Երեւան: Մեդիամաքս: Ամուլսարի ոսկու հանքի տարածքում հայտնաբերված Մատնունի ծիրանավորի (Potentilla porphyrantha) բուսատեսակի պահապանման ուղղությամբ քայլերն արդեն իրական հիմքերի վրա են:
Ամուլսարի հանքի շահագործմամբ զբաղվող «Գեոթիմ» ՓԲԸ-ն, համագործակցելով ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Treweek Environmental Consultants ընկերության (Մեծ Բրիտանիա) եւ Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Բուսաբանական այգու հետ, սկսել է բուսատեսակի պահպանության համապարփակ ծրագիրը, որի շրջանակում առաջին քայլն արդեն արված է. ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը վերջերս նոր ջերմոց եւ բացօթյա ռոկար (ժայռերի այգի) է հիմնել Սեւանի բուսաբանական այգում, որտեղ եւ կատարվում է Մատնունի ծիրանավոր բուսատեսակի Ամուլսարի պոպուլյացիայի պահպանման ու հետազոտական աշխատանքները:
Սեւանի ջերմոցը եւ ռոկարը կառուցվել են մոտ 1500 առանձնյակների տեղափոխման եւ հետազոտաման նպատակով:
Բարձրլեռնային կլիմայական պայմաններում՝ քարքարոտ լանջերին եւ քարացրոններում աճող փոքր, սպիտակավուն ծաղիկը՝ Մատնունի ծիրանավորը, իր տեսակով հազվագյուտ է եւ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Այն հիմնականում աճում է 3300 մ բարձրության վրա գտնվող սակավաթիվ կենսամիջավայրերում:
«Գեոթիմը» Մատնունի ծիրանավորի պոպուլյացիաներ է հայտնաբերել բուսատեսակի համար նախկինում անհայտ կենսամիջավայրում՝ Ամուլսարի ցածրադիր հատվածներում: Որպես Ամուլսարի ծրագրի առանձին բաղադրիչ՝ ընկերությունը նախաձեռնել է բուսատեսակի պահպանության համապարփակ հետազոտական ծրագրի իրականացումը:
«Գեոթիմի»՝ Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգու, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի եւ Treweek Environmental Consultants ընկերության բնապահպանական խորհրդատուների հետ համատեղ մշակված ծրագիրը ուղղված է Ամուլսարի հանքի շինարարության եւ շահագործման ընթացքում բուսատեսակի պոպուլյացիաները պահպանելուն եւ պաշտպանելուն՝ հետագայում դրանք հանքի համապատասխան տարածքներում վերականգնելու նպատակով:
Մասնագետների փոխանցմամբ՝ ծրագիրը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա, եւ «Գեոթիմի» կողմից ներառվել է 2014թ. հրապարակված ՇՄԱԳ-ում (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում), ինչպես նաեւ այս տարի ավելի վաղ հրապարակված Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փաստաթղթում:
«Գեոթիմի» գնահատմամբ՝ բուսատեսակի պահպանության ծրագրում ընկերության ներդրումը կլինի ավելի քան $500 հազ.:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության եւ էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը նշել է, որ Մատնունի ծիրանավորի մոտ 6000 առանձնյակ հայտնաբերվել է հանքի ենթակառուցվածքների զբաղեցվելիք տարածքից դուրս եւ աճում է «Գեոթիմի» կողմից առանձնացված պահպանվող տարածքներում: Ծրագրի շրջանակում՝ այս տարածքներում աճող առանձնյակները կպահպանվեն:
Միաժամանակ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում զուգահեռ կիրականացվեն հետազոտական եւ այլ աշխատանքներ: Բույսի՝ այլ տարածքում իրեն «լավ զգալու» մասին ավելի մանրամասն Գեորգի Ֆայվուշը խոստացել է խոսել գարնանը, իսկ մինչ այդ հորդորում է չանհանգստանալ նրա պահպանության համար, քանի որ ընկերությունն այդ ուղղությամբ զուգահեռ այլ քայլեր էլ է կատարում:
Ի դեպ, «Գեոթիմը» հաջողություններ է գրանցում Մատնունի ծիրանավորի առանձնյակների պահպանության ծրագրի նաեւ այլ ասպեկտներում: Տեղափոխման ընթացքում բույսերից մի քանի հազար սերմ է հավաքվել: Սերմը կօգտագործվի բույսի բազմացման հետազոտությունների համար, ինչպես նաեւ կպահպանվի որպես կենսունակ սերմ: Տարածաշրջանային արշավախմբերը Ամուլսարի տարածքից դուրս հայտնաբերել են Մատնունի ծիրանավորի՝ նախկինում չփաստագրված երկու լրացուցիչ կենսամիջավայր:
«Գեոթիմի» կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է, որ 4 տարի տեւողությամբ ծրագիրը հայաստանյան հանքաարդյունաբերության ոլորտում իր տեսակով աննախադեպ է.
«Ներգրավելով միջազգային լավագույն փորձը, հայ եւ միջազգային մասնագետների՝ մի շարք աշխատանքներ կտանենք Մատնունի ծիրանավորի պահպանության եւ հետագա վերարտադրության համար: Համոզված ենք, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, եւ հանքի փակումից հետո բուսատեսակը կվերադառնա իր բնական միջավայր»,- ասել է նա:
Ծրագիրը մշակվել է առանձնյակների պահպանման եւ հետագայում դրանց բնական կենսամիջավայր տեղափոխելու օպտիմալ պայմանները սահմանելու նպատակով: Ընթացքում նախատեսվում է մասնագիտական հետազոտություն, որին կմասնակցի երկու ասպիրանտ՝ Բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի հետ: Ասպիրանտներից մեկը կիրականացնի բուսատեսակի բազմացման եւ պահպանման աշխատանքները, իսկ մյուսը՝ առանձնյակների գենետիկական հետազոտությունները Քեմբրիջի համալսարանում:
Արմեն Ստեփանյանը նշել է, որ ասպիրանտների ընտրության համար հայտարարությունը կտարածվի Քեմբրիջի համալսարանի կողմից եւ կկրի միջազգային բնույթ: Հայկական կողմի ցանկությունն է, որ ասպիրանտներից գոնե մեկը լինի հայ:
Նշենք, որ Մատնունի ծիրանավորի առանձնյակների տեղափոխությունը Սեւան սկսվել է ավելի վաղ՝ այս աշնանը, ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո: ՀՀ օրենսդրության համաձայն՝ բուսատեսակի տեղափոխությունը թույլատրելի է այն վայրերից, որոնք նախկինում նշված չեն եղել որպես տվյալ բուսատեսակի կենսամիջավայր: Ամուլսարը հենց նման օրինակ է: Այն նախկինում երբեւէ չի բնորոշվել որպես Մատնունի ծիրանավորի կենսամիջավայր:
Բուսաբանական այգիները առանձնյակների տեղափոխման համար սահմանված երեք ուղղություններից մեկն են Հայաստանում: «Գեոթիմի» կողմից Սեւանի բուսաբանական այգում կառուցված ջերմոցը եւ ռոկարը նախատեսված են առանձնյակների պահպանության համար համապատասխան միջավայր ստեղծելու եւ տեղի անձնակազմի կողմից շարունակական մոնիտորինգ իրականացնելու նպատակով:
«Լիդիան Ինթերնեյշնլի» առողջության բնապահպանության եւ անվտանգության գծով մենեջեր Ուլրիխ Սիբիլսկին ուրախությամբ նկատել է, որ ««Գեոթիմն» Ամուլսարում աշխատում է բնապահպանական միջազգային լավագույն փորձի համաձայն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: