Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը տեղեկություններ է ստացել այն մասին, որ խնդիրներ են առաջացել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակության հետ կապված:
Տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքով Մեդիամաքսը դիմել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:
Երեւանում ԵԱՀԿ գրասենյակից Մեդիամաքսին հայտնել են, որ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ»:
«ԵԱՀԿ Նախագահությունը շարունակում է բանակցությունները՝ այդ հարցի շուրջ արագ համաձայնության հասնելու համար»,- ավելացրել են ԵԱՀԿ գրասենյակից:
Այստեղ նաեւ նշել են, որ ԵԱՀԿ այն դաշտային առաքելությունները, որոնց մանդատների երկարաձգման շուրջ քննարկումներ են ընթանում, շարունակում են բաց մնալ եւ իրականացնել վարչական, մանդատի հետ չառնչվող աշխատանքներ:
Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնպահ մնաց մեկնաբանություններից:
Մեդիամաքսի տեղեկություններով, ստեղծված իրավիճակի հետ անմիջական առնչություն ունի Ադրբեջանը:
Նշենք, որ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ կա ԵԱՀԿ գրասենյակ:
Բաքվում 2000 թվականի ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակը իր գործունեությունն ավարտեց 2014թ. հունվարի 1-ին:
Թբիլիսիում 1992 թվականին բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացավ 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:
Մեդիամաքսը նշում է, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ բացելու որոշումը կայացվել էր կազմակերպության Մշտական խորհրդի նիստում՝ 1999թ. հուլիսին: Որոշման մեջ նշված է, որ ԵԱՀԿ եւ Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ, գրասենյակի գործունեության ժամկետն ամեն անգամ պետք է երկարացվի 12 ամսով:
2016 թվականի մարտից Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն է ռուսաստանցի դիվանագետ, դեսպան Արգո Ավակովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: