Մարգարեթ Բարանկիցե. Հայաստանի օրինակը սովորեցնում է երբեք չհանձնվել - Mediamax.am

16555 դիտում

Մարգարեթ Բարանկիցե. Հայաստանի օրինակը սովորեցնում է երբեք չհանձնվել


Մարգարեթ Բարանկիցեն
Մարգարեթ Բարանկիցեն

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Մարգարեթ Բարանկիցեն այսօր ասել է, որ Հայաստանի օրինակն իրեն սովորեցնում է երբեք չհանձնվել:

 

Այս մասին նա ասել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե ինչ գիտեր նա Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը եւ ինչ է բացահայտել իր համար այս օրերի ընթացքում:

 

«Հայաստանի մասին ես սովորել եմ դեռ Աստվածաշնչից: Հայոց ցեղասպանության մասին սովորել եմ դպրոցից: Բայց այս երեք օրերի ընթացքում ես շատ այլ ապրումներ ունեցա: Այստեղ ես տեսա մարդկանց, որոնք կարողացել են վերակառուցել իրենց հայրենիքը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երեք տղամարդկանց («Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին – խմբ.), որ նման արժեքներ կրող ազգի ներկայացուցիչ են: Այստեղ ես տեսա հայերի, որոնք թեպետ ծնվել են Ֆրանսիայում, բայց իրենց մայրենի լեզվով են խոսում: Այժմ ես ինձ ավելի վստահ եմ զգում, որովհետեւ Հայաստանի օրինակն ինձ սովորեցնում է երբեք չհանձնվել եւ պայքարել սեփական իրավունքների համար»,- ասել է նա:

 

Մարգարեթ Բարանկիցեն, որն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին, ասել է, որ $‌1 մլն գումարը կբաժանվի իր թեկնածությունն առաջադրած կազմակերպությունների միջեւ:

 

«Մենք օգնելու ենք երեխաներին, մասնավորապես՝ Արեւելյան Կոնգոյի երեխաների կրթության մասին պետք է մտածենք, նաեւ հոգ տանենք Բուրունդիում գտնվող 80 000 փախստականների մասին: Պետք է վստահ լինենք, որ մայրերը կստանան փոքր վարկավորում իրենց բիզնեսները սկսելու համար»,- հայտնել է նա:

 

«Ավրորա»-ի դափնեկիրն ընդգծել է, որ այս մրցանակը ոչ միայն դրամական պարգեւ էր, այլեւ իր խնամքի տակ գտնվողների «տառապանքի ճանաչումը»:

 

«Երեխաներն ամեն օր աղոթում էին իմ հաղթանակի համար: Այսօրվանից իմ սրտում եւ երեխաների աչքերում կա «այլեւս երբեք» համոզմունքը»,- ասել է նա:

 

Մարգարեթե Բարանկիցեն նշել է, որ ինքը լավատես է, սիրաշատ եւ ատելություն չունի անգամ Բուրունդիում ոճրագործություններ թույլ տվող նախագահի նկատմամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին