FA Convention 2021. Ստեղծելով էկոհամակարգ ինտերիեր դիզայնի ոլորտում - Mediamax.am

exclusive
4182 դիտում

FA Convention 2021. Ստեղծելով էկոհամակարգ ինտերիեր դիզայնի ոլորտում


Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը
Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովնան Շահբազյանը
Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը
Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Գալստյանը
Ալբերտ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը
Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովնան Շահբազյանը
Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Գալստյանը
Ալբերտ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդ կադրերի զարգացման եւ նոր գաղափարների իրագործման համար յուրաքանչյուր ոլորտում շատ կարեւոր է էկոհամակարգի առկայությունը, որը կօգնի փորձի փոխանցման արդյունավետ մեխանիզմներով ձեւավորել կայուն ավանդույթներ:

 

Ճարտարապետության եւ ինտերիեր դիզայնի ոլորտում նման էկոհամակարգի ստեղծման հայտ է ներկայացնում Futuris Architects ընկերությունը՝ մարտի 30-ին նախաձեռնելով «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը: Այն նախատեսված է բոլոր այն ճարտարապետների եւ ինտերիերի դիզայներների համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել աշխատանքի համակարգման ու արդյունավետության բարձրացման մեխանիզմների մասին:

 

Մեդիամաքսը զրուցել է ընկերության համահիմնադիրներ Հովնան Շահբազյանի եւ Ալբերտ Գալստյանի հետ, որոնք պատմել են Futuris Architects-ի աշխատանքի մոտեցումների եւ առաջիկա կոնֆերանսում իրենց փորձը փոխանցելու մասին:

 

Հավակնոտ նպատակներ

 

Հովնան Շահբազյան` Futuris Architects-ի գլխավոր տնօրեն. Նախքան Futuris Architects-ի ստեղծումը ես եւ Ալբերտն արդեն աշխատել էինք միասին ու ընկերներ դարձել: 2008 թվականին հիմնելով դիզայն ստուդիան՝ սկսեցինք համատեղ զարգացնել Futuris Architects-ը: Սկզբնական շրջանում միայն երկուսս էինք, հետզհետե կարողացանք ձեւավորել 17-18 հոգանոց թիմ:

Հովնան Շահբազյանը Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ նոր էինք սկսում, մեր նպատակն էր հայկական շուկայում որոշակի տեղ զբաղեցնելը՝ առաջարկելով առավելագույնս որակյալ եւ ստեղծագործ ծառայություններ: Ժամանակի ընթացքում որքան հասունանում ենք որպես անհատներ, մասնագետներ եւ թիմ, այնքան ավելի ենք մեծացնում մեր առջեւ դրված մարտահրավերների մասշտաբը: Այսօր արդեն մեր նպատակն է դառնալ համար մեկն աշխարհում, եւ դա հնարավոր է, քանի որ էլեկտրոնային այս դարում կոտրված են աշխարհագրական բոլոր սահմանները:

 

Դիզայն ստուդիան ունի ամենատարբեր նշանակության դիզայնի աշխատանքներ, նաեւ ճարտարապետական գործեր: Ժամանակի հետ մեր աշխատանքը ձեռք է բերել որոշակի «բնավորություն»՝ ձեւավորելով Futuris Architects-ի դեմքը: Դժվար ճանապարհ ենք անցել, ինչպես մյուս բոլոր նոր ստեղծվող ընկերությունները, աշխատել ենք օրը 24 ժամ:

 

Թիմը՝ առաջընթացի գրավական

 

Ալբերտ Գալստյան՝ Futuris Architects-ի կրեատիվ տնօրեն. Ես եւ Հովնանը թեեւ իրարից շատ տարբեր ենք, սակայն նույն կերպ ենք նայում կյանքին: Այս ամբողջ ընթացքում փորձել ենք մեր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք էլի լինելով մեզանից շատ տարբեր՝ կունենան կյանքի եւ աշխատանքի նկատմամբ մոտեցումների նույն կորիզը: Նոր թիմակից ընտրելիս մեզ համար առաջնայինն այն չէ, թե քանի տարվա փորձ ունի տվյալ մարդը, ինչ ծրագրերի է տիրապետում: Այդ ամենը նա ձեռք կբերի մեզ հետ: Ամենաէականը մեզ համար նրա մարդ տեսակն է, որպեսզի հեշտությամբ կարողանա ինտեգրվել թիմին, հասկանա մեզ, մեր մոտեցումներն ու կյանքին նայի այնպես, ինչպես մենք: Մենք փորձում ենք մշտապես սովորել իրարից, օգնել իրար, եւ այս առումով չկան սահմաններ թիմի անդամի, թիմի լիդերի եւ ղեկավարներիս միջեւ: Երբ դրվածքն այնպիսին է, որ դու աշխատում ես ոչ թե քո ղեկավարի, այլ քեզ հավասարի հետ, որ պարզապես քեզնից մի փոքր ավելի շատ փորձ ունի, ստեղծագործ աշխատանքը շահում է: Ինքներս մեր նոր թիմակիցներից շատ բան ենք սովորում:

Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ղեկավարներիցս սկսած՝ թիմում բոլորն ամբիցիոզ են կյանքի նկատմամբ, բայց այդ ամբիցիաները պտտվում են ոչ թե անձի, այլ մասնագիտության շուրջ: Բոլորս ջանում ենք, որ Futuris Architects-ը դառնա համար մեկն աշխարհում, եւ այն մարդիկ, որ Futuris-ում են, միշտ հպարտանան դրանով: Աշխարհում առաջատարը դառնալ միայն երկուսով չենք կարող: Մենք գիտակցում ենք, որ պետք է առաջ շարժվենք մեր թիմով, ու հենց դա է միանգամայն իրատեսական դարձնում մեր նպատակը:

 

Հովնան Շահբազյան. Մեր բիզնես նպատակները երբեւէ չենք կառուցում անձերի շուրջ, այլ ստեղծում ենք էկոհամակարգ, որտեղ զարգանում է ամբողջ թիմը: Ցանկացած թիմակից ունի իր կարծիքը, ու ցանկացած թիմակցի կարծիք բոլոր աշխատանքների մեջ նշմարվում է: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիզայնի ոլորտի կրկնությունները շատ են, որովհետեւ թելադրողը մեկն է, մյուսները կատարողներ են: Մեզ մոտ բացարձակապես այդպես չէ: Շատ հաճախ հնարավոր է, օրինակ, Ալբերտի ասածը քննադատվի ամենանոր եկած մարդու կողմից: Մենք շատ բաց ենք նման հարցերում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Էկոհամակարգի անհրաժեշտությունը

 

Հովնան Շահբազյան. Մենք պարզ տեսնում ենք, որ մեր երիտասարդության շրջանում շատ տաղանդավոր կադրեր կան: Ակնհայտ է նաեւ, որ եթե դու ուզում ես աճել որեւէ ոլորտում, պետք է երկրում լինի որոշակի համակարգ, որը կօգնի քեզ զարգանալ: Այս նպատակով էլ մարտի 30-ին անցկացնելու ենք «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը: Ցանկանում ենք մեր անցած ամբողջ ճանապարհը սկսնակներին փոխանցել, որպեսզի նրանք ստանան հնարավորություն 3 ժամվա ընթացքում տեղափոխվել այն կետ, որին մենք հասել ենք 10 տարվա անդադար աշխատանքով:

 

Ալբերտ Գալստյան. Ես եւ Հովնանը սիրում ենք նոր բան փորձել, շատ արագ ենք որոշումներ ընդունում եւ աշխատում ենք ճկուն լինել: Հնարավոր է՝ մի քանի շաբաթվա ընթացքում աշխատանքի մի քանի տարբեր մեթոդներ փորձենք, մեկը չհավանենք, հետո անցնենք մյուսին ու այդպես շարունակ: Այժմ հասել ենք մի կետի, որտեղ կուտակել ենք նախորդ փորձերի ու սխալների շնորհիվ ձեռք բերած ամբողջ գիտելիքը: Շատ այլ ստուդիաներ մեր հետեւից կրկնում են նույն սխալները եւ գուցե դեռ շատ սխալվեն, մինչեւ կարողանան գտնել ճիշտ լուծումները: Հենց դրանից խուսափելու համար է, որ ցանկանում ենք փոխանցել մեր փորձը՝ օգնելով նրանց շահել աշխատանքի մի քանի տարի:

Ալբերտ Գալստյանը Ալբերտ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովնան Շահբազյան. Եթե լիներ ինչ-որ մեկը, որ իր փորձով մեզ հետ կիսվեր այն ժամանակ, երբ մենք էինք մեր առաջին քայլերն անում, վստահաբար մենք այժմ բոլորովին այլ մակարդակում կլինեինք: Ուզում ենք այնպես անել, որ մարդիկ սկսեն ավելի մեծ մտածել, համակարգված մտածել:

 

Նման միջոցառումների պակաս, իսկապես, շատ կա հատկապես մեր ոլորտում: Երբ ուսումնասիրում ես, թե ինչքան հաճախակի են տեղի ունենում նման կոնֆերանսներ արտերկրում, հասկանում ես, որ մարդը ծնվելով Գերմանիայում կամ Իտալիայում առանց ուսումնական հաստատություն հաճախելու կարող է շատ արագ աճել որպես մասնագետ՝ ի շնորհիվ անցկացվող սեմինարների: Նույն ավանդույթը մենք ենք ուզում ստեղծել Հայաստանում: Դառնալով այս գործի առաջին պիոներները՝ վստահ ենք, որ այն դրական իմաստով վարակիչ կլինի բոլոր ստուդիաների համար: Հայաստանում կան արժանի ստուդիաներ, որ բավականին մեծ փորձ ունեն կուտակած, պարզապես, երեւի թե չի հասունացել դրանով կիսվելու ժամանակը: Մենք կփորձենք դնել այդ ավանդույթի հիմքերը:

 

Ի՞նչ է սպասվում

 

Հովնան Շահբազյան. Եթե ձեւակերպենք բիզնեսի լեզվով, կոնֆերանսի ընթացքում հիմնականում խոսելու ենք այն մասին, թե ինչպես մոնետիզացնել կրեատիվը: Ոչ մի ուսումնական հաստատությունում չեն սովորեցնում՝ ինչպես գումար աշխատել: Սովորեցնում են միայն, թե ինչպես դառնալ լավ մասնագետ, սակայն գումար աշխատելու համար պետք է կարողանաս հմտություններդ մոնետիզացնել: Մենք հենց դա ենք սովորեցնելու:

 

Հիմնական խոսակցությունը դիզայնի գործընթացներն առավել համակարգելու, համակարգված աշխատելու մասին է լինելու: Ներկայացնելու ենք, թե մենք ինչպես ենք աշխատում:

Ալբերտ Գալստյանը Ալբերտ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալբերտ Գալստյան. Ինքս լինելով ստեղծագործ ու աշխատանքին համակարգված մոտեցում չունեցող մարդ՝ նախկինում սխալ էի համարում այն, որ աշխատանքի մեջ ամեն ինչը պետք է լինի ճիշտ իր տեղում: Կարծում էի, թե դա կարող է խանգարել կրեատիվի զարգացմանը: Հովնանի հետ աշխատանքի շնորհիվ հասկացա, թե ինչքան ճիշտ է աշխատանքային գործընթացներին համակարգված մոտեցումը: Երբ ամեն ինչ իր տեղում է, կարողանում ես ավելի շատ ջանքեր ուղղել ստեղծագործական մասին, իսկ մյուս հատվածն ավտոմատացված է ու իր հունով ընթանում է: Հստակ գիտես՝ որ գործդ ինչ փուլում է, որ կետին ես հասել, ու կարողանում ես ժամանակը տրամադրել այն գործերին, որոնք առավելագույնս են ստեղծագործ մոտեցում պահանջում:

Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը Ալբերտ Գալստյանը եւ Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակցության հայտում  կան որոշակի հարցեր, որ կօգնեն մեզ ճիշտ ընտրություն կատարել: Ընտրելու ենք այն մարդկանց, ում առավելագույնս է անհրաժեշտ այն գիտելիքը, որ փոխանցելու ենք կոնֆերանսի ընթացքում: Զգում ենք, որ մեր փորձի ու գիտելիքների փոխանցումը մեր սոցիալական պատասխանատվությունն է:

 

Նպատակը՝ ոլորտի զարգացում

 

Հովնան Շահբազյան. Մասնակցության հայտի հրապարակումից շատ կարճ ժամանակ անց արդեն իսկ ցանկացողների թիվը մի քանի հարյուր էր: Ցավոք, ելնելով համավարակային սահմանափակումներից, տեղերը խիստ սահմանափակ են: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ արձագանքը մեծ է լինելու:

Հովնան Շահբազյանը Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ մեկ ամիս առաջ մեր գրասենյակում նաեւ բաց դռների օր ունեցանք: Հրավիրել էինք 12-13 դիմորդների, որոնց հետ զրուցում էինք նույն թեմաներով: Նման քննարկումների համար միշտ բաց ենք: Պատրաստ ենք լսել նրանց, ուղղություն ցույց տալ, կիսվել մեր փորձով նաեւ անհատական հանդիպումների ձեւաչափով: Միակ խոչընդոտը կարող է լինել ծանրաբեռնված գրաֆիկով պայմանավորված ժամանակի սղությունը, ինչը կարելի է կարգավորել նախապես հանդիպումը ծրագրելով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս կոնֆերանսը ներկա պահին դեռեւս տեսնում ենք որպես հայաստանյան պրոդուկտ: Մեր հիմնական նպատակներից մեկն է հայկական շուկայի զարգացումը դեպի դուրս՝ օգնելով հայ դիզայներներին եւ ստուդիաներին ձեռք բերել այն որակն ու մակարդակը, որով կկարողանան պատվերներ ստանալ արտերկրից: Դա ամենեւին էլ հեշտ չէ, քանի որ արտերկիրն ունի իր խիստ կանոնները, ու եթե դու չունես ճիշտ կառուցված համակարգ, չես կարողանա նման գործեր վերցնել: Մեր հիմնանպատակներից է նաեւ դիզայներների համար էկոհամակարգի ստեղծումը, որպեսզի բացի դասական կրթությունից սովորեն նաեւ այն, թե ինչպես գործում ներդնել անհրաժեշտ աշխատանքային համակարգը: Տարեկան 2 անգամ կփորձենք նման միջոցառում անցկացնել: Կարծում ենք՝ հետզհետե ավելի կմեծանա կոնֆերանսի նկատմամբ հետաքրքրությունը, որովհետեւ իրապես պիտանի բովանդակություն ենք տալու:  

 

Հավելենք, որ կոնֆերանսին մասնակցությունն անվճար է: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձեւաթուղթը։ Միջոցառման գլխավոր հովանավորներն են Wall Deco-ն, Valan Prof-ը, Madera Furniture Factory-ն, իսկ պաշտոնական հովանավորը՝  Raf-floor-ը:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին