Երեւան: Մեդիամաքս: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների ծրագիրը ազդարարում է թարգմանությունների շարքի մեկնարկ:
Հումանիտար եւ սոցիալական գիտությունների նշանավոր աշխատությունները կթարգմանվեն հայերեն, իսկ այդ ասպարեզի հայտնի հայերեն գործերը կթարգմանվեն այլ լեզուներով:
Ինչպես հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը, պատրաստ է օտար լեզուներից հայերեն թարգմանվող գրքերի ցուցակը, որոնք թարգմանելու համար հիմնադրամը հայտարարում է թարգմանիչ մասնագետների մրցույթ:
«Թարգմանիչների օգնությամբ մենք նպատակ ունենք խթանել ինտելեկտուալ քննարկումները Հայաստանում, եւ նպաստել հայոց լեզվի զարգացմանը»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Հայերեն թարգմանության համար ընտրված 12 գրքերը ներկայացնում ենք բնօրինակ լեզվով.
1. Giorgio Agamben, Quel che resta di Auschwitz. L’archivio e il testimone (Homo sacer III).
2. Hannah Arendt, The Origins of Totalitarianism.
3. Alain Badiou, Le Siècle.
4. Judith Butler, Ernesto Laclau and Slavoj Zizek, Contingency, Hegemony, Universality: Contemporary Dialogues on the Left.
5. Simone de Beauvoir, Le deuxième sexe.
6. Gilles Deleuze, Différence et répétition.
7. Jacques Derrida, L’écriture et la différence.
8. Michel Foucault, L’archéologie du savoir.
9. Antonio Gramsci, Quaderni del carcere (selezioni).
10. Jürgen Habermas, Strukturwandel der Öffentlichkeit.
11. Jean-Francois Lyotard, Instructions Païennes; and La condition postmoderne.
12. Edward Said, Orientalism.
Գրքերի այս ցանկն ընտրվել է միջազգային խորհրդատվական կոմիտեի կողմից, որին անդամակցում են Շուշան Ավագյանը, Վարդան Ազատյանը, Հագոբ Գուլլուջյանը, Սմբատ Հովհաննիսյանը, Արմինե Իշխանյանը, Ռայմոնդ Գեւորգյանը, Արտաշես Մարկոսյանը եւ Արա Սանջյանը: Այս նախագծի շրջանակներում նրանք սերտ աշխատել են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի եւ բաժնի ավագ մասնագետ Անի Գարմիրյանի հետ:
«Այս շարքի համար մենք փնտրում ենք թարգմանիչներ ՝ ընդլայնելու մեր թարգմանիչ մասնագետների թիվը: Մենք խնդրում ենք հավակնորդ թեկնածուների կապվել մեզ հետ, միայն եթե նրանք ցանկանում են բնօրինակ լեզվից հայերեն (արեւելահայերեն կամ արեւմտահայերեն) թարգմանել այս ցուցակում ներառված գրքերի վերնագրերը»,- նշել են հիմնադրամում:
Հայտերը պետք է ներկայացնել հիմնադրամի հայկական համայնքների բաժին մինչեւ 2016 թ.-ի ապրիլի 5-ը, carmenias@gulbenkian.pt էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի թեմայի հատվածում հստակ նշելով “Translation Series, Call for Translators.”
Հայտին զուգահեռ դիմողը պետք է ներկայացնի նաեւ ինքնակենսագրական, ներկայացված գրքերի բնօրինակ լեզուներից հայերեն թարգմանված նյութերի օրինակ (առնվազն 20 էջ), թարգմանության համար վճարի չափը, երեք երաշխավորների տվյալներ, ինչպես նաեւ ուղեկցող նամակ:
Ընտրված թարգմանիչների անունները կհայտարարվեն մայիսի կեսին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: