»: Նույն օրը նրանք արեցին այդ հայտարարությունը:

 

Ուշագրավ է, որ Հայաստանի ղեկավարությունը չգիտեր այդ զարգացումների մասին, քանի որ, տարաձայնություններից խուսափելով, մենք նրանց չէինք տեղեկացնում: Վլադիմիր Կազիմիրովը զայրացած էր: Իրավիճակը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից, ինչի հետեւանքով բանակցությունները տարեվերջին ձախողվեցին, եւ ԵԱՀԽ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ու ԵԱՀԽ-ի ղեկավարության միջեւ կոշտ բանավեճ տեղի ունեցավ:

 

Հրադադարի հաջորդ տարիներն ապացուցեցին հակամարտության գոտում արտաքին ուժերի բացակայության առավելությունը: Ամեն դեպքում, արտաքին ուժերի բացակայության պայմաններում, հակամարտող կողմերը առավելագույն ազատություն ստացան իրենց պետականության, մասնավորապես բանակի զարգացման հարցում: Իսկ քաղաքական աշխարհն ունեցավ առանց արտաքին միջամտության՝ սառեցված հակամարտության եզակի օրինակ:

 

Մանվել Սարգսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին