Մինչ աուդիտի իրականացումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բեռը - Mediamax.am

2312 դիտում

Մինչ աուդիտի իրականացումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բեռը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՄինչևՀԷՑ-ում նախատեսված աուդիտի անցկացումն ու եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ:

 

Նախագահը խորապես համոզմունք է հայտնել, որ  սակագնի բարձրացումն արդարացված է:

 

«Եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք»-ասել է նա եւ առաջարկել  ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին՝

 

• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և

• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

 

«Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով: Իսկ եթե  այն հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»,-ասել է նա:

 

Նախագահը կոչ է արել բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներին չվախենալ նոր պատասխանատվություն վերցնելուց և քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալուց՝ դրանով իսկ հասարակության մեջ նվազեցնելով կասկածամտությունը:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին