Գործատուն եւ ձեր անձնական նամակները. ՄԻԵԴ որոշման մասին - Mediamax.am

exclusive
4365 դիտում

Գործատուն եւ ձեր անձնական նամակները. ՄԻԵԴ որոշման մասին


Լուսանկարը` http://static.techspot.com/

Շուշան Դոյդոյանը
Շուշան Դոյդոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure

Ստեփան Խզրթյանը
Ստեփան Խզրթյանը

Լուսանկարը` Harout Abrahamyan


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը(ՄԻԵԴ)  օրերս «Բարբուլեսկյուն ընդդեմ Ռումինիայի» գործով նախադեպային վճիռ է կայացրել, որով իրավաչափ է համարվել գործատուի կողմից աշխատակիցների անձնական հաղորդակցությունները, տվյալ դեպքում՝ էլեկտրոնային նամակագրությունը ստուգելը, որը  կատարվել է աշխատանքային ժամերին:

 

2007 թվականին ռումինացի Բոգդան Բարբուլեսկյուն աշխատանքից ազատվել էր այն պատճառաբանությամբ, թե նա, խախտելով կազմակերպության ներքին կանոնակարգը, ընկերության միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով։

 

ՀՀ արդարադատության նախարար, ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը Մեդիամաքսի հետ զրույցում նախ մատնանշեց այն հանգամանքը, որի պայմաններում տեղի է ունեցել գործատուի կողմից աշխատողի նամակների ընթերցումը՝ նկատելով, որ այնտեղ խոսքը չի գնում  գործատուի կողմից ցանկացած նամակների  ընթերցման մասին:

 

«Գործի հանգամանքները հետեւյալն են` գործատուի հանձնարարականով աշխատողը ստեղծել էր Yahoo Messenger-ի հաշիվ, որի հիմնական նպատակը հաճախորդների հարցումներին պատասխանելն էր: Գործատուի կողմից հաստատված ներքին կարգապահական կանոնների  համաձայն՝ արգելվում էր օգտագործել Yahoo Messenger-ը անձնական նպատակներով: Որոշ ժամանակ անց գործատուն տեղեկացրել էր աշխատողին, որ վերջինս օգտագործում է Yahoo Messenger-ը անձնական նպատակներով՝ չնայած գոյություն ունեցող ներքին աշխատանքային կարգավորումներին, ինչին աշխատողը հակադարձել էր, որ ինքը հաշիվը օգտագործել է միայն գործնական նպատակով: Սրան ի պատասխան՝ աշխատողին էր ներկայացվել քաղվածքը, որը հաստատում էր, որ նա հաշիվը օգտագործել է իր հարսնացուի եւ եղբոր հետ նամակագրության համար: Այս գործի շրջանակներում եվրոպական դատարանը կարեւորել է այն հանգամանքը, որ ազգային դատարանների կողմից ուշադրություն է դարձվել այն կարեւոր փաստի վրա, որ գործատուն ուսումնասիրել էր Yahoo messenger-ի հաշիվը այն համոզմունքով, թե այն պարունակում է գործնական նամակներ, քանի որ աշխատողը հստակորեն պնդել էր, որ ինքը հաշիվը օգտագործել է հաճախորդների խորհրդատվություն տալու նպատակով: Սա վկայում է, որ գործատուն գործել է իր կարգապահական կանոններին համապատասխան: Դատարանը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ ուսումնասիրվել է միայն Yahoo messenger-ի հաշիվը, աշխատողի համակարգչի վրա գտնվող այլ տեղեկատվություն չի ուսումնասիրվել, ինչը նշանակում էր, որ գործատուն գործողությունները եղել են համաչափ: Այսինքն՝ ՄԻԵԴ-ը ընդունելի է համարել գործատուի կողմից նամակների ընթերցումը ոչ թե ցանկացած դեպքում, այն միայն որոշակի կոնկրետ պայմանների առկայության դեպքում, որոնք էլ ներկայացած են գործում»,- Մեդիամաքսին ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure

Նա նշել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները պարտադիր են  ՀՀ դատարանների  համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջիններս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: Այսինքն՝ եթե նույնական փաստական հանգամանքներով գործ քննելիս լինի ՀՀ դատարանը այն պետք է պարտադիր հետեւի եվրոպական դատարանի տրված մեկնաբանություններին:

 

Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ ՀՀ օրենսդրությամբ անձնական տվյալների պաշտպանությունը սահմանվում է 2015 թվականին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքով, որի համաձայն ՝ անձնական տվյալ է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

 

Նա նկատել է, որ միեւնույն ժամանակ օրենքը հստակորեն սահմանում է, որ  «Անձնական տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր: Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար, բացի դրանից օրենքը արգելում է  այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

 

«Օրենքով հստակ սահմանվում է, որ անձնական տվյալներ մշակումն օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Ընդ որում՝ օրենքը առանձին անդրադարձ է կատարում նաեւ համաձայնության ձեւին, այսպես սահմանվում է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բանավոր համաձայնության դեպքում` այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք ակնհայտորեն կվկայեն տվյալների սուբյեկտի`անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

 

Անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը՝ նա նշել է, որ քննարկվող գործի շրջանակներում, շեշտադրումը պետք է կատարել ոչ թե անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ դրույթների վրա, այլ այն հանգամանքի, որ աշխատողի կողմից խախտվել են գործատուի կողմից սահմանված աշխատանքային կանոնները:

 

«Թեեւ ՄԻԵԴ-ը մատնանշել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ կանոններ, թե ինչպիսի տվյալներ եւ ինչ եղանակով կարող է մշակվել աշխատակիցների վերաբերյալ, բայց դատարանը  իր եզրահանգումները կատարել է՝ հաշվի առնելով, որ աշխատակիցը խախտել է ընկերության ներքին կարգապահական կանոնները եւ գործատուն իրավունք ուներ ստուգել, թե ինչպես է աշխատակիցը կատարում իր աշխատանքը»,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը:

 

«Լեգալ Լաբ» իրավաբանական բուտիկի համահիմնադիր Ստեփան Խզրթյանը եւս Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ «թեեւ ՄԻԵԴ գործում գործատուն ծանոթացել է աշխատողի անձնական բնույթի նամակագրությանը, որը տեղի է ունեցել աշխատանքային էլեկտրոնային հասցեով, սակայն դա աշխատանքային (կարգապահական) նպատակներից ելնելով եւ ոչ աշխատողի անձնական գրագրությանը ծանոթանալու նպատակով»,-ասել է նա:

Ստեփան Խզրթյանը Ստեփան Խզրթյանը

Լուսանկարը` Harout Abrahamyan

Ստեփան Խզրթյանը շեշտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ մեզանում վերոնշյալ ոլորտը կարգավորվում է  հետեւյալ եղանակով. «Գործատուն կարող է ընդունել ներքին կանոնակարգ, որի վերաբերյալ պետք է պատշաճ իրազեկի աշխատողին: Նման կանոնակարգով եւ գործատուի ու աշխատակցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով հնարավոր է սահմանել նաեւ գործատուի՝ աշխատողի անձնական տվյալները ստանալու եւ օգտագործելու  իրավունքը: Օրենքով հստակ սահմանազատված է, թե, որ դեպքերում եւ, մասնավորապես, ինչ նպատակներով գործատուի կողմից կարող են օգտագործվել աշխատողի անձնական տվյալները: Հետեւաբար՝  հնարավոր են դեպքեր, երբ աշխատողի պատշաճ իրազեկմամբ եւ գրավոր համաձայնությամբ գործատուն իրավունք ստանա աշխատողի աշխատանքային բնույթի գրագրությանը ծանոթանալու»:

 

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը Մեդիամաքսի հետ զրույցում նկատել է, որ  դատական գործի քննության ընթացքում կարեւորվել է ոչ թե անձնական նամակագրության բովանդակությունը, այլ միայն այն փաստի առկայությունը, որ աշխատակիցն անձնական նամակագրությամբ է զբաղվել հենց աշխատանքային ժամերին։

 

«Քաղաքացին օգտագործել է ընկերության համակարգիչը իր անձնական նպատակներով՝ աշխատանքային ժամերին: Պետք է նկատել, որ նամակագրության հասցեատերերի անունները չեն հրապարակվել՝ այդպիսով պահպանելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքի միջեւ հավասարակշռումը»,-ասել է Շուշան Դոյդոյանը:

Շուշան Դոյդոյանը Շուշան Դոյդոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գործատուն կարող է ստուգել, թե արդյոք աշխատակիցները կատարում են աշխատանքային պարտականությունները աշխատանքային ժամերին, եւ վերջինս սկսել էր ուսումնասիրել իր աշխատողի նամակագրությունն այն համոզմամբ, որ դա առնչվում է իր ընկերության հաճախորդներին», - հավելել է նա:

 

Շուշան Դոյդոյանի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ որոշումը նախադեպային ազդեցություն կունենա ՀՀ իրավակիրառ պրակտիկայում: «Որոշումը պետք է խստորեն մեկնաբանվի եւ կիրառվի հենց վերոնշյալ համատեքստում եւ համանման հանգամանքների ներքո, ինչ կայացվել է։ Այսինքն՝ այն չի կարող ընդարձակ մեկնաբանվել»,- եզրափակել է գործակալության ղեկավարը:

 

Սիրանուշ Եղիազարյան, Մարի Թարյան, Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին