Կատրին Մաեր. «Հայկական վիքիճամբարները բացառիկ են» - Mediamax.am

exclusive
32782 դիտում

Կատրին Մաեր. «Հայկական վիքիճամբարները բացառիկ են»

Կատրին Մաերը
Կատրին Մաերը

Լուսանկարը` Wikimedia

Լուսանկարը`


Օգոստոսի 27-29-ը UWC Dilijan քոլեջը հյուրընկալեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա մասնաճյուղերի հինգերորդ ամենամյա համաժողովը` Wikimedia CEE Meeting 2016-ը (#WMCEE2016): Հավաքը կազմակերպվել էր Վիքիմեդիա Հայաստանի եւ Վիքիմեդիա Հիմնադրամի ջանքներով` Scholae Mundi Հայաստան հիմնադրամի օգնությամբ:

 

Հավաքին ներկա էր Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Կատրին Մաերը (Katherine Maher), որը պատմեց Մեդիամաքսին իր տպավորությունների մասին:

 

-Առաջին անգամ է, որ մասնակցում եք Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա մասնաճյուղերի հավաքին: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները եւ ի՞նչ նոր բան իմացաք այս հավաքի ընթացքում:

 

-Այո, սա առաջին անգամ է, որ Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր թիմից անդամը մասնակցում է նման հավաքին: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի մասնաճյուղերի հավաքը թվով հինգերորդն էր, եւ ինձ հատկապես տպավորեց համախմբվածությունը` այս տարածաշրջանի մարդկանց ջանքերի շնորհիվ:

 

Վիքիմեդիայի տարբեր համայնքները, չնայած առկա տարբերություններին, որոնցից է, օրինակ, միասնական լեզվի բացակայությունը, ի վիճակի էին կազմակերպել այս հավաքը, համախմբվել, ընդհանրություններ գտնել մարտահրավերներում եւ կառուցել մի ամուր միասնական համայնք, որի շնորհիվ ոչ միայն հինգ տարի շարունակ հավաքվում են, այլ նաեւ շարունակում են աճ գրանցել:

 

Իմացա նաեւ հայկական համայնքի Վիքիակումբների եւ Վիքիճամբարների մասին: Կարծում եմ, դրանք բացառիկ են ամբողջ աշխարհում, եւ շատ ոգեւորիչ է, որ Վիքիմեդիայի մնացած համայնքները շատ բան են սովորում Հայաստանի փորձից, որն առաջատար է այս ասպարեզում եւ օրինակ է հանդիսանում շատերի համար: Իհարկե, երկրից երկիր անցնելով` այդ մոդելը մի փոքր կփոխվի, սակայն կարեւոր է, որ գաղափարն ու ոգեշնչումը գալիս է Հայաստանից:

Կատրին Մաերը եւ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը Կատրին Մաերը եւ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը

Լուսանկարը` Wikimedia Armenia

Տպավորիչ է իմանալ, թե ինչպես է դա աշխատում, աճում եւ միջազգայնացվում, ընդլայնվում եւ սկսնակների համար նոր հնարավորություններ ստեղծում: Հիանալի է գիտակցել ներգրավվածության փորձառությունը Վիքիմեդիայում, որը պատանի ուսանողին դարձնում է պատրաստի խմբագիր:

 

Տպավորված եմ նաեւ մեկ այլ ծրագրով, որը կոչվում է «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Գարուն» (CEE Spring): Սա այս տարածաշրջանի անհատների միասնական ջանքերի արդյունքն է` խթանելու միմյանց երկրների մասին հոդվածների ստեղծումը: Նորություն չէ, որ Վիքիմեդիայում կարող ես քո երկրի, մշակույթի եւ պատմության վերաբերյալ օտար լեզվով հոդվածներ գտնել: Սակայն պատմական տեսանկյունից այդ հոդվածը կարող է ոչ այնքան լավ ներկայացնել երկրի պատմությունը: Այս տարի Լեհաստանը, Սերբիան, Բելառուսիան, Հայաստանը ջանքեր են գործադրել հարեւան երկրների մասին իրենց լեզվով հասանելի տեղեկատվությունը ընդարձակելու ուղղությամբ: Իմ կարծիքով, սա շատ տպավորիչ եւ նորարարական նախագիծ է, բայց այն նաեւ խոսում է միջազգային համագործակցային ոգու մասին, ինչն այնքան բնորոշ է Վիքիմեդիա նախագծերին:

 

-Սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանը Վիքիմեդիայի անդամների նման մեծ հավաք էր հյուրընկալել:

 

-Այն առանձնահատուկ լավ էր կազմակերպված եւ շատ սահուն ընթացավ: Հիանալի էր Դիլիջան գնալուց առաջ որոշակի ժամանակ անցկացնել Երեւանում:

 

Դիլիջանում մենք Ազգային պարկում էինք, որը շատ գեղեցիկ եւ բնական վայր էր: UWC Dilijan քոլեջում էինք, որի շենքը շատ տպավորիչ է: Այնտեղ տիրում է միջազգային համագործակցության եւ կրթության ոգին, եւ դա շատ բնական միջավայր էր մեզ համար: Ընդհանուր առմամբ, կազմակերպվածության մակարդակը, մտածված ծրագիրը եւ մասնակիցների քանակը, որոնք մոտ 30 երկիր էին ներկայացնում, իսկապես տպավորիչ էր:

Վիքիպեդիայի լոգոն UWC Dilijan քոլեջում Վիքիպեդիայի լոգոն UWC Dilijan քոլեջում

Լուսանկարը` Wikimedia Armenia

Կազմակերպիչների հետ շփումից հասկացա, որ նրանք այս հավաքը դիտարկում են որպես փորձ մեր հիմնական միջազգային կոնֆերանսը` Վիքիմանիան կազմակերպելու համար: Վիքիմանիան համախմբում է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհից, եւ դա իսկապես շատ հավակնոտ եւ ոգեւորիչ նպատակ է, եւ ես իսկապես անհամբերությամբ սպասում եմ, որ Հայաստանը կհյուրընկալի վիքիականներին մոլորակի տարբեր անկյուններից:

 

-Ակնկալո՞ւմ եք, որ UWC Dilijan քոլեջի ուսանողները կդառնան Վիքիպեդիայի եւ Վիքիմեդիա այլ նախագծերի աջակիցներ:

 

-Դա հիանալի կլինի: Ես հասկացա, որ UWC Dilijan քոլեջը կարեւորում է կամավորական աշխատանքներում ներգրավվելը եւ օգնում է տեղի համայնքին: Եթե UWC Dilijan քոլեջի ուսանողը խմբագրում է Վիքիպեդիան, դա նույնպես կամավորական աշխատանք է: Դպրոցի ղեկավարությունը կիսում է կամավորության եւ աջակցության վերաբերյալ մեր մոտեցումները: Միեւնույն ժամանակ, նրանք գիտակցում են, որ Վիքիպեդիան մեծ թվով մարդկանց վրա ազդեցություն գործելու հզոր գործիք է:

 

Ուրախ կլինենք տեսնել, որ ավելի շատ ուսանողներ են ներգրավվում: Մենք քոլեջի ուսանողների եւ հավաքի մասնակիցների միջեւ հրաշալի երկխոսությունների ականատեսը եղանք: Ուրախ կլինենք տեսնել, որ այդ համագործակցությունն աճում է: Հրաշալի է այն փաստը, որ UWC Dilijan դպրոցը համաշխարհային ցանցի մի մաս է, միգուցե, դա մեզ համար հնարավորությունն է ներգրավվածություն ունենալ ճիշտ այն ճանապարհով, ինչպես Վիքիակումբների ու Վիքիճամբարների մոդելն է սկիզբ առնում Հայաստանից եւ տարածվում ամբողջ աշխարհում:

 

Կատրին Մաերի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին