Գարի Լիվսլի. «Չի բացառվում Որոտանի համալիրի ընդլայնումը առաջիկա տարիներին» - Mediamax.am

exclusive
7428 դիտում

Գարի Լիվսլի. «Չի բացառվում Որոտանի համալիրի ընդլայնումը առաջիկա տարիներին»

Գարի Լիվսլին
Գարի Լիվսլին

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլիի հետ

 

- «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության կողմից  Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման համաձայնագիրը Հայաստանի էներգետիկ ոլորտում երբեւէ կատարված ամերիկյան ամենախոշոր ներդրումն է: Ի՞նչը հատկապես գրավեց ընկերությանը` Հայաստանում նման խոշոր ներդրում իրականացնելու համար:

 

- «Քոնտուր Գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված միջազգային ընկերություն է, որն ընդհանուր առմամբ 3500 Մեգավատ հզորությամբ գործող կամ արդեն կառուցվող կայաններ ունի աշխարհի 17 երկրներում եւ չորս մայրցամաքներում: Ներկայումս ամբողջ աշխարհում մեր ունեցած ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան  $‌ 3.5 միլիարդ:

 

Այս ձեռքբերումը կմեծացնի «Քոնտուր Գլոբալ» ընկերության ընդլայնվող ներկայությունը Արեւելյան Եվրոպայում, որտեղ այն ունի էլեկտրաէներգիա արտադրող կայաններ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում եւ Լեհաստանում: Այն կնպաստի նաեւ ընկերության` վերականգնվող էներգիայի պորտֆոլիոյին, որը ներկայումս ներառում է շուրջ 1000 Մեգավատ հիդրո, քամու, արեւային եւ բիոգազ էներգիայի արտադրություն Լատինական Ամերիկայում, Եվրոպայում եւ Աֆրիկայում:

 

Մեր պորտֆելային ներդրումները հիմնվում են հաճախորդի եւ տեղանքի գործոնների վրա: Հայաստանն ունի արդյունավետ գործող եւ հուսալի էլեկտրաէներգիայի արտադրման եւ մատակարարման համակարգ, որը Համաշխարհային բանկի խորհրդատվության ներքո ժամանակին վերակազմակերպվել էր Հայաստանի կառավարության կողմից:

 

Որոտանը Հայաստանի ամենախոշոր  հիդրոէլեկտրակայաններից է, որն ապահովում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 15 %-ը: Դրա արտադրությունը միշտ պահանջարկ է ունենալու, քանի որ ՀԷԿ-երն առավել էժան էներգիա արտադրելու միջոց են, եւ, Հայաստանի օրենսդրության համաձայն, սպառում ունեն բացառապես ներքին շուկայում:

 

- Ավելի վաղ հաղորդվում էր, որ Որոտանի ՀԷԿ-ով հետաքրքրված էին եւս 4 ընկերություններ, այդ թվում նաեւ` ռուսական: Այս համալիրը Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող առաջին ընկերությունն է, որը վաճառվեց ոչ թե ռուսական, այլ ամերիկյան ընկերությանը:  Ինչպե՞ս ձեզ հաջողվեց ճեղքել «ռուսական մենաշնորհը» Հայաստանի էներգետիկ դաշտում:

 

- Հայաստանի կառավարությունը դիմեց մեզ`քննարկելու ՀԷԿ-ի գնումը, ինչպես նաեւ Որոտանի արդիականացման ուղղությամբ ներդրումները: Նրանք (կառավարությունը – խմբ.), կարող էին եւ միգուցե դիմել են հետաքրքրություն հայտնած այլ ընկերություններին: Մենք տեղյակ չենք դրա մասին, եւ եթե դիմել են, ապա ո՞ւմ են դիմել: Կարող եմ ասել, որ մենք շուրջ մեկ տարի իրականացրել ենք Որոտան համալիրի բազմակողմանի ուսումնասիրություն, մասնավորապես, առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից մեզ տրամադրված տեխնիկական, ֆինանսական եւ իրավական խորհրդատվության միջոցով: 

 

Որոտանը գնելու մեր որոշումը հիմնված է բիզնեսի զարգացման, տնտեսական շահի եւ երկրի ներդրումային միջավայրի, այդ թվում նաեւ քաղաքական կայունության գործոնների վրա, որոնցից յուրաքանչյուրը մենք գնահատել ենք որպես բավականին դրական եւ խրախուսական մեզ նման մասնավոր ընկերությունների համար:

 

Մենք հույս ունենք, որ մեր ներդրումները հաջողությամբ կյանքի կկոչվեն առաջիկա տարիներին, եւ, ինչպես նշեցի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած կարճատեւ հանդիպման ժամանակ, դրանք կխրախուսեն նաեւ ավելի մեծ թվով արեւմտյան ընկերությունների` բիզնես վարելու եւ ներդրումներ կատարելու Հայաստանում:

 

- Ձեր ընկերությունը պարտավորվել է առաջիկա 6 տարիների ընթացքում ներդնել շուրջ $‌ 70 մլն հիդրոկայանների համալիրի արդիականացման եւ վերանորոգման համար: Կմանրամասնեք, թե կոնկրետ ի՞ նչ արդիականացման ծրագրեր են իրականացվելու եւ ո՞ ր ուղղություններով:

 

- Համաձայնագրով ամրագրված պայմաններով, «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» Փակ բաժնետիրական ընկերությունը, որը Քոնտուր Գլոբալ ընկերության ուղղակի ու ամբողջական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկությունն է, տիրապետելու եւ կառավարելու է Որոտան գետի վրա տեղակայված երեք հիդրոէլեկտրակայանները, եւ էներգիա է մատակարարելու Հայաստանի էլեկտրական ցանցերին երկարատեւ` 25 տարի ժամկետ ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն:

 

Քոնտուր Գլոբալն առաջիկա 6 տարիների ընթացքում կներդնի շուրջ $‌70 միլիոն կայանի վերակառուցման եւ արդիականացման, ինչպես նաեւ շահագործման, անվտանգության, հուսալիության եւ արդյունավետության բարելավման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ արդիականացման արդյունքում կստեղծվեն 150 կարճաժամկետ աշխատատեղեր` ի հավելումն 150-ից ավելի տեխնիկական աշխատակիցների հաստիքի:

 

Սակայն մինչ ներդրումներին անցնելը, մենք, Որոտանի առք ու վաճառքի պայմանագրի համաձայն, պետք է պատրաստենք, ներկայացնենք եւ ստանանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությունը Որոտանի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի վերաբերյալ:

 

Այժմ մենք կարծում ենք, որ վերականգման ծրագիրը առավելապես կենտրոնացված կլինի հիմնական էլեկտրամեխանիկական սարքավորումների, այդ թվում` տուրբինների, գեներատորների, էլեկտրաբաշխման եւ կառավարման համակարգի սարքավորումների արդիականացման եւ փոխարինման վրա: Նպատակն է բարելավել կայանի հուսալիությունը, արդյունավետությունը եւ երկարակեցությունը: Իհարկե, յուրաքանչյուր կայան ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք մանրամասնորեն ուսումնասիրում ենք, բայց սա մեր ընդհանուր պատկերացումն է այսօրվա դրությամբ: 

 

Օրինակ, Սպանդարյան կայանի աշխատանքը, հավանաբար, կկենտրոնացվի առաջին հերթին կառավարման, մոնիտորինգի եւ կայանի հետ կապի բարելավման ուղղությամբ: Շամբ կայանում մեր կողմից իրականացված նախնական տեխնիկական գնահատումը ցույց տվեց, որ բլոկերից մեկում վիբրացիայի հետ կապված խնդիր կա եւ համապատասխան ուսումնասիրություններ կարվեն մինչ հիմնական տուրբինային սարքավորումների փոխարինումը: Տաթեւի կայանի պարագայում աշխատանքը կենտրոնանալու է հիմնական արտադրական տեխնիկայի վերազինման կամ փոխարինման ուղղությամբ:

 

Սակայն սա չի նշանակում, որ 70 միլիոն ծավալով ծրագիրը լինելու է ընկերության կողմից Որոտանը շահագործելու ընթացքում կատարվելիք միակ ներդրումը: 

 

Պայմանագրով մենք պարտավորություն ենք ստանձնել ապահովել կայանի անխափան աշխատանքը` միջազգային չափանիշների եւ փորձին համապատասխան, այդ թվում պահպանելով նաեւ առողջության, անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության չափանիշները:  

 

- Որոտանի ՀԷԿ-ը ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 15 տոկոսը, եւ սրանով ռազմավարական կարեւոր նշանակության օբյեկտ է հանդիսանում: Նկատի ունենալով Հայաստանի շրջափակումը եւ Ռուսաստանի գերիշխող դիրքը երկրի էներգետիկ համակարգում` ինչպե՞ս  եք պատրաստվում աջակցել երկրի էներգետիկ անվտանգությանը:

 

- Որոտանի գնումը ամերիկյան մասնավոր ընկերության ամենախոշոր ներդրումն է Հայաստանի պատմության մեջ եւ ամերիկյան առաջին ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրն ապահովում է Հայաստանի էներգետիկ համակարգի հզորության 15 %-ը, եւ կարող է բավարար էներգիա մատակարարել շուրջ 250 հազար ընտանիքներին: Մենք հանձնառու ենք ապահովել համալիրի անխափան աշխատանքը: Ընկերությունը ոչ միայն ոգեւորված է բիզնես հնարավորություններով, այլեւ գիտակցում է իր ստանձնած պատասխանատվությունը, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ` Հայաստանի էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար:

 

Մենք նաեւ գիտակցում ենք, որ կան համալիրի ընդլայնման հնարավորություններ եւ ՀՀ կառավարությունը խնդրել է, որպեսզի մենք դիտարկենք դրա տնտեսական նպատակահարմարությունը: Մենք դա կանենք իր ժամանակին, եւ եթե այն ապացուցի իր պիտանելիությունը, ապա չի բացառվում համալիրի ընդլայնումը առաջիկա տարիներին:

 

- Հայտնի է, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է վաճառում իր հարեւան պետություններին, այդ թվում` Իրանին: Այս իմաստով, Որոտանի ՀԷԿ-ի ձեռքբերումը կարո՞ղ է որոշակի «կամուրջի» դեր խաղալ ԱՄՆ-Իրան հարաբերություններում:

 

- «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը չի մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ էներգիայի վաճառքի կամ փոխանակման հետ կապված որեւէ գործարքի: Որպես ԱՄՆ-ում տեղակայված եւ Միացյալ Նահանգներից տարածքից դուրս ներդրումներ իրականացնող ընկերություն, մենք պարտավոր ենք հետեւել ԱՄՆ օրենքներին եւ ԱՄՆ կառավարության որոշումներին: 

 

- Իսկ տեսնո՞ւմ եք Թուրքիայի հետ համագործակցության հնարավորություններ:  

 

- Լինելով միջազգային ընկերություն, որն արագորեն զարգանում է եւ վերջին 8 տարում գնել ու կառավարում է 33 կայաններ աշխարհով մեկ, այդ թվում  նաեւ Արեւելյան Եվրոպայում, մենք, իհարկե, հետաքրքրված ենք մեր բիզնեսի առաջխաղացմամբ ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ տարածաշրջանում: Սակայն, ներկայումս, մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը, որպեսզի ավարտին հասցնենք Որոտանի գործարքը եւ ապահովենք մեր բարձրակարգ գործունեությունը Հայաստանում: Ապագայի համար չենք բացառում դիտարկել տարածաշրջանային գրավիչ ներդրումային հնարավորությունները, այդ թվում ավելացնել մեր ներդրումները Հայաստանում, եւ, ըստ էության, առաջ շարժվել դեպի Արեւելք եւս:  

 

Գարի Լիվսլիի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին