Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է «100 կյանք» նախաձեռնությունը - Mediamax.am

9412 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է «100 կյանք» նախաձեռնությունը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է «100 կյանք» նախաձեռնությունը:

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրանքով ու մեծ ուրախությամբ ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ Ռուբեն Վարդանյանին, Վարդան Գրեգորյանին եւ Նուբար Աֆեյանին` «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության մեկնարկի առիթով:

 

Գնահատարժան է, որ միջազգային հնչեղություն ստացած այս նախաձեռնության սկիզբն ազդարարվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին: «100 կյանքը» իր ուշագրավ պատմություններով փաստում է, որ հայ ժողովուրդը  երախտագիտությամբ է հիշում մարդասեր ու վեհանձն այն նվիրյալներին, ովքեր պատմության ամենադժվարին ու ողբերգական պահին սատար կանգնեցին հայորդիներին, օգնեցին ապրել եւ պահպանել իրենց ազգային ինքնությունը:

 

Կարեւորում ենք, որ «100 կյանքը» անցյալից դեպի ներկա եւ ներկայից դեպի ապագա տանող յուրահատուկ մի կամրջի դերակատարություն է ստանձնում: Այս առումով գնահատելի է նաեւ առաքելությունը Արշալույս Մարտիկանյանի անունը կրող «Ավրորա» մրցանակի, որը շնորհվելու է մերօրյա հերոսներին` ազնվահոգի այն մարդկանց, ովքեր տարբեր հանգամանքներում իրենց մարդասիրությունը հաստատում են կյանքով ու գործով», - նշել է Վեհափառ Հայրապետը:

 

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքն է հայտնել «100 կյանք» նախաձեռնությանը աջակից եւ մասնակից բոլոր անձանց: «Թող որ «100 կյանք» ծրագիրը եւ «Ավրորա» մրցանակաբաշխությունը մի նոր ազդակ ու խթանիչ ուժ դառնան համայն մարդկության մեջ մարդասիրության վերազարթոնքի եւ նման ողբերգությունների կրկնության կանխարգելման համար», - ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը` բարի ընթացք մաղթելով այս աստվածահաճո նախաձեռնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին