Նորագույն պատմություն [մաս 5]. «Մեր բակը» - Mediamax.am

exclusive
64088 դիտում

Նորագույն պատմություն [մաս 5]. «Մեր բակը»

Մեդիամաքս-ը շարունակում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը` ներկայացնելով 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:

«Մեր բակի» մասնակիցները
«Մեր բակի» մասնակիցները

Լուսանկարը` Արմեն Թադեւոսյանի արխիվից

«Մեր բակի» տեսարաններից մեկը
«Մեր բակի» տեսարաններից մեկը
«Մեր բակի» մասնակիցները
«Մեր բակի» մասնակիցները

Լուսանկարը` Արմեն Թադեւոսյանի արխիվից

«Մեր բակի» մասնակիցները
«Մեր բակի» մասնակիցները

Լուսանկարը` Արմեն Թադեւոսյանի արխիվից

Ռաֆայել Քոթանջյանը
Ռաֆայել Քոթանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրանտ Թոխատյանը
Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրանտ Թոխատյանը
Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը` ներկայացնելով 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:

 

Այսօր կպատմենք «Մեր բակը» նախագծի մասին: Այն նկարահանվում էր որպես 1997թ. ամանորյա հեռուստատեսային ծրագրի մի մաս, սակայն այնպիսի շլացուցիչ հաջողություն ունեցավ, որ առանձին ֆիլմ դարձավ: Այս պատմությունը կարդալով, բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ կիմանաք ֆիլմի ստեղծման մասին: Ցավոք, այս տարի կյանքից հեռացան ֆիլմի հերոսներից երկուսը` Ազատ Գասպարյանն ու Մարկ Սաղաթելյանը… Այս հոդվածը նվիրում ենք նրանց հիշատակին:

 

 

Դերասան Հրանտ Թոխատյան` հայտնի թիկնոցս ԱՄՆ վաճառվեց աճուրդի ժամանակ

 

Ես «Մեր Բակ»-ի ծնողներից եմ: Ֆիլմը «Շարմ» ընկերության նախագիծն է, հենց գրասենյակի պատերի ներքո է ծնվել: Այն տարիներին կյանքը մեր քաղաքում այդքան էլ լավը չէր` մոխրագույն, տհաճ մթնոլորտ, մարդկանց դեմքերին ժպիտ չկար: Պետք էր մի բան, որը մարդկանց կվերադարձներ հին Երեւանը` վարդագույն, ժպտերես, արեւոտ: Կարծում եմ, հենց դա էր պատճառը, որ «Մեր Բակ»-ը նման հաջողություն ունեցավ ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս:

 

1996 թվականն էր, «Շարմ» ընկերությանը հանձնարարել էին պատրաստել Առաջին ալիքի Ամանորյա ծրագիրը: Հենց այդ ժամանակ ծնվեց «Մեր Բակ»-ի գաղափարը: Գործողության մի մասը պետք է անցներ բակի «բեսեդկայում», մյուս մասը` հեռուստաընկերությունում: Ծրագրի նկարահանումները սկսվեցին նոյեմբերին եւ մոտ մեկ ամիս տեւեցին: Ամանորյա գիշերը ֆիլմը ցուցադրվեց հենց այդ ձեւաչափով: Ընթացքում հասկացանք, որ այն ինքնուրույն կյանքով է ապրում եւ որոշեցինք «Մեր Բակ»-ը ներկայացնել նաեւ առանձին ֆիլմի տեսքով:

 

Դասական կինոյի չափանիշներով դժվարանում եմ այս նախագիծը ֆիլմ անվանել, սակայն նրա վրա աշխատել են իսկական պրոֆեսիոնալներ` ռեժիսոր Միքայել Դովլաթյանը, օպերատորներ Սարգիս Մկրտչյանը, Վահագն Հակոբյանը: «Մեր Բակ»-ը ժանրից դուրս է, կարող եմ միայն «зарисовка» անվանումը տալ:

 

Հրանտ Թոխատյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 Սցենարի հեղինակները «Շարմ» ընկերության ստեղծագործական խմբի տղաներն էին, բայց ստեղծարար գործընթացին մասնակցում էին բոլորը: Նկարահանման ընթացքում շատ էին իմպրովիզները: Հենց իմպրովիզի շնորհիվ են ստեղծվել բազմաթիվ հերոսների կերպարները, հագուստը: Իմ` Հրանտի ստեղծած կերպարը, եւս իմպրովիզի արդյունք էր:

 

Հրանտի կերպարը հեղինակային կազմն էր ընտրել, ես էլ ավելացրեցի երկու մանրուք` գոտին վերեւ բարձրացրեցի ու ծալեցի գլխարկը: Այն պահին, երբ Հրանտի թիկնոցի գոտին վերեւ բարձրացավ, կերպարը ամբողջացավ: Ի դեպ, այդ թիկնոցից երկու հատ կար: Մեկը վաճառվեց Միացյալ Նահանգներում ֆիլմի ցուցադրության ընթացքում կայացած աճուրդի ժամանակ: Մյուսը մինչ օրս ինձ մոտ է, գլխարկը` նույնպես:

 

Այդպիսի կերպարներ 70-80-ականներին մեր բակերում շատ կային, նրանց «կլյաուզնիկ» էին ասում: Երկու տեսակի «կլյաուզնիկներ» կային` բարի եւ ոչ այնքան: Հենց մեր բակում էլ նման մարդ կար` նա որեւէ տեղ չէր աշխատում, գրառումներ էր կատարում, թերթեր էր կարդում, տարբեր հաստատություններ նամակներ էր ուղարկում բակի խնդիրների վերաբերյալ` աղբահանության, խողովակների, շքամուտքների, վերելակների հետ կապված: Լավ իմաստով «ստուկաչ» էր: Իսկ վատ «կլյաուզնիկները» նրանք էին, որ հարեւանների վրա էին բողոքում: Մեր դեպքում Հրանտը բարի «կլյաուզնիկ» էր:

 

Ֆիլմի վերջում լուսահոգի Ազատ Գասպարյանի հետ նկարահանված կոնֆերանսը եւս իմպրովիզի արդյունք էր: Իմպրովիզ էր նաեւ Արմեն Խոստիկյանի հայտնի` «Կոնֆետն ու՞ր ա» արտահայտությունը:

 

Նկարահանումներից առաջ խելքի բերեցինք բակի տաղավարը, նաեւ հետեւում էինք, որ բակը ասֆալտապատ լինի, զբաղվում էինք նրա մաքրությամբ:

 

Շատ էինք մտերմացել բակի բնակիչների հետ: Պատկերացրեք` մի մեծ նկարահանող խումբ, օր ու գիշեր աղմկում ու աշխատում է: Մտածում էինք, բնակիչները կբողոքեն, բայց ոչ` բոլորի դռները բաց էին մեր առջեւ, օգնում էին ինչով կարող էին, ներս էին թողնում իրենց բնակարանները: Աղջիկները տաքանում էին իրենց մոտ, միշտ ապահովված էինք սուրճով ու թեյով: Բոլոր այն բնակարանները, որ տեսնում եք ֆիլմում, իրականում հենց այդ բակի բնակարաններն են:

 

Մինչեւ այսօր էլ շարունակում ենք շփումը բակի բնակիչներից շատերի հետ: Երկրորդ ֆիլմում նկարահանված փոքրիկ Նարեկը, որը բակի բնակիչ էր, այժմ ծրագրավորող է եւ Միացյալ Նահանգներում է բնակվում,  «Դիմեդրոլ» տղան էլ բժիշկ է դարձել:

 

Ծամոնով փոքրիկը, ում Հրանտն ասում է` «բալիկ ջան, մոտ արի», ավագ որդիս է, Արամը, հիմա արդեն 29 տարեկան է: Ի դեպ, այդ հատվածը եւս իմպրովիզ էր` «Էս երեխան ծնող չունի՞»:

 

Նաեւ զվարճալի զուգադիպություններ էին լինում: Օրինակ` Արմեն Միսակովիչի ծառայողական մեքենայի վարորդի անունը Սամվել էր: Նրա հետ կապված դրվագը հենց տեղում էինք հորինել եւ պատահական մեքենա էինք բերել փողոցից:  Պարզվեց, որ ղեկին նստած տղայի անունը Սամվել է եւ նա իսկապես վարորդ է:

 

«Մեր Բակի» նկարահանումներից հետո այդ բակում բնակարանների գինը կտրուկ բարձրացավ: Մեծ էր նաեւ այդ բակը հաճախող տուրիստների թիվը:

 

Մինչեւ ֆիլմի նկարահանումները ծանոթ էինք Աշոտ Ղազարյանի հետ, բայց մտերիմ չէինք: Մեր ընկերությունը հենց «Մեր Բակ»-ից սկսվեց: Նկարահանումների ընթացքում ինձ համար լրիվ այլ Աշոտ Ղազարյան բացահայտեցի: Նույնը կարող եմ ասել Լալա Մնացականյանի, Զառա Արամյանի ու էլի շատ շատերի մասին: Թաթայի հետ եւս ծանոթացանք նկարահանումների ընթացքում, մինչ այդ նա երգում էր «Դվին» հյուրանոցի ռեստորանում: «Մեր Բակ»-ից հետո Թաթայի պրոդյուսերը դարձավ Գրիգոր Նազարյանը:

Ինձ համար բացահայտում էր նաեւ լուսահոգի Արմեն Խոստիկյանը` կիրթ, կարդացած, խելացի մարդ:

 

Հրանտ Թոխատյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Տարօրինակ կերպով ֆիլմում հայտնվեց Արամ Ասատրյանը: Այդ ոճում հանդես եկող երգիչների մուտքը հեռուստատեսություն այն տարիներին փակ էր եւ չգիտեինք` ինչպիսի՞ն կլինեն արձագանքները, եթե Արամը մասնակցի ֆիլմին: Երկար քննարկումներից հետո որոշեցինք` ինչու՞ ոչ: Առաջարկեցինք նրան երգելուց բացի նաեւ մի փոքր դեր խաղալ: Հաճույքով համաձայնվեց ու փայլուն կատարեց իր առջեւ դրված խնդիրը:

 

Ֆիլմի դերասանները պետք է լինեին Երեւանի երգի պետական թատրոնի արտիստները: Բայց Արթուր Գրիգորյանը իր սաներին թույլ չտվեց մասնակցել ֆիլմին, քանի որ նոր ներկայացում էին պատրաստում: Երգիչների ձայները հնչում են միայն ֆիլմի ավարտին հնչող երգի ընթացքում: 

 

Մարկ Սաղաթելյանը ակտիվ մասնակցում էր ֆիլմի ստեղծման գործընթացին: Նա էր ֆիլմում ներառված փոքրիկ «մյուզիքլի» հեղինակը` Գրիգորը Նազարյանի եւ Արսենը Դանիելյանի հետ միասին: Մարկն ու Արսենը հայտնվում են ֆիլմի միայն այդ հատվածում, բայց դա էլ էր բավարար, որ հիշվեն ու սիրվեն: Այդ երաժշտական համարի միջոցով նախատեսում էինք ցուցադրել այն բացասական երեւույթները, որոնք մտել էին մեր քաղաքի իրականության մեջ: Դա արված էր որպես ծաղրերգություն, բայց արի ու տես, որ սիրվեց, եւ որոշ մարդկանց կողմից լուրջ ընդունվեց: Այսօր, երբ տեսնում եմ նման տեսարանների «կատարելագործված» տարբերակը, որոշակի մեղքի զգացողություն են ապրում ֆիլմի այդ հատվածի համար: Արսենն այսօր բնակվում է Մոսկվայում: Ցավում եմ, կուզենայի նրան բեմում տեսնել, նա ստեղծագործական առումով շատ անելիք ու ասելիք ունի:

 

Փորձել էինք ֆիլմում ներգրավվել բոլոր նրանց, ովքեր այդ ժամանակ հայտնի էին էստրադայում: Այդպես ֆիլմում հայտնվեցին Սոնան, «Արձագանք» ստուդիայից Լիլիթ Կարապետյանն ու Արփինե Բեկջանյանը («Երկու քույր ենք, երկուսն էլ մի բոյի»):

 

Վառ կերպարներից էր նաեւ Լեւոն Շարաֆյանը, ով Արմեն Թադեւոսյանին բանակ էր տանում:

 

Boney M խումբը համերգով Երեւանում էր եւ նրանց «խաբելով» նկարահանեցինք ֆիլմում, քանի որ գումար չկար, որ նրանց վճարենք: Քանի որ խմբի երեւանյան համերգի կազմակերպիչը Ռուբեն Ջաղինյանն էր, խնդրեցինք նրանց, որ տաղավարում նստած շնորհավորեն Ռուբենի Ամանորը: Եթե նրանք շնորհավորեին բոլորի Ամանորը, կհասկանային, որ ֆիլմի են մասնակցում: Իսկ այսպես հանդիսատեսը մտածեց, թե Ռուբեն Մաթեւոսյանին են շնորհավորում, ով եւս նկարահանվել էր ֆիլմում:

 

Սիրում եմ առաջին «Մեր Բակ»-ը: Դա չի նշանակում, որ չեմ սիրում մյուսները, բայց առաջինը յուրահատուկ էր իր տեսակով:

 

Երկրորդ «Մեր Բակ»-ի վերջում պետք է մարդկանց հրապարակում հավաքեինք: 1997 թվականին նման բան կազմակերպելը դժվար էր: Ես եւ Աշոտ Ղազարյանը հեռուստատեսությամբ հանդես եկանք ու խնդրեցինք ժողովրդին հրապարակ գալ ու մասնակցել նկարահանումներին: Եթե հիշում եք, արդյունքում հրապարակում գրեթե ազատ տեղ չկար: Վերամբարձ կռունկով Աշոտի հետ բարձրացանք վերեւ ու շնորհակալություն հայտնեցինք բոլորին:

 

Դերասան Ռաֆայել Քոթանջյան` երբեք չէի մտածի, որ հենց այս դերը այսքան ժողովրդական կդառնա

 

Հեռուստատեսությամբ եւ թատրոնում մոտ 200 դեր խաղալով, հետաքրքրիր բան եմ նկատել` երբեք չգիտես, թե որ դերը ամենից տարածվածն ու հիշվածը կդառնա: Դրա ապացույցներից մեկը իմ մասնակցությունն էր «Մեր Բակ»-ը նախագծում: Չնայած, որ միշտ ընդունում եմ «Շարմ» ընկերության առաջարկները, երբեք չէի մտածի, որ հենց այս դերը այսքան ժողովրդական կդառնա:

 

Ռաֆայել Քոթանջյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Ինչպե՞ս կարող էի չմասնակցել այդ ֆիլմի նկարահանման աշխատանքներին, չէ՞ որ ես էլ Երեւանի մի փոքրիկ մասնիկն եմ: Ֆիլմով մարդկանց ցույց տվեցինք, որ Երեւանը ձեր բակն է, ձեր շենքն է, ձեր բնակարանը: «Մեր Բակ»-ի հաջողության գրավականը հենց դա էր` հեռուստադիտողը կարծում էր, որ հենց իր բակն ու հարեւաններին են ցուցադրում:

 

«Մեր Բակ» եւ «Մեր Բակ 2» սցենարների  համահեղինակ Արմեն Թադեւոսյան` դարձել էինք այդ բակի իրականության մի մասը

 

«Մեր բակ» ֆիլմերը եւ հավաքական, եւ անհատական աշխատանքի արդյունք են: Ես նկարահանվել եմ երկու ֆիլմերում, սակայն հիմնականում հանդես էի գալիս որպես սցենարների համահեղինակ: «Մեր բակը» կյանքիս մասնիկն է:

 

1996 թվականին ոչ ոք չէր պատկերացնում, որ կարելի էր նման ֆիլմ նկարահանել: Նկարահանումների ընթացքը նորություն էր բակի բնակիչների համար: Մենք դարձել էինք այդ բակի իրականության մի մասը, բնակարան էինք վարձել շենքի առաջին հարկում, փաստացի այնտեղ էինք բնակվում:

 

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվեցին նոյեմբերին, եւ այնպես ստացվեց, որ «Մեր Բակ»-ի պրեմիերան կայացավ 1997 թ. Ամանորի գիշերը` հեռուստատեսության եթերում: Ստեղծագործական խումբն անգամ ֆիլմի ամբողջական տարբերակը չէր տեսել, եւ Ամանորի գիշերն առաջին անգամ պետք է տեսնեինք մեր աշխատանքի արդյունքը:

 

Երբ ֆիլմն առաջին անգամ դիտեցի, մեծ հիասթափություն ապրեցի: Բացարձակ չէի հավանել, մոնտաժի ժամանակ շատ բաներ սցենարից դուրս էին մնացել, մի խոսքով` հիասթափված էի: Բայց ֆիլմի եթեր գնալուց մի քանի օր հետո զգացի, որ քաղաքում այն իսկական իրարանցում է առաջացրել, մարդիկ հավանել ու անկեղծորեն սիրել էին այն:

 

Ֆիլմը շատ արագ ընդունվեց մարդկանց կողմից եւ պատճառներից մեկն այն էր, որ այն ներկայացնում էր մեր իրականությունը: «Մեր բակ»-ում շինծու կերպարներ չկային, բոլորն իրական հերոսներ էին, որոնցից յուրաքանչյուրին կարող էիք հանդիպել ձեր բակում: Բացի այդ, այն նաեւ կրթական նպատակ ուներ` ցույց տալ մարդկանց իրենց վարքագիծը, շարժուձեւը եւ այլն: Բայց, նախեւառաջ, այն մարդկանց սովորեցնում էր սիրել միմյանց, միասնական լինել:

 

«Մեր բակի» մասնակիցները:

Լուսանկարը` Արմեն Թադեւոսյանի արխիվից:

 

Դրա վառ ապացույցը ֆիլմի ավարտական հատվածն է, երբ բակ է գալիս գործարարներից մեկը, ով ցանկանում է շինարարություն սկսել բակում: Հիշում եք, երեւի, թե բնակիչները ինչպես են համախմբվում եւ ընդդիմանում նրան:  Փաստացի այն, ինչ կատարվում է մեր օրերում (բակերում շինարարությունը եւ բնակիչների բողոքը – խմբ.) մենք ներկայացրել էինք դեռեւս 1996 թ.-ին:

 

«Մեր Բակ»-ը աչքի է ընկել նաեւ իմպրովիզացիաներով ու արտահայտություններով, որոնք հետագայում թեւավոր խոսքեր են դարձել: 

 

Օրինակ` «Կոնֆետը ո՞ւր ա», «Յախք, ես ինչ կեղտոտ պոդյեզդ ա»: Նկարահանումների ժամանակ Երեւանում էր գտնվում հանրահայտ Boney M խումբը: Ֆիլմի ստեղծողները կարողացան այնպես անել, որ խումբը մասնակցի նկարահանումների մի հատվածին: Երեւի, հանդիսատեսը կհիշի, թե ինչպես են նրանք շնորհավորում Ռուբեն Մաթեւոսյանին:

 

«Մեր Բակ»-ի ռեժիսոր Միքայել Դովլաթյան` առաջին հանդիսատեսներից մեկը եղել է հայրս

 

Ֆիլմի գաղափարը պատկանում էր Ռուբեն Ջաղինյանին: Սկզբնական փուլում նախագիծը անուն չուներ: Հասկանալով, թե ինչ բարդ ժամանակաշրջան է եւ ինչ է անհրաժեշտ մեր քաղաքացուն, պետք էր ինչ-որ ուղի ցույց տալ: Մեզ համար կարեւոր բաները սկսում են բակից: Բակը տարիներ շարունակ երեւանցու համար եղել է այն տեղը, որտեղ նա մեծացել է, դաստիարակություն է ստացել: Երեւանյան բակերը շատ մեծ դեր են խաղացել մի քանի սերունդների ձեւավորման գործում: Բակում էիր հասկանում, որ մեծին պետք է հարգել, թույլին` չճնշել, համերաշխ լինել:

 

Այս ամենի արտահայտումը սցենարական խմբի եւ ռեժիսորի խնդիրն էր: Շատ դերասանների ենք փորձել, բայց հիմնական կորիզը «Շարմի» տղաներն էին` բոլորն էլ փայլեցին:

 

«Մեր բակը» ֆիլմ չէր, այն պատրաստվում էր ամանորյա հեռուստատեսային ծրագրի համար: Բայց արի ու տես, որ 1997թ. հունվարի 1-ին շատ դերասաններ արթնացան արդեն սիրված ու ճանաչված, եւ որոշեցինք «Մեր բակը» թողարկել առանձին ֆիլմի տեսքով:

 

Ինձ համար կարեւորը մարդկանց հոգու գույններն էին, որոնք, կարծում եմ, կարողացանք ստանալ: Առաջին հանդիսատեսներից մեկը եղել է հայրս` Ֆրունզե Դովլաթյանը: Մոնտաժ էինք անում, հայրիկիս հրավիրեցինք: Սենյակում էինք ես, հայրս, մոնտաժողն ու Գրիգոր Նազարյանը: Ավելի շատ հետեւում էինք հորս արձագանքին, քան էկրանին: Ի վերջո ասաց. «Շատ հեռուն ձեզ կտանի, տղերք»: Շատ էր հավանել: Մի անգամ էլ Միացյալ Նահանգներում մի ընտանիքում էր հյուրընկալվել, ընտանիքի մեծերը տան փոքրիկին կանչել էին եւ ցույց տվել հայրիկիս` հարցնելով` «Գիտե՞ս ով է»: Երեխան բացասական պատասխան էր տվել, հայրս էր սպասում էր, որ կասեն «Ֆրունզե Դովլաթյանը, հայտնի կինոռեժիսոր...», բայց ասել էին` «Այս ձյաձյան Միքայել Դովլաթյանի պապան է, որը նկարել է «Մեր բակը» ֆիլմը»:

 

«Մեր բակի» մասնակիցները:

Լուսանկարը` Արմեն Թադեւոսյանի արխիվից:

 

Բոլորի հետ աշխատելը հեշտ էր, նկարահանման հրապարակում համերաշխություն եւ ուրախություն էր` Հրանտ Թոխատյանից մինչեւ Boney M:  Նրանք «Շարմի» հրավերով համերգով եկել էին Հայաստան, եւ Կարեն Ղազարյանը նրանց հրավիրեց նկարահանման հրապարակ: Բնականաբար, սցենարում դա չկար, ես էլ նկարեցի առանց երկար մտածելու, թե ի՞նչ կլինի հետո:

 

Տղաների հայտնի պարի ու երգի հատվածը շատ արագ բեմադրվեց` մեկ շաբաթ պատրաստվել էին եւ մեկ օրում նկարահանել:

 

Դերասանները հիանալի էին զգում իրենց: Ազատ Գասպարյանը, ով «Երկունք» ֆիլմում Չարենցի դերն էր խաղացել, հետաքրքիր կերպով արեց այն, ինչ ես ցանկանում էի: Բարի մթնոլորտ կար հրապարակում: Մեծերը տեղ-տեղ ավելի ջահել էին, քան շատ երիտասարդները: Ռաֆայել Քոթանջյանը, Արմեն Խոստիկյանը ավելի շատ ջահելություն եւ «խուլիգանություն» էին անում, քան երիտասարդները:

 

«Մեր Բակն» ինձ համար շատ պարտավորեցնող գործ էր: Առաջին անգամ  էի նման նյութի հետ գործ ունենում, բայց նաեւ շատ ազատ էի զգում ինձ: Ամեն պահ ուզում էի նորն անել, մտածելակերպի ազատություն կար, չէի մտածում` հետո ով ինչ կասի…

 

«Մեր Բակը», «Մեր Բակը-2», «Մեր Բակը-3» սցենարների համահեղինակ

Սարգիս Մնոյան`«Ինժեներ բալա»-ն նախատեսված չէր սցենարով

 

Աշխատում էի «Շարմ» ընկերության ստեղծագործական կազմում: Այն ժամանակ մեր գրասենյակը մի փոքրիկ նկուղային տարածքում էր եւ այնպես էր ստացվում, որ բոլորիս մտքերն ու գաղափարները խառնվում էին իրար եւ հաճախ չէինք կարող մտաբերել, թե կոնկրետ ո՞ւմ է պատկանում այս կամ այն կատակը կամ գաղափարը:

 

Ի սկզբանե կոնկրետ խնդիր ունեինք. պատրաստել ամանորյա ծրագիր` ավանդական երաժշտական համարներով եւ այլն: «Մեր Բակը» պատրաստվում էր որպես այդ ծավալուն ծրագրի մի մասը, բաժանված 4-5 հատվածների: Ավելի ուշ այդ հատվածները մոնտաժվեցին եւ ներկայացվեցին որպես առանձին ֆիլմ:

 

Սցենարի վրա աշխատում էինք երեքով` Էդուարդ Այանյանը,Արմեն Թադեւոսյանը եւ ես: Շատ կատակներ եւ արտահայտություններ ծնվում էին ընթացքում: Իսկ հայտնի երաժշտական «կռվի» հեղինակներն են Մարկ Սաղաթելյանը, Արսեն Դանիելյանը եւ Գրիգոր Նազարյանը: Կռվի տեսարանին մասնակցել է  «Բարեկամություն» պարային համույթը:

 

Երբ հասկացանք, որ բոլոր իրադարձությունները պետք է տեղի ունենան բակում, սկսեցինք համապատասխան բակ փնտրել, որը լավ կփոխանցեր հին երեւանյան մթնոլորտը: Ի վերջո, ընտրվեց հենց այդ բակը: 

 

Սցենարը գրվում էր կոնկրետ մարդկանց` Երգի պետական թատրոնի մեներգիչների համար` Շուշան Պետրոսյան, Արամո, Էմմա Պետրոսյան, Արթուր Իսպիրյան, Գրիշա եւ Իդա Աղախանյանները եւ այլոք: Սակայն նկարահանումներից մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ նրանք ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել նախագծին եւ ստիպված եղանք հապճեպ փոփոխություններ կատարել: Բարեբախտաբար, փոփոխությունների արդյունքում հերոսների կերպարները չտուժեցին, իսկ նրանցից շատերը միանգամից հիշվեցին եւ սիրվեցին: Օրինակ` այսօր դժվար է պատկերացնել «Մեր Բակը» առանց Մկոյի  եւ Սոնայի (նրանց կերպարները պետք է մարմնավորեին Արամոն եւ Էմման):

 

«Մեր բակի» տեսարաններից մեկը:

 

Հրանտ Թոխատյանի, Աշոտ Ղազարյանի, Արմեն Խոստիկյանի կերպարները ստեղծվում էին հենց նրանց համար: Ընթացքում հասկացանք, որ Խոստիկյանի կնոջը պետք է մարմնավորի Զառա Արամյանը, իսկ բակի կոլորիտային բնակչուհուն`Լալա Մնացականյանը: Մնացած դերերում հանդես եկանք մենք` «Շարմ»-ի տղաները:

 

Իհարկե, շատ էին իմպրովիզացիաները, հատկապես`Հրանտի եւ Աշոտի կողմից, ֆրազներից սկսած մինչեւ դրվագներ: Քանի որ բոլորս անփորձ էինք եւ դժվար էինք պատկերացնում, թե ինչ պիտի ստանանք, նկարահանման հրապարակում պարզվում էր, որ որոշ բաներ ենթակա են փոփոխության: Այդ հարցում մեզ հաճախ օգնության էին գալիս դերասանները: Անգամ շատ փոքր դերերում պրոֆեսիոնալ դերասաններ էին խաղում: Օրինակ` աղջիկ ուզելու դրվագի բոլոր մասնակիցները: Նրանք այնպես խաղացին իրենց դերերը, որ այդ փոքրիկ ֆրազները թեւավոր խոսքեր դարձան եւ հիշվում են մինչ օրս:

 

Նկարահանումները շատ ուրախ էին անցնում: Բակում բնակարան էինք վարձել, որտեղ դերասանները դիմահարդարվում էին, ճաշում եւ այլն: Ֆիլմի բոլոր երեք մասերի նկարահանման ընթացքում բնակիչները մեզ ընդունում էին ամենահյուրասեր կերպով:

Թակում էինք մարդկանց դռները, ասում էինք. «Կարելի՞ է ձեր բնակարանում մի դրվագ' նկարել» եւ միշտ համաձայնություն էինք ստանում:

 

Ամանորյա գիշերվանից հետո շատ արագ հասկացանք, որ «Մեր Բակը» մեծ հաջողություն է ունեցել: Մարդիկ նոր էին «ուշքի գալիս» մութ տարիներից հետո եւ դրական եւ ուրախ գույների կարիք ունեին:

 

Դերակատարներից շատերի համար «Մեր Բակը» մեծ դեր խաղաց ապագա կարիերայի զարգացման հարցում: Օրինակ` Մկոյի կամ Թաթայի համար:

 

Հրանտը մի կողմից շատ պարտաճանաչ էր արտաբերում տրված տեքստը, սակայն երբ վերջացնում էր պարտադիր մասը, բոլորը գիտեին, որ պետք չէ անջատել տեսախցիկը, քանի որ նա շարունակում է խաղալ`արդեն իմպրովիզացիաներով:

 

«Ինժեներ բալա»-ն նույնպես նախատեսված չէր սցենարով, Հայկին այդպես կնքեց Աշոտ Ղազարյանը: Կանչելուց հանկարծ դիմեց «Ինժեներ Բալա» եւ այդպես էլ մնաց:

 

Առաջին «Մեր բակում» ինձ համար շատ կարեւոր է հեղինակի խոսքը: Համառորեն պայքարեցինք, որ այն պահպանվի: «Տղամարդիկ» կինոնկարի մեծ երկրպագուներ լինելով, ցանկանում էինք նման մի բան ունենալ նաեւ «Մեր Բակում» եւ այդ դերում տեսնում էինք միայն Ռաֆայել Քոթանջյանին:

 

«Մեր բակի» մասնակիցները:

Լուսանկարը` Արմեն Թադեւոսյանի արխիվից:

 

Ցավալի է, որ շատերն արդեն մեզ հետ չեն`«Ինժեներ Բալա» Հայկը, Արամ Ասատրյանը, Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Մարկը...

 

Որպես սցենարի հեղինակ շատ եմ սիրում «Մեր Բակ»-ի երկրորդ մասը: Այդ անգամ սկսեցինք ավելի շուտ պատրաստվել, ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, արդեն գիտեինք, ինչը կստացվեր, ինչը`ոչ: Բակից դուրս գալու եւ զուգահեռ սյուժեներ զարգացնելու խնդիր ունեինք: Բացի այդ, երկրորդ մասում առաջին անգամ հայտնվեց նաեւ «թաքնված գովազդ» հասկացությունը: Այդ հարցում փորձառու չէինք, որոշ դեպքերում կռահելով էինք գործում, որոշ հատվածներ սահուն չէին մտնում սցենարի մեջ, սակայն բոլոր գովազդատուները, կարծես, գոհ մնացին:

 

Արմեն Ջիգարխանյանը նկարահանվելու համաձայնությունը շատ հեշտ տվեց: Միակ խնդիրն այն էր, որ զբաղվածության պատճառով չէր կարող Երեւան գալ եւ ստեղծագործական խումբը մեկնեց Մոսկվա, որտեղ եւ նկարվեց նրա մասնակցությամբ դրվագը:

 

Մինչ օրս լսում եմ հայտնի «Ես լավ տղա եմ» դրվագի հետ կապված լեգենդը: Պատմում էին, որ ծաղրանքի առարկա դարձած  «լավ տղաները» իբր այնքան լուրջ էին ընդունել այդ ամենը, որ դաժան կերպով ծեծել էին Հայկ Մարությանին, ինչի հետեւանքով վերջինս հայտնվել էր հիվանդանոցում: Կարող եմ վստահեցնել, որ նման տեղի չէր ունեցել: Ի դեպ, «Ես լավ տղա եմ» համարը ժամանակին գրվել էր «Армянский проект» ԿՎՆ-ի թիմի կողմից, որի կազմում էին հանդես գալիս Հայկոն եւ Մկոն: Հետագայում մենք խմբագրեցինք այն եւ ընդգրկեցինք «Մեր Բակ»-ի երկրորդ մասում:

 

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Էլեոնորա Արարատյանը, Եկատերինա Պողոսյանը, Սիրանուշ Եղիազարյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը, Մարիամ Լորեցյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին