Երեխայի անձնական տվյալի պաշտպանության ուղեցույց է մշակվել - Mediamax.am

exclusive
9457 դիտում

Երեխայի անձնական տվյալի պաշտպանության ուղեցույց է մշակվել


Լուսանկարը` Փեղկ

Լուսանկարը` Samson Martirosyan

Լուսանկարը` UNDP


ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակվել եւ շահագրգիռ կողմերի դիտարկում-առաջարկություններին է սպասում Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցը:

 

Պետական, մասնավոր սեկտորի, ուսումնական հաստատությունների, ծնողների եւ հենց երեխաների համար մշակված ուղեցույցի ավարտուն նախագիծը տարբեր կառույցներից ստացած առաջարկությունների եւ դիտողությունների քննարկումից հետո կներկայացվի հանրությանը:

 

Թեեւ Ուղեցույցն ունի խորհրդատվական բնույթ, այն հիմնվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ ԵԽ թիվ 108 կոնվենցիայի կարգավորումների վրա։ Հիմնական շեշտադրումների եւ ոլորտում առկա խնդիրների մասին Մեդիամաքսը զրուցել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ:

 

«Երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքն առաջնահերթ ուշադրության է արժանի։ Երեխաներն առավել խոցելի են, քանի որ իրենց ֆիզիկական եւ մտավոր զարգացման, իրավագիտակցության ձեւավորման ճանապարհին կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը։ Փոքր տարիքի հետեւանքով հնարավոր է՝ երեխաները չկարողանան պատշաճ պաշտպանել իրենց իրավունքները, դրա համար նրանք պաշտպանված լինելու իրավունք ունեն»,- ասում է գործակալության պետը:

 

Նրա փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցի նպատակն է իրազեկել այն հիմնական սկզբունքների, կանոնների մասին, որոնց համապատասխան պետք է իրականացվի երեխայի անձնական տվյալների մշակման գործընթացը։ Ներկայացվում են նաեւ այն հիմնական գործիքները, որոնց միջոցով երեխան, նրա ծնողը կամ օրինական այլ ներկայացուցիչ կարող են իրականացնել երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը:

 

Ուղեցույցում ներկայացվում են երեխաների անձնական կյանքի պաշտպանության սկզբունքները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքները եւ նրանց տվյալները մշակողների պարտականությունները:

 

Փաստաթղթում երեխաներին եւ նրանց ծնողներին հասցեագրված են մի շարք խորհուրդներ, որոնք նպատակ ունեն նպաստելու համացանցում նրանց կողմից անձնական տվյալների ճիշտ օգտագործմանը եւ սպառնացող ռիսկերի չեզոքացմանը՝  միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս աշխարհում գոյություն չունեն ինտերնետում անձնական տվյալները պաշտպանելու արդյունավետ իրավական մեխանիզմներ:

Լուսանկարը` Samson Martirosyan

Կրթական ոլորտի եւ համացանցի ընտրությունն անձնական տվյալների պաշտպանության հիմնական կանոնների պրակտիկ կիրառման առանձնահատկությունները ներկայացնելու համար հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ երեխաները իրենց առօրյա կյանքի զգալի մասը անցկացնում են հենց նշված ոլորտներում, եւ հենց այստեղ է ի հայտ գալիս նրանց անձնական տվյալների հետ կապված խնդիրների զգալի մասը:

 

«Գործակալությունը մշտապես շեշտում է այն գաղափարը, որ երեխաների անձնական տվյալները մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի լավագույն շահի սկզբունքը, համաձայն որի՝ անձը, ով դեռեւս չի հասել ֆիզիկական եւ հոգեբանական հասունության, ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան մյուսները.

 

«Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահի սկզբունքը բախվում է երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքին, պետք է գերակայի երեխայի լավագույն շահի սկզբունքը (օրինակ՝ երեխայի կյանքի կամ առողջության պաշտպանության, երեխային բռնություններից, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներից պաշտպանելու անհրաժեշտության դեպքում եւ այլն)։ Նաեւ նշում ենք, որ երեխաների անձնական տվյալները կարելի է հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարեւոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար, եւ այլ կերպ հնարավոր չէ հասնել այդ նպատակին»:

 

Մեր զրուցակիցը նկատում է, որ ուղեցույցի վերջնական տարբերակի հրապարակումից հետո, եթե երեխայի անձնական տվյալները մշակվեն ուղեցույցում նշված եւ օրենքով ամրագրված կանոնների խախտմամբ, առաջ կգա վարչական պատասխանատվության հարց։

 

Նշենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման համար նախատեսում է 50000 – 500 000 դրամի չափով պատասխանատվություն: Պատասխանատվություն սահմանող դրույթներն ընդհանուր են եւ կիրառելի երեխաների անձնական տվյալներ մշակելու ընթացքում առաջացած օրենքի խախտման դեպքում:

 

Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը հանրային գիտակցության մեջ արմատավորելու համար գործակալությունը փորձում է օգտագործել մի շարք գործիքներ՝ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տեղեկատվության տարածումը, հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը, ուսումնական հաստատություններում խնդիրը հրատապ դարձնելը, ինչպես նաեւ երեխաների անձնական տվյալների ապօրինի մշակման դեպքերով վարչական վարույթների հարուցումը։

 

«Ողջ ուղեցույցում կարմիր թելով անցնում է այն հիմնական գաղափարը, որ հատկապես համացանցում հրապարակված՝ երեխաների անձնական տվյալները կարող են բոլորովին այլ նպատակներով օգտագործվել եւ անդառնալի վնաս հասցնել երեխային։ Երեխաները լիովին չեն կարող ընկալել իրենց հրապարակած անձնական տվյալների արժեքը եւ չեն կարող գիտակցել այն վտանգը, որ կարող է առաջ գալ այդ հրապարակման հետեւանքով»,- նշում է մեր զրուցակիցը:

 

Առկա խնդիրների մասին

 

Որպես երեխաների անձնական տվյալների պաշտպանության խախտման օրինակ Գործակալությունն արդեն իսկ ունի երկու գործով վարույթ, որտեղ խնդիրը դպրոցների դասասենյակներում իրականացվող տեսանկարահանումն է:

 

«Դպրոցներում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով (անձնական կյանք նվազ ներխուժող) հնարավոր չէ հասնել հետապնդվող նպատակին: Հետեւաբար, տեսախցիկների օգտագործումը պետք է լինի սահմանափակ եւ հանդիսանա լրացուցիչ միջոցˋ անվտանգության այլ միջոցառումների թվում: Տեսախցիկների տեղադրման վայրերի ընտրությունը միշտ պետք է լինի հետապնդվող նպատակին համապատասխան եւ համարժեք»,- ասում է Շուշան Դոյդոյանն ու մանրամասնում վարույթների խնդրո առարկան.

 

«Դրանցից մեկը Երեւանի 20 դպրոցներում իրականացվող տեսահսկման համապատասխանության ստուգումն է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Մյուս վարույթը հարուցվել է Գործակալության հարցմանն ի պատասխանˋ դպրոցի տրամադրած տեղեկություններն առիթ ընդունելով: Երկու գործով էլ անցկացվել են լսումներ՝ դպրոցների ներկայացուցիչներին լսելու համար, ինչպես նաեւ իրականացվել են այցեր՝ դպրոցներում տեղադրված տեսախցիկների կիրառման եւ տեսահսկման իրականացման պայմաններին ծանոթանալու, քննարկելու եւ ստուգելու համար: Այժմ գործերը գտնվում են որոշման կայացման փուլում»:

Լուսանկարը` UNDP

Մեր զրուցակիցը նկատում է, որ վերոնշյալ երկու վարույթի դեպքում առկա են եղել մի քանի խախտումներ. որոշ դպրոցներում երեխաների տեսահսկումն իրականացվել է առանց նպատակը նախապես սահմանելու, այսինքն` թե կոնկրետ որ օրինական նպատակին հասնելու համար է իրականացվում երեխաների տեսահսկումը.

 

«Օրինական նպատակ կարող է այս դեպքում լինել անձանց եւ գույքի, ինչպես նաեւ անչափահասներին վնասակար ազդեցություններից պաշտպանելը։ Դպրոցների ներկայացուցիչները, որպես տեսահսկման իրականացման նպատակ, նշել են աշակերտների անվտանգության ապահովումը, կարգապահության ապահովումը, գույքը (հիմնականում թանկարժեք՝ լաբորատոր գույք կամ էլեկտրոնային գրատախտակներ) վնասվելուց պաշտպանելը, կարգապահությունը հսկելը, վեճեր կանխելը, կրթության որակը վերահսկելը, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ բաց դասերի անցկացումը»:

 

Խախտումների հաջորդ խումբը շեղումն է համաչափության սկզբունքից, երբ նպատակը չի համապատասխանում մշակվող տվյալների ծավալին։ Այսինքն` մշակվում են անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անձնական տվյալները մշակվում են ավելի մեծ քանակով, քան անհրաժեշտ է սահմանված նպատակներին հասնելու համար։ Ինչպես նաեւ որոշ դպրոցներում տեսահսկվող տարածքների տեսանելի հատվածներում չկան նախազգուշացնող նշաններ՝ տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնելու տեսահսկման մասին:  

 

«Պետք է նկատի ունենալ, որ անձանց եւ գույքի, ինչպես նաեւ անչափահասներին վնասակար ազդեցություններից պաշտպանելու նպատակով դպրոցներում տեսահսկման համակարգերի տեղադրումը արդարացված է, եթե տեսահսկումը իրականացվում է մուտքերում, միջանցքներում, աստիճանավանդակներում, ինչպես նաեւ անցման այլ վայրերում, որտեղ տեսանելի է ցանկացած անձ, որ այցելել է ուսումնական հաստատություն կամ նրա մերձակա տարածք, ինչպիսին էլ որ լինի այցելության պատճառը:

 

Դպրոցների որոշ վայրերում (դասասենյակ, ուսուցչանոց) մշտապես տեսահսկում իրականացնելու անհրաժեշտությունը հակակշռվում է աշակերտների, ուսուցիչների եւ այլ աշխատողների անձնական կյանքը հարգելու իրավունքին: Մասնավորապես, դասասենյակներում տեսահսկում իրականացնելը կարող է միջամտել եւ խոչընդոտել մի կողմից աշակերտների կրթություն (ուսում) ստանալու եւ խոսքի (արտահայտվելու) ազատությանը, իսկ մյուս կողմից՝ ուսուցիչների համար ուսուցման (դասավանդման) ազատությանը: Այս դիտողությունները պետք է հաշվի առնել նաեւ երեխայի՝ իր անհատականությունը զարգացնելու իրավունքի (right to the development of the personality) համատեքստում: Անշուշտ, երեխայի՝ իր անհատականությունն աստիճանաբար զարգացնելու իրավունքը խեղաթյուրվում է, եթե վաղ հասակից սկսած երեխան բնականոն երեւույթ համարի իրեն տեսահսկելը»,-ասում է Շուշան Դոյդոյանը:

 

Գործակալության պետը նկատում է նաեւ, որ որոշˋ բացառիկ հանգամանքներում թույլատրվում է աշակերտների եւ ուսուցիչների տեսանկարահանումը.

 

«Մասնավորապես, երբ ուսումնական հաստատությունները դառնում են հաճախակի կրկնվող հակաօրինական արարքների թիրախ, օրինակ` հաճախ տեղի են ունենում գողություններ, աշակերտների միջեւ տեղի են ունենում վեճեր, որոնց արդյունքում վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել, կամ ուսուցչի եւ աշակերտների միջեւ պարբերաբար տեղի են ունեցել վեճեր»,- եզրափակում է նա:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին