Հինգ Նոբելյան դափնեկիրներ հինգ օր Հայաստանում կլինեն - Mediamax.am

exclusive
48509 դիտում

Հինգ Նոբելյան դափնեկիրներ հինգ օր Հայաստանում կլինեն


Ռոբին Ուորենը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2005թ. դեկտեմբերի 10-ին
Ռոբին Ուորենը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2005թ. դեկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS/Anders Wiklund /Scanpix

Աարոն Չեխանովերը 2004թ. Ստոկհոլմում
Աարոն Չեխանովերը 2004թ. Ստոկհոլմում

Լուսանկարը` REUTERS/Wolfgang Rattay

Ադա Յոնաթը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2009թ. դեկտեմբերի 10-ին
Ադա Յոնաթը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2009թ. դեկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS/Peter Andrews

Դան Շեխտմանը զրուցում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ
Դան Շեխտմանը զրուցում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ

Լուսանկարը` REUTERS/Ruben Sprich

Էիթի Նեգիսին եւ Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան զրուցում են Նոբելյան ընթրիքի ժամանակ
Էիթի Նեգիսին եւ Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան զրուցում են Նոբելյան ընթրիքի ժամանակ

Լուսանկարը` REUTERS/Pawel Kopczynski

Կոնստանտին Ենկոյանը
Կոնստանտին Ենկոյանը

Լուսանկարը` ԵՊԲՀ


Այս տարվա ապրիլին Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միաժամանակ հինգ Նոբելյան դափնեկիրների, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկագիտության թեմաներով բաց դասախոսություններ կվարեն Երեւանում: 

 

«Նոբելյան օրեր» անվանումը ստացած միջոցառումը, որն իր նախադեպը չունի Հարավային Կովկասում, տեղի կունենա ապրիլի 11-ից 16-ը Երեւանի Պետական բժշկական համալսարանում: 

 

«Ոգեշնչի՛ր եւ ստեղծի՛ր» կարգախոսը ստացած միջոցառումը մեկ հարկի տակ  կմիավորի նրանց, ովքեր կցանկանան ոգեշնչվել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներից, աշխատել՝ հասնելու գիտական նվաճումների, դրանով իսկ մեր երկիրը վերադարձնել համաշխարհային գիտակ-երկրների ակումբ:

 

Մեկ շաբաթ, մեկ վայր, հինգ Նոբելյան դափնեկիր

 

Բժշկագիտության, քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներին Հայաստան հրավիրելու գաղափարը ծագել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի մոտ:

 

2004-2005 թթ.-ին նա աշխատել է իսրայելացի կենսաբան, 2004 թ.-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չեխանովերի հետ: Նրանց մտերմության արդյունքում 2010 թ.-ին ԵՊԲՀ-ի հրավերով իսրայելացի գիտնականն այցելեց եւ դասախոսություններով հանդես եկավ Հայաստանում: Աարոն Չեխանովերը այս տարի ապրիլին Հայաստան այցելող հինգ գիտնականներից մեկն է:

Կոնստանտին Ենկոյանը Կոնստանտին Ենկոյանը

Լուսանկարը` ԵՊԲՀ

«Նոբելյան մյուս հայտնի մրցանակակիրների՝ Հայաստան հրավիրելու գաղափարն առաջացավ 2014-ի վերջում: 2015-ին սկսեցինք գործնական աշխատել այս ուղղությամբ, հրավերներ ուղարկել գիտնականներին: Չէի հավատում, որ 2016-ին արդեն հնարավոր կլինի կազմակերպել միջոցառումը: Նման մեծությունների հետ պայմանավորվելիս պետք է նկատի ունենալ, որ նրանց ժամանակացույցը չափազանց հագեցած է: Երբ ստացանք հինգի համաձայնությունը, որոշեցինք՝ կարելի է կանգ առնել եւ այս պահի համար «բավարարվել» 5 Նոբելյան դափնեկրով»,- պատմում է Կոնստանտին Ենկոյանը, որի գաղափարն աջակցություն ստացավ հարազատ բուհի ղեկավարության մոտ:

 

Հայաստան ուղևորվող գիտական թոփ հնգյակը

 

Ապրիլին Երեւանում դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):

 

Աարոն Չեխանովեր (Aaron Ciechanover)

Աարոն Չեխանովերը 2004թ. Ստոկհոլմում Աարոն Չեխանովերը 2004թ. Ստոկհոլմում

Լուսանկարը` REUTERS/Wolfgang Rattay

Ծնվել է 1947-ին, Հայֆայում, Լեհաստանից Իսրայել տեղափոխված հրեա էմիգրանտների ընտանիքում: Կենսաբան է: 2004 թ.-ին Իրվին Ռոուզոմի եւ Աբրահամ Գերշկոյի հետ միասին արժանացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի: Իսրայելի գիտությունների ակադեմիայի, Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի (Վատիկան) անդամ է, ինչպես  նաեւ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

 

Ադա Յոնաթ (Ada E. Yonath)

Ադա Յոնաթը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2009թ. դեկտեմբերի 10-ին Ադա Յոնաթը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2009թ. դեկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS/Peter Andrews

Ծնվել է 1939 թ.-ին Երուսաղեմում: Ռիբոսոմների ուսումնասիրման առաջամարտիկներից է: Համագործակցել է NASA-ի հետ: 2009 թ. Նոբելյան մրցանակի է արժանացել ռիբոսոմների կառուցվածքի եւ դրանց գործողությունների ուսումնասիրման համար:

 

Ղեկավարում է Վեյցմանի  ինստիտուտի Բիոմոլեկուլային կառուցվածքների կենտրոնը: 

 

Դան Շեխտման (Dan Shechtman)

Դան Շեխտմանը զրուցում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ Դան Շեխտմանը զրուցում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ

Լուսանկարը` REUTERS/Ruben Sprich

Իսրայելացի ֆիզիկոսն ու քիմիկոսը 2011 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի կեղծ բյուրեղների բացահայտման համար: 2014-ին մասնակցեց Իսրայելի նախագահի ընտրություններին, սակայն պարտություն կրեց: 

Ռոբին Ուորեն (Robin J.Warren)

Ռոբին Ուորենը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2005թ. դեկտեմբերի 10-ին Ռոբին Ուորենը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ XVI-ից 2005թ. դեկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS/Anders Wiklund /Scanpix

Ավստրալացի գիտնականը ծնվել է 1937 թ.-ին: Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 2005 թ.-ին: 1979-ին նա վերաբացահայտել է Helicobacter pylori անունով բակտերիան:

Էյիթի Նեգիսի (Ei-ichi Negishi)

Էիթի Նեգիսին եւ Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան զրուցում են Նոբելյան ընթրիքի ժամանակ Էիթի Նեգիսին եւ Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան զրուցում են Նոբելյան ընթրիքի ժամանակ

Լուսանկարը` REUTERS/Pawel Kopczynski

Ճապոնացի քիմիկոսը ծնվել է 1935-ին: Հայտնի է այսպես կոչված Նեգիսիի ռեակցիայի բացահայտման համար: Ամերիկայի Պերդյու համալսարանի (Ինդիանա նահանգ) պատվավոր պրոֆեսոր է: Նոբելյան մրցանակ ստացել է 2010-ին` քիմիայի ոլորտում:

 

«Ոգեշնչի՛ր եւ ստեղծի՛ր»

 

Կոնստանտին Ենկոյանը պատմում է, որ Հայաստանում «Նոբելյան օրեր» անցկացնելու գլխավոր նպատակն է Հայաստան հրավիրել համաշխարհային գիտության առաջատար դեմքերին, ովքեր կփորձեն մոտիվացնել հայ երիտասարդությանը եւ ցույց տալ, թե որքան շոշափելի է գիտությունն այսօր:

 

«Մենք ունենք շատ լավ մարդկային ներուժ, բայց, անկեղծ լինենք, հյուրերին չենք կարող զարմացնել Հայաստանի գիտության վիճակով: Իհարկե, ունենք հիանալի անհատ գիտնականներ, բայց, համակարգային առումով, մեր գիտության ոլորտն այս պահին մրցակցային չէ: Գիտությունը մեծ ներդրումներ է պահանջում: Երկիրը ներկայանալի է մշակույթով, սպորտով ու գիտությամբ: Մեր մեծ նպատակն այն է, որ ապագայում ունենանք միջազգայնորեն ճանաչված հայ գիտնականներ, որոնք ոչ թե այլ պետություններ կներկայացնեն, այլ հենց Հայաստանը»,- ասում է միջոցառման գլխավոր կազմակերպիչը:

 

Ինչպե՞ս  մասնակցել դասախոսություններին

 

Միջոցառման կազմակերպիչները շեշտում են, որ թեեւ «Նոբելյան օրեր» միջոցառման թիրախ խումբը բժշկագիտության, քիմիայի եւ ֆիզիկայի ոլորտների մասնագետներն ու ուսանողներն են, այնուամենայնիվ, դասախոսությունները բաց են լինելու բոլորի համար:

 

«Մեր հյուրերը մեկ շաբաթ լինելու են Հայաստանում եւ հանդես են գալու ինը դասախոսություններով` հանրային եւ մասնագիտական բնույթի: Հանրային նշանակության դասախոսությունների բովանդակությունը հասանելի է լինելու բոլորի համար: Դրանց ներկա գտնվելու համար պարտադիր չէ լինել բժիշկ, քիմիկոս, ֆիզիկոս կամ կենսաբան»,- ասում է պրոռեկտոր Ենկոյանը:

 

«Նոբելյան օրեր»-ին մասնակցելու համար պարտադիր է գրանցվել միջոցառման պաշտոնական՝ http://www.nobeldays.am/ կայքում: Հայաստանցիների համար, ովքեր կդիմեն մինչեւ փետրվարի 29-ը, մասնակցությունն անվճար է: Բոլոր նրանք, ովքեր կդիմեն այդ ժամկետից ուշ, գրանցվելիս պետք է վճարեն 20 եվրո:

 

«Մեր ցանկությունն է, որպեսզի միջոցառումը հասանելի լինի մեծ թվով մարդկանց: Բուհը միջոցառումը կազմակերպում է իր միջոցներով, եւ որեւէ ֆինանսական ակնկալիք, բնական է, չունի: 20 եվրոն մեծ գումար չէ, եւ ուղղվելու է զուտ կազմակերպչական հարցերի լուծմանը»,- նկատել է Կոնստանտին Ենկոյանը: 

 

Բոլոր դասախոսությունները անց են կացվելու Պետական բժշկական համալսարանում: Բացի բուն դասախոսություններից, գիտնականները կմասնակցեն նաեւ մասնագիտական կլոլ սեղաններին, կհանդիպեն ՀՀ ավագ դպրոցների աշակերտների հետ, կայցելեն Էջմիածին եւ Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր: Կազմակերպիչները ցանկանում են, որպեսզի աշխարհահռչակ գիտնականները տեսնեն իրական Հայաստանը՝ իր մարդկանցով եւ գույներով:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին