Կովկասում սելեկտիվ աբորտները ավելի ազդեցիկ գործոն են, քան սառեցված հակամարտությունները, ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը - Mediamax.am

6538 դիտում

Կովկասում սելեկտիվ աբորտները ավելի ազդեցիկ գործոն են, քան սառեցված հակամարտությունները, ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը


Լուսանկարը` http://liveactionnews.org/


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից անցկացված հետազոտությունների համաձայն, Հայաստանում նորածին երեխաների սեռերի անհամաչափությունը առավել նկատելի է ոչ թե առաջին կամ երկրորդ, այլ երրորդ ծննդի պարագայում` 160 տղա երեխա 100 աղջիկ երեխայի դիմաց:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին հայտարարել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Վերներ Հոգը` նամակով պատասխանելով բրիտանական The Economist պարբերականի հոդվածին:

 

«Սա նշանակում է, որ երեխայի ծնողներն արու զավակ ունենալու համար համաձայնվում են դադարեցնել հղիությունը, երբ տղա ունենալու առաջին կամ երկրորդ փորձերը ձախողվում են: Սեռով պայմանավորված աբորտների այլ վկայություններ  չկան (այսինքն` ծնողները ցանկանում են աղջիկ երեխա, երբ առաջին զավակն արու է)»,- նշել է Վերներ Հոգը:

 

Բյուրոյի տնօրենի խոսքերով, միտումն ակնհայտ է` փոքր ընտանիք ունենալու ցանկության լույսի ներքո ապագա ծնողները ուզում են վստահ լինել, որ իրենց երեխաներից մեկը տղա է:

 

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կովկասյան հասարակությունների նահապետական բնույթը, խորհրդային շրջանից ժառանգված աբորտների մշակույթի հետ զուգակցված, շատ ավելի ազդեցիկ գործոն են, քան տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները»,- նամակում նշել է Վերներ Հոգը: 

 

Նա կարծիք է հայտնել, որ առանց կնոջ կարգավիճակը հասարակությունում բարելավելու սելեկտիվ աբորտները կշարունակվեն` կործանարար հետեւանքներ ունենալով ապագա սերունդների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին