Կարապետ Անդրանիկյան. Համատեղե՛ք ինտելեկտն ու էմոցիաները - Mediamax.am

exclusive
67376 դիտում

Կարապետ Անդրանիկյան. Համատեղե՛ք ինտելեկտն ու էմոցիաները

Կարապետ Անդրանիկյանը
Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` Lina P.A.Nguyen

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ

 

Կարապետ Անդրանիկյանը Եվրոպայում ամենաարժեքավոր՝ Գերմանիայի Շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից շնորհվող Գերմանական բնապահպանական մրցանակի դափնեկիր է: Նա աննախադեպ հաջողությունների է հասել շրջակա միջավայրի համար անվնաս ապրանքների, հատկապես՝ վերականգնվող ռեսուրսներից ստացվող նոր նյութերի եւ վառելիքի մշակման գործում։

 

-Պարոն Անդրանիկյան, Դուք վերջերս ընտրվեցիք Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Խորհրդատվական խորհրդի նախագահ: Ինչպե՞ս եք գնահատում ձեր համագործակցությունը եւ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում FAST-ի համար: 

 

- FAST-ի հետ համագործակցությունը միայն վերջերս է մեկնարկել: Որպես Խորհրդատվական խորհրդի ղեկավար ես պարտավոր եմ փորձել իրականացնել կարեւոր քայլեր, որոնք կզարգացնեն Հայաստանի գիտությունը:

 

Համագործակցությունը FAST-ի հետ գերազանց է: Ես նկատել եմ, որ ամեն ինչ լավ է աշխատում, հրաշալի եւ ժամանակին: Մենք լիահույս ենք ապագայում զարգացնել այս ծրագիրը:  

 

Ժամանակը շատ կարեւոր է, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ պետք է արագընթաց լինել: Դուք կարող եք ունենալ լավագույն գաղափարները, բայց եթե դանդաղեք՝ չեք կարողանա հասնել աշխարհի հետեւից: Մենք պետք է արդյունավետ գործենք, եւ ես լավատես եմ մեր աշխատանքի ու ապագայի ծրագրերի հարցում:

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ  Կարապետ Անդրանիկյանը FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` FAST

Մենք պետք է օգտագործենք ամբողջ աշխարհի հայերի ներուժը եւ փորձենք ստեղծել այդ կապը: FAST դառնում է կատալիզատոր՝ համախմբելով մարդկանց: Մինչ այժմ ինձ ոչ ոք չի խնդրել Հայաստանի համար ինչ-որ բան անել, բայց հիմա առաջին անգամ FAST-ն ասում է. «Եկեք ինչ-որ բան անենք Հայաստանի համար»:

 

- Որո՞նք պետք է լինեն FAST-ի հիմնական քայլերը Հայաստանի զարգացման գործում:

 

- Հայաստանի գիտության զարգացումը կախված է այն բանից, թե ինչպես կկարողանանք ընդունել ապագայի մարտահրավերները, օրինակ՝ ռեսուրսների սահմանափակում, վերականգնվող էներգետիկա, առողջապահություն եւ մի շարք խնդիրներ, որ կան տեղեկատվական տեխնոլոգիաներում: Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել մենք, որը Հայաստանի համար կլինի բացառիկ: Մենք այս ոլորտում աշխատող շատ մարդիկ ունենք, բայց միայն բացառիկությունը կօգնի Հայաստանին առաջընթաց ապահովել: Շատ կարեւոր է այն, որ մենք այստեղ աշխատող շատ թվով խելացի երիտասարդներ ունենք, ինչպես նաեւ բազմաթիվ բուհեր: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այդ ներուժը կամ օգտվել դրանից: Մենք պետք է կենտրոնանանք տարբեր ասպեկտների վրա, եւ քանի որ Հայաստանը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի նման մեծ երկիր չէ, ուստի պետք է մեր ռեսուրսներն արդյունավետ օգտագործենք: Այդ ասպեկտները որոշելու համար մեզ հարկավոր է համագործակցել Հայաստանից դուրս գտնվող մարդկանց հետ: Ապագայի մեր մարտահրավերն է կապեր հաստատել եւ բացառիկ լինել միասին: Մենք շատ ինտելեկտ ունենք, բայց միայն ինտելեկտը բավարար չէ, մեզ նաեւ էմոցիաներ ենք հարկավոր: Ինտելեկտի եւ էմոցիաների համատեղումը կարող է լինել Հայաստանի գաղտնիքը:

 

- Դուք գո՞հ եք Հայաստանի գիտության ոլորտում առկա զարգացումներից: Որո՞նք են հիմնական մարտահրավերները:  

 

- Գիտությունը շատ բարդ խնդիր է եւ ժամանակ է պահանջում: Հայաստանը վերջին տարիներին զարգացել է: Հայաստանում շատ հետաքրքիր գիտական խմբեր կան: Ես նկատեցի, որ համալսարանների թիվն է չափազանց բարձր: Ինչպես ասացի, Հայաստանը մեծ երկիր չէ, այսպիսով՝ մենք պետք է պարզենք, թե ինչն է կարեւոր տարածաշրջանի համար եւ փորձեք դա զարգացնել:

 

Ես կփոխեի բարձրագույն կրթության ամբողջ համակարգը: Տեխնոլոգիաներն արագ զարգանում են, եւ Հայաստանը պետք է փորձի բարեփոխումներ կատարել բուհական ոլորտում, պարզել՝ բոլոր համալսարանները կամ նույնիսկ դրանցից շատերն արդյոք պե՞տք է, որ զբաղվեն հետազոտական աշխատանքներով: Հետազոտությամբ զբաղվելը մեծ գումարներ է պահանջում, այնպես որ, գուցե հարկավոր է դասակարգել համալսարանները ըստ այն ուղղությունների, որոնք կարեւոր են տարածաշրջանի համար:

 

- Որո՞նք են Հայաստանի գիտության առավելությունները, եւ ի՞նչ կարող ենք տալ աշխարհին այդ դաշտում:

 

- Առավելությունը Հայաստանի տեղն է՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Մերձավոր Արեւելքում եւ արաբական աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, իսկ Հայաստանը բազմամյա ավանդույթներով Գիտությունների ակադեմիա ունի: Հայաստանը գրավիչ երկիր է, որտեղ աշխատում են բազմաթիվ իսկապես խելացի երիտասարդներ, մինչդեռ շատերը չգիտեն այս երկրի մասին: Գուցե՞, Հայաստանն ավելի շատ գովազդելու կարիք կա: Գիտական տեխնոլոգիան կարեւոր է, եւ մենք պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հայաստանը պետք է լինի բաց եւ միջազգայնացված այլ հասարակությունների համար, ինչն անհրաժեշտ է երկրի զարգացմանը:

 

- Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի գիտությունը մարդկանց համար գրավիչ դառնա: 

 

-Մարդիկ կարծում են, որ գիտությունը փակ համակարգ է, քանի որ համալսարաններն աշխատում են իրենք իրենց համար: Մենք պետք է ավելի շատ գովազդենք գիտությունը, պետք է մարդկանց հետ խոսենք եւ պատմենք նրանց, թե ինչ է նշանակում գիտությունը, որոնք են դրա առավելությունները: Հարկավոր է օրինակների վրա ցույց տալ, որ գիտությունը հասարակությունը օգուտներ է բերում:

 

Քաղաքական գործիչները եւս պետք է երկխոսեն գիտնականների հետ՝ փորձելով հասարակության շրջանում գիտությունն ավելի ճանաչված դարձնել եւ գիտության ու քաղաքականության մեջ համագործակցություն ձեւավորել: Շատ ջանքեր պետք է գործադրվեն բոլորի, ոչ թե միայն գիտության եւ տեխնոլոգիաների համալսարաններից կողմից:

 

- Ի՞նչ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանի գիտությունը՝ նշանակալի արդյունքների հասնելու եւ համաշխարհային գիտական քարտեզի վրա Հայաստանի տեղն ապահովելու համար:

 

- Շատ հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն: Իմ գաղափարն էր փորձել վերլուծել ամբողջ գիտական համակարգը, սահմանել դրական կողմերը, վերցնել լավագույն փորձը եւ կենտրոնանալ դրա վրա:

 

Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի գիտնականներն ու քաղաքական գործիչները նստեն մեկ սեղանի շուրջ եւ մտածեն, թե ուր ենք գնում մենք, փորձեն պարզել երկրի ներուժի օգտագործման լավագույն ուղիները:

 

- Օրինակ, ի՞նչ պետք է արվի ապահովելու համար պատշաճ որակ՝ արագորեն զարգացող աշխարհի հետ համընթաց քայլելու համար:

 

- Հայաստանի համալսարանները զբաղվում են բազմաթիվ ոլորտներով՝ դրանցում ներգրավելով շատ մարդկանց, բայց ռեսուրսները բավարար չեն: Այսպիսով, դուք չեք հաջողում հատուկ ոլորտներում: Չնայած այնքան էլ հեշտ չէ եւ շատ մարդիկ ցանկանում են զբաղվել ամեն ինչով, բայց մենք իսկապես կարիք ունենք փորձելու վերլուծել ողջ համակարգը, գտնել լավագույն ուղին եւ կենտրոնանալ:

 

- Հայաստանում ներկայում հատուկ ուշադրություն է հատկացվում կիրառական գիտությանը: Ձեր կարծիքով, ճի՞շտ է գերակայությունը տալ կիրառական գիտություններին, թե՞ անհրաժեշտ է զուգահեռ զարգացնել նաեւ հիմնարար գիտությունը:

 

- Մեր օրերում չենք կարող առանձնացնել հիմնարար եւ կիրառական գիտությունները: Հիմնարար գիտությունն այբուբենի նման է, կարդալու եւ խոսելու համար ձեզ այբուբեն է անհրաժեշտ: Այնուհետեւ անհրաժեշտ է կիրառական գիտությունը՝ ձեռնարկատիրության եւ տեխնոլոգիաների փոխանցման համար, եւ այդ բոլոր գործողությունները պետք է լինեն միասին:

Կարապետ Անդրանիկյանը եւ FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը Կարապետ Անդրանիկյանը եւ FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

Կարիք չկա, որ բոլորը զբաղվեն հիմնարար գիտությամբ, քանի որ կարող եք օգտագործել որոշ համալսարանների ներուժը: Պետք է լինեն մարդիկ, որոնք կկենտրոնանան գիտության կիրառական ասպեկտի վրա: Այնուամենայնիվ, համադրությունը կարեւոր է:

 

- Երիտասարդ գիտնականների մի մասը նախընտրում է արտասահմանում շարունակել իր գիտական ուղին: Ինչպե՞ս կարող ենք նրանց պահել Հայաստանում: 

 

- Ուղեղների արտահոսքը խնդիր է: Իմ լաբորատորիայում եւս աշխատում են որոշ հրաշալի մասնագետներ Հայաստանից: Մարդիկ հեռանում են, քանի որ չունեն գերազանց լաբորատորիաներում աշխատելու հնարավորությունները: Եթե դուք զարգացնեք տեխնոլոգիաները եւ համագործակցությունը՝ ավելի շատ ուշադրություն հատկացնելով, լաբորատորիաների եւ բուհերի որակը կբարելավվի: Երիտասարդ գիտնականների համար այդ դեպքում ավելի գրավիչ կլինի Հայաստանում մնալ եւ աշխատելը, քան հեռանալը: Մարդիկ ընտրում են այնպիսի վայրեր, որտեղ կարող են աշխատել լաբորատորիայում եւ շատ էներգիա ներդնել հետազոտությունների մեջ:

 

- Դուք աշխարհահռչակ միկրոկենսաբան եք: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գիտնականներին հաջողության հասնելու համար:

 

- Շատ աշխատեք եւ սիրեք այն, ինչով զբաղվում եք: Սա է լավագույն լուծումը: Դուք երբեք հաջողության չեք հասնի, եթե զբաղվեք չսիրած գործով միայն այն բանի համար որ դա մոդայիկ է եւ բոլորն աշխատում են դրա վրա: Եթե զբաղվում եք մի բանով, որը սիրում եք, միշտ լավ արդյունքների կհասնեք: Առանց շատ աշխատելու դուք երբեք չեք հասնի ձեր նպատակներին:

 

Եթե չեք հաջողում առաջին անգամ, փորձեք նորից ու նորից: Կա մտածելակերպ, համաձայն որի՝ եթե արդյունքի չես հասնում, ապա անհաջողակ ես: Այս մտածելաակերպը պետք է փոխվի:  Ահա թե ինչ կասեմ երիտասարդներին՝ փորձե՛ք եւ փորձե՛ք նորից ու երբեք մի՛ հանձնվեք: Արեք այն, ինչ սիրում եք: Հույս ունեմ մոտիվացնել երիտասարդներին իսկապես ինչ-որ բան անել, եւ անշուշտ, հասարակությունն էլ պետք է աջակցի նրանց, հակառակ դեպքում՝ նրանք չեն մնա: Իսկ դա ցավալի կլինի, որովհետեւ դուք շատ լավ գիտնականներ ունեք:

 

Կարապետ Անդրանիկյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին