«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը
- Ներկայումս ի՞նչ փուլում է «Այբ» դպրոցի նախագիծը: Ի՞նչ է նախատեսվում սեպտեմբերի 1-ին:
- Սեպտեմբերի 1-ին նախատեսվում է «Այբ» ավագ դպրոցի բացումը: 10 եւ 11-րդ դասարանների առաջին 100 աշակերտներն առաջին անգամ մուտք կգործեն նոր դպրոց:
Դիմումների ընդունում է սկսվել է ապրիլի 1-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 15-ը:
Դպրոցը գտնվում է Երեւանի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա տարածքի վրա: Այս պահին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքները: Երկու մասնաշենքերից առաջինը պատրաստ կլինի սեպտեմբերին, որտեղ եւ մուտք կգործեն մեր առաջին աշակերտները: Երկրորդ մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել մեկ տարի անց: Ապա կսկսվի ավագ դպրոցի նոր` 300-հոգանոց մասնաշենքի կառուցումը նույն ավանում:
Դպրոցաշինության մեջ ամենահեշտ եւ արագ իրականացվող բաղադրիչը շենքի կառուցումն է: Շինարարությանը զուգահեռ` ընթանում են նաեւ այլ կարևոր գործընթացներ՝ կրթության ներքին ճարտարապետության մշակման, միջավայրերի ստեղծման ուղղությամբ:
Միջավայրերի նախագծումը սկսել ենք «ԱյբԼաբ» ծրագրով, որպեսզի հասկանանք, թե ինչ լաբորատորիաներով է զինված լինելու դպրոցը: Ուսուցիչների հավաքագրումն ու վերապատրաստումը եւս դյուրին խնդիր չէ. մենք ի սկզբանե բացառել ենք ուսուցիչներին այլ դպրոցներից ներգրավելու տարբերակը` բարձր աշխատավարձ առաջարկելու եւ մյուս դպրոցները թուլացնելու տարբերակով: Եվ բացի բազմափորձ ուսուցիչներից մենք դպրոց ենք բերելու նաեւ մասնագետների, ովքեր մինչ այդ չեն դիտարկել դպրոցը՝ որպես մասնագիտական կայացման վայր ` ասպիրանտների, երիտասարդ գիտնականների, ովքեր ակտիվորեն զբաղվում են գիտությամբ:
Մասնագետների թիմը, որոնց հետ սկսել ենք այդ գործընթացը, շատ մեծ է, եւ նրանցից միայն մի մասը կընտրվի որպես ուսուցիչ, քանի որ մի բան է իմանալ առարկան, այլ բան է լինել մանկավարժ, կարողանալ երեխային փոխանցել սերը դեպի կրթությունը, դեպի առարկան:
- Ինչպիսի՞ն է լինելու աշակերտների ընտրության սկզբունքը:
- Ընտրությունը լինելու է անկախ և հավասար պայմաններում: Լավագույն դպրոց ունենալու համար նպատակ ենք դրել ընտրել լավագույն աշակերտների: Դպրոցում լինելու է հոսքային ուսուցում և կրեդիտային համակարգ: Աշակերտները, հավաքելով կրեդիտներ տարբեր առարկաներից, կարող են ընտրել իրենց հետագա մասնագիտացումը: Առաջին կիսամյակը ծանոթական բնույթ է կրելու. աշակերտները, որ հոսքն էլ որ ընտրած լինեն, կփորձեն հասկանալ` ցանկանում են, օրինակ, շարունակել գիտության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության, թե հումանիտար առարկաների գծով: Այդ հարցում նրանց կաջակցեն նաև ուսուցիչները:
«Այբ» ավագ դպրոցն ունի երկու հիմնական ուղղություն՝ հասարակական գիտություններ և գիտություն: Յուրաքանչյուր ուղղություն ունի իր համապատասխան հոսքերը՝ հումանիտար գիտություններ և տնտեսագիտություն, մաթեմատիկա / ինֆորմատիակ և բնագիտություն: Հետագայում, երբ պատրաստ լինի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքը, կավելանա նաեւ հինգերորդ հոսքը` արվեստներ:
Ընդունելության գործընթացը, որը նախատեսվում է ապրիլ ամսվա վերջին, հետեւյալն է. կա մեկ քննություն, որը հանձնում են բոլոր դիմորդները՝ անկախ ընտրած ուղղությունից: Այն կազմված է շարադրությունից եւ տրամաբանական խնդիրներից, որոնք չեն պահանջում լուրջ մաթեմատիկական գիտելիքներ, այլ ստուգում են երեխայի տրամաբանությունը: Երկրորդ քննությունը որոշվում է ըստ ուղղության: Կարեւոր պայման է նաեւ անգլերենի իմացությունը, որը, սակայն, չենք ստուգվում առանձին քննության միջոցով: Եթե երեխան չունի անգլերենի գիտելիքների որոշակի նիշը հաստատող համապատասխան հավաստագիր, (օրինակ`TOEFL, IELTS) Ամերիկյան համալսարանում հանձնում է համապատասխան թեստ, որը մեզ համար հիմք է դիմորդի անգլերենը բավարար համարելու համար: Հաջորդ փուլը՝ մայիսի սկզբին, հարցազրույցն է «Այբ»-ի նախաձեռնողների հետ: Քննությունների և հարցազրույցի արդյունքում աշակերտները հավաքում են իրենց միավորները: Հունիս ամսվա կեսերին կհրապարակվի ընդունվածների ցուցակը:
«Այբ» ավագ դպրոցում ուսման վարձը կազմում է տարեկան $6000-ին համարժեք դրամ: Միայն այն բանից հետո, երբ աշակերտը հայտնվել է ընդունվածների ցուցակում, ծնողները կարող են դիմել «Այբ» հիմնադրամի Ֆինանսական աջակցության կոմիտեին՝ աշակերտի ուսման վարձը փակելու համար: Ընտանիքի վճարունակության հարցը քննարկելուց հետո աշակերտին կարող է տրամադրվել կրթաթոշակ: Սա նշանակում է, որ բոլորն ընդունվում են հավասար պայմաններով՝ առանց ֆինանսական գործոնը հաշվի առնելու:
- Ենթադրենք, դպրոց է ընդունվել 100 երեխա, որոնցից 80-ը չունի ֆինանսական միջոցներ: Հնարավո՞ր է, որ այդ 80-ը ստանան այդ ֆինանսական օժանդակությունը:
- Հնարավոր է: Մենք տոկոսային առումով որեւէ սահմանափակում չենք դնում: Սկզբունքը հետեւյալն է` ֆինանսական պատճառով որեւէ երեխա չպետք է դուրս մնա «Այբ» դպրոցից: Խնդիրը ընդունվելն է միայն:
Ինչո՞ւ է համակարգն այդ ձեւով կառուցված: Շատ անգամ ասում են` արդյո՞ք այդ գումարը շատ բարձր չէ Հայաստանի համար: Խնդրին պետք է մոտենալ այլ տեսանկյունից: Անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ է հարկավոր որակյալ կրթության համար: Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի լավագույն ուսուցիչները, մասնագետները գան դպրոց եւ բարձր վարձատրություն ստանան: Դա նպատակ է հետապնդում բացառել հայաստանյան որոշ դպրոցներում հանդիպող այն արատավոր երեւույթը, երբ միտումնավոր կերպով գնահատականներ չեն նշանակվում, որպեսզի աշակերտները կրկնուսույցների մոտ հաճախեն լրացուցիչ պարապմունքների:
Մեկ այլ կարևոր գործոն է միջավայրը, ասել է թե՝ 21-րդ դարի դպրոց, ուրեմն 21-րդ դարի տեխնոլոգիաներով հագեցած, 21-րդ դարի ոգով շնչող միջավայր:
Մենք գտնում ենք, որ թե ուսուցիչը, թե երեխան գալով դպրոց` պետք է զբաղվեն բացառապես կրթությամբ: Դպրոցը չպետք է զբաղվի ֆինանսական հարցերով և ոչ էլ բարեգործությամբ. դպրոցի գործը կրթելն է: Այդ պատճառով փորձում ենք բացառել դպրոցի կախվածությունը ծնողների ֆինանսական կարողություններից: Ստեղծվել է մի «ապահով» եռանկյունի համակարգ, որի մի կողմը դպրոցն է, այսինքն՝ ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող կառույցը, մյուս կողմը՝ ծնողները եւ երրորդ կողմը՝ «Այբ» կրթական հիմնադրամը` որպես դպրոցի պատվիրատու և վճարող
Բոլոր երեխաները, ովքեր ունեն ֆինանսավորման կարիք, ստանում են կրթաթոշակներ, սակայն մի պայմանով՝ դպրոցը պետք է կարողանա ապահովել որակյալ կրթություն, քանի որ միջոցներ հայթայթելու նպատակով հիմնադրամը բարերարներին ասում է, որ երեխաներն ունեն ներդրման կարիք՝ իրենց փայլուն ապագայի համար: Դա նշանակում է, որ բարերարը գումար կտրամադրի, միայն եթե երեխաներն իրոք իրենց փայլուն դրսեւորեն եւ կարողանան նվաճել կրթության բարձունքները: Այսինքն, միակ պայմանը, որի դեպքում դպրոցը կարող է բավարար ֆինանսավորում ստանալ, որակյալ կրթություն ապահովելն է:
- Հնարավո՞ր է, որ ազգությամբ հայ, սակայն այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները եւս սովորեն դպրոցում:
- Որեւիցե սահմանափակում, այդ թվում նաեւ ազգության, գոյություն չունի: Կապ չունի` երեխան Հայաստանի քաղաքացի է, սփյուռքահայ է, թե որեւէ այլ ազգի ներկայացուցիչ. բոլոր ցանկացողները կարող են գալ եւ ընդունվել մեր դպրոց: Առկա է միայն անգլերեն եւ հայերեն լեզուների իմացության պահանջը: Առաջին կիսամյակում նախատեսվում են ինտենսիվ դասընթացներ, որպեսզի կես տարի հետո բոլորը լինեն նույն մակարդակի վրա թե' լեզուների իմացությամբ, թե' համակարգչի տիրապետմամբ, թե' հաղորդակցման հմտություններով և այլն:
Այլ սահմանափակումներ գոյություն չունեն: Հիմնական խնդիրը կազմակերպչական բնույթի է. մենք նախատեսում ենք հանրակացարաններ կառուցել «Այբ» ավանում, սակայն մի քանի տարի հետո: Այս պահին դրսից ակտիվորեն մարդիկ ներգրավելու գործունեություն չենք ծավալում:
- «Այբ» դպրոցը եւ ՀՀ հանրակրթական համակարգը ի՞նչ հարաբերության մեջ են միմյանց հետ: Որքան ինձ հայտնի է, «Այբ» դպրոց հիմնելու նպատակը ոչ թե առանձին էլիտար կղզյակ ստեղծելն է, այլ` մի այնպիսի «լոկոմոտիվ» հիմնելը, որը կտանի փոփոխության: Արդյո՞ք այդ մոտեցումը պահպանվում է: Կրթության եւ գիտության նախարարության հետ ձեր ծրագրերը ինչպե՞ս են համակարգվում:
- Մոտեցումը, անշուշտ, պահպանվում է: Մենք ոչ առեւտրային կազմակերպություն ենք, եւ մեր նպատակը մրցակցային առավելություններ ձեռք բերելը չէ: Մենք բաց համակարգ ենք, ու դա նշանակում է, որ այն ամենը, ինչն «Այբ»-ը ստեղծում է, անում է նաեւ մյուսների համար՝ տալով նրանց մեր փորձը կրկնօրինակելու հնարավորություն, այլապես կրթության մեջ փոփոխություններ չեն կարող լինել:
Մենք Քեմբրիջի, Փիրսոնի, Օքսֆորդի տպագրատներից ձեռք ենք բերել հեղինակային իրավունքներ եւ թարգմանում ենք նրանց կողմից հրատարակած և աշխարհում լավագույններ ճանաչվող ավագ դպրոցի դասագրքերը: Դրանք ևս բաց են օգտագործման համար: Նախարարության հետ բանակցում ենք, որպեսզի այդ դասագրքերը երաշխավորվեն ՀՀ դպրոցներում օգտագործման համար: Նախատեսում ենք նաեւ վերապատրաստման դասընթացներ անցկացնել այն ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են իրենց դպրոցներում դասավանդել այդ դասագրքերով: Կլինեն նաև վարպետության դասեր այլ դպրոցների ուսուցիչների համար ևս: Այն երեխաները, ովքեր կսովորեն մեզ մոտ, անպայման կվերադառնան իրենց համայնքներ եւ դպրոցներ` փորձի փոխանակման, սերունդների փոխօգնության նպատակով:
«ԱյբԼաբ»-երը ստեղծվեցին հենց այդ սկզբունքով. եթե համակարգը գտնում է, որ դա լաբորատորիայի լավ օրինակ է, պարզապես ներդնում է իր մոտ: Առաջին լաբորատորիաները բացվեցին Երևանի ֆիզմաթ դպրոցում` այնուհետեւ տարածվելով այլ կրթական հաստատություններում: Եվ այդ գործընթացը շարունակվում է:
Մենք ցանկանում ենք, որպեսզի «Այբ» դպրոցը եւս իր լավ կողմերով իր ազդեցությունն ունենա ողջ համակարգի վրա: Ի վերջո, կրթության համակարգում փոփոխության միակ առողջ ձեւը դա է: Հնարավոր չէ պարտադրել. պետք է ցույց տալ, եւ, եթե մոդելը լավն է, այն կընդունվի:
- Հաճախ խոսվում է այն մասին, որ մեր բուհական համակարգի որակը հեռու է կատարելությունից: Հիմա պատկերացնենք, որ «Այբ» դպրոցում երեխան ստանում է փայլուն կրթություն, այնուհետեւ պետք է կրթությունը շարունակի բուհում: Չկա՞ արդյոք մտավախություն, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երիտասարդն արդեն սովորած լինելով նոր տեխնոլոգիաներին եւ մոտեցումներին, դպրոցը ավարտելուց հետո կհայտնվի բուհում, որտեղ քիչ բան է փոխվել վերջին 15 տարվա ընթացքում: Այս դեպքում կարող է էլ ավելի ուժեղանալ արտերկրում ուսումը շարունակելու ցանկությունը:
- Մեր նպատակն է, որ դպրոցն ավարտելուց հետո երեխան ունենա ընտրության շատ լայն հնարավորություն իր հետագա կրթության հարցում, որ չսահմանափակվի կոնկրետ հայկական կամ որոշակի բուհերի շրջանակներում, այլ ընտրի իր համար լավագույնը: Նպատակը մարդու ներուժի առավելագույնս բացահայտումն է:
Անշուշտ, կլինեն որոշակի անհամապատասխանություններ: Սխալ է ասել, թե մեր ամբողջ բուհական համակարգը վատն է. մենք ունենք ամբիոնների կազմակերպման շատ լավ օրինակներ, ունենք լավ մասնագետներ: Երեխան պարզապես ընտրության հնարավորություն պետք է ունենա:
Մյուս կողմից, դա ենթադրում է մրցակցություն. լավագույն երեխաներն ընտրելու են լավագույն բուհերը, եւ եթե հոսքը ավելի շատ եղավ դեպի դուրս, նաեւ հարց կառաջանա` մեր բուհերը ցանկանո՞ւմ են այդ երեխաներին տանել իրենց մոտ, արդյո՞ք պատրաստ են գլոբալ մրցակցության: Եթե այո, ապա ստիպված կլինեն իրենց մոտ որոշակի փոփոխություններ կատարել: Անշուշտ, կլինեն որոշ խնդիրներ, բայց, միաժամանակ, այդ խնդիրները կհանգեցնեն նրան, որ բուհական համակարգը, ստիպված լինելով մրցակցել, կբարելավի իր պայմանները:
- Վերջերս «Այբ» հիմնադրամի հիմնադիրներից մեկը`Դավիթ Յանը, բավականին բարձր գնահատական տվեց մեկ այլ նախագծի` ԴԻԼԻՋԱՆ դպրոցին: Արդյոք կա՞ որեւէ շփում երկու նախագծերի միջեւ, քանի որ երկուսն էլ ունեն նույն մղումը` Հայաստանին առաջարկել ավելի լավ ապագա եւ այդ ապագային հասնելու համար ավելի արդիական կրթական գործիքներ:
- Շփումներ գոյություն ունեն, թեև ոչ այդքան ակտիվ. թե' մենք, թե' նրանք շատ տարված ենք մեր նախագծերով: Ինչպես նշեցի, մենք ողջունում ենք ցանկացած կրթական նախաձեռնություն: Դիլիջանի դպրոցի նախագիծը շատ կարեւոր է: Յուրաքանչյուր ծրագիր ունի իր մոտեցումները, սկզբունքները, թիրախը, մեր մոտեցումը մի փոքր այլ է, նրանցը` այլ, սակայն նպատակն, ի վերջո, հայկական կրթական համակարգին նոր որակներ հաղորդելն է:
Մենք ստեղծում ենք 21-րդ դարի հայկական դպրոց: Այսօր Սփյուռքում կա լուրջ խնդիր, անհրաժեշտ է ընտրություն կատարել` լինել հայ, թե լինել հաջողակ.Մարդիկ այսօր գիտակցում են, որ կարող ես հաջողակ լինել` շարժվելով աշխարհում առկա միտումներով: Հայությունը պահպանելու համար նրանք ստիպված են որոշակի «զոհողությունների» գնալ, օրինակ, կիրակի օրերին չզբաղվել սպորտով, այլ երեխային տանել հայկական դպրոց, զբաղվել համայնքային որոշ միջոցառումներով եւ այլն:
Եթե մի քանի տասնյակ տարիներ առաջ պատվաբեր էր Ստամբուլի հայկական դպրոցներում ուսանելը, կրթությունն այնտեղ որակյալ էր, եւ շատ թուրքեր նախընտրում էին հայկական դպրոց հաճախել, քանի որ դրանից հետո նրանց կայացման ճանապարհն ավելի դյուրին էր լինում, ապա այժմ որոշ հայեր նախընտրում են թուրաքական` առավել որակյալ դպրոցը:
Մենք փորձում ենք ստեղծել լավագույն դպրոցը, որտեղ կարելի է լավագույն կրթություն ստանալ, եւ այդ դպրոցը դարձնել հայկական: Եղիր հայ, ստացիր լավագույն կրթությունը, որը քեզ թույլ կտա առավելագույնս դրսեւորել քո ներուժը: